ՀՀԿ-ԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԵՎԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքին ու այդ համատեքստում ԵԽԽՎ համազեկուցողների վերջին գնահատականներին:

Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Սկսած 2018 թ.-ի մայիսից՝ նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, թաշկինակներն առած, առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, որ մեզ այստեղ հետապնդում են, հալածում են, չգիտեմ ինչ են անում»։ Դրան զուգահեռ վարչապետը նշեց, թե ընդամենը երկու օր առաջ հրապարակվել է ԵԽԽՎ ՀՀ-ի համազեկուցողների հաղորդագրությունը ՀՀ կատարած այցի վերաբերյալ: «Երրորդ հանրապետութան պատմության մեջ առաջին անգամ է, որ գալիս են այցի, արդյունքները` զրո պրետենզիա ՀՀ կառավարության նկատմամբ, մտադրությունների, քաղաքական փոփոխությունների վեկտորի նկատմամբ»,-հավելեց նա։
Իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վաղուցվա պատմություն ունի։ Դեռեւս հոկտեմբերին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանն էր դիմել միջազգային կառույցին Հայաստանում մոնիթորինգ անցկացնելու խնդրանքով: Եվ մոնիթորինգային խումբը Հայաստան է եկել համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) գլխավորությամբ։
Մի քանի օր շարունակ հայկական պատվիրակության նախկին անդամներից բացի ԵԽԽՎ նիստերին Ստրասբուրգ էր գործուղվել նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա այնտեղ հանդիպումներ է ունեցել եւ փորձել շտկել իրավիճակը, քանի որ ՀՀԿ-ականներն իսկապես այլ` իրենց ձեռնտու գույներով էին ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե պարզ չէ՝ պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում ում շահերն են ներկայացնում. Էդմոն Մարուքյանը, որը «Ելք» խմբակցության անդամ էր եւ ԵԽԽՎ-ում էր, փաստացի վստահություն չի ունեցել վարչապետի կողմից, եւ այդ պատճառով էր Լենա Նազարյանը գործուղվել այնտեղ։
Ինչեւէ, չնայած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի զեկույցը պատրաստ չէ, սակայն համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով դրական տոնայնությամբ հայտարարություն էին տարածել: Ու դրան էլ երեկ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում։ Մասնավորապես, այդ հայտարարության մեջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինյան եւ Անդրեյ Շիրցելն իրենց զեկույցներում ողջունել են Հայաստանի պատգամավորների՝ ինստիտուցիոնալ համակարգում Ազգային ժողովին կենտրոնական դեր հատկացնելու հանձնառությունն ու իշխանությունների տարանջատման գործադիրի ցանկությունը։
«Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթը հնացած է, եւ միայն կարելի է ողջունել ուժերի իրական հավասարակշռություն հաստատելու ցանկացած պատրաստակամություն»,- հայտարարել են համազեկուցողները։ Ընդ որում, հանդիպումների ընթացքում նրանք տպավորություն են ստացել, որ, օրինակ, սեռերի հավասարության ու կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների կողմից արձանագրվել է վերաբերմունքի եւ տոնայնության հստակ փոփոխություն, գրանցվել են շոշափելի արդյունքներ:
2018թ.-ի մայիսին` նախորդ այցից հետո, համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերը եւ հայ ժողովուրդն իրականացրին խաղաղ հեղափոխությունը եւ քաղաքական անցումը:
«Այս անցումն ավարտվել է դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո, որը միջազգային դիտորդների եւ մեր հանդիպած հայաստանյան քաղաքական գործիչների մեծամասնության կողմից համարվում է ազատ եւ արդար», – ասել են համազեկուցողները:
Եվ չնայած սա ամենեւին էլ զեկույցը չէ, այլ հայտարարություն, սակայն դրական նոտան ակնհայտ է, ինչը ենթադրում է, որ զեկույցն էլ կարող է դրական նոտայով լինել։ Եթե այդպես լինի, դա էլ կնշանակի, որ ՀՀԿ-ականների ծրագիրը տապալվեց, եւ չհաջողվեց Եվրոպայում նոր իշխանություններին ներկայացնել այլ գույների ներքո։ Ամեն դեպքում, սա չպետք է թուլացնի նոր իշխանությունների զգոնությունը, քանի որ Հայաստանը շարունակում է գտնվել մոնիթորինգի տակ, եւ ցանկացած վրիպում կգրավի եվրոպացիների ուշադրությունը։
Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ իշխանության տարիներին ՀՀ-ն մշտապես գտնվել է մոնիտորինգի տակ, եւ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ԵԽԽՎ-ն ՀՀ հարցով 4 զեկույց է ընդունել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ Ազգային ժողովի նիստի առաջին ընդմիջմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դահլիճից դուրս գալով, ուղեւորվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության սենյակ, որը իր նախկին աշխատասենյակն էր, երբ «Ելք» խմբակցության ղեկավարն էր: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ընդմիջումից հետո վարչապետը նիստի եկավ հենց Էդմոն Մարուքյանի ուղեկցությամբ: Վերջինս, լրագրողների հարցին ի պատասխան, ասել էր, թե վարչապետն իրեր ուներ թողած իր մոտ` չհրկիզվող պահարանում, եւ հենց դա է վերցրել, այլ քննարկում չի եղել: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարուքյանի եւ Փաշինյանի միջեւ մի փոքր զրույց է եղել կառավարության կառուցվածքի մասին: Մարուքյանը Փաշինյանին խորհուրդ է տվել հրաժարվել Մշակույթի նախարարությունը միավորելու մտքից՝ նույնիսկ նշելով, թե մի քանի ամիս անց Փաշինյանը կանգնելու է այն նորից տարանջատելու անհրաժեշտության առջեւ:

 

 

ԱՍՈՒՄ Է` ԿՍՏԱՆԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի մի քանի մանկապարտեզների աշխատողներ: Նրանց պատմելով` իրենց զգուշացրել են, որ աշխատավարձերի բարձրացման սպասեն սեպտեմբեր ամսին, այնինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի կունենա մարտին կամ ապրիլին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին: Մեր հարցին ի պատասխան` մամուլի խոսնակն ասաց. «Աշխատավարձերի բարձրացումը լինելու է ապրիլի 1-ից: Այսինքն` ապրիլի վերջ մայիսի սկիզբ արդեն բարձրացած աշխատավարձ կստանան»: Հիշեցնենք, որ քաղաքապետը հայտարարել էր, որ Երեւանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20 տոկոսով կբարձրանան: Ցանկից դուրս են մնալու տնօրեններն ու փոխտնօրենները:

 

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐ ԿԱՎԵԼԱՆԱՆ
Հայաստանի կառավարությունը մտադիր է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը: Սա նշանակում է, որ 50 աշխատող գործազուրկ կդառնա: Այն լուծարելու մասին որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ նախարարության` ՊՈԱԿ-ի լուծարման դեպքում կխնայվի 37 մլն 572 հազար դրամ գումար, որը պետական բյուջեից հատկացվում է կազմակերպության վարչակազմի պահպանման համար: Ի դեպ, ՊՈԱԿ-ի աշխատողներին լուծարման մասին չեն տեղեկացրել: Կազմակերպության հաշվապահ Համլետ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Երեւի պետք չէ, այդ օղակը մեզ պետք չէ, ճանապարհներ պետք չեն, ոչինչ պետք չէ: Բայց ՊՈԱԿ-ը ՀՀ մարզային հանրապետական նշանակության ճանապարհների հետազոտություններ է իրականացնում, ճանապարհների նորոգման հետ կապված ստուգում է` ճիշտ են նորոգում, թե ոչ, զարգացման ծրագիր է մշակում, ներկայացնում: Մենք ծանուցում չենք ստացել լուծարման մասին»:

 

 

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Ըստ կառավարության` «Օրբելի» կենտրոնը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ եւ վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի եւ այլ ոլորտներում: «Երկրի իշխանությունը պետք է առկա խնդիրների շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով պետք է փորձենք հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն կամ որոնք նոր կստեղծվեն: Այն մեծ մտավոր աշխատանքը, որի պահանջը եւ օրակարգը կա այսօր բոլորիս ընդհանուր սեղանին, պետք է միասին կատարենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ
Փաշինյան-Ալիեւ հանդիպումը բանակցություն չէ, այլ քննարկում` հետագայում բանակցային սեղանի վերադառնալու մասին. նման տեսակետ է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Բայց ես ողջունում եմ, քանի որ քննարկումներ միշտ էլ պետք է լինեն, պետք է լինեն բանակցություններ, որովհետեւ, պարզ ասեմ Ձեզ, Ադրբեջանը երբեք չի եկել բանակցությունների: Երկկողմանի քննարկումներ կլինեն, սա նորմալ է քաղաքակիրթ աշխարհում, քանի որ առանց քննարկումների հարց չի լուծվում»,-ասել է Ս. Միքայելյանը: Նա, խոսելով հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հնարավորության մասին, հաշվի առնելով նաեւ այն, որ ՊՆ-ում օպերատիվ հավաք եղավ` բանակի հրամանատարների մասնակցությամբ, նշել է, թե հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի: «Միշտ ասել եմ, որ մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք: Սրան գումարած` Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնում, իսկ մենք` որպես իրենց հակառակորդ, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մեղրին Լաչինով փոխարինելու հատվածին, Միքայելյանը նշել է, որ այս հարցով դեռ շատ զարմանալի տեղեկություններ կիմանա հանրությունը: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ պլանավորված է եղել Մեղրին ոչ թե Լաչինի, այլ Ղարաբաղի հետ փոխարինել:

 

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼԻ՞ Է, ԹԵ՞ ՈՉ
«Երեք սկզբունքների եւ վեց բաղադրիչների մասին ես, իհարկե, ունեմ շատ կարեւոր հարցադրումներ, եւ քանի որ երկու օրից բուն բանակցային գործընթացն է, ես այդ հարցադրումները կանեմ տեղում եւ, իհարկե, հետո հաճույքով ձեզ կպատմեմ, թե ինչ հարցադրումներ են դրանք, եւ ինչպիսին են իմ տպավորությունները դրանց վերաբերյալ: Այդ մեկնաբանությունները կարեւոր են մեզ համար, որովհետեւ այն մեկնաբանությունները, որ տալիս է Ադրբեջանն այդ սկզբունքներին, մեզ համար անընդունելի են: Եթե պարզվի, որ դա է մեկնաբանությունը այդ սկզբունքների, արդեն ասել եմ, որ դա մեզ համար անընդունելի է: Բայց կարող է պարզվել, որ Ադրբեջանի մեկնաբանությունը, համանախագահներն իրենք ասում, որ Ադրբեջանի մեկնաբանությունը սխալ է: Քանի դեռ ես համանախագահների մեկնաբանությունը չեմ լսել, ես ինչպե՞ս ասեմ՝ այդ սկզբունքները ընդունելի են մեզ համար, թե ընդունելի չեն: Ես ասում եմ՝ ով որ այդ սկզբունքը առաջարկել է, թող ինքը մեկնաբանի, ես հարցեր ունեմ դրա հետ կապված: Եվ հետո՝ երբ որ այդ հարցերին պատասխանեն առաջարկողները, այդտեղ ոչ միայն մենք պետք է ասենք՝ ընդունելի է, թե չէ, այլեւ Ադրբեջանը պետք է ասի՝ ընդունելի է, թե չէ», – Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս