Սահմանադրական դատարանի դատավորի ուշագրավ կարծիքը. աղմկահարույց օրենքը կարող էր հակասահմանադրական ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը երեկ պարզաբանում տարածեց 2018թ.հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի հիմքերի մասին՝ հիմնավորելով, որ նախագահի կողմից ՍԴ դիմելու քայլը իրավական առումով ճիշտ էր: Այս պարզաբանումը, ըստ էության, կարելի է համարել նաեւ պատասխան օրերս Աժ նախկին փոխնախագահ, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որտեղ նա անդրադառնում էր հոկտեմբերի 2-ին ստեղծված իրավիճակին ու նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարմանը:

Հիշեցնենք, որ այդ օրը ներքաղաքական իրավիճակը բավականին լարված էր. խորհրդարանական 3 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, միավորվեցին ու գիշերով ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումների եւ փոփոխությունների նախագիծը։

Արփինե Հովհաննիսյանը հատկապես կենտրոնացել էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ ընդունած օրենքը միանգամից չստորագրելուեւ այն ՍԴ ուղարկելու որոշման վրա: Նա իրենց իշխանության օրոք ՀՀ նախագահ դարձած Արմեն Սարգսյանին մեղադրել էր. «Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները օգտագործում է ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու եւ վերջնական որոշման կայացման բեռը այլ մարմինների վրա բարդելու համար»:Ապա ավելացրել էր, որ այդպիսով նա տուրք տվեց քաղաքական շանտաժին։

Տիկին Հովհաննիսյանին նման գրառման հիմք էր տվել ՍԴ-ի ապրիլի 19-ին հրապարակված որոշումը, որով վերոնշյալ օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Նախագահի աշխատակազմի իրավական վարչությունը նշում է, որ որոշում կայացնելու համար ՍԴ-ից պահանջվել է ավելի քան հինգ ամիս:

Սակայն հետաքրքիր է, որ, չնայած դրան, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը եւ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը վերապահումներ են ունեցել սահմանադրական ճանաչելու վերաբերյալ եւ անգամ չեն էլ թաքցրել դա։ Առաջին անգամ է, որ այդ օրենքի եզրակացության մեջ ներկայացված է դատավորի հատուկ կարծիք, որն էլ վերապահումներ է ներկայացրել եւ, ըստ էության, ակնարկել, որ այդ օրենքը կարող էր նաեւ հակասահմանադրական ճանաչվել։

Նախ` անդրադառնանք նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության հայտարարությանը, որտեղ արձանագրված է, որ օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում վարչապետի ընտրության ողջամիտ ժամկետների պահպանման պրակտիկ եւ իրավական կառուցակարգային ռիսկեր կան։ Մասնավորապես նշվում է․«…Այդ կանոնակարգումները չեն կարող անսպառ ձգձգել վարչապետի ընտրությունը:

Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է վարչապետի առաջին ընտրության եւ վարչապետի նոր ընտրության գործընթացների ողջամիտ առավելագույն վերջնաժամկետներ սահմանել: Եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չի ապահովվում նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դեպքերում, ապա այդ իրավիճակը չի կարող անորոշ ժամկետով պահպանվել, քանի որ դա կնշանակի անորոշ ժամկետով չունենալ վարչապետ, որն էլ իր հերթին կհանգեցնի սահմանադրական մի շարք այլ պահանջների չկատարման»:

Իսկ, ահա, Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ կարծիքում ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանն, ի վերջո, ուներ բավարար հիմքեր նախագահի դիմումի հիման վրա ««Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու համար:
Հատուկ կարծիք ներկայացրած ՍԴ դատավորը Աշոտ Խաչատրյանն է, որը նախկինում հենց նույն ՀՀԿ իշխանությունների օրոք աշխատել է խորհրդարանում` որպես իրավաբանական վարչության պետ:

Խաչատրյանը հատուկ կարծիքում մի շարք վիճահարույց հանգամանքներ է մատնանշել: Մասնավորապես, դատավորը վիճահարույց է համարել այն հարցերը, թե ինչպես կարող են Ազգային ժողովի նախագահի կողմից գնահատվել նիստի իրավազորությունը չապահովելու փաստի պատճառները, երբ տվյալ նիստին խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով խոչընդոտման հանգամանքով, կամ Ազգային ժողովի նախագահին ինչպիսի ընթացակարգերով կարող է փոխանցվել այդ խոչընդոտների եւ դրանց հաղթահարման մասին տեղեկատվությունը եւ այլն:

Դատավորը նաեւ ընդգծել է, որ լուծումները չեն բխում հանրային կարեւոր նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունների համակարգային կարգավորման տրամաբանությունից: «Այս հիմնավորումներով պայմանավորված՝ կարծում եմ, որ վիճարկվող դրույթներում օգտագործված «խոչընդոտվում է պատգամավորի մասնակցությունը Ազգային ժողովի նիստին», «սպառնալիքի միջոցով խոչընդոտվում է պատգամավորի մասնակցությունը Ազգային ժողովի նիստին», «խոչընդոտվում է Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը» եզրույթների գնահատման չափորոշիչների օրենսդրական կարգավորման մակարդակում չսահմանելը ինքնին խնդրահարույց է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացման, հետեւաբար Սահմանադրության 149-րդ հոդվածի պահանջների լիարժեք իրացման ռիսկերի առաջացման տեսանկյունից:

Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում եմ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր ««Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության 1-ին հոդվածին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 102-րդ հոդվածին, 103-րդ հոդվածի 2-րդ մասին հակաuող ճանաչելու համար»,- նշված է հատուկ կարծիքում:

Ստացվում է` թե՛ նախագահի իրավաբանական վարչությունը, թե՛ Սահմանադրական դատարանի դատավորը միանման կարծիք են հրապարակել եւ տեսակետ հայտնել, թե օրենքը կարող էր մասամբ հակասահմանադրական ճանաչվել։

Եվ այստեղ հետաքրքիր է նաեւ ՍԴ դատավորի անցած ուղին․ինչպես նշեցինք, Աշոտ Խաչատրյանը մինչ ՍԴ դատավոր նշանակվելը` 6 տարի՝ 2004-2010թթ․, եղել է Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ։ Իսկ, ահա, 2010 թվականից էլ նշանակվել է ՍԴ դատավոր։ Եվ ստացվում է՝ 6 տարի լինելով ԱԺ իրավաբանական վարչության պետ` վերջինս, թերեւս, ներսից է ծանոթ խորհրդարանում տիրող իրավիճակին, օրենքով հնարավորություններին եւ ԱԺ կանոնակարգ-օրենքի սահմանումներին։ Եվ հենց դրանով են պայմանավորված նրա հատուկ կարծիքում առկա շեշտադրումները։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս