«ԵՍ ԱԶՆԻՎ ԿՌԻՎ ՏՎԵՑԻ, ԵՎ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԶՈՒՐ ՉԷՐ ԻՄ ԿՌԻՎԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական կամերային երգչախումբը մարտի 21-ին կատարեց հեղինակի ստեղծագործությունները՝ գրված Եղիշե Չարենցի հանրահայտ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածան», «Քամին» եւ այլ բանաստեղծությունների հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթը չարենցյան եւ այլ թեմաների շուրջ զրուցեց կոմպոզիտորի հետ:

-Պարո՛ն Մանսուրյան, ինչո՞ւ մենք պետք է կարդանք Չարենցի «Երկիր Նաիրի»-ն:
-Սթափ լինելու, ինքներս մեզ, մեր կանգնած տեղը, մեր ամրության հիմքը ճիշտ գնահատելու եւ, մանավանդ, մեր վիճակից հսկայական դաս առնելու համար, այն իրական վիճակից, որը հարյուր տարի է՝ մխում է մեր մեջ: Մի վայրկյան անգամ չենք շեղվել այդ իրականությունից: Բոլորը` «Երկիր Նաիրի»-ի նույն կերպարները, շարված են այսօր էլ…Պետք է ճանաչել եւ քայլ անել առաջ՝ դեպի քաղաքակրթական մեծ տարածք՝ գավառից դեպի մայրաքաղաք՝ հոգու մայրաքաղաք:
-Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը…
Այնքա՜ն երաժշտականություն կա Չարենցի պոեզիայում: Ի՞նչ ժանրի «երաժշտություն է» Չարենցը:
-Շատ տարբեր…Այդ գործը նա Աբեղյանի հետ վեճի արդյունքում է գրել: Աբեղյանն ասում էր, որ նման տաղաչափություն մենք չունենք՝ թույլ-ուժեղ-թույլ… Ասում էր՝ այս երեք վանկերի համակարգը հայ պոեզիայում չկա, բնորոշ է գերմանական պոեզիային: Չարենցը դիտմամբ այնպես է անում, որ լինի դա, եւ ոչ միայն տաղաչափություն է ստանում, այլեւ գիշերային ահռելի պատկեր, բանաստեղծական ապրված կյանք:
-Սա Ձեր 80-ամյակին նվիրված միակ համերգը չէ, բազմիցս այդ առիթը նշանավորվեց: Հետադարձ հայացք նետելով անցած 80 տարիներին` ո՞րն եք համարում Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Այն, որ ես ազնիվ կռիվ տվեցի, եւ, կարծես թե, զուր չէր իմ կռիվը: Շատ վաղուց եմ այդ կռիվը սկսել՝ 8-9 տարեկանից, երբ հայտնվեցի Պեմզաշեն գյուղում` ձյուների մեջ, կարճ շալվարով երբ մտա գոմի պես գյուղական մի դպրոց, աչքերս մթին սովորեցին, միջանցքի երկու կողմերում դասարաններ եւ պատերին նկարներ տեսա: Ես չգիտեի՝ դրանք ում դիմանկարներն էին, բայց հստակ տեսա, որ այդ ուղղությամբ պետք է գնամ…Դա՝ իբրեւ հիմնական ծրագիր, աշխատել է իմ մեջ տարիներով: Պետք է որ Պուշկինը, Թումանյանը, Աբովյանը լինեին… Դպրոցներում ի՞նչ նկարներ են պատերին…
-Ուզում եք ասել՝ գիտեի՞ք, որ առաքելություն ունեք:
-Չէ, առաքելություն չէր, այդտեղից դուրս գալու ելք էր պետք գտնել…Այդտեղ չէր լինելու իմ գոյության շարունակությունը, պետք է դուրս գայի. իմ ամբողջ կռիվը սա էր:
-Այդ ճանապարհին կորուստներ շա՞տ եղան:
-Եղան, բայց ամենամեծ բանն այն էր, որ ես կողքիս ունեցա հրաշալի կին, իսկ գլխիս՝ Աստծո աջը… Մինչեւ այսօր… Այնքան շնորհակալ եմ…Կորուստներով հանդերձ ես, այնուամենայնիվ, չկործանվեցի:
-Աստծո հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Շատ անձնական (ծիծաղում է):
-Հաճա՞խ եք զրուցում:
-Չէ, ես ուղղափառության այդ հիվանդագին բաները չունեմ, առողջ է իմ հարաբերությունը: Իմ մայրն է դա սովորեցրել ինձ: Առհասարակ, մայրս դեմ էր ամեն տեսակ հիվանդագին մոտեցման, զգացական անառողջ դրսեւորումներին: Նրա համար կարեւոր նախապայմանը առողջ հոգեբանությամբ ապրել, աշխատելն էր՝ սթափ ուղեղով եւ գործին մինչեւ վերջ նվիրված: Մշուշն ու անորոշությունը նրա կյանքում տեղ չպետք է ունենային: Ես այդ տեսակետից հետեւել եմ մորս: Ինքը դա բերել է իր հետ թե՛ գեներով, թե՛ որբանոցից:
-Ո՞վ է Ձեր ընկերն այսօր:
-Աշոտ Զոհրաբյանը: Վերադառնալով Չարենցին՝ ասեմ, որ ոչ ոք ինձ վրա այնպես չի ազդել, ինչպես նա: Ես մշտապես հետեւել եմ այն ուղղությանը, որով ինքը նայել է՝ Տերյանից մինչեւ արեւմուտք՝ Գյոթե, Սայաթ-Նովայից մինչեւ ճապոնական թանկաներ: Այնքան մեծ ընդգրկում է, ապշելու տարածքներ…Աստված իմ, ընդգրկելու ի՜նչ ուժ եւ կարողություն…Հանճար է անշուշտ:
-Պարո՛ն Մանսուրյան, Դուք այսօր Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
-Չեմ կարող ինձ միագույն տեսնել, երբեմն ուրախության բռնկում է լինում, երբեմն՝ ճիշտ հակառակը…
-Տարկովսկին ասել է. «Մենք ավելի կարեւոր բաներ ունենք անելու, քան երջանիկ լինելն է»…
-Ի՜նչ լավ բան է ասել…Այո… Վերջին տարիների իմ Տարկովսկին Բերգմանն է: Դա մի զարհուրանք է, Տարկովսկու ասած երջանկության ժխտումը…Շատ սիրում եմ նրա ստեղծածը: Գեղեցիկ արժեքներ շատ կան, որոնց հետ ապրելը կարեւոր է: Չհագենալ, չհոգնել, չծուլանալ…
-Ամբողջ հայ ազգը Ձեզնից, գիտե՞ք, միայն ինչ է ուզում` որ Դուք առողջ լինեք:
-Տա Աստված, թող լինի այդպես: Առողջությունը միայն աշխատելու համար է, եթե պետք է առողջ լինեմ, բայց չաշխատեմ, դա առողջություն չէ, տառապանք է…

 

 

 

«ԱՅՆ, ՈՐ ԱՄՈՒՍԻՆՍ ԿԱ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ՄԵԾ ՆՎԵՐ Է»

Կանանց միամսյակի առթիվ զուտ կանացի թեմաներով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ:

-Ալլա՛, միամսյակը կնոջն ինչո՞ւ է պետք:
-Ես այն, որպես այդպիսին, չեմ կարեւորում, բայց այնպես էլ չէ, որ բոլորովին անտարբեր եմ: Ամեն դեպքում, հաճելի է գարնանային այդ օրերն ասոցացնել կնոջ եւ գեղեցիկ զգացումների հետ: Կարծում եմ՝ միամսյակի շնորհիվ կանանց համար նվերներ ստանալու, ուշադրության կենտրոնում հայտնվելու առիթ է ստեղծվում: Չէ՞ որ որոշ կանայք իսկապես միայն այդ տոնական օրերին են ծաղիկ ստանում: Իմ դեպքում, իհարկե, նման բան չկա, ես տոներից դուրս էլ մշտապես ստանում եմ ծաղիկներ, նվերներ ու հաճոյախոսություններ ամուսնուցս, երկրպագուներիցս…
-Համաձա՞յն եք, որ կին լինելն արվեստ է:
-Ընդհանրապես, ինձ թվում է՝ մարդ լինելն է արվեստ, շատ զուսպ արվեստ: Կինը գեղագիտության, նրբության սիմվոլ է, դե իսկ մայրանալու գործոնը առանձին արվեստ է: Կինը կոչված է լինելու կենսատու. այդքանով ամեն բան ասված է:
-Ամուսնուց ստացած ամենատպավորիչ նվերը ո՞րն է եղել:
-Ինձ համար շատ հաճելի է նրանից նվերներ ստանալը` կլինի թանկարժեք, թե ոչ այնքան: Ամեն դեպքում, չէի ցանկանա առարկայացնել մեր զրույցը, քանի որ նյութը իմ կյանքում մեծ տեղ չունի: Այն, որ ամուսինս իմ կյանքում կա, արդեն իսկ նվեր է ինձ համար: Ես ապրում եմ ներդաշնակության մեջ, եւ դա ամուսնուս շնորհքն է:
-Կա՞ կնոջ կերպար, որն առանձնակի հիացրել է Ձեզ:
-Այո, հայ իրականությունից Սոսե Մայրիկը, իսկ եթե դուրս նայենք, Կոկո Շանելը:
-Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը:
-Ընդհանրապես, ես շատ երազանքներ եմ ունեցել՝ կարիերա անել, շրջագայել, լավ ընկերներ ունենալ…Բայց կինն ունի մեկ գլխավոր առաքելություն՝ ունենալ ընտանիք, երեխաներ: Ես ունեմ: Ո՞նց չուրախանամ իմ երեք զավակներով: Դրանից հրաշալի բան չի կարող լինել…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

6 ՄԻԱՎՈՐ
Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը «ԵՎՐՈ 2020»-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով: «Առաջնայինը` մենք կենտրոնացած ենք Հայաստանի հավաքականի դեմ խաղի վրա, քանի որ առաջին հանդիպումը միշտ կարեւոր է: Պետք է լավ սկսել եւ առաջիկա երկու խաղում վաստակել 6 միավոր: Հեշտ չի լինելու, սակայն մենք լավ մարզավիճակում ենք գտնվում: Ազգերի լիգայում մենք ցույց տվեցինք, որ լավ ենք խաղում: Մեր ներկայիս սերունդը լավն է, մենք սպասելու ժամանակ չունենք»,- Պյանիչի խոսքն է փոխանցում sportsport.ba-ն: Հիշեցնենք, որ Բեսնիա եւ Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր` մարտի 23-ին, Սարաեւոյում:

 

 

ԿՄԵԿՆԻ
FootballLondon-ի հայտնի լրագրող Չարլզ Ուոտսը պարբերականի պաշտոնական կայքում առցանց պատասխանել է երկրպագուների հարցերին։ «Եթե «Արսենալը» դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ, ապա Մխիթարյանը թիմի հետ կմեկնի Բաքու։ «Քարաբաղի» դեմ խաղում «Արսենալը» չցանկացավ մեծ պատմություն ստեղծել, բայց երբ խոսքը գնում է եզրափակչի մասին, այլ կերպ չի կարող լինել»,- հաստատել է Ուոտսը։

 

 

ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող մեր չորս մարզիկներն էլ դուրս են եկել գավաթի խաղարկության եզրափակիչ. օղակների վրա վարժությունում` Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը, նժույգթափեր վարժությունում՝ Հարություն Մերդինյանը, եւ հենացատկ վարժությունում՝ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ Դոհայի մրցաշարը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար:

 

 

ՄԲԱՊԵՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվել է ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթությունների հարցում. այս մասին հաղորդում է AS-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ամեն ինչ կանի «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար: Տրանսֆերային մանրամասնություններ այլեւս չեն հաղորդվում:

 

 

ԿՊԱՀՊԱՆԻ ԱՆՈՒՆԸ
Ղազախստանի տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար Դաուրեն Աբաեւը հայտարարել է, որ «Աստանա» ֆուտբոլային ակումբին անվանափոխում չի սպառնում, չնայած երկրի մայրաքաղաքն արդեն անվանափոխվել է ու դարձել Նուրսուլթան: «Քաղաքի բոլոր առանցքային օբյեկտները՝ «Աստանա Օպերան», «Աստանա-Արենան», մարզական ակումբները, «Աստանա» հեռուստաալիքը չեն անվանափոխվի: Մենք սրանով պահպանում ենք «Աստանա» բրենդը եւ սկսում զարգացնել նոր բրենդ` «Նուրսուլթան»»,- հայտարարել է Աբաեւը:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս