Հայաստանի հավաքականը տապալեց «ԵՎՐՈ 2020»-ի նախընտրական փուլի առաջին երկու հանդիպումները: Մեր հավաքականը, նախ, Սարաեւոյում 1:2 հաշվով զիջեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, ապա տանը 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն: Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր եւ ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանի հետ:
-Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն, որը մեր հավաքականի համար երկրորդն էր երկրորդ խաղում: Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր հիմնական պատճառը, եւ որտե՞ղ հիմնականում թերացան մեր ֆուտբոլիստները:
-Կարծում եմ` հավաքականը գտնվում է փոփոխությունների շրջանում, մարզիչը նոր է, եւ հույս ունեմ, որ մեր ֆուտբոլիստները կկարողանան բեկել ընթացքը:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հավաքականը կկարողանա՞ հայտնվել «ԵՎՐՈ 2020»-ի եզրափակիչ փուլում:
-Պետք է անել հնարավորը: Նոր թիմ է` նոր տրամաբանությամբ, նոր հոգեբանությամբ: Այս երկու խաղերում վատ տպավորություն չթողեցին Բրիասկոն, Արասը եւ Բաբայանը: Լավ է, որ արդեն դարպասապահի դիրքում կա կայունություն. Հայրապետյանը երկու խաղերում էլ շատ լավ դրսեւորեց իրեն: Կարծում եմ` անցումային շրջան է, եւ մեր հավաքականը կկարողանա դրական արդյունքներ գրանցել: Իրականում ուժեղ հավաքական ունենալու դեպքում պետք է ունենալ լավ առաջնություն: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել փոքր տարիքային խմբերին: Մեր հավաքականի լավ արդյունքները մեծապես կախված կլինեն նաեւ Խինես Մելենդեսիից, ում Հայաստանում հայտնվելը իրոք անհավանական էր թվում, սակայն ՀՖՖ-ն կարողացավ հասնել դրան: Մելենդեսի սաներն են հանդիսանում Ինիեստան, Բուսկետսը, Սիլվան, Վիլիան եւ այլ իսպանացի գերաստղեր: Իհարկե, նրանից շատ բան է կախված:
-Հիմա կոնկրետ ի՞նչ փոփոխությունների կարիք ունի Հայաստանի ազգային հավաքականը:
-Իհարկե կադրային: Հայաստանի հավաքականին հարկավոր են նոր ֆուտբոլիստներ, սակայն հիմքը պետք է դրվի ոչ թե արտերկրից հայ ֆուտբոլիստներ հրավիրելով, այլ փոփոխություններ իրականացնելով փոքր տարիքային խմբերում, ինչով էլ հիմա զբաղված է Ֆուտբոլի ֆեդերացիան: Կառուցվելու են հարյուրավոր դաշտեր բոլոր մարզերում, որը, իհարկե, կնպաստի մեր ֆուտբոլի զարգացմանը: Հիմա մեր հավաքականը ունի կադրային փոփոխությունների կարիք:
-Որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ փոփոխությունները կատարելու եւ խնդիրները լուծելու համար:
-Կարծում եմ` 4-ից 5 տարի: Պետք է զինվենք համբերությամբ:
-Դիեգո Ռոսսի Մարաշլյանի մասին. շատ են խոսակցությունները, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է նրան հավաքական հրավիրելու համար, սակայն ամեն անգամ մի բան խանգարում է: Ի վերջո, նա հանդես կգա՞ Հայաստանի հավաքականում:
-Մարաշլյանի հետ բանակցությունները երկար են տեւել, բայց, կարծում եմ, նա կընդունի ՈՒրուգվայի հավաքականի հրավերը: Ազգային հավաքականում վիճակն այնպիսին է, որ ֆուտբոլիստը պետք է լայն ցանկություններ ունենա հավաքականում հանդես գալու, իսկ եթե նա այդ ցանկութունները չունի, ապա իմաստ չկա համոզելով նրան հրավիրել, ով էլ ուզում է լինի: Իհարկե, հիանալի կլիներ, որ Ռոսսին հանդես գար մեր ազգային թիմում, սակայն, կարծում եմ, նա կխաղա Ուրուգվայի հավաքականի կազմում:
-Ինչպիսի՞ պայմաններում են մարզվում մեր երիտասարդական հավաքականները, եւ այդ պայմանները որքանո՞վ են համապատասխանում միջազգային ստանդարտներին:
-Ունենք Ֆուտբոլի ակադեմիան, որը բավականին բարձր մակարդակի է, ունենք տարբեր ենթակառուցվածքներ Երեւանում, բայց չունենք մարզերում: Ֆուտբոլը Երեւանից պետք է արտահանվի նաեւ մարզեր: Դրա համար մեծ աշխատանքներ են տարվելու, կառուցվելու են 400-ից ավելի մարզադաշտեր, որը կնպաստի մարզերում ֆուտբոլի զարգացմանը, ինչպես առաջ էր, այսինքն՝ պետք է վերականգնվեն հին ավանդույթները: Երեւանում ենթակառուցվածքների առումով ամեն ինչ լավ է, մարզերում՝ ոչ: Ամեն ինչ լավ ընթանալու դեպքում, իհարկե, մարզերից ֆուտբոլիստներ կհրավիրվեն Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ:
-Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերի գները զգալիորեն նվազել են: Դա չի՞ կարող ճգնաժամի առաջ կանգնեցնել հայկական ֆուտբոլը:
-Իհարկե ոչ: Ֆինլանդիայի դեմ խաղում տեսանք լեփ-լեցուն մարզադաշտ: Այդպիսի դեպք լինում էր միայն այն ժամանակ, երբ մեր հավաքականը խաղում էր Պորտուգալիայի կամ Իտալիայի դեմ: Այդ խաղում ազատ էր միայն Ֆինլանդիայի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորը: Ես երբեք չէի տեսել, որ անշլագ լինի հյուսիսային եւ հարավային տիբունաները: Այս խաղում այդպես էր, դրա պատճառով էլ ոչ մի ճգնաժամի մասին խոսք գնալ չի կարող:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՆԻՍՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձեւավորված անօթեւանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ է անցկացրել Գյումրու քաղաքապետարանում: Նիստի ընթացքում հստակեցվել է, որ աշխատանքային խմբին հաջողվել է մինչ այս պահը հավաքագրել 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը` Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը` քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքներում են գտնվում: 2017թ. սկսած` ամեն տարի պարբերաբար վերափաստագրում է կատարվում: Գյումրիում կա 2805 տնակային միավոր:
ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐ
Ազգային ժողովը քվեարկության է ներկայացրել նախօրեին քննարկված մի շարք նախագծեր: Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվել է 112 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, ըստ որի նվազագույն կենսաթոշակ է սահմանվելու 25 հազար դրամը, առաջին ընթերցմամբ ընդունվել է 114 կողմ ձայնով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի նախագիծը եւս ընդունվեց` 115 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայնով: Նշենք, որ նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացվեն այսօր:
ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ
Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ինչպես հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձեւավորմանը իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երեւանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին: «Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա վերամշակման եւ իրենից երկրորդային օգտագործման հումք ներկայացնի: Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղադրված է աղբի տեսակավորման չորս աղբաման, որոնք այս պահին միայն պլաստիկի եւ թղթի համար են: Հետագայում տեսակները կշատանան, ինչպես նաեւ տարածումը կընդլայնվի», – նշել է Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Նախագիծն իրականացվում է 2018 թվականից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերով:
ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը: Այն իր մեջ ներառում է կետեր, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա:
Կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր եւ միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը գյուղացուն ասում է, որ եթե գյուղացին, օրինակ, 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծի 11.000.000 դրամով անասնագոմ, կառավարությունը գյուղացու 11.000.000 դրամի ծախսած 50% գումարը կանխիկ իրեն հետ է տալիս, իսկ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսն է հետ տալիս:
Կառավարությունը ունի մի ուրիշ ծրագիր` գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկային ծրագիր: Գյուղացին կարող է գնալ այդ վարկը վերցնել, բերել գոմ սարքել, եւ կառավարությունը իր վերցրած վարկի գումարի 50%-ը կանխիկ կվերադարձնի իրեն, սահմանամերձ գյուղերում` 70%-ը: 35.000.0000 դրամի առաստաղ է դրվել, որպեսզի չստացվի, որ խոշոր բիզնեսներն են ֆինանսավորվում:
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդրվում, եւ ծրագրի ծավալը հետեւյալն է. այն իրականացվելու է 6 մարզերում` Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ Կոտայք, Վայոց Ձոր: Ապահովագրվելու են ծիրանի եւ խաղողի այգիները որպես մեկնարկ: Ռիսկերը` կարկուտ, ցրտահարություն եւ հրդեհ: Եթե գյուղացին ապահովագրությունը գնի, կառավարությունը գյուղացու ապահովագրության 50%-ը կսուբսիդավորի (կվճարի գյուղացու փոխարեն):
Հաջորդ ծրագիրը վերաբերում է սերմնաբուծության ոլորտին: Եթե գյուղացին բարձր որակի սերմ ստանա եւ արդյունքում ստիպված լինի այդ սերմը վաճառել ոչ թե որպես սերմ, այլ որպես սովորական հացահատիկ, կառավարությունը արժեքի այն մնացած հատվածը, որ գյուղացին վնաս է կրել, ամբողջությամբ կփոխհատուցի:
2019-2024թթ. տավարաբուծության զարգացման վարկային ծրագիր. կառավարությունը այս ծրագրի համար տոկոսները իջեցրել, դարձրել է 2%:
Սուբսիդավորված վարկային ծրագիր. մթերող ընկերություններին կառավարությունը վարկ է տրամադրելու 3%-ով, սահմանամերձ բնակավայրերում` 0% տոկոսադրույքով:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիր. գյուղացին վարկը կարող է վերցնել 2%-ով, սահմանամերձ բնակավայրերում` 0%:
Գյուղացիական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր. գյուղատնտեսական կոպերատիվներին` 3%-ով, սահմամանմերձ բնակավայրերում` 0%-ով, իսկ ընդհանուր առմամբ` 5%-ով: