ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո որեւէ փոփոխություն չի լինելու ՊՆ ռազմավարությունում:

-Պարո՛ն Բալայան, տեղեկություններ են շրջանառվում, որ օպերատիվ շտաբի հավաքը կապված է մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպման հետ։ Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:
-Բացարձակ կապ չունի։ Դրանք տարեկան օպերատիվ հավաքներ են, որոնք տարիներ շարունակ պլանավորվում են։ Ընդհանուր դա Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառում է, եւ որեւիցե կերպ կապել Ալիեւ-Փաշինյան հանդիպման հետ սխալ կլինի։ Բայց նաեւ չեմ ուզում բացառել, որ քննարկումների ընթացքում հնարավոր է շոշափվեն նաեւ այդ հարցերը, քանի որ բավականին հետաքրքիր քննարկումներ են լինում։
-Ապրիլ ամիսն է մոտենում՝ քառօրյա պատերազմի օրերը, սրա հետ նույնպես կապ չունի՞։
-Կրկնում եմ` բացարձակապես կապ չունի։ Եթե հետեւեք լրահոսին, ապա կտեսնեք, որ Պաշտպանության նախարարությունում ամեն տարի նույն օպերատիվ հավաքները տեղի են ունենում։ Ինչպես արդեն ասացի, դա կազմում է ՀՀ զինված ուժերի պլանի մի մաս, եւ այս տարի ֆորմատը մի փոքր փոխվել է. քաղաքացիական ավելի շատ բանախոսներ էինք հրավիրել, որոնց դասախոսություններից հետո բավականին հետաքրքիր քննարկումներ են ծավալվել։
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից: Ըստ Ձեզ` ի՞նչ տեղի կունենա այդ հանդիպման ընթացքում, արդյոք բանակցությունները կշարունակվե՞ն, թե՞ այլ ֆորմատ կընդունվի ԼՂՀ-ի հարցի քննարկման վերաբերյալ:
-Ես կարող եմ մեր Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի մասով ակնկալիքներից խոսել, որ մեր համար բացարձակապես ոչինչ չի փոխվել եւ չի փոխվելու այդ հանդիպումից հետո։ Այսինքն` զգոնության, մարտական պատրաստության հետ կապված որեւիցե փոփոխություն մենք չենք ենթադրում ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հետո։ Այսինքն` որեւէ փոփոխություն, այդ թվում` մարտական ծառայությունների կրման պայմանների կամ մարտական կազմակերպման առումով, չի ենթադրում։
-Օրերս Մեղրիի զորամասում տեղի ունեցավ աղմկալի իրադարձություն: Տեղեկություններ կան, որ որոշում է կայացվել, որ զինծառայողներին պատժելու համար պետք է նրանց առաջնագիծ ուղարկել: Արդյոք առաջնագիծ ուղարկելը պատի՞ժ է։
-Ո՞վ է նման կարծիք հայտնել, ծնողների մասի՞ն է խոսքը։ Ինձ թվում է` դա պարզապես սուբյեկտիվ շահարկում է, որովհետեւ որեւէ կերպ չեմ կարող պատկերացնել մեր մնացած զինծառայողներին, որոնք ծառայում են առաջնագծում. ինչու նրանք պատժվա՞ծ են։ Ո՛չ։ Դա ծառայության կարգ է եւ ամբողջությամբ տեղավորվում է այն իրավահարաբերությունների մեջ, որոնց շրջանում գործում են Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը։ Առաջնագծում ծառայելը առաջին հերթին պատվաբեր է, օրենքով սահմանված որոշակի արտոնություններ ունենք հենց առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, զորացրված զինծառայողների համար։ Դա պատվաբեր է, ոչ թե պատիժ։ Ես միանգամայն հակառակ կարծիքին եմ. պետք է արժեւորվի այն զինծառայողը, որը առաջնագծում է ծառայում, եւ դա որպես պատիժ մեկնաբանել, գտնում եմ, անընդունելի է։
-Պարո՛ն Բալայան, մինչեւ 2019 թվականի հունվար ամիսը այն զինծառայողները, որոնց ընտանիքում երեխա էր ծնվում, պետության կողմից նրանց ընտանիքներին տրամադրվում էր հարյուր հազար դրամ, սակայն հունվար ամսից այդ գումարը չի վճարվում պետության կողմից։ Ինչո՞ւ։
-Ես խնդրին տեղյակ չեմ, բայց կուսումնասիրենք։ Առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման խնդրի մասին։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԲՈՒՌՆ Է ԸՆԹԱՑԵԼ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ առավոտյան՝ մինչեւ ԱԺ նիստի մեկնարկը, արտահերթ նիստ էր հրավիրել: Նպատակը եղել է քննարկել Կառավարության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Բանն այն է, որ այս նախագծով առաջարկվում էր փոփոխություն կատարել եւ սահմանել, որ եթե նախագահի կողմից առաջադրված դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա տասն օր անց կարող է առաջադրել թեկնածու, այլ ոչ թե «նոր թեկնածու», ինչպես այժմ է: Տեսակետ կա, որ այսպես է արվում, որպեսզի հնարավորություն լինի կրկին առաջադրել Վահե Գրիգորյանին:

Սակայն նիստի ժամանակ քննարկումները բավականին բուռն են ընթացել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ է արտահայտվել այդ փոփոխությանը` ասելով, թե, միեւնույնն է, փոփոխություններն արվում են կոնկրետ անձի համար, ինչն անընդունելի է: Ի վերջո, տեւական բանավեճից հետո որոշվել է չփոխել այդ դրույթը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ, իրավական վակուում չառաջանալու նկատառումներից ելնելով, Սահմանադրական դատարանն այդ դրույթները ուժը կորցնելու ժամկետը հետաձգել էր մինչեւ 2019 թվականի ապրիլի 1-ը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը եւ դրա ժամկետներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին: Այնուամենայնիվ, իրավաբանների լայն շրջանակ էլ կարծիք է հայտնել, թե ապրիլի մեկից, միեւնույնն է, այդ դրույթն ինքնին հակասահմանադրական է, եւ Վահե Գրիգորյանը կարող է առաջադրվել:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Սակայն ԱԺ մեծամասնությունը դեմ է այս առաջադրմանը, եւ սպասվում է՝ նրանք դեմ կքվեարկեն Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը կամ կտապալեն ընտրությունը: Երեկ Արմեն Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս հարցին, նշել է. «Մենք, նախ, առաջարկել ենք մեխանիզմ, որպեսզի սա լինի թափանցիկ, երկրորդ՝ ես նայել եմ թեկնածուներին, ովքեր առաջադրվել են, եւ 3 թեկնածուներին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին»:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԱՏԱԽԱԶԻՆ Է ՓՐԿՈՒՄ
Աժ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել գործը վերաբացելու դեմ: Ինչպես հայտնի է, իրավապահները դեռ փնտրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար մեղադրվող Արամ Հարությունյանին՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում: Այդ գործով անցնում է նաեւ Դիլանյանը: Գործը վերաբացելու դեմ իր կարծիքն էր հայտնել նաեւ Սիլվա Համբարձումյանը` նշելով, որ գործը կարճել է այն ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը. քաղաքական կամք չի եղել այն բացահայտելու: Սակայն զարմանալի է, որ Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել` ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին: Թարմացնենք գործարար Համբարձումյանի հիշողությունը, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է եղել 2015 թվականից մինչեւ 2016 թվականը եւ գործը մինչեւ վերջ չի տարել, քանի որ հրաժարական է տվել դատախազի պաշտոնից: Իսկ, ահա, Աժ նախկին պատգամավորի կաշառքի գործը կարճել է ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը եւ կրկին վերաբացել է հեղափոխությունից հետո: Հետաքրքիր է, թե ինչու է Սիլվա Համբարձումյանը փորձում այս պատմությունից փրկել Արթուր Դավթյանին: Միգուցե այս իրավիճակում գործում է այն խնդիրը, որը երեկ Ազգային ժողովում բարձրացրեց Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը, երբ դիմեց վարչապետին` նշելով. «Մենք պիտի պաշտպանենք, որպեսզի մարդու ոտի տակ փոս փորողների նոր ինստիտուտ չձեւավորվի»:

 

 

ՆԻՍՏԸ՝ ՎԱՂԸ
Կառավարության այսօրվա նիստի փոխարեն գործադիրը կհավաքվի վաղը։ Օրվա փոփոխությունը հիմնականում կապված է խորհրդարանում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման հետ։ Իսկ այդ քննարկումները շարունակվելու են նաեւ այսօր, որովհետեւ հատկապես իշխող մեծամասնության ներկայացուցիչները որոշել են անխնա օգտվել ե՛ւ հարց տալու, ե՛ւ ելույթ ունենալու իրենց իրավունքից: Այս պահին կառավարության օրակարգում 38 հարց է առկա, որի մեջ է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի հեղինակը պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է։ Այդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել վիճակախաղերի գովազդը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով գովազդները 24:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Հարցը գործադիրին կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Թե ինչպես պետք է միայն գիշերային ժամերին անեն գովազդը, դեռ պարզ չէ:




Լրահոս