Օրես հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են` այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ նրանք երթ էին արել` իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին. խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է:
Նախարարի պատիժը
Գրել էինք, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին` զորամասում եղել են զինվորներ, որոնք առանձին սենյակ են ունեցել, առանձին հատուկ արտոնյալ պայմաններում են ծառայել: Իսկ ինչպե՞ս է արձագանքել միջադեպին իրավիճակի պատասխանատու Պաշտպանության նախարարությունը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնել է. «Զինված ուժերում նման կարգազանցություններն ու անհնազանդություններն անթույլատրելի են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Ոմանք տեղափոխվել են ՀՀ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ. բոլորը, ըստ էության, առաջնագծի զորամասեր են: Իհարկե, օրենքով սահմանված կարգով, եթե կան ծառայողներ, ում ծառայության բնույթի համար կան հատուկ պայմաններ` ծնողազուրկ եւ այլն, դա կպահպանվի, բայց զորամասը չի լինելու նույնը»:
Տարօրինակ գործելաոճ
Այն, որ զինծառայողների արարքը քրեորեն պատժելի է, եւ պետք է օրենքը գործի ողջ խստությամբ, որեւէ կասկած չկա: Եւ թե ամեն մեկի վերաբերյալ տարվող քննության ընթացքում ինչ պատիժ կսահմանվի, ժամանակը ցույց կտա: Բայց այս իրավիճակը մտահոգիչ է բարոյահոգեբանական դաշտում: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատժիչ այս քաղաքականությունը մեր երկրում առկա քարոզչական, նպատակային գործելաոճին խիստ հակասում է: Մենք, մի կողմից, ասում ենք, որ առաջնագծում ծառայողները հերոսներ են, կամ ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», մյուս կողմից` հանցանք թույլ տվածներին, զորամասն ինքնակամ լքածներին ուղարկում է առաջնագիծ՝ այդպիսով պատիժ հայտարարելով: Եւ ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է այն թեզը, որ առաջնագծում ծառայելը պատիժ է: Ու այս իրավիճակում զավեշտալին այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին եւս ծառայում է Արցախում, ըստ լուրերի` առաջնագծի զորամասերից մեկում: Եւ ի՞նչ է ստացվում. նրան պատժո՞ւմ ենք մենք:
Ո՞ւր մնաց իրավունքը
Բայց այսքանով ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգությունները չեն ավարտվում: Երեկ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել էր, որ Մեղրիում տեղակայված Զինված ուժերի զորամասերից մեկում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել, քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ եւ կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է` կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով) եւ ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով): Իհարկե, կրկին արձանագրենք, որ որեւէ մեկը չի արդարացնում զորամասում առկա իրավիճակը, եւ եւս մեկ անգամ շեշտում ենք, որ զինվորներն ու զինծառայողները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն: Բայց հարկ է նաեւ հիշել 2018 թվականի հեղափոխության օրերը, մասնավորապես` ապրիլի 23-ը, երբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքել էին զորամասը: Այսինքն՝ նրանք եւս արել են այն նույն արարքը, ինչ Մեղրիի զինծառայողները: Եւ այդ օրերին էլ ՀՀ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելով. «ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երեւան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը, եւ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները»: Սակայն նախարարության հայտարարությունը մնաց միայն քամու դաշտում, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունը մատը մատին չտվեց, եւ քաղաքական որոշման արդյունքում որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց զորամասն ինքնակամ լքելու համար: Ավելին, հեղափոխությունից հետո ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանը նոր՝ ավելի բարձր պաշտոն ստացավ՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ:
Վերլուծենք իրավիճակը
Խաղաղապահ բրիգադի զինծառայողները լքեցին զորամասը` համարելով, որ, օրինակ, իրենց հրամանատարները վատն են, սխալ են աշխատում, հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը, իրավաբանությունը թողած, քաղաքական որոշմամբ քրեական գործ չհարուցեց, չպատժեց զինվորականներին: Սակայն Մեղրիի զորամասի զինծառայողների նկատմամբ, որոնք նույն արարքն են գործել` կրկին ընդդիմանալով իրենց հրամանատարներին, լքել են զորամասը, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Համեմատության մեջ դնելով երկու երեւույթները` գալիս ենք այն եզրակացության, որ մեր երկրում իրավապահ համակարգը գործում է` ոչ թե հիմքում դնելով օրենքը, իրավաբանությունը, այլ իրավիճակային արդարադատությունը:
Ի դեպ, գեներալի որդին այլ զորամաս չի տեղափոխվել եւ մնացել է նույն զորամասում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՎԱՍՏԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարտի 26-ին` ժամը 18:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Առաքելյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասված էր հաղորդագրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ մանրամասներ են հայտնի դարձել զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, մեր տեղեկություններով` Արա Առաքելյանի վրա կրակել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող եւ կրակելուց հետո զորամասում հրապարակային հայտարարել է, որ Արան իրեն ճնշել է, նվաստացրել, եւ ինքը, չդիմանալով այդ վիրավորանքներին, կրակել է. «Եթե հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր»: Զինվորը ձերբակալվել է: Իրավապահները քննություն են տանում հասկանալու համար, թե ինչ ճնշումների ու ստորացումների մասին է խոսքը:
Սակայն նկատենք, որ իրավապահ համակարգը, ըստ էության, նաեւ կբարձրացնի զորամասի սպայական կազմի պատասխանատվության հարցը: Մասնավորապես այն, թե որտեղ են եղել զորամասի ղեկավար մարմինները, սպայական կազմը, երբ երկար ժամանակ Արա Առաքելյանը նվաստացրել, ճնշել, վիրավորել է իր ծառայակցին, որի հետեւանքն էլ ճակատագրական եղավ նրա համար: Ըստ էության, եթե զորամասի ղեկավար կազմը տեղեկացված լիներ եւ շուտ կանխեր, ապա այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք: Սակայն, մեզ հասած լուրերի համաձայն, սպաներից շատերն իրենց անտարբերությունը բացատրում են նրանով, որ ՊՆ գեներալը տարրական հարգանք չունի սպայի նկատմամբ եւ իր աշխատասենյակում առավելությունը ցույց տալու համար սպային լակոտ է անվանել ու այլ վիրավորական արտահայտություններ հնչեցրել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ
«Ռազմարդյունաբերության ոլորտում հետազոտական գործունեությանը հատկացվող գումարները կա՛մ դժվարությամբ են ծախսվում, կա՛մ բոլորովին չեն ծախսվում, քանի որ դրա համար անհրաժեշտ են որոշակի ենթակառուցվածք եւ որոշակի պրոֆեսիոնալ հնարավորություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին: Փաշինյանի խոսքով` ռազմարդյունաբերությունը լուրջ ֆինանսավորման կարիք ունի: «Այսօրվա դրությամբ, այո, մենք ունենք որոշ հաջողություններ, որովհետեւ կան մի շարք նախագծեր, որոնք կարող են դառնալ շատ լուրջ արտադրության արտադրանք»,-ասել է Փաշինյանը:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է գազի սակագնին: Նա տեղեկացրել է, որ «Գազպրոմ Արմենիայի» մարժան վերլուծվում է, ընկերության եւ կառավարության միջեւ բանակցությունները շարունակվում են: Պայմանավորվածություն կա, որ այս հարցը, այսպես թե այնպես, 2019 թ.-ին չի վերաբերելու: «Բանակցություններն ընթանում են, եւ վերլուծական աշխատանքներն էլ են ընթանում: Երբ որ քննարկումների, բանակցությունների արդյունքում լինի ավելի կոնկրետ տեղեկատվություն, բնականաբար, միանգամից կհրապարակենք»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետի կարծիքով՝ բանակցությունների արդյունքում պետք է գալ նաեւ մի իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացվի տնտեսական հարաբերություններից:
ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀՀԿ-ԻՑ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Ի դեպ, Արամյանը երեկ մասնակցել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» գիտական-հետազոտական կենտրոնի բացման արարողությանը: Նշենք, որ Արամյանը ՀՀԿ-ական էր շատ վաղուցվանից: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ նրան հարցրել էին Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում մնալու մասին, քանի որ նա իր գործի մասնագետն է, Արամյանը նշել էր. «Եթե ես Ձեզ հիմա ասեմ՝ այ գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից եւ աշխատելու եմ, Դուք ինձ կհարգե՞ք»:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ըստ քննչական կոմիտեի` ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ` Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2019թ. մարտի 22-ին որոշում է կայացվել` հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: 2019թ. մարտի 26-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը ձերբակալվել է` Քր. օր. 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: