ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Իմ քայլը» խմբակցության միջեւ թերեւս առաջին առճակատումն է հասունանում, որը խորը եւ թաքնված արմատներ ունի: Նախ` սկսենք նրանից, որ Արմեն Սարգսյանը, որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, ներկայացրել է փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, որը, մեղմ ասած, ոչ միանշանակ է ընդունվել իշխող ուժի պատգամավորների կողմից:
Բանն այն է, որ դեռ նախորդ տարի մի շարք փաստաբաններ դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար քննարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Եվ նախորդ տարվա հոկտեմբերին այդպես էլ եղավ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվեց, սակայն ամեն ինչ հարթ չընթացավ: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը խորհրդարանում քննարկվեց հոկտեմբերի 23-ին գումարված նիստում, սակայն Վահե Գրիգորյանը չընտրվեց, քանի որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները խորհրդարանում տապալեցին այն: Այդ օրը քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր, Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30-ը, այնինչ ընտրության համար անրաժեշտ էր 63 քվե:
Եվ, ահա, ըստ օրենքի` ՀՀ նախագահը պետք է 10 օրը մեկ առաջադրեր Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածուի, սակայն Արմեն Սարգսյանը գնաց այլ ճանապարհով, եւ ոչ թե անընդհատ նոր թեկնածուներ առաջադրեց, այլ մրցույթ հայտարարեց եւ առաջադրվածներից էլ նախապատվությունը տվեց հենց Գոռ Հովհաննիսյանին, սակայն ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էին նաեւ հենց Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։
Բանն այն է, որ այս պահի դրությամբ Արմեն Սարգսյանը չէր էլ կարող առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ, ըստ օրենքի, պետք է նոր թեկնածու առաջադրվի, իսկ վերջինս մեկ անգամ արդեն առաջադրված է եղել: Եվ այս իրավիճակում, եթե Արմեն Սարգսյանը ցանկանար առաջադրել հենց Գրիգորյանին, ապա պետք է սպասեր մինչեւ ապրիլի 1-ը: Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով հակասահմանադրական ճանաչեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող մի քանի հոդվածներ։ Մասնավորապես, ՍԴ այս որոշմամբ` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՍԴ դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է ԱԺ կանոնակարգի իրավակարգավորմանը, ճանաչվել է հակասահմանադրական, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերը եւս ճանաչվել են հակասահմանադրական։ Եւ նույն որոշմամբ` Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների` ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը։ Այսինքն` այդ օրվանից սկսած` Արմեն Սարգսյանը կարող էր կրկին առաջադրել Գրիգորյանին:
Բայց Արմեն Սարգսյանը չգնաց այդ ճանապարհով: Ամենայն հավանականությամբ, նրա քայլի պատճառն այն էր, որ նախկին իշխանություններին (որոնց օրոք դարձավ նախագահ) ցույց տա, թե ինքն, այնուամենայնիվ, ուրիշ թեկնածու էր առաջադրել, բայց խորհրդարանական մեծամասնությունը մերժեց՝ իրեն ստիպելով կրկին առաջադրել Գրիգորյանին:
Երեկ խորհրդարանում պատգամավորների հարցազրույցներից արդեն իսկ պարզ էր, որ իշխող մեծամասնությունը կտապալի Գոռ Հովհաննիսյանի ընտրությունն այնպես, ինչպես հենց ժամանակին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը: Նույն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե հարցը խմբակցությունում չի քննարկվել, սակայն ինքը` որպես պատգամավոր, կարծում է, որ ՍԴ դատավորի թեկնածուն պետք է հայտնի լինի հանրությանը եւ լինի հասարակական գործիչ, այնինչ, ի դեմս Գոռ Հովհաննիսյանի, նա նման թեկնածու չի տեսնում: Եվ մասնագիտական շրջանակները եւս պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է: Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը խորհրդարանում կքննարկվի ապրիլի 16-ին, սակայն նկատենք, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր տակտիկա է ընտրել:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը որոշել է այս փուլում ձեռնպահ մնալ հենց իշխող խմբակցության թեկնածուին առաջադրելուց` շատ լավ իմանալով, որ այլ թեկնածու մերժվելու է: Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե օրենքը փոխվել է հենց Վահե Գրիգորյանի համար, որոշվել է մեկ անգամ տապալել ընտրությունները եւ արդեն դրանից հետո եւս մեկ անգամ առաջադրել Գրիգորյանի թեկնածությունը: Այսինքն` այս քայլերի մեջ կարելի է գտնել ե՛ւ հակասություններ իշխող թիմի հետ, ե՛ւ պարզապես հարցին այլ լուծում տալու որոշում: Երկու դեպքում էլ պարզ է, որ, ի վերջո, ՍԴ դատավոր դառնալու է հենց Վահե Գրիգորյանը, քանի որ մեծամասնությունն այդ պաշտոնում հենց նրան է տեսնում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻՆ
Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ:
Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ իրականում այս միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հասել են այն կծիկին, որ զորամասում իրենց սեփական վարքն ու բարքը դնել ցանկացող զինվորների մեջ եղել է նաեւ գեներալի որդի: Թե ով է այդ գեներալը, առայժմ չենք հանրայնացնում՝ նախաքննությանը չխոչընդոտելու մտավախությամբ պայմանավորված:
ՌԵՎԱՆՇ
Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆուտբոլային մինի խաղ էին անցկացրել Ազգային ժողովի պատգամավորների հետ եւ հաղթանակ տարել` 4:2 հաշվով: Սակայն պարզվում է` պատգամավորները ծանր են տարել լրագրողներից կրած պարտությունը եւ որոշել են ռեւանշ խաղ անցկացնել: Այն տեղի կունենա մարտի 31-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` լրատվամիջոցների ներկայացուցիչների թիմը չի փոխվի, սակայն պատգամավորները որոշել են նոր անդամներ ավելացնել` ի դեմս Արսեն Ջուլֆալակյանի, Սիսակ Գաբրիելյանի: Տեղեկացանք նաեւ, որ այլ գերատեսչություններ, այդ թվում` Գլխավոր դատախազության ներկայացուցիչները եւս ցանկություն են հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ֆուտբոլ խաղալ: Առայժմ, սակայն, չի հստակեցվել հանդիպումների ժամանակացույցը:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ազգային ժողովում մաքրություն իրականացնող «Քլիներս» ՍՊԸ ղեկավար Գարուշ Պապիկյանն այսօր խորհրդարանում կհանդիպի մաքրուհիների հետ, որոնք բողոքում էին, որ ապրիլի 1-ից ցածր աշխատավարձ են ստանալու, քանի որ ընկերությունը հրաժարվում է 2 ժամվա աշխատանքի համար նրանց վճարել այնքան, որքան վճարում է մյուսներին 8 ժամվա համար: Խոսքը 40 մաքրուհիների մասին է, որոնք այս հարցով պետք է հանդիպեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպում չի եղել, եւ մաքրուհիները հանդիպել են փոխնախագահներին եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարին: Սակայն տեղեկացանք, որ հարցն արդեն վերջիններիս տիրույթում չի գտնվում, եւ ընկերությունն էլ շահել է մրցույթը, իսկ Ազգային ժողովն իրավասություն չունի պայմանագիր չկնքելու:
ՂՐՂԶՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղրղզստանը պահանջում է դաշինքի նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում: Բիշքեկը միեւնույն ժամանակ հավելում է, որ, այդուհանդերձ, կազմակերպության գործունեության վրա գլխավոր քարտուղարի բացակայությունը չի անդրադառնում: Ղրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովն ասել է. «Մենք` որպես նախագահող կողմ, ցանկանում ենք, որ կազմակերպության լիարժեք աշխատանքի համար, որքան հնարավոր է, գլխավոր քարտուղարն արագ նշանակվի» Հիշեցնենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից. Հայաստանը վաղաժամ ետ է կանչել 2017թ. ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, որին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված:
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվելիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ասել է. «Հիմա էլ կխոսեն Արցախի` բանակցային սեղանին վերադառնալու մասին, բայց ես մեծ ակնկալիքներ չունեմ այդ հանդիպումից: Այստեղ եւ աշխարհում բոլորը հասկանում են, որ ՀՀ-ում չկա հող հանձնող, իսկ Ադրբեջանում` Արցախը ճանաչող: Հետեւաբար, բանակցություններն ու հանդիպումները պետք են: Դրանք ավելի լավ են, քան իրար վրա կրակելը»:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Իրանի եւ ԵՏՄ համաձայնագիրը լավ հնարավորություն է հայ ձեռներեցների համար, քանի որ նրանք կկարողանան դուրս գալ իրանական շուկա. այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Սակայն, նրա խոսքով, գոյություն ունի նաեւ ռիսկ, որ երեք տարվա ընթացքում Հայաստանը կարող է զրկվել իր գյուղատնտեսությունից: Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանի խոսքով` գյուղատնտեսական արտադրանքի համար կգործի Իրանից ԵՏՄ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման հատուկ ռեժիմ: Մասնավորապես, այդ ռեժիմը կգործի կոնկրետ սեզոններին, երբ համանման արտադրանք չի արտադրվի Հայաստանում:
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ
Երեկ կայացավ «ԵՎՐՈ 2020»-ի նախընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 0:2: Գոլերի հեղինակ դարձան Յանսենն ու Սոիրին: Հայաստանի հավաքականը 0 միավորով եզրափակում է J խումբը: