Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների մեծ մասը հայտնվել է ֆինանսապես վատ վիճակում, դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան: Բանն այն է, որ ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել եւ ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ:
Մասնագետի խոսքերով` խնդիրը ջրերի ոլորտում վատ կառավարումն է, ինչի հետեւանքով փոքր ՀԷԿ-երը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն. չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը եւ, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան:
«Եթե քաղաքականությունը չփոխվի, եւ որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջեւ կկանգնենք: Փոքր ՀԷԿ-երը բավականին վատ վիճակում են գտնվում հատկապես գետերի այն ճգնաժամային գոտիներում, որոնք, ըստ էության, չեն կարողանում պատշաճ մակարդակով տրամադրել ջրաքանակը: Վերջին ամիսներին ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությունը բավական կոշտացել է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց ասոցիացիայի ղեկավար Ռոման Մելիքյանը:
Նրա խոսքերով` Եղեգիս գետը մտնում է Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանի մեջ: Այնտեղ սահմանված է, որ տարեկան 126.1 մլն խորանարդ մետր ջուր պետք է տրամադրվի էներգետիկ կիրառման, այսինքն` ՀԷԿ-երին: Բայց ստացվում է, որ ՀԷԿ-երը ջուր ստանում են տարվա 3 կամ 4 ամիսներին միայն: «Եթե մենք դա բաշխում ենք տարեկան կտրվածքով, ապա ստացվում է, որ մոտավոր 4 խորանարդ մետր ջուր միջինը պետք է տրամադրեինք ՀԷԿ-երին: Բայց այսօրվա դրությամբ միայն 3 կամ 4 ամիսներին են, որ իրենք կարողանում են մոտավորապես 1.5-2 խորանարդ մետր ջուր ստանալ, այն էլ` գարնան ամիսներին: Իսկ մյուս ամիսներին նույնիսկ մեկ խորանարդ մետր ջուր չեն կարողանում ստանալ, այլ 500-600 լիտր: Այս իրավիճակում իրենք գործունեություն չեն կարողանում ծավալել, ֆինանսական մեծ վնասներ են կրում»,- ահազանգեց Մելիքյանը:
Նշենք, որ յուրաքնաչյուր ՀԷԿ-ի, օրենքով սահմանված կարգով, տրամադրվում է X քանակությամբ ջրօգտագործման թույլտվություն: Օրինակ, եթե X ՀԷԿ-ը պետք է ստանա պայմանական 2.5-3 խորանարդ մետր ջուր, բայց, ենթադրենք, ստանում է 3-ից ավելի, ապա դրա համար ՀԷԿ-ը տուգանվում է: «Գալիս են ու տուգանքի ենթարկում: Մեկ այլ օրինակ. հետագայում նույն ՀԷԿ-ը, ենթադրենք, հոկտեմբերին նշված է, որ պետք է 2 խորանարդ մետր ջուր ստանա, բայց չի ստանում նույնիսկ 600 լիտր: Դրա մասին ոչինչ չի ասվում, լռում են, որ չի ստանում, ոչինչ, սնանկացման եզրին է, կարող է փակվել, խնդիր չէ, բայց տուգանել պատրաստ են»,- իրավիճակը ներկայացրեց Մելիքյանը:
Մասնագետը բարձրաձայնեց նաեւ մեկ այլ խնդրի մասին` սեփականության իրավունքի հետ կապված: Նրա խոսքերով` գյուղերի բնակիչների կողմից դա այլկերպ է ընկալվում:
Ըստ գյուղացիների` փոքր ՀԷԿ-երը գերշահույթ ապահովող տնտեսվարողներ են եւ պետք է իրենց ստացած շահույթի որոշակի հատվածն ուղղեն համայնքի բյուջե: Բայց մեր զրուցակիցը պնդում է, որ օրենքով սահմանված կարգավորում չկա, որ ՀԷԿ-երը նման պարտավորություն են կրում: «Բայց, չնայած սրան, գյուղացիները անցնում են օրենքի սահմանները, մտնում են սեփականության տարածք ու սկսում են սպառնալ ՀԷԿ-երի աշխատակիցներին»,- նկարագրեց մասնագետը:
Զրույցի ընթացքում Ռոման Մելիքյանը հայտարարեց նաեւ, որ ոռոգման կետերում ջրաչափերը բացակայում են: Ի դեպ, նկատենք, որ տեղադրված են ձողաքանոններ, որոնք, սակայն, ցույց չեն տալիս ջրի արագությունը: Ավելին, ըստ Մելիքյանի` որեւէ տեղ ամրագրված չէ, որ ՀԷԿ-երը պետք է այդ ջրաչափերը իրենց միջոցներով ձեռք բերեն ու տեղադրեն: Մասնագետը փոխանցեց, որ Բնապահպանության նախարարությունը ստիպում է, որ դրանք տեղադրվեն նաեւ գետերում:
Ռոման Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց նաեւ, որ ՀԷԿ-երում հարկային ստուգումները շատ անգամ տրամաբանություն չունեն: «Ենթադրենք, ջրաչափեր տեղադրված չեն որոշ փոքր ՀԷԿ-երում, եւ սահմանամերձ գոտում կան տեղակայված փոքր ՀԷԿ-եր, որոնց ջուրը միանգամից գնում է դեպի Ադրբեջան: Ըստ էության, իրենք դա նույնիսկ հաշվում են, որ ընկերությունը ջրառ է վերցրել, այնինչ այդ ջրառը որեւէ համայնքին չի գնում, այլ գնում է Ադրբեջան: Սա խախտում են համարում ու տուգանք են սահմանում: Մենք 80 մլն դրամի չափով տուգանքի օրինակ ունենք: Եւ այս ամիսների ընթացքում նման բնույթի գործեր դատարաններում վիճարկվել եւ վիճարկվում են»,- տեղեկացրեց Ռ. Մելիքյանը:
Զրույցի ավարտին մասնագետը մեծ ափսոսանքով նկատեց, որ այս պահին հստակ 12 ՀԷԿ գտնվում է ֆինանսապես վատ վիճակում եւ բռնել է սնանկացման ճանապարհը: Ապա նկատեց, որ դրանց թիվը գնալով ավելանում է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Հայաստան-Վրաստան Մ16 միջպետական ավտոճանապարհի 18 կմ հատվածը կառուցապատում է «Վարմաշ» ՍՊ ընկերությունը: Դրանից առաջին 4 կմ-ը Սարիգյուղ-Աճարկուտի խաչմերուկ տարածքում է, 8 կիլոմետրը՝ Կիրանց-Ոսկեպարի խաչմերուկ գոտում, 3-րդ 6 կիլոմետրանոց հատվածը` Ջուջեւան-Նոյեմբերյան տարածքում: Առաջին երկու հատվածների կառուցապատումը նախատեսված էր իրականացնել 2018 թվականի, 3-րդը՝ 2019 թվականի պետական բյուջեով: Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի կառուցապատումը 2018-ի պետական բյուջեով նախատեսված չէր, սակայն այդ ճանապարհը շատ վատ վիճակում էր, ուստի, կառավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սույն ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2018 թվականին: Անցյալ տարվա սեպտեմբերին կատարվեց Ջուջեւան-Նոյեմբերյան ճանապարհի վերին շերտի նորոգումը, գործի շարունակությունը կարվի առաջիկայում: «Վարմաշ» ՍՊԸ տնօրեն Կարեն Աֆրոյանն ասաց, որ ճանապարհի առաջին շերտը սարքված է, երկրորդ շերտի շինարարության ուշանալը ճանապարհաշինարարական ընկերության վրա ավելի թանկ կարժենա, սակայն իրենք կարեւորում են կառուցապատվող ճանապարհի որակը, աշխատանքները կվերսկսեն եղանակի տաքանալուց հետո: Նա հայտնեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերահսկողության ներքո իրականացվող այդ ճանապարհի կառուցապատումը կավարտի այս տարվա հունիսի 30-ին: Դրանից հետո 3 տարի «Վարմաշ» ՍՊԸ-ն կկատարի նշված ճանապարհահատվածների երաշխիքային սպասարկումը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
25.500 ԴՐԱՄ ԹՈՇԱԿ
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25.500 ՀՀ դրամը: Այս մասին ասել է ՀՀ ԱՍՀՆ փոխնախարար Սմբատ Սաիյանը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի զեկուցման ժամանակ: Ըստ փոխնախարարի` ծրագրով նախատեսվում է, որպես թիրախային նպատակ, իսպառ բացառել ծայրահեղ աղքատությունը: «Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ, նոր տերմին` նվազագույն կենսաթոշակի չափը, որից պակաս կենսաթոշակ ուղղակի չի կարող վճարվել»,-ասել է փոխնախարարը: «Կկատարվի վերահաշվարկ, եւ չվճարված գումարները կվճարվեն նրանց»,-ասել է Ս. Սաիյանը: Նա նշել է, որ 25.500 դրամ սահմանելով` կենսաթոշակառուների շրջանում իսպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը: Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կներկայացվի այսօր` մարտի 27-ին:
ԵՐԵՎԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
Հայաստանում անցած տարի դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 963 մարդ: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նրանցից 137-ը կանայք են, որից 70-ը` անչափահաս (2-ը` աղջիկ): Ըստ պաշտոնական աղբյուրի` 456 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 69 անձ արդարացվել է, իսկ 58 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Իսկ, ահա, ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 148 մարդ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 757-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (32-ը` անչափահաս), 165-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:
Ի դեպ, նկատենք, որ անցած տարվա դատապարտվածների մեջ 52-ը պաշտոնատար անձինք են: Իսկ, ահա, 514 հոգի զինվորական ծառայողներ են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու հետեւանքով դատապարտվել է 159 ՀՀ քաղաքացի, 5` օտարերկրյա քաղաքացի:
Նկատենք, որ անչափահաս դատապարտվածների թվաքանակով առաջատարը Երեւանն է, որտեղ նրանց թիվը կազմել է 30, որից 2-ը աղջիկներ են: Երեւանին հաջորդում է Արմավիրը. այստեղ դատապարտվածները 9-ն են: Երրորդ տեղում Արարատն է` 7 անչափահաս դատապարտվածներով, Լոռին` 6, Շիրակը` 5, Գեղարքունիքը` 3, Արագածոտնը` 2, Սյունիքը` 2: Ավելին, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար անչափահաս դատապարտվածները 14-ն են, որոնք չեն աշխատել եւ չեն սովորել, իսկ հանցագործությունը կատարել են մի խումբ անձանց կազմում:
Համաձայնեք, ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է, հատկապես, անչափահասների կողմից կատարած հանցագործությունների առումով:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՆԽԵԼ ԵՆ
Մարտի 26-ին` ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը. այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը. «Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել»: Հայկական կողմից տուժածներ չկան։