ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո այսօր կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Հարկ է ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո սա առաջին անգամ է, երբ երկու երկրների առաջնորդները հանդիպում են Մինսկի խմբի հովանու ներքո, այսինքն՝ հանդիպում են բանակցային սեղանի շուրջ, պաշտոնապես: Մինչ այս եղել են ընդամենը կարճատեւ զրույցներ Փաշինյանի ու Ալիեւի միջեւ, ընդ որում՝ այդ կարճատեւ զրույցների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են բավականին հստակ:
Մինչ այդ մեկ փաստ էլ. ՀՀ վարչապետ Փաշինյանն օրերս խորհրդարանում հայտարարել է, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իր դիրքորոշումը չի փոխվել, եւ հայկական կողմը Վիեննա է մեկնում հենց այդ օրակարգով: Շաբաթներ առաջ Ստեփանակերտում Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Փաշինյանը պնդել էր՝ Ղարաբաղը պե՛տք է ներգրավվի բանակցություններում, օրեր առաջ էլ իր ասուլիսում ընդգծել էր՝ դա ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, այլ նախկինում գործող ֆորմատի վերականգնում: Բաքուն, սակայն, կտրականապես մերժել էր այս առաջարկը: Ակնհայտ այս տարաձայնությունների ֆոնին Փաշինյանը ընդգծել է` առաջիկա հանդիպումից առայժմ միայն մտքերի փոխանակում է ակնկալում:
Մինչ այդ նկատենք, որ այդ հանդիպմանն է անդրադարձել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Այսօր կքննարկվեն բոլոր հարցերը համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Այստեղ հարցը ոչ այնքան մաղթանքներն են, որքան ամբողջ իրավիճակի վերլուծությունը, որը կտրվի այդ հանդիպման ընթացքում։ Դրա արդյունքների մասին կհայտնենք հավելյալ»,- ասել է Զախարովան։
Տեւական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտարերկրյա պետություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն ՌԴ այցելել է 11 անգամ, նրան սպասարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը: Սարգսյանը ՌԴ-ում ունեցել է հանդիպումներ, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնական հաղորդագրություն: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը նախագահականից պատասխանել են, որ Արմեն Սարգսյանը ՌԴ մեկ անգամ է աշխատանքային այցով մեկնել՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մասնակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: Սակայն, ըստ նախագահականի. «Քանի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահմանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք»: Եւ նախագահականից տեղեկացրել են, որ այդ այցերի ընթացքում նա երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ փոխնախարար Կարասինի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրին, ավելի ճիշտ՝ այդ ծրագրի անվան տակ տեղի ունեցող խաբեությանը: Եւ, ահա, մեր տեղեկություններով` այդ ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, որ մեր հրապարակումից հետո «սպառնացել» էր գալ խմբագրություն ու ցույց տալ բոլոր փաստաթղթերը՝ ապացուցելու, թե իրենց գործունեությունն օրինական է, լքել է Հայաստանի Հանրապետությունը: Նշենք նաեւ, որ վերջինս փակել է իր ֆեյսբուքյան էջը։ «Ժողովուրդ» օրաթերթն այդ ծրագրի գրասենյակից փորձել է կրկին համապատասխան փաստաթղթեր ստանալ, սակայն նրանք հրաժարվեցին` միայն պնդելով, թե իրենց մոտ ամեն ինչ օրինական է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին՝ պարզելու` արդյոք «Մի կտուր տակ» կազմակերպության գորունեության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվում են, թե ոչ: Սակայն ոստիկանությունից հայտնեցին, որ ապօրինի գործունեության հետ կապված իրենց որեւէ բողոք, գանգատ, հաղորդում չի ներկայացվել։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Սանիտեք» ընկերությանն ուղղված հրապարակային նախազգուշացումից հետո աղբահանությամբ զբաղվող կազմակերպության ներսում լուրջ խուճապ է սկսվել: Քաղաքապետի հայտարարությունից հետո ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել: Աշխատողների պատմելով` ընկերության ղեկավարը իրենց հորդորել է «դուխները չգցել», քանի որ շուտով աղբի մեքենաներ եւ աղբամաններ են բերվելու Հայաստան, եւ ամեն բան լավ է լինելու: Բայց ընկերության աշխատակիցները վստահ են, որ ղեկավարության խոստումները ձեւական են, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ հնչեցնում են նման հայտարարություններ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցները պատմել են, որ իրենց հետ տարիուկես է` աշխատանքային պայմանագիր չի կնքվում: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե այսօր ինքը հանդիպում է ունենալու «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ` քննարկելու խնդիրները:
ԻՆՔՆԻՇԽԱՆ
ԱՄՆ հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները բավական կտրուկ էին: «ԱՄՆ-ն շատ վաղուց հանդես է գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ Ձեզ հարց տալ եւ բոլորիս, իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որեւէ մեկը չի կարող կասկածել: Իսկ ինչպե՞ս արձագանքեցին. ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին եմ ասել, որ համարում եմ, որ իրենք զրո արձագանք են տվել»,-երեկ ԱԺ-ում ասել է նա` հավելելով, որ իր համար կարեւոր է ինքնիշխանությունը: Միաժամանակ, Փաշինյանն անդրադարձել է պնդումներին, թե ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ձախողել է.«Ինչո՞վ ենք ձախողել, ես կարծում եմ՝ մենք հաջողել ենք, որովհետեւ մեր ձայնը լսելի է, մենք մեր ասելիքն ասում ենք, եւ թո՛ւյլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է»,-ասել է նա:
Առաջին անգամն է, երբ Փաշինյանը նման կտրուկ տոնայնությամբ է խոսում ԱՄՆ-ի հասցեին, սակայն առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ է արտահայտվում գերտերությունների մասին խոսելիս` միաժամանակ կարեւորելով ու շեշտելով ՀՀ ինքնիշխանության պաշտպանության հարցը: Հիշում եք` նախորդ տարի` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, երբ Փաշինյանն այցելել էր Բրյուսել, եվրոպացի գործընկերների մոտ տարակուսանք էր հայտնել` ԵՄ-ն հեղափոխությունից հետո ՀՀ-ի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումների ժամանակ եւս Փաշինյանը կարեւորել էր երկու երկրների ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում համագործակցությունը` իր խոսքի մեջ շեշտելով այդ հանգամանքը: Նաեւ հիշում եք` մինչեւ հիմա ՀՀ-ն համառորեն չի համաձայնում ժամանակից շուտ զիջել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` հակառակ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ճնշումներին:
Նման պահվածքը շատերին կարող է զարմանալի թվալ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նախորդ իշխանությունները նման դեպքերում միանգամայն հակառակ կեցվածք են ընդունել` գերտերությունների հետ հարաբերություններում գերադասելով նվաստանալ: Սա էլ, թերեւս, հետեւանք է եղել նախկին իշխանությունների լեգիտիմության բացակայության, միջազգային ասպարեզում էլ քաջ իմացել են, որ ՀՀ իշխանությունները քսան տարի շարունակ հաստատվել են ընտրակեղծիքների, բռնությունների ճանապարհով՝ դեմ գնալով սեփական ժողովրդի ցանկությանը: Մինչդեռ հիմա իրավիճակն այլ է. Նիկոլ Փաշինյանը չի վարանում հանդես գալ սեփական երկրի շահերի պաշտպան` հարկ եղած դեպքում առանց վարանելու հակադրվելով նրանց: