Ինչու Նիկոլ Փաշինյանը նախընտրեց զրուցել Արամ Ա-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` կիրակի երեկոյան, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ողջ տարածքում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու հորդորից հետո կրքերը թեժացան: Միանգամից ընդդիմադիր կուսակցությունները հայտարարություն տարածեցին՝ քննադատելով վարչապետի կոչը: Ակնհայտ էր, որ մթնոլորտը լարված է:

Ուղերձով հանդես եկավ նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարգին Բ-ն` նշելով, որ Մայր Աթոռը խորը մտահոգությամբ է հետեւում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին։ «Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները»,-ասված էր վեհափառի ուղերձում։

Երեկ ոչ թե Կաթողիկոսի ուղերձի, այլ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ «Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման, մասնավորապես` անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ»,- գրել էր Փաշինյանը:

Այլ կերպ ասած` Փաշինյանը կարեւոր է համարել Կիլիկիո կաթողիկոսի հետ զրուցելու փաստը, ընդգծել է իր վերաբերմունքը: Սա հազիվ թե պատահականություն լինի: Տեղի ունեցածը, ըստ էության, եւս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների ու եկեղեցական իշխանության մեջ, այնուամենայնիվ, խնդիրներ կան, հակասություններ: Այդ ամենն ավելի սրացավ վերջերս հայտնի աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ, երբ վարչապետը խոսել էր եկեղեցին հարկային դաշտ բերելու մասին:

Բացի դա, գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները կապված էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի հետ, եւ ընդամենը օրեր առաջ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկա էր Քոչարյանի գրքի շնորհանդեսին, եւ դա էլ հերիք չէ, նա հանդես եկավ գովաբանական ելույթով` ուղղված Քոչարյանին։ Եւ, իհարկե, միամտություն կլինի կարծել, որ դա ընդամենը անձնական դիրքորոշման արդյունք էր։ Սա, ըստ էության, նպաստեց եկեղեցի-պետություն հարաբերությունների միջեւ անջրպետին վերացմանը: Ինչեւէ, սպասենք հետագա զարգացումներին: Ամեն դեպքում, որքան էլ կողմերը փորձեն արտաքուստ համերաշխ ձեւանալ, այնուամենայնիվ, կան ներքին խնդիրներ:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս