ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՑՈՒՑԱՐԱ՞Ր, ԹԵ՞ ՄՏԱՀՈԳ ՔԱՂԱՔԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ: Նրան կարելի է տեսնել բողոքի բոլոր ակցիաների ժամանակ, երբ կառավարության շենքի առաջ տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեփականատերերի ցույցեր են անում` դժգոհելով Հարկային օրենսգրքի նախագծի դեմ: Նրան կարելի է տեսնել Ավշարի դպրոցում կազմակերպված բողոքի ցույցերին, եւ այսպես շարունակ: Կմտածեք՝ պարոն Մովսիսյանը մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով, առկա խնդիրներով ու, որպես ակտիվ քաղաքացի, մասնակցում է բողոքի ցույցերին: Միգուցե եւ այդպես է, առավել եւս, երբ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է մասնակցել խաղաղ հավաքներին: Բայց զարմանալի զուգադիպությամբ նրան կարելի է տեսնել բողոքի ցույցերին նաեւ ակտիվ հարցազրույցներ տալիս, ի դեպ` հիմնականում նույն լրատվամիջոցներին: Ու այդ ամենը տեսնելուց հետո միանգամայն այլ տպավորություն է ստեղծվում մարդկանց մոտ, օրինակ՝ կասկածներ են առաջանում, որ ՀՀ-ում գործում է ունիվերսալ ցուցարարների խումբ (որոշակի շրջանակներից ուղղորդվող), որը մեկ խնդիր ունի՝ տարատեսակ թեմաներով բողոքի ցույցեր կազմակերպել ու էկրաններից քննադատել իշխանություններին: Նպատակն էլ տպավորություն ստեղծելն է, թե իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա երկրում: Այս ամենը զուտ ենթադրություններ են, բայց, համաձայնեք, ոչ անհիմն:

 

 

 

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, եւ իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։ Հիշեցնենք՝ դեռեւս 2009 թվականին, երբ, քաղաքական նպատակներով պայմանավորված, Սուքիասյաններից բիզնես խլելու խնդիր կար դրված, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն աճուրդի հանվեց ԴԱՀԿ-ի կողմից, եւ ողջ գործընթացը, ըստ ընկերության, ընթացել էր ընթացակարգային խախտումներով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այս պատմության բացահայտումից հետո աճուրդը ճանաչվեց անվավեր, եւ մինչեւ վճռի՝ ուժի մեջ մտնելը գումարը կանխիկ «վերադարձվել» է գնորդին: Իսկ գնորդը, հիշեցնենք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն, ի վերջո, գնեց գործարանը եւ մինչ օրս տնօրինում է:

 

 

 

Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախագահ Ռոման Մելիքյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, թե ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել եւ ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ չեն կարող, քանի որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը եւ, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան: «Եթե քաղաքականությունը չփոխվի, եւ որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջեւ կկանգնենք»,- ասել է նա: Նկատենք, որ փոքր ՀԷԿ-երից շատերը, նախկին իշխանությունների թույլտվությամբ, կառուցվել են սխալ վայրերում, հաճախ խախտումներով, եւ որոշ ժամանակ անց նման խնդիր պետք է ծագեր:

 

 

 

 

ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում դիմել ՀՔԾ՝ պահանջելու ուսումնասիրել 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների օրինականությունը: Հիշեցնենք, որ Վ. Մանուկյանն այդ ժամանակ ընդդիմության հիմնական թեկնածուն էր, եւ նա կողմնակիցների հետ միասին տարիներ շարունակ պնդել է՝ 1996թ. ընտրությունների արդյունքները կեղծված են: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Հանրային խորհրդի խոսնակ Անի Գասպարյանը փոխանցեց Վազգեն Մանուկյանի տեսակետը, այն է. «Մանուկյանը 1996թ. ընտրությունների վերաբերյալ չի պատրաստվում դիմել ՀՔԾ, չունի նման մտադրություն»: Հարցին՝ ինչու, խոսնակն ասել է, թե Մանուկյանը չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել։ Այս թեման ուշագրավ է այն առումով, որ երբ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա ՀՔԾ-ն սկսեց նյութեր նախապատրաստել 1998թ. նախագահական ընտրությունները հոգուտ Ռոբերտ Քոչարյանի կեղծելու վերաբերյալ, ՀՀ երկրորդ նախագահի շրջապատն էլ հայտարարում է, թե սա լավ առիթ է 1996 թվականի նախագահական ընտրությունները եւս ուսումնասիրության առիթ դարձնելու համար:

 

 

 

 

ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ տարեկան ժողովում երեկ բարձրացրել է իշխանությունների ու գիտական համակարգի համագործակցության խնդիրը: «Մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգն՝ առանձին։ Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը, եւ դա պետք է արվի հետեւյալ կերպ. գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների եւ քաղաքականությունների ձեւավորման գործընթացին, ինչը նաեւ ենթադրում է, որ ֆինանսական հոսքերը կուղղվեն նաեւ գիտակրթական համակարգ»,- ասել է նա:
Վարչապետի այս գնահատականներն իրենց մեջ բավականին լուրջ հիմքեր ունեն: Ու, եթե անկեղծ, այս ամենի մեջ մեղավոր են երկուստեք՝ իշխանություններն ու գիտնականները:
Շատ է խոսվել, որ ԳԱԱ-ն դեռեւս շարունակում է շարժվել խորհրդային տարիների ավանդույթներով՝ մնալով հին կաղապարների մեջ: Մշտապես հնչել են գնահատականներ, թե այնտեղ ծերակույտ է հավաքված, որն այդպես էլ չկարողացավ հարմարվել անկախ Հայաստանի նոր իրողություններին: Եւ այս պայմաններում գիտնականները միաբերան դժգոհում են ֆինանսական միջոցների անբավարարությունից, գիտության թերի ֆինանսավորումից, այնինչ ԳԱԱ-ն այսօր լուրջ ռեֆորմների եւ սերնդափոխության կարիք ունի: Սերնդափոխությունը, սակայն, պետք է արվի անցնցում, ոչ թե հնից կտրուկ հրաժարվելու եղանակով (ինչն անթույլատրելի է), այլ համադրելով փորձն ու երիտասարդ կադրերի հմտությունները, մանավանդ, երբ այսօր Հայաստանում կա երիտասարդ սերնդի լուրջ բանակ, որն ունի պոտենցիալ: Պարզապես այդ պոտենցիալը պետք է օգտագործվի, այդ պոտենցիալի հիման վրա գիտական միտքը զարգացնելու համար պետք է լրջագույն ներդրումներ արվեն՝ ժամանակի պահանջներին համահունչ, այնինչ այդ կադրերի պոտենցիալը նախորդ կառավարությունները վերջին քսան տարում այդպես էլ չեն օգտագործել: Այս մասին խոսվել է շատ: Բավական է միայն նշել, որ նախկին վարչապետները կարեւոր հարցերի ժամանակ հիմնականում դիմել են արտերկրի մասնագետների օգնությանը` ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելով նման խորհրդատվությունների վրա: Իսկ, ահա, գիտական ներուժը, որ այսօր կենտրոնացած է Հայաստանում, որն ավելի լավ է տիրապետում մեր երկրում ստեղծված իրավիճակին, մի տեսակ անտեսված է մնացել:
Ու ՀՀ նոր իշխանություններն այսօր առաջին հերթին հենց այս խնդրի վրա պետք է ուշադրություն կենտրոնացնեն, եթե, իհարկե, ուզում են ՀՀ-ում զարգացնել գիտությունը:




Լրահոս