Անցումային արդարադատությանը ընդդիմացողների կարոտախտը. մի քիչ ազնիվ եղեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելու, «վեթթինգի» եւ անցումային արդարադատության մեկնարկի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտնի ելույթը մի շարք քաղաքական շրջանակների համար պատեհ առիթ դարձավ իրենց գոյության մասին հիշեցնելու: Թե ինչքանով էր վարչապետի հայտարարությունը հասունացած, անհրաժեշտ կամ գուցե ուշացած, չգնահատենք, փաստենք, սակայն, որ վերջին շրջանի մի շարք քաղաքական եւ քաղաքական հստակ երանգավորում ունեցող իրավական անցուդարձեր առավել ակներեւ դարձրին ամբողջ արդարադատության համակարգի վերակառուցման եւ «ռեստարտի» հրատապությունը:

Բնականաբար, անցումային արդարադատությունը, վեթթինգը եւ հանրության առողջացման նմանօրինակ այլ գործիքակազմերի ու համակարգերի անցումը խորը մտահոգություններ է առաջացրել «նախկինների» ճամբարներում: Զարմանալի չէր, որ անցումային արդարադատության վերաբերյալ վարչապետի հենց առաջին իսկ հիշատակումից հետո ՀՀԿ-ական եւ ներկա իշխանության նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող մի շարք շրջանակների կողմից ակտիվ հակաքարոզչություն սկսվեց հենց «անցումային արդարադատություն» գործիքակազմի նկատմամբ:

Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ վերոհիշյալ շրջանակները «անցումային արդարադատությունը» սկսեցին համեմատել «տրոյկաների», «վրեժխնդրության մահակի», «սահմանադրական կարգ տապալելու գործիքի» եւ այսօրինակ երեւույթների հետ: Ըստ ընդդիմադիրների մեկ այլ գնահատականի՝ անցումային արդարադատությունը կիրառվում է աֆրիկյան երկրներում, որտեղ միջցեղային բախումներ, կոտորածներ են եղել, եւ այն երկրներում, որտեղ արդարադատության համակարգը ջլատված է եւ անկարող արդարադատություն իրականացնելու: Թե ինչու են մոռացել կամ գուցե եւ տեղյակ էլ չեն եվրոպական մի շարք երկրներում (Իսպանիա, Լեհաստան, Բուլղարիա եւ այլն) այս գործիքակազմի կիրառման մասին, այլ հարց է: Փաստը, սակայն, այն էր, որ այսօրինակ հիմնավորումը բերում են կրկին անգամ նշելու համար, որ անցումային արդարադատությունը «վտանգավոր վիրահատական գործիք է եւ կարող է դառնալ վրեժխնդրության միջոց»:

Շեշտենք՝ նման մոտեցմամբ անցումային արդարադատության հնարավոր կիրառումից մտահոգված «նախկինները» հենց այստեղ էլ ի ցույց են դնում իրենց անտեղյակությունը բուն գործիքակազմից: Թերեւս սույն դիտարկման սահմաններում նպատակահարմար չէ եւ հնարավոր էլ չէ ամբողջության ներկայացնել անցումային արդարադատության ամբողջական բովանդակությունն ու էությունը, հավելենք միայն այն, որ այս գործընթացի առանցքը ոչ թե պատիժն է, այլ հանրային համերաշխությունը եւ նաեւ սրա միջոցով պատժի բացառումը: Սա սկզբունքային ելակետ է, որն ինքնին բացառում է գործիքակազմի կիրառումը որպես «մահակ» կամ «վրեժխնդրություն»: Վերջապես հենց «անցումային արդարդատություն» արտահայտությունը կազմված է «անցում» եւ «արդարադատություն» բառերից, որոնցից առաջինը խորհրդանշում է նորի սկիզբը, փոփոխությունը, շարժումը, իսկ երկրորդը՝ իրավունքի գերակայությունը:

Բոլորովին այլ հարց է, որ ներկայիս իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքավորում ունեցող շրջանակների, այդ թվում` ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ ՀՀԿ-ի համար անցումային արդարադատությունը, ինչպես ցանկացած այլ նախաձեռնություն, պարզապես առիթ է հակաքարոզչության համար: Հենց այստեղ է, որ ակնհայտ է դառնում այսօրինակ շրջանակների մտահոգությունների կեղծությունը: Ի վերջո, եթե որեւէ մեկը Հայաստանում իսկապես ցանկանում է ունենալ առողջ, անկախ եւ վստահելի դատական իշխանություն, ապա պարզապես չի կարող չնկատել վերջինիս արատավորության ամբողջ ծավալը: Այստեղ է, որ ինչքան էլ սույն օղակները ատամները սեղմած ողջունում են անցած տարվա ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժումն ու հեղափոխությունը, սակայն չեն կարողանում թաքցնել իրենց կարոտախտը առ իշխանական ու կոալիցիոն անցյալը եւ իրենց ատելությունը ամենայն նորի հանդեպ: Եթե իսկապես էլ քաղաքական ուժը, գործիչը, ընդունում է հեղափոխությունը, ողջունում է այն, պարզապես չի կարող պահանջել, որպեսզի ամեն ինչ մնա նույնը:

Սա ինքնին հակատրամաբանական է, քանի որ հեղափոխությունը հենց արմատական փոփոխության մեկնարկ է, ոչ թե կոնսերվացիայի գործընթաց: Այլ կերպ ասած, հայաստանյան քաղաքական դաշտի մի շարք շրջանակներ՝ անգամ հեղափոխությունը ողջունող, դեռեւս չեն հասկացել, թե իրականում ինչու եւ ինչ է կատարվել Հայաստանում մեկ տարի առաջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս