ԴԱՀԿ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, եւ իրավապահները փորձում են պարզել, թե ուր է անհետացել գործարանի համար վճարված գումարը:

Գրել էինք, որ 2019 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության` ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի` Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցած քրեական գործի վարույթը վերսկսեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` ՀՔԾ-ում այս գործի շրջանակներում հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանը, որը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ պետ եղած տարիների հետ կապված նոր բացահայտումներ են արել, որ, մասնավորապես, կապված է «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործընթացի հետ:
Ինչպես հայտնի է, 2009 թվականի փետրվարի 16-ին կայացած կրկնաճուրդի ժամանակ «Բջնի» գործարանը 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամով գնել էր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Դեռեւս 2009 թվականին «Բջնի» հանքային ջրերի գործարան փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը կասկածներ ուներ, որ ընկերության աճուրդը ընթացել է ընթացակարգային խախտումներով. սահմանված գումարը պատշաճ ժամկետում չի մուծվել, պատշաճ ժամկետում պայմանագիր չի կնքվել: «Բջնի» հանքային ջրերի գործարանի ու Սուքիասյանների շահերի պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է դատական կարգով վիճարկել գործարանի աճուրդի գործընթացը:
Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանն առաջին անգամ աճուրդի էր հանվել հունվարի 23-ին: Սակայն այս իրավիճակում ուշագրավն այն է, որ իրավապահները եկել են այն եզրահանգման, որ Ռուբեն Հայրապետյանը բարեխիղճ գնորդ է եղել, եւ հիմա ցանկանում են հասկանալ, թե նրա վճարած գումարը եթե բյուջե չի գնացել, ապա ուր է անհետացել:
«Ժողովուրդ» օրաթերթը, նախ, տեղեկությունը փորձեց պարզել Հատուկ քննչական ծառայությունից. արդյոք ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետի գործունեության մասով բացահայտումներ են իրականացվել, որոնցից մեկը կապված է «Բջնի» գործարանի աճուրդի հետ, աճուրդի արդյունքում վաճառված գումարը բյուջե է գնացել, թե ոչ: ՀՔԾ-ից հրաժարվեցին մեկնաբանել:
Ինչեւէ, դիմեցինք այն ժամանակ Սուքիասյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հասկանալու համար, թե նախկինում ինչ խախտումների մասին է նա բարձրաձայնել, եւ, ի վերջո, պարզել են արդյոք` գումարը բյուջե գնացել է, թե ոչ: Ի պատասխան` Արա Զոհրաբյանը հայտնեց. «Նախ նշեմ, որ 2008թ. հունվարին հարկային մարմինը «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ կազմել էր ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամի չափով ակտ: Այն, որ նշված ակտն անհիմն էր եւ անօրինական, բարձրաձայնել ենք բազմիցս: Դրանից հետո` 2009թ. դեկտեմբերին, ԴԱՀԿ ծառայությունը մոտ 4 մլրդ ՀՀ դրամով ընկերության անշարժ գույքը վաճառել էր: Ընկերության փաստաբանական թիմը այդ գործարքը դատարանում վիճարկել էր եւ հրապարակային կարգով էլ հիմնավոր կասկած էր ներկայացրել, որ 4 մլրդ. ՀՀ դրամն իրականում ԴԱՀԿ ծառայության դրամարկղ չէր մուտքագրվել: Այս կասկածը հայտնվել էր հարցումների արդյունքում, երբ ԴԱՀԿ ծառայությունից ստացվել էր գնորդի ներկայացուցչի շենքի մուտք եւ ելք գործելու ժամերը: Ակնհայտ էր, որ 4 մլրդ ՀՀ դրամ կանխիկ վճարելու համար առնվազն մի քանի ժամ էր հարկավոր միայն գումարը հաշվելու համար, մինչդեռ գնորդ կազմակերպության ներկայացուցիչը շատ կարճ ժամանակով էր շենքում եղել: Երբ այս հարցը հրապարակային կարգով բարձրացվեց, եւ փաստաբանական թիմը պահանջեց ներկայացնել փողի գտնվելու վայրի մասին ապացույցներ, վարչական դատարանում Բջնի ընկերության հայցը, ի զարմանս մեզ, բավարարվեց. աճուրդը ճանաչվեց անվավեր, եւ մինչեւ վճռի` ուժի մեջ մտնելը նույն կանխիկ կերպով գումարը «վերադարձվեց» գնորդին: Այս իրադարձությունները նույնպես եկան հիմնավորելու այն կասկածը, որ 4 մլրդ դրամ գումարը փաստացի չէր տրվել: Հետագայում «Բջնի» ընկերությունը սնանկ ճանաչվեց, եւ սնանկության վարույթում կառավարիչը նույն գույքը կրկին 4 մլրդ ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառեց նույն գնորդին, բայց այս անգամ` տարաժամկետ վճարման պայմանով: Գնորդը պետք է մի քանի տարվա մեջ վճարեր գումարը: Այս իրադարձությունը նույնպես նախորդ վարկածի մասին էր խոսում: Այս պահին տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակ է «Բջնի» ընկերության սնանկության գործընթացը, գումարը տրվել է, թե ոչ»: Հավելենք, որ 2008 թ. հունիսի 11-ին՝ մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո, Սերժ Սարգսյանի հրամանագրով` Միհրան Պողոսյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող: Եւ, ըստ օդում կախված լուրերի, նրան էր վստահվել Սուքիասյանի ընտանիքին պատկանող գործարանի հետ կապված հարցը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Ա. Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջեւ ավանդաբար ձեւավորվել է փոխադարձ վստահության եւ համագործակցության այնպիսի բարձր մակարդակ, որը հնարավորություն է տվել անցած տարիներին իրականացնելու ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխմանը միտված կարեւոր նախագծեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող մի քանի այլ ուղղություններով` մասնավորապես թրաֆիկինգի, առանձին այլ հանցատեսակների դեմ պայքարում, մարդու հիմնարար իրավունքների քրեաիրավական եւ քրեադատավարական պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքներն ու արդյունքները:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Վերջինս հավաքի մասնակիցներին է ներկայացրել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված քաղաքականության հիմնահարցերը, համայնքների զարգացման ծրագրերը եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող համակարգային միջոցառումները:

 

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել Չարենցավան քաղաքի 36-ամյա բնակչուհու հետ, որի հիման վրա` վերջինս խորհուրդներ եւ տեղեկատվություն է տրամադրել իր մտերմուհու` Չարենցավան քաղաքի 62-ամյա բնակչուհու բնակության վայրի, համատեղ բնակվողների, բնակարանում պահվող ոսկյա իրերի եւ գումարների գտնվելու վայրի մասին: 42-ամյա տղամարդուն եւ 36-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել: Հաշվի առնելով, որ բնակիչներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, գողոնն ամբողջությամբ վերականգնել են, պատրաստակամություն հայտնել նախաքննությանն օժանդակելու, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ 36-ամյա կինն իր խնամքին ունի 3 անչափահաս երեխա` որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ գործը վերաբացելու որոշման դեմ մեղադրյալ Արաքս Դիլանյանի բողոքը քննվել է դռնփակ: Նման որոշում է կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը` նշելով, որ դատարանում հետազոտվում են քննիչի կողմից ներկայացված նյութեր, որոնք, ըստ նրա, նախաքննական գաղտնիք են պարունակում: Բանն այն է, որ նախորդ նիստին ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանը միջնորդել էր գործը քննել դռնփակ` վերը նշված հիմքով: Դատական նիստը հետաձգվեց քննիչի կողմից ներկայացված նյութերը ուսումնասիրելու, կարծիք հայտնելու պատճառով: Նշենք, որ դատարանում եղել է նաեւ գործով շահագրգիռ անձ Սիլվա Համբարձումյանը: Գործով մյուս նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 10-ին:

 

 

ՈՒՂԱՐԿՎԵԼ Է
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով` պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երեւանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում եւ վարչական շենքում տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու վերաբերյալ վարձակալության պայմանագրեր եւ չպահպանելով այդ պայմանագրերի համապատասխան կետի պահանջները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը` հնարավորություն են ընձեռել վարձակալներին, ինչպես եւ դեռեւս չպարզված այլ անձանց եւ կազմակերպություններին օգտվել ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայից: Դրա հետեւանքով «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից վճարվել է շուրջ 43.200.000 դրամ, իսկ «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման էլեկտրաէներգիայից ավելի ծախսածի համար հավաքված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 21.655.000 դրամը ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Առերեւույթ հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե նախաքննության համար:




Լրահոս