ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` ՀՔԾ-ում այս գործի շրջանակներում հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանը։

Բանն այն է, որ 2016 թվականին «Հետք»-ը իր՝ «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթս ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Հրապարակումից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ին, Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: 2016թ.-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Եվ, ահա, կարճումից հետո` 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց ու ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրվեց` օրենսդիր գործունեություն ծավալելով ՀՀԿ խմբակցության կազմում: Ի դեպ, թավշյա հեղափոխության օրերին, երբ նախկին իշխանությունը դեռ դիմադրում էր, Մ. Պողոսյանի մերձավոր շրջապատի անձինք Զեյթունում փորձել էին բռնություն գործադրել փողոցը փակած ցուցարարների նկատմամբ: Ավելի ուշ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, նրանց մեղադրանք էր առաջադրվել:
Թավշյա հեղափոխությունից հետո` արդեն 2018թ. նոյեմբերին, խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց, ու Միհրան Պողոսյանը հեռացավ քաղաքական ասպարեզից:
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: ՀՔԾ-ն, սակայն, առաջարկը մերժել է, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ:
Ուստի Մ. Պողոսյանը կրկին հրավիրվել է հարցաքննության, իսկ կգա, թե ոչ, առայժմ նախաքննական մարմինը սպասում է։ Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին Մ. Պողոսյանի եւ իրավապահների կողմից տարվող քննությունից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես այն, որ նախաքննական մարմինը, ի դեմս Հատուկ քննչական ծառայության, օրերս հարցաքննության է հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանին, որը եղել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները քննության ընթացքում բացահայտել են, որ Մ. Պողոսյանի քրեական գործով առկա է նաեւ Ա. Ստեփանյանի ստորագրությունը, ուստի վերջինիս վերոնշյալ ստորագրության համար կանչել են հարցաքննության։ Նա հարցաքննվել է: Եւ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են պնդում, ՀՔԾ հրավիրվելուց հետո Ա. Ստեփանյանը իր մտերիմ շրջապատում սրտնեղել է, թե ինչ կապ ունի ինքը Մ. Պողոսյանի գործարքների հետ, եւ հետեւյալն է ասել. «Ինձ ասել են` այստեղ ստորագրի՛, ես էլ առանց նայելու ստորագրել եմ եւ այլ բան չգիտեմ. ի՞նչ կապ ունեմ ես այդ քրեական գործի հետ։ Ախր այստեղ խնդիրը նա է, որ հիմա ես ընկել եմ ՀՔԾ-ի դռները, ինձ են կանչում, իսկ Միհրան Պողոսյանը գտնվում է Մոսկվայում, ես ի՞նչ անեմ»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Հատուկ քննչական ծառայությունից, սակայն ՀՔԾ-ից չմեկնաբանեցին մեր տեղեկությունը։ Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ իրեն Հատուկ քննչական ծառայություն կանչել են հարցաքննության։
-Պարո՛ն Ստեփանյան, մենք տեղեկություններ ունենք, որ Միհրան Պողոսյանի քրեական գործով ՀՔԾ-ն Ձեզ հարցաքննության է հրավիրել։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես տեղյակ չեմ, ճիշտն ասած, ու երկրում էլ չեմ։
-Այսինքն` Դուք տեղյակ չե՞ք, որ Ձեզ կանչելու են կամ արդեն կանչել, հարցաքննել են, կա՛մ գիտեք, կա՛մ չգիտեք։
-Ինձ, հա, ինձ հրավիրել է։
-Ե՞վ… Տեղեկություներ կան, որ քրեական գործով կա Ձեր ստորագրությունը, ու դրա համար են Ձեզ կանչել ։
-Հրավիրել են, գնացել եմ։
-Կոնկրետ ինչի՞ համար, ի՞նչ եք Դուք պատմել, ի՞նչ են Ձեզ հարցրել, Դուք ի՞նչ եք պատասխանել։
-Նախաքննական գաղտնիք չեմ կարող բացահայտել, բայց հրավիրել են։
-Օֆշորի հայտնի գործո՞վ են կոնկրետ հարցաքննել։
-Չգիտեմ` Ձեր համար որն է հայտնի գործը, որը ոչ, բայց Ձեզ ասացի, որ, այո, ՀՔԾ հրավիրվել եմ։
-Ե՞րբ եք հրավիրվել, կոնկրետ օրը կասե՞ք։
-15 օր, 20 օր առաջ:
– Հիմա երկրում չե՞ք։
-Ոչ:
-Իսկ արտերկրում ի՞նչ եք անում, ի՞նչ գործունեությամբ եք զբաղված։
-Ոչ մի բան չեմ անում։
-Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ հրավիրվելուց եւ հարցաքննվելուց հետո Դուք Ձեր մտերիմ շրջապատում սրտնեղել եք` ասելով, թե ինչ կապ ունեք Միհրան Պողոսյանի գործարքների հետ, եւ նման հայտարարություններ եք արել. «Ինձ ասել են` այստեղ ստորագրի՛, ես էլ առանց նայելու ստորագրել եմ եւ այլ բան չգիտեմ, ի՞նչ կապ ունեմ ես այդ քրեական գործի հետ։ Ախր այստեղ խնդիրը նա է, որ հիմա ես ընկել եմ ՀՔԾ-ի դռները, ինձ են կանչում, իսկ Միհրան Պողոսյանը գտնվում է Մոսկվայում, ես ի՞նչ անեմ»։
-Չկա նման բան, Ձեր տեղեկությունները սխալ են։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂՆ ՈՒ ԳԵՐՈՒ ԵՂԲԱՅՐԸ
Երեկ տարաբնույթ հրապարակումներ եղան ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասին: Մասնավորապես, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին մահվան սպառնալիքներ են տվել։ Ապա տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սպառնալիքները հնչեցրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին` Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ 35-ամյա Խորեն Ասլանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է կապ հաստատել Խորեն Ասլանյանի հետ, որը մանրամասն ներկայացրեց կատարվածը: Նրա խոսքով` նախարարը հայտարարել է Հայաստանում գտնվող Ադրբեջանի քաղաքացուն արտահանձնելու անհրաժեշտության մասին: Նախարարը մասնավորապես նշել է, որ եթե ապացուցվի, որ նա քաղաքացիական անձ է, ապա պետք է նրան արտահանձնել:
Խոսքը մարտի 16-ին` 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում` N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերված սահմանախախտի մասին է: Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` անձը հանդիսանում էր Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Նախարարի հայտարարությունը վրդովել է Բերդավանի բնակչին: Վերջինս, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեց. «Ես մեկնաբանություն էի թողել, որ մեր ազգականն էլ էր քաղաքացիական անձ, բայց հակառակորդը նրան հետ չի տալիս: Դուք ո՞նց եք հանգիստ քնելու, եթե էդ մարդուն հանձնեք: Երեւի էդ արտահայտությունն է ընկալվել որպես սպառնալիք»: Խորեն Ասլանյանը նշեց, որ ինքը նկատի է ունեցել մարդասիրության դրսեւորման սխալ ձեւը պատերազմական վիճակում:
Մեր զրուցակիցը հայտարարեց նաեւ, որ տարածված տեղեկությունները, թե իրեն իրավապահները որոնել են, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ գյուղը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, գտնելը դժվար չէ: Նույնը նաեւ ոստիկանությանն է ասել` ինքը նախարարին չի սպառնացել, իր խոսքը անարդարության մասին դիտարկում է եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՉԻ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
Երեկ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի եղբորորդին զանգահարել է իրեն, ասել է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Նարեկ Սարգսյանը կամ որեւէ մեկն ինձ չի զանգահարել: Եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»: Հարցին՝ ճիշտ է, որ Պրահայից Ն. Սարգսյանի արտահանձման հետ կապված խնդիրներ կան, Օսիպյանը պատասխանել է, որ այս հարցում ոստիկանությունն իր գործը կատարել է, մնացածն իրենց դաշտում չէ:

 

 

ՄԻԵԴ-Ը ՀԵՏԱՁԳԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հետաձգել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը: Ըստ ՄԻԵԴ-ի կայքէջի` մարտի 22-ին ՄԻԵԴ ստացված գրությամբ Հայաստանի կառավարությունը տեղեկացվել է, որ 2019թ. մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաեւ վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող, իր կողմից մատնանշված բուժհաստատություն` հետագա ստուգման եւ բուժման նպատակով: Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը` պահանջելով ՀՀ կառավարությունից մինչեւ սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել էր, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ
Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ 1998 թվականին իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությունը խախտելով, ինչ-որ տեղեկանք ձեռք բերեց եւ դրանով մասնակցեց ընտրություններին։ «Որեւէ մեկը կասկածո՞ւմ է 1998 թվականի ընտրությունների մասին այն պատկերացումները, որ հնչեցված է այդ փաստաթղթում։ Կարեն Դեմիրճյանի հաղթանակի մասին որեւէ տեղ որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ այնտեղ ինչ-որ բան այն չի։ Ես տոկոսները չեմ կարող ասել, այդ պրոցեսի մեջ ես ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, բայց ես մի բան գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ իր թեկնածությունը դներ, ինքը, Սահմանադրությունը խախտելով, ինչ-որ տեղեկանք ձեռք բերեց եւ դրանով մասնակցեց ընտրություններին», – ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։




Լրահոս