«ԱՅՍՕՐ ԷԼ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾՈՂՆԵՐ ԿԱՆ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն է: Մենք բացահայտել ենք նրան նոր, հետաքրքիր ռակուրսից, խոսել ենք դերասանի նախասիրությունների, սովորությունների մասին: Պարոն Ալեքսանյանը խոստովանել է, որ թիկունքից հարվածներ շատ է ստացել, մինչ օրս էլ ստանում է, բայց չի պատասխանում. այդ գործը թողել է Աստծուն: Նա անդրադարձել է մանկությունից անկատար մնացած երազանքին, նշել, թե որն է դերասանի մասնագիտության լավագույն կողմը: Մեր զրուցակիցը նշել է, թե ինչն է իրեն զարմացնում եւ զայրացնում:

-Պարո՛ն Ալեքսանյան, կա՞ մի բան, որ օրվա ընթացքում անպայման պետք է անեք, օրինակ՝ մարզվել, հանդիպել հարեւանին կամ սերիալ դիտել:
-Ամեն օր անպայման մարզվում եմ:
-Ձեզ կարելի՞ է համարել տրամադրություն «փաթաթող» անձնավորություն: Երբ, օրինակ, անտրամադիր եք լինում, այդ մասին կողքինները կռահո՞ւմ են:
-Դա կախված է այն բանից, թե որտեղ եմ այդ պահին գտնվում: Օրինակ՝ աշխատանքի պահին` կլինի թատրոնում, թե կինոյում, ոչ ոքի հետաքրքիր չէ, թե դու ինչ տրամադրություն ունես: Բարի՛ եղիր, աշխատիր, տրամադրությունդ էլ ուրիշի վզին մի՛ փաթաթիր:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր մասնագիտության ամենադրական կողմը, ինչո՞վ է այն առանձնանում:
-Շատերը երազում են ինչ-որ հրաշքով միքսել մասնագիտությունները: Դերասանին տրվում է այդ հնարավորությունը. մի օր նա թագավոր է, մյուս օրը՝ բժիշկ, բանվոր եւ այլն:
-Շարունակե՛ք միտքը. «Մի անգամ քիչ էր մնում…»:
-Գերի մնայի: Դա 1992 թվականին էր, Խոջալուում, բայց ոչ մի օր գերության մեջ չմնացի, բախտս բերեց, փախա:
-Ամենաշատն ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում:
-Երբ հանդիպում եմ անարդարության, դավաճանության:
-Սիրո՞ւմ եք անակնկալ իրադարձություններ, թե՞ նախընտրում եք, որ ամեն բան նախօրոք գծագրված պլանով ընթանա:
-Նայած՝ ինչ իրադարձության մասին է խոսքը, երբեմն` այո, երբեմն՝ ոչ:
-Սովորաբար ումի՞ց եք զգուշանում:
-Մարդուց, մարդ-կենդանուց (ծիծաղում է):
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է մարդկության հորինած ամենավնասակար երեւույթը:
-Մարդը, բնության ամենամեծ վնասատուն է նա:
-Ինքներդ Ձեզ ինչի՞ համար եք մեղադրում:
-Որ շատ բարի եմ, շատ եմ սիրում… Մտածում եմ՝ ինչու պետք է Հայաստանում լինեն հայերեն խոսացողներ, որոնք հայ չեն: Չէ՞ որ ամեն հայերեն խոսացող չէ, որ հայ է…
-Կա՞ մի ճաշատեսակ, որից երբեք չեք հրաժարվում:
-Այո, խաղողի թփով տոլման՝ մածուն-սխտորով:
-Ո՞ւմ կվստահեիք Ձեր ամենամեծ ու նվիրական գաղտնիքը:
-Իհարկե, իմ կեսին՝ կնոջս:
-Ունե՞ք մանկության մի երազանք, որն այդպես էլ անկատար է մնացել:
-Եթե ես ի վերուստ չլինեի արտիստ, շատ կցանկանայի ֆուտբոլիստ դառնալ: Մանուկ հասակից սիրել եմ ֆուտբոլ, խաղացել եմ, իհարկե, սիրողական մակարդակով, բայց լավ էր ստացվում: Սովորաբար, դարպասապահ եմ եղել:
-Ո՞ր մուլտֆիլմը կարող եք հազար անգամ դիտել եւ չհոգնել:
-Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը, «Դե սպասիր»-ը, «Միկի Մաուս»-ը:
-Ձեզ միշտ զարմացրել են մարդիկ, որոնք…
-Ինձ ոչ ոք էլ չի զարմացնում: Ամեն մեկը հասկացողության իր չափն ունի, ինչի՞ց զարմանաս…
-Ո՞ր ժանրի երգերն են Ձեզ հոգեհարազատ:
-Մեր հայրենասիրական, ժողովրդական երգերը, իսկ համաշխարհային մասշտաբով եթե ասեմ, ջազային աշխարհի ստեղծագործությունները:
-Ձեզ թիկունքից հարվածողներ շա՞տ են եղել: Ինչպե՞ս եք վարվել նրանց հետ:
-Ինչ դաժան հարց տվեցիք… Այո, եղել են, հիմա էլ կան թիկունքից հարվածողներ: Ես կրոնավոր չեմ, բայց հավատացյալ եմ, համբերատարություն եմ ցուցաբերում, չեմ պատասխանում, ամեն բան թողնում եմ Աստծո դատին, դա իմ գործը չէ: Կյանքը բումերանգ է. ով ինչ շպրտի, կվերադառնա իրեն:
-Եվ վերջում՝ ըստ Ձեզ՝ ո՞վ է երջանիկ մարդը:
-Նա, ով ունի հայրենիք, լավ ընտանիք եւ ընկերներ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿԱ՛Մ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԵՆ, ԿԱ՛Մ ԵՐԵՎԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ ԵՆ»
«Երեւանում կան մի շարք կիսակառույցներ, փորված տարածքներ, որոնք ինչ-որ մարդկանց սեփականությունն են, եւ քաղաքապետարանը դրանց նկատմամբ որեւէ լիազորություն չունի: Շատ դեպքերում մարդիկ գնել են այդ տարածքները եւ մեկնել երկրից: Իսկ ամենավրդովեցուցիչն այն է, որ նրանք դրսում ներդրումներ են անում, իսկ իրենց հայրենիքում՝ ոչ. այդ կառույցները տասնյակ տարիներով կիսակառույց էլ մնում են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման խնդիր բարձրացրեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը:
«Սեւան» հյուրանոցի տարածքը, որը տարիներ շարունակ կիսաքանդ վիճակում է, Չարենցի 28 հասցեն, որը փոսի մեջ է, Աբովյան փողոցի վրա գտնվող նախկին մանկական հանրախանութը, որը, պարոն Իսպիրյանի խոսքով, 20 տարուց ավել է՝ գնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը եւ տարածքը ոչնչի չի ծառայեցնում, Կասկադի վերեւի հատվածը, որը վերածվել է աղբավայրի, Կոմիտասի պատմական շուկան, որի ճակատագիրը եւս անհայտ է, Մանկական երկաթուղու տարածքը, որտեղից 200 ծառ է հատվել, եւ տարածքն այդպես էլ չի ծառայեցվում որեւէ նպատակի. այս շարքը, մեր զրուցակցի հավաստմամբ, կարելի է անվերջ թվել: «Նշվածները վերաբերում են քաղաքի կենտրոնական հատվածներին, պատկերացնո՞ւմ եք, թե ծայրամասերում որքան կիսատ կառույցներ կլինեն: Եթե սեփականատերերը այսքան տարի ոչինչ չեն անում, կա՛մ գումար չունեն, կա՛մ Երեւանի թշնամին են: Հարգելի՛ պարոն Աբրահամյան, Դուք Ձեր գնած տարածքում ներդրումներ չեք անում, բայց լսում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում միլիոնավոր դոլլարների ներդրումներ եք անում: Այդպես ո՞նց կլինի: Ում էլ որքան հարգեմ, Երեւանից շատ չեմ հարգի»,-ասաց պարոն Իսպիրյանը:
Նրա խոսքով՝ այսօր խայտառակ իրավիճակ է տիրում Օղակաձեւ զբոսայգում, որտեղ, ինչպես պարոն Իսպիրյանն է ասում, ով ինչ ուզեցել, ինչ դիզայնով ուզեցել, սարքել է՝ շինարարական աղբը թափելով այգու մեջ: «Օպերային թատրոնի շրջակայքը կանաչապատենք, անցնելու ենք Օղակաձեւ այգուն, մյուս այգիներին: Հաղթանակի այգում՝ այդ հսկայական տարածքում, ընդամենը երեք աշխատող կա, որոնք կանաչապատմամբ են զբաղվում, երեքն էլ՝ տարեց ու ոչ պրոֆեսիոնալ, այդքան հեկտար տարածքը ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց հույսին թողնել»,-եզրափակեց պարոն Իսպիրյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿՈՏՐԵԼ «ՖԻՆՆԱԿԱՆ ՍԱՌՈՒՅՑԸ»

Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն եւ պարտություն կրեց նվազագույն տարբերությամբ`1:2: Մեր ֆուտբոլիստները հանդիպումը անցկացրին մեծ նվիրվածությամբ, սակայն չկարողացան ուժեղ գտնվել բոսնիացիներից: Արդեն այսօր` Երեւանի ժամանակով 21:00-ին, Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ֆինլանդիայի հավաքականին, որքան էլ իրենց հերթին 0:2 հաշվով պարտվել էին Իտալիայի հավաքականին: Այս խաղին նույնպես մեր ընտրանու ֆուտբոլիստները ֆավորիտ չեն համարվում, սակայն, ի տարբերություն Սարաեւոյում կայացած խաղի, այստեղ մեր շանսերը ավելի իրատեսական են:

