ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԱՅՑԵՐԻ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտարերկրյա պետություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սարգսյանը 11 անգամ միայն ՌԴ է այցելել, հանդիպումներ ունեցել, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնական հաղորդագրություն:

Ընդհանրապես, քաղաքական լայն շրջանակները նախագահի՝ օտարերկրյա պետություններ ակտիվ այցերին այնքան էլ դրական չէին վերաբերվում` ասելով, թե նա մտնում է ՀՀ սահմանադրությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերապահված գործառույթների դաշտ: Ի վերջո, արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները շատ սահմանափակ են: Այս առումով հետաքրքիր է, որ մարտի 1-ին, երբ հանդիպել էին ՀՀ վարչապետն ու նախագահը, Փաշինյանը հատուկ շեշտել էր Արմեն Սարգսյանի` օտարերկրյա հանդիպումների փաստը: «Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաեւ կարեւոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»,- նշել էր Փաշինյանը:
ՀՀ վարչապետի ակնարկները պատահական չէին. միայն այս տարվա մեջ Ա. Սարգսյանը հասցրել է լինել Ֆրանսիայում, որտեղ մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովին: Նույն Փարիզում այլ հանդիպումներ է ունեցել տնտեսական շրջանակների հետ: Փետրվարի 13-ին էլ նա մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը եւ կրկին բազմաթիվ հանդիպումներ ունեցել:
Իր պաշտոնավարման ընթացքում Ա. Սարգսյանը ԱՄՆ ու Գերմանիա այցելել է 2-ական անգամ, իսկ Ֆրանսիա՝ 3 անգամ:
Ամենաշատը նա եղել է ՌԴ-ում, ըստ մեզ հասած լուրերի` 11 անգամ, եւ այդ ընթացքում նրան սպասարկել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական կորպուսը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի լրատվության վարչություն` տեղեկատվություն ստանալու նախագահի այցերի, եւ հատկապես` ՌԴ այցի եւ հանդիպումների մասին: Պատասխանում նշված է, օրինակ, որ Արմեն Սարգսյանն ունեցել է անձնական այցեր 2018թ. փետրվար-մարտ ամիսներին (երբ դեռեւս չէր ստանձնել հանրապետության նախագահի պաշտոնը), որոնց ընթացքում հանդիպումներ է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների, երիտասարդական կազմակերպությունների անդամների, ինչպես նաեւ իր վաղեմի բարեկամներ ռուս քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ: Մասնավորապես, նախագահի լրատվության ծառայության կողմից այդ ժամանակ տարածված հաղորդագրության մեջ նշված էր. «ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ»։
Ինչ վերաբերում է պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանի՝ ՌԴ այցերին, ապա նախագահականից տեղեկացրել են. «Հանրապետության նախագահն ունեցել է մեկ աշխատանքային այց՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մասնակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի եւ այլոց հետ:
Քանի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահմանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք: Այդ այցերի ընթացքում հանրապետության նախագահը պաշտոնական հանդիպումներ չի ունեցել, երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, փոխարտգործնախարար Գեորգի Կարասինի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ: Նախագահը հանդիպել է նաեւ ռուս քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների հետ, ինչպես, օրինակ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի, Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի տնօրեն Մարինա Լոշակի, Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի եւ այլոց հետ, որոնց Արմեն Սարգսյանը ծանոթ է վաղուց եւ ունի տարիների ընթացքում ձեւավորված բարեկամություն:
Արմեն Սարգսյանի մասնավոր այցերը, նաեւ որոշ աշխատանքային այցերի ծախսերի մի մասը կատարվել են անձնական միջոցների հաշվին, իսկ հանրապետության նախագահի աշխատանքային այցերը, ինչպես եւ պետական ու պաշտոնական այցերը ֆինանսավորվում են պետական բյուջեից այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին»:
Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի՝ ՌԴ-ում գտնվելու ընթացքում ունեցած հանդիպումները չեն լուսաբանվել, այդ մասին հաղորդագրություններ չեն եղել: Թե ինչու, կարելի է եզրակացնել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ` ԱԺ-ՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը խոստանում է թեժ լինել. բանն այն է, որ հանձնաժողովը պատրաստվում է հյուրընկալել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատախազի հետ հանդիպումն անցկացվելու է փակ: Հիշեցնենք, որ Դավթյանին հանձնաժողով հրավիրելու առաջարկ արել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի մասին հանձնաժողովի նիստում հայտնել էր նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Տեւական ժամանակ հնարավոր չէր լինում կազմակերպել Դավթյանի հետ հանդիպումը. այն անընդհատ հետաձգվում էր, սակայն, ի վերջո, այսօրվա համար համաձայնությունն արդեն կայացվել է։ Նիստը տեղի կունենա ժամը 12։00-ին։

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել էր առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: Ավելի ուշ առաջին ատյանի դատարանը որոշեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ նախաքննության այդ ընթացքում փոխնախարարն ընդունել է իր մեղքը եւ կատարվածի ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Հայրապետյանը կալանավորվել էր, իսկ հաշվապահի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Կառուցվող «Աութլեթ մոլլ» առեւտրի կենտրոնը լուրջ մտահոգություններ է առաջացրել Երեւանի «Ոսկու շուկայի» ոչ միայն վաճառողների, այլեւ սեփականատիրոջ` Վաղարշ Աբրահամյանի մոտ: Բանն այն է, որ «Ոսկու շուկայի» վաճառողները համոզված են, որ այս առեւտրի կենտրոնի բացվելուց հետո իրենց հաճախորդները կպակասեն: Ըստ որոշ տեղեկությունների` այդ առեւտրի կենտրոնում նախատեսվում է նաեւ ոսկու մեծ սրահ բացել մայրաքաղաքից ոչ հեռու, իսկ տաղավարները առեւտրականներին մեկ տարի ժամկետով անվարձահատույց կտրվեն: Երեւանի «Ոսկու շուկայի» աշխատողները վստահ են, որ մեկ տարի անվճար տաղավարում գործունեություն իրականացնող առեւտրականը իր ապրանքը կէժանացնի: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վաղարշ Աբրահամյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց որդին` հայտարարելով, որ չի կարող այս թեմայի շուրջ խոսել հեռախոսով:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Վիեննայում, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

 

 

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ
«Ի՞նչ փոխզիջում, այսօր շատ վաղ է խոսել փոխզիջումների մասին: Այդ ե՞րբ է Ադրբեջանը եկել բանակցելու, որ մի հատ էլ փոխզիջումից խոսենք»,-հայտարարել է ՔՊ վարչության նախագահ, ազատամարտիկ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա կարծում է, որ «փոխզիջումների» մասին խոսում են միայն ընդդիմադիրները քաղաքական միավորներ շահելու համար: «Ասում են` «հողեր ենք տալու»… ո՛չ, հակառակը: Ադրբեջանցին մեր համախմբվածությունից է վախենում: Թող նա իմանա, որ ոտնձգության դեպքում մինչեւ Բաքու քայլելու ենք»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ շփման գծում հնարավոր լարվածությանը, Սասուն Միքայելյանը նշել է. «Չեմ ասում` պատերազմ կլինի, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ժամ: Եթե թշնամին ունի ժամանակակից զինուժ, ուրեմն այդ զենքը մի օր պետք է կրակի, չէ՞. բա ինչո՞ւ են միլիարդներով զենք գնում»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

 

 

ՀՈԳՆԵՑՈՒՑԻՉ
«Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկիի կարծիքով` Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները հակադարձում էին աշխարհում առկա ոչ ժողովրդավարական միտումներին: «2018 թվականին տեղի ունեցածը զարմանքի տեղիք տվեց: Հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ավելի ժողովրդավարական ուղեծրով էր շարժվում, քան բոլորը ենթադրում էին: Սահմանադրության փոփոխությունը եւ ՀՀ երրորդ նախագահի` վարչապետ դառնալու ցանկությունը հանգեցրեցին հասարակության շատ լայն շերտերի զայրույթին եւ բերեցին հայտնի զարգացումներին: Հայաստանում տեղի ունեցածը եզակի էր»,-ասել է նա: Փորձագետի գնահատականներով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ էր պաշտոնավարել, իսկ համաշխարհային փորձն ապացուցում է, որ նման դեպքերում ոչ միայն հասարակությունն է հոգնում նույն դեմքից, այլ նաեւ տվյալ անձը կորցնում է իրականության զգացողությունը:




Լրահոս