(Սկիզբը նախորդ համարում)
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանը, որ նոր կառավարության կազմավորումից հետո նշանակվեց առաջին փոխնախարար, հետաքրքիր անցյալ ունի:
Օձի տարում ծնված, հորոսկոպով` խեցգետին 41-ամյա Բաղրամյանը երեւանցի է, ավարտել է անգլիական թեքումով Երեւանի թիվ 114 դպրոցը, հետո ուսանել ՀՊՃՀ-ի «Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա եւ կառավարում» ֆակուլտետում, ապա նույն բուհի մագիստրատուրայում, հետո էլ՝ ասպիրանտուրայում, 2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է: Բնավորությամբ, ըստ նրան ճանաչողների, հանդարտ, հավասարակշռված, փոքր-ինչ դանդաղկոտ, «ոչ էներգիչնի», սառը մարդ է: «Նրա պրոֆեսիոնալ որակները անվիճարկելի են, սակայն կառավարչական հմտություններն ու խարիզման «չեն հերիքում» նախարարություն ղեկավարելու, արտերկրյա պոտենցիալ ներդրողների հետ բանակցել-համոզելու համար»,- իր սուբյեկտիվ տպավորությամբ կիսվեց ոլորտի ներկայացուցիչներից մեկը: Էներգետիկայի բնագավառ Բաղրամյանի աշխատանքային մուտքը, դատելով կենսագրականից, տեղի է ունեցել 1999թ.-ին. աշխատել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի տեխնիկական փորձաքննության, սակագնային քաղաքականության վարչություններում` հասնելով առաջին կարգի, ապա նաեւ առաջատար մասնագետի կարգավիճակի: Այնուհետեւ աշխատանքի է անցել ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում եւ սակագնային քաղաքականության գծով տարբեր պաշտոններ զբաղեցրել՝ բաժնի պետից մինչեւ վարչության պետ: Հեղափոխական կառավարության թիվ մեկ էներգետիկի մասնագիտական վաստակը գնահատվել է երկրի ղեկավարության կողմից: Նա Սերժ Սարգսյանի կողմից 2015թ. պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով, 2017-ին էլ՝ ԼՂՀ վարչապետի կողմից վարչապետի հուշամեդալով: Մեկ որդի ունի, հեղինակ է 9 գիտական հոդվածների եւ ուսումնամեթոդական ձեռնարկի, հաշվառված է պահեստազորում:
Բաղրամյանը նաեւ դասախոս է եւ 2016թ.-ից դասախոսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Նշենք, որ 2013թ.-ին, երբ ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը աշխատանքից ազատել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մոտ երեք տասնյակ աշխատակիցների, Բաղրամյանի անունը նույնպես առկա էր ազատվածների ցուցակում՝ որպես «Ճյուղային տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի ասիստենտ: Դասախոսները բողոքում էին ռեկտորի վարած քաղաքականության եւ ցածր աշխատավարձերի դեմ: Ռեկտորն էլ ազատումը բացատրել էր այսպես. չկա ուսանող, նշանակում է` չկա ֆակուլտետ, հետեւաբար չկա եւ դասախոս:
Ի՞նչ է արել անցած 5 ամսում
Նախարարի պաշտոնակատարը աշխատանքի բերումով ակտիվ շփում-հանդիպումների մեջ է տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկումների օրակարգում էներգետիկայի բնագավառում ներդրումային ընթացիկ կամ հնարավոր ծրագրերն են: Սակայն առայժմ միս ու արյուն է ստանում դրանցից հատկապես մեկը. խոսքը Երեւանի տարածքում նոր՝ 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մասին է, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին: 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական Ռենկո, իտալական պետական Սիմեստ ու գերմանական Սիմենս ընկերությունները։ Մարտի 4-ին էլ ստորագրվել է նախագծի ֆինանսավորման շուրջ ուղղակի համաձայնագիր, որը կանխորոշել է ֆինանսավորման աղբյուրները: Ընթացիկ ամսում կսկսվեն կառուցման աշխատանքները, որոնք հնարավոր կլինի ավարտել 26 ամսվա ընթացքում: Այս ՋԷԿ-ի էներգիայի արժեքը, այլ ՋԷԿ-երի համեմատ, կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կվտժ-ի համար: Նշենք, որ Բաղրամյանի կառավարման շրջանում արձանագրվեց Հայաստան մատակարարվող գազի թանկացում, չնայած ՀՀ կառավարությունը բանակցում էր ՌԴ Էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմի» հետ՝ Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնելու ուղղությամբ։ Իհարկե, սա մեծապես քաղաքական որոշում էր, սակայն չէ՞ որ բանակցող կողմ էր նաեւ նախարարը, որը սկզբում հայտարարեց, թե կարծում է, որ գազը Հայաստանի համար չի թանկանա, այնուհետեւ ստիպված էր ընդունել, որ իր հաշվարկներում փոքր-ինչ սխալվել է: Իսկ վերջերս վարչապետի՝ ԻԻՀ կատարած այցի ժամանակ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական գազի ծավալների ավելացման շուրջ: Ըստ նախարարի պաշտոնակատարի. «Կարող է լինել գազի ծավալների ավելացում Վրաստան տարանցման նպատակով. եթե կլինի փոխշահավետ գնային առաջարկ, կլինի գազի ծավալի ավելացում՝ ուղղակի վաճառքի տեսքով»: Այժմ էլ պատրաստվում է «գազ էլեկտրաէներգիայի» դիմաց պայմանագրի՝ մինչեւ 2040 թ. երկարաձգման նախագիծը: Պայմանագիրն ավարտվում է 2026թ.-ին:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՄԱՆԵՐՈՒՄՈՎ ԱԶԱՏԵԼ Է
2018թ. դեկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կարեն Կիրակոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում, 2018թ. սեպտեմբերի 30-ին Ստամբուլ քաղաքի սրճարաններից մեկում ազգությամբ թուրք մի քաղաքացուց ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխել է, իսկ մնացած մասը` 3.945 գրամը, փաթեթավորել է պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ թաքցրել իր կողմից վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոբուսի բեռնախցիկում գտնվող արկղիկի մեջ եւ ուղեւորվել Հայաստան: 2018թ. հոկտեմբերի 4-ին նա հասել է ՀՀ պետական սահման, Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով թմրամիջոցը տեղափոխել է Հայաստան, որը նույն օրը մաքսային զննմամբ հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Նախկինում չդատված Կ. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեսկուրանտների մաքսանենգությունը, որը կատարվել է չգալի չափերով») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, փոխադրելը կամ առաքելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2019թ. փետրվարի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Կարեն Կիրակոսյանին դատապարտել 3 տարի, 2 ամիս, 27 օր ժամկետով ազատարզրկման՝ գույքի բռնագրավմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը միաժամանակ կիրառել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի, Հայսատանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը եւ Կարեն Կիրակոսյանին ազատել նշանակված ազատազրկման ձեւով պատժից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ ճարտարապետ Վահագն Վերմիշյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Նշենք, որ նա եղել է Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը: 2017թ. հուլիսից Վահագն Վերմիշյանը եղել է Երեւանի քաղաքապետի խորհրդական հասարակական հիմունքներով:
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ
Նշենք, որ Գյումրու փողոցների բարեկարգման եւ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը ավելի քան 6 ամիս է` կասեցված է: Իսկ այն ընկերությունները, որոնք իրականացրել են այս շինաշխատանքները, դեռ չեն վարձատրվել: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
-Պարո՛ն Պապիկյան, Գյումրու փողոցների բարեկարգման եւ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը վեց ամսից ավելի է, ինչ կասեցված է: Տեղական իշխանությունները պնդում են, որ դրանք չեն համապատասխանում ԳՕՍՏ ստանդարտներին, բայց ավելի քան վեց ամիս է` կառավարությունը չի կողմնորոշվում` ԳՕՍՏ ստանդարտները փոխի, թե ոչ, ընկերություններն էլ տուժում են:
-Կառավարության կողմնորոշվելու խնդիր չկա այստեղ, մի բան հստակ է. մեր շինարարական ընկերությունները եւ, ընդհանրապես, Հայաստանում շինարարությունը պետք է նոր մոտեցում ունենան: Այսինքն` շինարարական ընկերությունը պետք է գործի, ուժեղանա, տնտեսապես կայունանա մի պարագայում, եթե եղած ստանդարտներին համապատասխան է գործում: Մենք ունենք բազմաթիվ փաստեր, երբ շինարարական ընկերությունը աշխատանքը չի անում համապատասխան: Այսինքն` եթե համայնքապետարանը չի ստորագրում վերջնական ակտը, չի ընդունում աշխատանքը, չեն կարող նրանք ակնկալել դրա դիմաց վարձատրություն: Մենք այստեղ խոսում ենք պատասխանատվության մասին: Մենք գումարը ունենք, աշխատանքը պատվիրված է, աշխատանքի համար ընկերությունը շահել է, բայց պարտավոր է գործել ըստ համապատասխան ստանդարտների: Դա փաստ է, ու պետք է լինի բոլորի համար:
– Բայց այստեղ խնդիրը ընկերությունների հետ կապված չէ, այլ ԳՕՍՏ ստանդարտների, որոնք խորհրդային տարիներից են եկել, ու կառավարությունը որոշել է փոխել դրանք: Ընկերությունները, սակայն, որոնք կատարել են շինաշխատանք, չեն վարձատրվել:
-Կառավարությունը դա որոշել է նախկինում, մեր իշխանության օրոք չի եղել, երբ համապատասխան հայտ կլինի, որ դրա փոփոխության կարիք կա: Հիմնավորված կլինի, թե ինչու է այդ կարիքը ու, ըստ դրա, կկողմնորոշվենք:
-Պարո՛ն Պապիկյան, այս խնդիրը ծագել է թավշյա հեղափոխությունից հետո:
-Ստանդարտները թավշյա հեղափոխության օրոք չեն սահմանվել: Գուցե աշխատանքները կատարվել են թավշյա հեղափոխությունից հետո, բայց մեր իշխանության օրոք որեւէ ստանդարտ չի փոխվել: Հիմա մենք նաեւ խոսում ենք մի իրավասության մասին, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տիրույթում չէ: Ես պատասխանում եմ հարցի, որի պատասխանը այլ գերատեսչությունում պետք է փնտրել:
-Ամեն դեպքում, ընկերությունները այժմ դժվարին վիճակում են ու չեն վարձատրվել:
-Ես խորհուրդ եմ տալիս ընկերություններին պատշաճ կատարել իրենց աշխատանքը, ինչի համար մենք շնորհակալություն կհայտնենք: Բայց նաեւ հայտնում եմ, որ որեւէ շինարարական աշխատանք չի կարող ունենալ համապատասխան ընդունման ակտ, եթե դա չի կատարվել ըստ արժանվույն:
-Բայց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պատճառը ընկերությունները չեն, այլ ԳՕՍՏ ստանդարտները, որոնք կառավարությունը մտադիր է փոխել:
-Այդ դեպքում դիմե՛ք Գյումրու քաղաքապետին, որ նա էլ դիմի կառավարության համապատասխան օղակին, որն, ի դեպ, մենք չենք, որպեսզի այդ ստանդարտները վերանայելու խնդիր դրվի: Բայց վստահ չեմ, որ պարտադիր պետք է վերանայվեն: Այսինքն` կառավարությունը մշտապես շինարարական ընկերությունների հետ պետք է համապատասխանեցնի՞ ստանդարտները: Սա հարց է, որ պետք է քննարկվի, ու Գյումրու մեր պահանջատեր քաղաքացիները հետեւողական են այս հարցում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