Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը և արժևորել Ժնևի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը:
Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պաշտպանության գործառույթների նորանշանակ համակարգող տիկին Ինսկե Վանդորմաելին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում: Միաժամանակ Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի ժնևյան կենտրոնակայանից Հայաստան գործուղված զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին՝ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ինտեգրման մակարդակի գնահատման ուղությամբ ծավալուն աշխատանքի համար:
Քաղաքակիրթ երկրների զինված ուժերի պատրաստության և կիրառման գործընթացներում մեծ տեղ է հատկացվում ՄՄԻ սկզբունքների և դրույթների իրագործմանը՝ ռազմական ուժի նպատակային, համաչափ և տարբերակված գործադրումը, անհարկի մարդկային տառապանք չպատճառելը, քաղաքացիական անձանց պաշտպանվածությունը և ռազմագերիների նկատմամբ պատշաճ վարվեցողության երաշխավորումը: Չնայած անմիջական ռազմական սպառնալիքների առկայությանը և հակառակ կողմից փոխադարձության բացակայությանը, հայկական կողմը խիստ կարևորում է տվյալ մարդասիրական նախաձեռնության իրականացումը և համատեղ գնահատման միջոցառումների արդյունքներով ԿԽՄԿ հետ ստորագրելու է ՄՄԻ-ի ինտեգրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, ով շինծու մեղադրանքների և բեմականացված դատավարության արդյունքում 2019թ. փետրվարին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազարկման: Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ Կ.Ղազարյանին կանոնավոր կերպով տեսակցելու, ինչպես նաև ընտանիքի հետ նամակագրության նրա իրավունքի պատշաճ իրացումը երաշխավորելու նպատակով: