ՔՊ-ՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ. ԻՐԱՎԻՃԱԿ ՉԻ ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ այն տեղեկությունները, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում խմորումներ են, եւ օր օրի իրավիճակը «թեժանում» է, իրականության հետ որեւէ առնչություն չունեն:

-Պարո՛ն Աղազարյան, ընդդիմությունը քննադատում է իշխանություններին այն բանի համար, որ նպատակ ունեք ավելացնել արտաքին պարտքը: Հայտնի է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն առաջիկայում «Սթենդ-բայ» ծրագրով Հայաստանին $250 մլն կտրամադրի, սակայն անհայտ է, թե ինչի համար է այդ գումարը օգտագործվելու: Արդյոք ընդդիմադիրները կհամաձայնե՞ն նոր օրենք հաստատել, որով կկարողանաք գումարը վերցնել: Տեղյա՞կ եք` ինչ դիրքորոշում են հայտնել նրանք:
-Ընդդիմության շատ ներկայացուցիչներ խոսել են այդ հարցի հետ կապված, նշվել է` եթե դրանք հիմնավորված լինեն, եթե մենք ներկայացնենք, թե այդ գումարները ինչ նպատակի համար են ծախսվելու, ինչպես նաեւ գնահատվեն ծախսերից հետո ձեռք բերված արդյունքները, ապա, կարծում եմ, նրանք կտան համաձայնություն:
-Ընդդիմադիրները նշում են նաեւ, որ այդ քաղաքականությամբ նոր իշխանությունները չեն տարբերվի նախորդներից, քանի որ նրանք եւս իրենց ղեկավարման տարիներին մշտապես ավելացրել են արտաքին պարտքը` այդպիսով ծանրացնելով պետության «հոգսերը»:
-Մենք պետք է գնահատենք իրավիճակը, հասկանանք, թե ինչ է արվելու, ինչ պետք է անել` ծրագրերը հստակ ներկայացվեն: Մենք գումարը չպետք է վերցնենք ու վատնենք, թալանենք, մենք հստակ կներկայացնենք ամբողջ իրավիճակը: Բոլորն էլ ասում են, որ գումարները պետք է ծախսվեն նպատակային, իսկ դրա մասին մենք շատ լավ գիտենք ու հասկանում ենք դրա հետեւանքները: Հաշվի առնելով այսօրվա կառավարության ուղղվածության հզոր մակարդակը, ի հակառակ դրա` նախկին կառավարության կոռումպացվածության մակարդակը, պետք է արդեն հասկանալի դառնար, թե ինչ են արվելու այդ գումարները: Հետեւաբար, սա շատ լուրջ նախադրյալ է: Եթե կառավորությունը ունի հստակ ուղղվածություն, գիտի իր հստակ անելիքները, ապա խոսել ինչ-որ այլ բաների մասին, կարծում եմ, իրատեսական չէ: Կարծում եմ` այս ամենը հաշվի առնելով` արդեն կարելի է արդյունքներն ապահովել:
-Բայց հանրությունը վստահ էր, որ իշխանությունները կաշխատեն այնպես, որ արտաքին պարտքի ավելացման փոխարեն լինի նվազում:
-Գուցե հանրությունն իր մաշկի վրա չզգա այն փոփոխությունները, որոնք կատարվում են ամեն օր, ամեն ժամ, բայց ասել, որ փոփոխություն չի կատարվում, կարծում եմ, սխալ կլինի: Կան բաներ, որոնք պետք է արձանագրել, օրինակ` այն, որ 40 մլն-ով ավելանում է պետական բյուջեն: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս ամենի շնորհիվ բարձրանալու է ուսուցիչների ու զինվորականների աշխատավարձերը: Իսկ ես կարծում եմ, որ առաջիկայում ավելի կավելանա բյուջեում գումարների չափը, ավելի շատ կլինեն աշխատավարձերի բարձրացումը, այսինքն` ասել, որ մենք չենք աշխատում եւ, ավելին, կրկնում ենք նախորդների սխալները, կարծում եմ, շատ սխալ է: Չտեսնել այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, շատ սխալ է:
-Բավական երկար ժամանակ է` մամուլում շրջանառվում է մի տեղեկություն, ըստ որի` Ձեր կուսակցությունում խմորումներ են, նույնիսկ նշվում է, որ հնարավոր է վարչապետի փոփոխություն: Դուք, լինելով կուսակցության վարչության անդամ, կասե՞ք` արդյոք իրական են այդ տեղեկությունները. ի՞նչ չեք կարողանում «կիսել» կուսակցությունում:
-Ես երբեմն կարդում եմ այնպիսի բաներ, որ, լինելով կուսակցության վարչության անդամ, ինձ թվում է, թե ես, կարող է, կապ չունեմ այս ամենի հետ, մտածում եմ, կարող է, ես նման բաների մասին տեղյակ չեմ (ծիծաղում է-Ս.Գ.): Իհարկե, կան շատ տարբեր հարցեր, որի մասին կան տարբեր կարծիքներ, կամ մենք բանավիճում ենք այդ հարցերի շուրջ, որը շատ բնական բան է, դա դեռ չի նշանակում, թե մեր կուսակցությունում ինչ-որ խմորումներ են: Կարծում եմ` դրանք ինչ-որ մեկի վառ երեւակայության արդյունքն է: Դե փորձ է արվում անվստահության սեպ խրել մեր ու ժողովրդի միջեւ, բայց վստահ եմ, որ դա անհնարին բան է, քանի որ ժողովուրդը մեզ վստահել է, իսկ մենք բաց ներկայացնում ենք մեր անելիքներն ու այն, ինչ կատարվում է իրականում:

 

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՓԱՐԱՏԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հանդիպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Ընդ որում, հանդիպումն անցկացվել է դռնփակ: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:

-Տիկի՛ն Թովմասյան, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Ի՞նչ է քննակվել, եւ ինչո՞ւ էիք նախաձեռնել նման հանդիպում:
-Նախաձեռնությունը պայմանավորված էր այն անհրաժեշտությամբ, որ այսօր տեղի են ունենում մի շարք քրեական գործերի քննություններ հետհեղափոխական Հայաստանում բավականին մեծ թվով, որոնք շատ մեծ աղմուկ են հանել, եւ որոնց քննության մասով տարաբնույթ մեկնաբանություններ ենք լսում պաշտպանական կողմից, եւ, կարծեք, անընդհատ միակողմանի տեղեկություններ են հրապարակվում: Խնդիր կար ցույց տալու եւ հասկանալու, թե ինչ է կատարվում երկրորդ կողմի մոտ, եւ երկրորդ կողմն ինչ հակափաստարկներ ունի: Այս նկատառումով որոշեցի նախաձեռնել հանդիպումը, իսկ դատախազը օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող է եւ տեղյակ է բոլոր գործերի քննության ընթացքից:
-Եթե հրավերը կար, ինչո՞ւ որոշվեց նիստն անցկացնել դռնփակ, ի՞նչ հարցեր քննարկեցիք:
-Հանդիպումը դռնփակ էր շատ պարզ պատճառով. մի շարք քրեական գործերի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, այսինքն` կարող են խոսվել բաներ, որոնք պարունակեն նախաքննական գաղտնիք, չթույլատրելի, եւ ցանկալի չէ, որ հրապարակայնացվեին, այդ պատճառով նիստը գումարվեց դռնփակ: Ասեմ, որ, այնուամենայնիվ, բավականին արդյունավետ քննարկում ծավալեցինք:
-Կմանրամասնե՞ք մի քանի հարցեր:
-Որքանով ես հասկացա, մեր պատգամավորների մեծ մասին հետաքրքրում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնց մասին հարցեր տրվեցին, եւ դատախազը պատասխանեց: Բայց սրանից ավելի բան չեմ կարող ասել, քանի որ պետք է հաշվի առնել նախաքննական գաղտնիքի հանգամանքը: Ես կարող եմ նշել իմ հարցերը, որոնք ավելի շատ քաղաքական բնույթի գործին էին առնչվում եւ շատ ավելի մեծ աղմուկ բարձրացրած. խոսքը մարտի 1-ի մասին է: Կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ գխավոր դատախազը տվեց պատասխան, որ ե՛ւ մարտի, ե՛ւ նաեւ մյուս քրեական գործերով, որոնցով այս պահին նախաքննություն է իրականացվում, այդ գործերով օրինականությունը երաշխավորում է գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանն ասաց, որ, այո, երաշխավորում է դրանց օրինականությունը: Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ մենք, ըստ էության, հասկացանք, որ պաշտպանական կողմի այն բոլոր փաստարկները, որ բերվում են, միակողմանի են բերվում, որովհետեւ գլխավոր դաախազը պնդում է` իր մեղադրանքի ամբողջ էությունը շատ կարեւոր էր: Ես հետաքրքրվեցի մասնավորապես 10 զոհերի մասով, որովհետեւ ինձ համար սկզբունքային հարց է. ես դեռ լրագրության տարիներին մարտի 1-ի գործով շատ ակտիվ զբաղվել եւ լուսաբանել եմ: Ինձ հետաքրքրում էր, թե ինչ փուլում է սպանությունների գործի քննությունը, եւ ինձ համար բացահայտեցի հանդիպումից, որ, ըստ էության, այն բոլոր մեղադրյալները, որոնց մեղադրանքներ առաջադրված են, մի շարք պաշտոնյաների մասով եւ իրենց մասով գործի նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել է կողմերին` ծանոթանալու գործին։ Այսինքն` այդ պաշտոնյաներից որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ սպանության հատկանիշներով` կա՛մ սպանության կազմակերպման, կա՛մ սպանության դրդման, կա՛մ օժանդակության հատկանիշներով: Հետեւաբար, նշանակում է, եւ գլխավոր դատախազն էլ տեղեկացրեց, որ քրեական գործը սպանությունների 10 զոհերի մասով դեռեւս շարունակվում է, եւ որեւէ մեղադրանք որեւէ մեկին, ըստ էության, առաջադրված չէ: Ես կարծում եմ, որ մենք պետք է հետեւողական լինենք, եւ գլխավոր դատախազի այդ իմաստով սկզբունքայնությունը ինձ շատ բավարարել է, եւ փարատեց մտահոգությունները: Դատախազը հայտարարեց, որ իսկապես տասը զոհերի մասով քննությունը դեռ շարունակվում է, եւ իրենք նպատակ ունեն անպայմանորեն, ցանկացած պարագայում բացահայտել 10 զոհերի մահվան բոլոր հանգամանքները:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է
«Քլիներս» ՍՊԸ-ի ղեկավարությունը երեկ հանդիպում է ունեցել Ազգային ժողովում մաքրություն իրականացնող կանանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպումից հետո նրանց մեծ մասը համաձայնել է շարունակել աշխատել խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող 40 մաքրուհիներից միայն 9-ն են հրաժարվել աշխատել նրանց առաջարկած պայմաններով: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ ընկերության տնօրենն ասել է, թե նոր մարդիկ չեն ընդունի, այլ դրա փոխարեն կբարձրացնեն նրանց աշխատավարձը:

 

 

ԳՇ ՊԵՏԸ ՇՏԱՊՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեղրիում տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել է ՊՆ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին եւ իրավապահներին հայտնել է, որ ինքը կատարված միջադեպի հետ կապ չունի: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` գեներալի որդին հիմնական բունտը բարձրացրած 5 զինվորների մեջ է եղել, սակայն, ի տարբերություն նրանց, զորամասը չի լքել: Այս հանգամանքը դեռեւս իրավաբանորեն չի ապացուցվել, սակայն գործով քննությունը ընթանում է, դեռ շատ անձինք կհարցաքննվեն, եւ հուսանք, որ չեն վախենա եւ իրականությունը կներկայացնեն: Ավելին` եղել են զինվորներ, որոնք հարցաքննվել են, սակայն գեներալի որդու անունը չեն տվել հասկանալի պատճառներով: Ըստ էության, հաշվի են առել այն հանգամանքը, որ երեկ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել է. «Դրանք ճիշտ հրապարակումներ չէին. գեներալի որդին որեւէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել»:

 

 

ՏԵՂԱԿԱԼԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Գոհար Փանաջյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի։ Նա պահանջում է իրեն վերականգնել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում եւ միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձել։ Ի դեպ, այս գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 5-ին։ Նշենք, որ Գոհար Փանաջյանը նախկինում երկար պայքար տարավ ղեկավար դառնալու համար, անգամ մասնակցեց տեսչական մարմնի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթին, սակայն չհաղթեց: Հետո նա ազատվեց պաշտոնից։ Ինքը՝ Փանաջյանը, իր աշխատանքից ազատման պատճառի մասին անգամ իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ նշելով, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն իրեն առաջարկել է «լավով» հեռանալ, հակառակ դեպքում «վատով» կարվի։ Բայց որոշ ժամանակ անց նա նշանակվեց առողջապահության նախարարի խորհրդական։ Տեսակետ Է շրջանառվում այն մասին, որ Փանաջյանին նշանակել են այս պաշտոնին «լռեցնելու» համար։ Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Գոհար Փանաջյանի հետ, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Բայց, մյուս կողմից, չի բացառվում, որ Փանաջյանը հետ վերցնի իր հայցադիմումը։




Լրահոս