«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, վարչապետ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորը չի կարող պաշտոնավարել։ Դուք դրանից անմիջապես հետո հայտարարեցիք, որ Դուք դռներ չեք փակել ուսանողների առաջ։ Այդ դեպքում ո՞վ էր վարչապետի հայտարարության հասցեատերը։
-Ես չեմ կարող ասել՝ ով է հասցեատերը։ Կարող է` ես եմ, կարող է` մյուս ռեկտորներն են։ Ես չեմ կարող ասել։ Դրա համար պետք է դիմել վարչապետին, իր լրատվական ծառայությանը։
-Այսինքն` այնուամենայնիվ, չե՞ք բացառում, որ Դուք եք հասցեատերը։
-Իհարկե չեմ բացառում։
-Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ասել է, որ Ձեր պաշտոնավարման մեջ լուրջ խնդիրներ է տեսնում։ Ըստ Ձեզ` ի՞նչ խնդիրներ նկատի ունի նախարարը։
-Ես չեմ կարող ասել, որովհետեւ պարոն Հարությունյանը համալսարանի ներքին կյանքին շատ քիչ է ծանոթ, եւ համալսարանում ինչ է կատարվում, նա դրա մասին շատ հեռու պատկերացումներ ունի։ Նա սովորական, շարքային դասախոս է եղել եւ համալսարանի ներքին կյանքին նա ակտիվ չի էլ մասնակցել։ Թե ինչ նկատի ունի, ես դժվարանում եմ ասել։ Իսկ եթե խոսում է դեգրադացիայի մասին, հարց է ծագում՝ ինչու է այդպիսի դեգրադացված հիմնարկում աշխատել, թող գնար, ուրիշ տեղ աշխատեր։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ դա համալսարանի եւ համալսարանականների հասցեին լուրջ վիրավորանք է, եւ ցավում եմ, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցրած մարդը իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք դաստիարակված եւ մտավորական մարդը իրեն չպիտի թույլ տար։ Ինչ վերաբերում է ծրագրին, մեր ռազմավարական բարեփոխումներին, դրանք տարբեր բաներ են։ Ինքը չգիտի, որ ծրագիրը շատ հաջող իրականացվում է, նա չգիտի, որ համալսարանի վարկանիշը շատ բարձր է ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն՝ ոչ թե չգիտի, այլ շատ լավ էլ գիտի, ուղղակի ուզում է այդպես ներկայացնել։ Ինձ համար բավականին անհասկանալի է իր թշնամանքի աղբյուրը։ Այդ թշնամանքն ու ատելությունը, որը ինքը ունի իմ նկատմամբ, ինչ աղբյուր է դա, եւ ինչ խնդիր է ուզում լուծել։ Եթե ընդամենը ինձ պաշտոնանկ անելու խնդիր կա, հազիվ թե նման թշնամանք լիներ, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ մարդը եթե ինչ-որ բանի մասին խոսում է, նա պետք է լավ ինֆորմացված լինի դրանից։
-Այն տարիներին, երբ պարոն Հարությունյանը աշխատել է որպես դասախոս, Ձեր միջեւ խնդիրներ են եղե՞լ։
-Մենք շփումներ չենք ունեցել, որ նրա մոտ ատելություն առաջանա։ Նրա խորհրդականը՝ Սամվել Կարաբեկյանը, ունի ատելություն, եւ ես գիտեմ, թե ինչու։ Գուցե նա է ներշնչել այդ ատելությունը, չեմ կարող ասել։ Համենայնդեպս, ես կարծում եմ՝ նման տոնով խոսել եւ նման հայտարարություններ անելը հարիր չէ պետական պաշտոնյային եւ, ընդհանրապես, համալսարանականին։
-Ի՞նչ խնդիրներ եք ունեցել Սամվել Կարաբեկյանի հետ։
-Դե ժամանակին ես Կարաբեկյանին ազատել եմ համալսարանից իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար, թեեւ նա հիմա շարունակում է մեզ մոտ որպես դասախոս աշխատել։ Խոսքը վարչական աշխատանքի մասին էր։ Ես սա համարում եմ զուտ աշխատանքային։
-Դուք բազմիցս ասել եք, որ կարծում եք, որ նման բաներ են տեղի ունենում, որովհետեւ Դուք Հանրապետական կուսակցության անդամ եք։ Հիմա էլ եք պնդո՞ւմ, որ նման բան կա։
-Եթե երկրի բարձագույն իշխանությունը ասում է, որ դա քաղաքական որոշում է, դա նշանակում է, որ քաղաքական ինչ-որ պատվեր կա, եւ դա քաղաքական շարժառիթներ ունի։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս բնութագրել այդ երեւույթը։
-Այս մասին առիթ ունեցե՞լ եք խոսել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
-Ես նրա հետ ամառվանից հետո չեմ հանդիպել։
-Հեղափոխությունից հետո շատերն են լքում կուսակցության շարքերը։ Հնարավո՞ր է՝ Դուք էլ նման որոշում կայացնեք։
-Ես Հանրապետական կուսակցություն ընդունվել եմ գաղափարական հենքի վրա, իմ գաղափարները համահունչ են Նժդեհի գաղափարախոսությանը, ես ազգային պահպանողական գաղափարախոսության կողմնակից եմ, ընդունվել եմ 1997 թվականի սկզբին եւ ընդունվել եմ` զուտ գաղափարական պահանջներից ելնելով։ Բացարձակ մտադրություն չունեմ լքել ՀՀԿ-ի շարքերը։
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՑԻՆ, ԿՊԱՏԺՎԵՆ
Երեկ «Սասնա ծռեր» կուսակցությունը Արցախի Հանրապետությունում էր: Վերջինս հանդիպումների շարք է սկսել քաղաքացիների հետ: Բնակիչների հետ երեկվա հանդիպումից հետո կուսակցությունը հայտարարություն տարածեց, թե Արցախի մարզում, այդ թվում` Քաշաթաղի շրջանում, շարունակվում է Երեւանի նախորդ հանցավոր ռեժիմի եւ մինչ օրս գործող նրա Ստեփանակերտի մասնաճյուղի հաստատած ճամբարային վիճակը:
«Նախորդ օրը` ս.թ. մարտի 23-ին, Մարտունի քաղաքում կատարվածից գրեթե չտարբերվող ձեռագրով Քաշաթաղի շրջանի վարչակազմը եւ նրա հովանավորությամբ գործող անձինք համատարած տնային այցելությունների եւ անհատական հանդիպումների միջոցով ամեն ինչ արել էին Իշխանաձոր համայնքում բնակվող քաղաքացիների եւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչների ս.թ. մարտի 24-ի հանդիպումը ձախողելու համար: Ինչպես նախորդ օրը Մարտունիում, այստեղ եւս քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման հարցում աչքի են ընկել Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ, Արցախի նախագահի թեկնածության հավակնորդ Արայիկ Հարությունյանի հետ փոխկապված անձինք»,- ասված է հայտարարությունում: Ազատամարտիկները եւ Արայիկ Հարությունյանը, իհարկե, բավականին կոշտ պատասխանով հանդես եկան` «Սասնա ծռերի» հայտարարությունը որակելով սադրանք: Հաշվի առնելով այն, որ «Սասնա ծռերը» հայտարարեցին, թե մինչ 2020-ի նախագահական ընտրությունները Արցախում պատրաստվում են հեղափոխություն անել, «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի ներքաղաքական կյանքը մտել է բավականին ակտիվ փուլ, եւ դա պայմանավորված է այն բանով, որ սա նախընտրական ժամանակահատված է:
«Տարբեր քաղաքական ուժեր, անհատներ իրենց տեսլականն են ներկայացնում, հավաքներ են կազմակերպում: Բոլորի համար պետք է մի բան պարզ եւ հստակ լինի, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա բացառապես օրենքի սահմաններում: Որեւէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր, իր կամքը թելադրել այս կամ այն մարդուն, քաղաքացուն կամ, առավել եւս, հասարակությանը, նույնը որեւէ մեկը չի կարող լինել օրենքի նկատմամբ խտրական վերաբերմունքի ներքո: Հետեւաբար, այն, ինչ օրենքով սահմանված է, այն, ինչ թույլ է տրվում մեր օրենսդրությամբ, չի կարող հակաօրինական կամ հակասահմանադրական լինել»,-մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը:
Հարցրինք` ազատամարտիկների մասով տարածած հայտարարությունից տեղյակ է արդյոք: «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ: Որեւէ մեկն իրավունք չունի պարտադրել իր կամքը կամ փորձել մարդկանց առջեւ ելույթ ունենալ, եթե այդ մարդիկ չեն ուզում, եւ որեւէ մեկը չի կարող խոչընդոտել որեւէ հավաք եւ սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել: Եթե նրանք ուզում են ինչ-որ քաղաքական գործընթացներ անել, խնդրեմ, եթե դա օրենքի սահմաններում է: Եթե հակասի օրենքներին, բոլորը պատասխանատվություն են կրելու` ով ուզում է լինի. մենք չունենք յուրայիններ, մենք չունենք աստվածներ, որոնք իրենց օրենքից վեր կարող են դասել: Ով ուզում է լինի, հակասահմանադրական գործողություն արեց, համապատասխան պատասխանատվություն է կրելու»,-ասաց Բաբայանը:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԴՌՆՓԱԿ
Մարտի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ էր, որին հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նկատենք, որ մինչեւ այդ նիստը եղել է քննարկում, որ այն իրականացնեն դռնփակ, սակայն, որոշ հարցերից ելնելով, ի վերջո նիստը կայացել է դռնբաց: Նիստին ե՛ւ Վանեցյանը, ե՛ւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշ ուղերձներ հղեցին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սա Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Արթուր Վանեցյանի հետ միակ հանդիպումը չի լինելու: Բայց այս անգամ որոշում է կայացվել նիստն անցկացնել դռնփակ, որպեսզի քննարկումներն ընթանան ավելի բաց ու անկաշկանդ մթնոլորտում:
ՏՈՐԹԵՐՈՎ ՈՒ ՇԱՄՊԱՅՆՆԵՐՈՎ
Գյումրու քաղաքապետարանի վերջերս իրականացրած ծախսերն իսկապես աչքի են զարնում: Քաղաքապետարանը մեծ, միջին եւ փոքր չափի 252 հատ տորթ եւ 218 շիշ շամպայն է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2300 կգ տորթի համար քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 805 հազար 500 դրամ գումար: Գյումրու քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տորթերն ու շամպայնները ձեռք են բերվել մարտի 8-ի առիթով եւ բաժանվել են Գյումրիում գործող դպրոցներին, մշակութային օջախներին, բուհերին, բուժհաստատություններին` այդ կերպ շնորհավորելով կին աշխատակիցներին: Նկատենք, որ Գյումրու քաղաքապետարանի մոտ տորթերի ու շամպայնների բաշխումը ավանդույթ է դարձել: Տորթերի ձեռքբերման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն` «Շուշան Տեխնիկս», «Մարիա Քեյք Ֆեքթորի» եւ Ա/Ձ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի»: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մարիա Քեյք Ֆեքթորի» ընկերությունը: Նկատենք, որ թեեւ տորթերը նախատեսված են եղել մարտի 8-ի համար, սակայն պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին, իսկ շամպայնի ձեռքբերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն` ԱՁ «Աբգար Խաչատրյան Նիկոլայի», եւ ճանաչվել հաղթող:
ԵԿԵՂԵՑԻ ԵՆ ԲԱՑՈՒՄ
Ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի կունենա Սուրբ Մարիամ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բացումը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` Հայաստանի Հանրապետությունից Արցախ կժամանեն մի շարք պաշտոնատար անձինք` նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Բացման արարողությանը ներկա կլինի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Սահակյանը եւս ներկա կլինի, քանի որ սա Արցախի համար շատ սպասված իրադարձություն է, եւ այդ եկեղեցին, փաստորեն, լինելու է Արցախի մայր տաճարը, թեմի հոգեւոր կենտրոնը։