ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ է առաջարկել: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով:
Նշենք, որ այդ օրենքը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Ընդ որում, այս նախագիծը քննարկման էր դրվել դեռ ամիսներ առաջ, սակայն լիագումար նիստում քննարկումները սկսվել էին միայն ապրիլին, ընդունվել առաջին ընթերցմամբ։ Նախնական տարբերակը, որը հենց առաջին ընթերցմամբ էր ընդունվել, սահմանում էր, որ այդ նախագծով աջակցություն ստանալու իրավունք ունի այդ օրերի գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը եւ այն անձը, որին նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Նախագծի համաձայն`աջակցության չափը, ձեւերը եւ այլ հարցեր պետք է սահմաներ կառավարությունը, իսկ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող էին ներկայացնել Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Նախագծով նախատեսված է, որ աջակցության չափը եւս պետք է որոշի ՀՀ կառավարությունը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախագծում արդեն ամրագրված է աջակցություն ստացողների շրջանակը։ ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը։ Ընդ որում` նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։
Եվ, ահա, իշխանական խմբակցության պատգամավորը փորձում է ավելի հստակություն մտցնել աջակցություն ստացող անձանց, հատկապես` ոստիկանների շրջանում։ Սիսակ Գաբրիելյանն առաջարկություններ է ներկայացրել նախագծի հեղինակներին, որոնք վերջիններիս կողմից ընդունելի են եղել։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Ս.Գաբրիելյանը նշեց․ «Քննարկել ենք Դատախազության, Հատուկ քննչական ծառայության հետ, նաեւ նախագծի հեղինակներն են հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունել առաջարկները։ Սա, ըստ էության, փարատում է զինվորների իրավահաջորդների մտահոգությունը, որ, ըստ էության, աջակցություն չստանան այն ոստիկանները, որոնք տուժել են, բայց տուժել են հակաիրավական գործողությունների արդյունքում»,- նշեց նա` ընդգծելով, որ ի սկզբանե տարբերակված մոտեցում չի եղել, եւ սուբյեկտները եղել են ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ ոստիկանները, սակայն հիմա այն ոստիկանները, որոնք ենթարկվել են քրեական պատասխանատվության, կամ գործը հիմա էլ շարունակվում է, իրենք աջակցության իրավունք կստանան, եթե այդ հետապնդումը արդարացման հիմքով դադարի։
Գաբրիելյանի խոսքով` պարտադիր չէ, որ աջակցությունը լինի գումարային տեսքով։ «Պայմանական եմ ասում, միգուցե տուժողներից կամ իրավահաջորդներից մեկը այլ խնդիր ունի։ Կարող է երեխաները համալսարանում սովորեն, եւ փոխհատուցում լինի համալսարանի վարձի տեսքով, միգուցե բնակարանի խնդիր ունենան, այդ փոխհատուցումը լինի բնակարանաշինության տեսքով։ Անհատական մոտեցում կլինի, բայց ոչ խտրականություն»,- հավելեց նա։
Պատգամավորը համոզված է՝ նման ոստիկանները քիչ են լինելու։ «Իմ խորին համոզմամբ` շատ քիչ են լինելու այդպիսի ոստիկաններ։ Գուցե 1-2 լինեն, ովքեր վնասվածք են ստացել եւ դա ստացել են իրենց հակաիրավական գործողությունների արդյունքում։ Այսինքն` այս աջակցությունը չենք տալիս բոլորին, տալիս ենք ֆիքսված՝ մահվան դեպքում եւ վնասվածքի դեպքում։ Իմ կարծիքով` քիչ կլինեն ոստիկաններ, ովքեր միջին կամ ծանր վնասվածք ստացած կլինեն եւ իրենք էլ ներգրավված կլինեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ», – հավելեց նա։
Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ նախագծում հստակեցրել են, թե ինչ են հասկանում միջին կամ ծանր աստիճանի վնասվածք ասելով: Քաղաքացիները նաեւ պետք է կառավարությանը ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը: Հավելենք, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձեւերը սահմանելու է գործադիրը:
Նաիրա Հովհաննիսյան