ԿԱ՞ ԸՕ-Ն ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀՐԱՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 6-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցելու Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին։ Եվ չնայած արդեն երկու շաբաթ է անցել այդ հայտարարությունից, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ այդ քննարկումների շուրջ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը դանդաղում է: Մեր տեղեկություններով` իշխող խմբակցության ներկայացուցիչները բացի խորհրդարանական խմբակցություններից, սպասում են հասարակական կազմակերպությունների եւ արտախորհրդարանական ուժերի արձագանքին, որպեսզի հասկանան` նման քննարկումների կարիք կա, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան
-Պարո՛ն Սաղաթելյան, պատրաստվո՞ւմ եք առաջարկներ անել:
-Մենք արձագանքել ենք ընտրական օրենսգրքի հետ կապված այդ նախաձեռնությանը, բայց ով որ նախաձեռնությամբ է հանդես գալիս, ինքն էլ պիտի քայլեր ձեռնարկի: Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը մասնակցել այդ գործընթացին, որովհետեւ մենք այդտեղ շահագրգիռ կողմ ենք, եւ, ընդհանրապես, ընտրական օրենսգրքի մշակման սկզբնական փուլերում մենք եղել ենք այդ աշխատանքային խմբերի մեջ, ունեցել ենք բազմաթիվ առաջարկություններ, որոնց մի մասը տեղ է գտել ընտրական օրենսգրքում, մի մասը դուրս է մնացել: Նաեւ այս իշխանությունների ժամանակ մենք մի շարք առաջարկություններ ներկայացրել ենք, որոնք այս իշխանությունների կողմից եւս չի ընդունվել, որը մենք շարունակում ենք պնդել: Մենք պատրաստի փաթեթ ունենք մշակած, հստակ ձեւավորած տեսակետներ ունենք` Ընտրական օրենսգրքի հետ կապված, պատրաստ ենք մեր տեսակետները ներկայացնել: Մեր առաջարկները մեկը մյուսի հետ փոխկապակցված են: Ընդհանուր որ ասեմ, ընտրակագից, օրինակ, մենք առաջարկում ենք, որ ռեյտինգայինը ոչ թե լինի տեղային, այլ բաց ցանկ լինի ամբողջ հանրապետությունում, տեղային գործոնը չաշխատի, եւ նաեւ հնարավորություն լինի ժողովորդի կողմից անմիջական քվերակելու, եւ ուրիշ մի շարք առաջարկներ եւս: Դրանով երկու հարց է լուծվում. մեկ` որ մեր ազգաբնակչությունը հանարավորություն է ունենում, որ, ամեն դեպքում, տվյալ կուսակցությունից իր նախընտրած թեկնածուին քվե տա: Դրանով նաեւ բացառվում է այն տեղական վիճակը, որ մի շարք գործոններ, լծակներ աշխատում էին, որ տվյալ տարածքի վրա ինչ-որ կոնկրետ թեկնածու քվե հավաքի:
-Այս փուլում կա՞ անհրաժեշտություն փոփոխություններ անելու:
-Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կարիք կա, հիմա դա երբ կլինի, երբ կսկսի պրոցեսը, մենք այն ժամանակ էլ մեր առաջարկություններով հանդես կգանք: Նորից եմ ասում՝ ով նախաձեռնել է, ինքն էլ պիտի կազմակերպի այդ պրոցեսը: Դժբախտաբար, մենք խորհրդարանում չենք այս պահին, որ նախաձեռնությամբ հանդես գանք, չնայած դա որեւէ ձեւով չի կաշկանդում մեզ: Այսինքն՝ ցանկացած նախաձեռնություն, կապ չունի` խորհրդարանում ենք, թե չէ, երբ որ գտնենք դրա հրատապ անհրաժեշտությունը, մենք տարբեր միջոցներով, ծրագրերով հանդես կգանք:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյան


-Ըստ էության, քաղաքացիական հասարակության առաջարկները, մոտեցումները, որոնք համատեղված են իշխանության մոտեցումների հետ, դրանք բոլորը կան հայեցակարգում, որը վարչապետին առընթեր հանձնաժողովը մշակել էր, եւ որի հիման վրա հետագայում գրվել էր նախագիծ: Այդ նախագիծը ամբողջությամբ չէր արտահայտում հայեցակարգը, որովհետեւ նախագծում ներկայացված էին միայն կարճաժամկետ լուծումները, քանի որ ակնկալում էիք, որ առաջիկայում ընտրություններ են: Դրանում ներառված չէին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված հարցերը, որովհետեւ որոշեցինք դրանք թողել հետոյի համար: Այսինքն՝ նախագիծը պետք է փոխվի, բայց հայեցակարգը, որում մեկտեղված են իշխանության եւ քաղաքացիական հասարակության մոտեցումները, հայեցակարգը կար, եւ ես չգիտեմ՝ ով մեզնից ինչ առաջարկ է ակնկալում: Մենք պատրաստակամ ենք շարունակել քննարկումները, մենք պատրաստակամ ենք քննարկել այն հարցերը, որոնք նախկինում բաց մնացին, օրինակ` երկարաժամկետ լուծումների հետ կապված, կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված: Ես կարծում եմ, որ ժամանակները, երբ որ քաղաքացիական հասարակությունը ներկայացնի առաջարկներ, իշխանությունը դա զուտ քննարկի, այդ ժամանակները հուսով եմ, որ անցել են: Ես իսկապես տեղյակ չեմ, թե ինչով են պայմանավորված ձգձգումները, որովհետեւ դրանք պետք է լինեն քաղաքական ուժերի մեջ, իսկ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ, ամեն դեպքում:
-Հիմա տեսնո՞ւմ եք անհրաժեշտություն քննարկումներ սկսելու:
-Իհարկե: Ես չեմ ասի, որ Ընտրական օրենսգիրքը այժմ ամենակարեւոր հարցն է քննարկման, որովհետեւ կան շատ ավելի կարեւոր բաներ, ինչպիսիք են արդարադատության ռեֆորմը, անցումային արդարադատությունը, հակակոռուպցիոն ռեֆորմները, բայց, ամեն դեպքում, չի կարելի ասել, որ երրորդական հարց է սա:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀԻՄԱ ԷԼ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ «ՆԵՂԵԼ»

Ինչպես հայտնի է, հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունները բուռն արձագանքի արժանացան հասարակության շրջանում: Հասարակության մի մասի մոտ դժգոհության ալիք բարձրացավ: Մի շարք խոսակցություններ եղան այն մասին, որ սա կվնասի մանր եւ միջին բիզնեսին:

Եւ, ահա, նախօրեին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փակ հանդիպում է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հադիպումը բավականի թեժ է եղել: ԲՀԿ-ական պատգամավորները «հարձակվել են» Դավիթ Անանյանի վրա, քննադատել ներկայացված հարկային փոփոխությունների նախագիծը, ընդդիմացել առաջարկվող փոփոխությունների մասով: Ըստ ԲՀԿ-ի` սպասվող փոփոխությունները մի շարք խնդիրների առաջ են կանգնեցնելու տնտեսությունը, բիզնեսը:
Հիշեցնենք` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բավական ծանր մի հանդիպում էլ ունեցել էր իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ Ամանորից առաջ` պարգեւավճարների թեմայով աղմուկ բարձրանալուց հետո: Այն ժամանակ էլ թեժ խոսակցություն էր եղել Հարկային օրենսգրքի վերաբերյալ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հաստատեց այդ լուրերը` ասելով, թե Հարկային օրենսգրքում նման փոփոխություններ անելը առանց շահառուների հետ հանդիպման առնվազն ճիշտ սկզբունք չէ:
«Հաշվապահների հետ կապված առանձին խնդիրներ եղան, դժգոհություն եղավ, հանեցին, հիմա գազավորված ըմպելիքների մասով, վաղը մի ուրիշ բանի մասով կլինի: Տնտեսական հեղափոխության մասին ենք խոսում, բայց 8 ամիս է՝ Հարկային օրենսգիրքը չենք կարողանում բերել ԱԺ: Մի շարք առաջարկներ ենք ներկայացրել ՊԵԿ նախագահին տարբեր հարցերի շուրջ` պետական տուրքի եւ այլն: Գազավորված ըմպելքիների հետ կապված մեր խմբակցությունը լուրջ խնդիր է տեսնում եւ չի համարում, որ արդյունավետ կլինի հարկ ավելացնել: Կան բազմաթիվ այլ տեղեր, որտեղից կարելի է ավել գումար ակնկալել, որովհետեւ այդ տեսակի հյութերը չեն գնում շատ հարուստ մարդիկ, նույնիսկ, կարծում եմ, չի գնում միջին խավը. դրանք գնում են հիմնականում ֆինանսապես ոչ այնքան լավ ապրող մարդիկ, իմաստը ո՞րն է դրա վրա հարկ բարձրացնելու, եթե հնարավոր է, ասենք, թանկ խմիչքների վրա հարկը բարձրացնել: Եթե դու մի փոփոխություն նախատեսում ես, դու պարտավոր ես այդ ոլորտի շահառուների հետ հանդիպել, նոր փոփոխությունը անել: Այդպես օրենսգիրք չեն փոխում. սա ճիշտ սկզբունք չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԴԻՄԵԼ Է 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Երեկ մամուլը հրապարակեց այն մասին, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել է այն մասին, թե, իբր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը միջամտում է ՀՀ վերաքննիչ դատարանի գործունեությանը։ Արդյունքում Վարդազարյանը դիմել է 6-րդ վարչություն, որպեսզի իրավապահները պարզեն, թե ով է այն անձը, որ նման բան է հրապարակել, եւ նման բան եղել է, թե ոչ։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանը այս քայլին գնացել է` դատական համակարգում տիրող իրավիճակից ելնելով, քանի որ այդ տեղեկությունների հրապարակումից հետո դատական համակարգում սկսել են խոսակցություններ պտտվել, թե արդյոք իրականություն է այդ ամենը, թե ոչ։ Դատարանի նախագահը իր ծանոթ-անծանոթ գործընկերներին ասել է, որ նման բան չկա, սակայն ոչ բոլորն են հավատացել, ուստի Վարդազարյանն էլ դիմել է իրավապահներին։ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ ցանկացավ զրուցել Ռուբեն Վարդազարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց` նշելով, որ նյութեր են նախապատրաստվում, ուստի այս փուլում որեւէ բան ասել չի կարող։

 

 

ՊԱՐՏԱՃԱՆԱՉ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են ներկայացնել իրենց հաշվետվությունը` հանձնաժողովների նիստերից բացակայությունների վերաբերյալ: Մինչեւ այժմ փետրվար ամսվա տվյալները ներկայացրել է երկու հանձնաժողով` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որ բացականեր չի ունեցել, եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Վերջինս եւս փետրվար ամսվա ընթացքում մեկ նիստ է արել` աշխատակարգը հաստատելու եւ նախագահի տեղակալին ընտրելու համար: Այդ նիստին բացականեր չեն եղել: Դրանից հետո էլ հանձնաժողովը նիստ է արել արդեն մարտին, որի արդյունքները պարզ կդառնան հաջորդ ամիս:

 

 

ԹԱՆԿ ՀԱՎԵՐ
Հայաստանի ներքին շուկայում օր օրի թանկանում է թռչնամիսը։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց, որ թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է 300 դրամով։ Տեղական արտադրության հավի բդի մեկ կիլոգրամը, եթե շաբաթներ առաջ վաճառվում էր 1300 դրամով, ապա երեկ հասել էր 1600 դրամի։ Ըստ մասնագետների՝ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում։ Ի դեպ, ոչ միայն արտադրությունն է ավելացել, այլեւ մարդկանց գնողունակությունն է բարձրացել։ Չէ՞ որ մարդկանց մեծ մասը նախընտրում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, քան կարմիր, ինչն էլ բնականաբար ազդել է թռչնամսի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների վրա։




Լրահոս