Սխալ կլինի ասել, որ հայ ֆուտբոլիստները վատ ֆուտբոլ ցուցադրեցին բոսնիացիների դեմ խաղում. մեծ էր թե՛ նվիրվածությունը, թե՛ հաղթանակի ձգտումը, սակայն մեզ չհաջողվեց որսալ խաղը, այլապես Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու համար խաղի 90 րոպեները կարող էին վերածվել սարսափ ֆիլմի:
Ֆինների դեմ խաղում մեզ հարկավոր է միայն ու միայն հաղթանակ, որին հասնելու ճանապարհը պետք է գտնի մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ումից ակնկալվում են մեծ փոփոխություններ առաջիկա խաղի մեկնարկային կազմում:
Նախ` կարելի է մտածել Արտյոմ Խաչատուրովին մեկնարկային կազմում ընդգրկելու մասին: Խաչատուրովը կարող է ամուր պատ դառնալ ֆինների համար. նրա վստահ խաղը, իհարկե, կարող է փակել մեր դարպասը տանող բոլոր ճանապարհները, խճուղիներն ու արահետները:
Հենակետային գոտում ուղղակի «բաց դռների օր էր» հայտարարված բոսնիացիների դեմ խաղում: Գրիգորյանը եւ Մկրտչյանը, կարծես թե, չէին հասկանում միմյանց, բացակայում էր խաղային քիմիան, որի արդյունքում էլ վտանգավոր գրոհներ էին ստեղծվում մեր դարպասին: Այս խաղում կարելի է խաղադաշտ դուրս բերել հենակետային գոտում Եդիգարյանին, որն իհարկե ավելի լավ կարող է համագործակցել թե՛ առաջ քաշված ֆուտբոլիստների, թե՛ պաշտպանության գծի հետ: Եվ այստեղ հարց է առաջանում. ո՞ւմ փոխարեն պետք է խաղա Եդիգարյանը: Եթե նայենք հանդիպումը, ապա միանշանակ Գրիգորյանը ավելի լավ հանդիպում անցկացրեց, քան Մկրտչյանը, սակայն կարելի է նաեւ հասկանալ այն, որ Մկրտչյանի եւ Եդիգարյանի համագործակցությունը միմյանց հետ կարող է ավելի արդյունավետ ստացվել:
Այս խաղին պետք է միանշանակ առաջին րոպեներից հանդես գա Արաս Օզբիլիսը, ում պակասը զգացվում էր առաջին խաղում: Արասը խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպան 81-րդ րոպեին եւ ոչնչով օգնել թիմին չկարողացավ: Մեկ բան հստակ է. Օզբիլիսը հարկավոր է մեր հավաքականին, եւ կապ չունի, թե ինչ մարզավիճակում է գտնվում նա: Արասը այն ֆուտբոլիստներից է, որ մեկ հնարքով կամ մեկ հարվածով կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ հանդիպման ելքի վրա: Այնպես որ, Արաս Օզբիլիսը պետք է փոխարինի Սարգիս Ադամյանին, որը հավաքականում կարծես կորցնում է գոլային հոտառությունը:
Բոսնիայի հավաքականի դեմ խաղում մեկնարկային կազմում հարձակման կրակագծում հանդես էր գալիս Ալեքսանդր Կարապետյանը, ում փոխարեն երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ Նորբերտո Բրիասկոն: Նա այն նույն հարձակվողն էր, որն Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականների դեմ, մեղմ ասած, լավ տպավորություն չթողեց, սակայն այս խաղում փոխարինման դուրս գալով` Բալիկյանը շատ լավ հանդիպում անցկացրեց եւ, ըստ իս, ապահովեց մեկնարկային կազմը ֆինների դեմ խաղում:
Այսպիսով, կարելի է ընգծել, որ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը լուրջ փոփոխություններ է կրելու այսօրվա խաղում, բայց մեկ բան պարզից էլ պարզ է. խաղի ելքը մեծապես կախված է լինելու Հենրիխ Մխիթարյանից:
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մեր ֆուտբոլիստներից սպասվում է 3 միավոր, որը կապացուցի` Հայաստանի ազգային հավաքականը մինչեւ վերջ պայքարելու է «ԵՎՐՈ-2020»-ի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս