«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բողոք է ստացել այն մասին, որ Գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար թունանյութերի գնման տեխնիկական բնութագրերում պահանջվող թունանյութի նկարագրությունն այնպես է կազմում, որ համապատասխանում է միայն «Հրաշք այգի» ընկերության մատակարարած ապրանքներին: Ու կան հիմնավոր կասկածներ, որ Գյուղատնտեսության նախարարությունը հատուկ է այդպիսի պայմաններով մշակում մրցութային տեխնիկական բնութագիրը, որ ուրիշ ընկերություններ չկարողանան հաղթող ճանաչվել:
Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անցած տարվա նոյեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Հրաշք այգի» ընկերության հետ եւ ձեռք բերել «ռոդիֆակում» տեսակի թունանյութը: Այն, ի դեպ, նախատեսված է կրծողների դեմ պայքարի համար եւ համարվում է մկնասպան միջոց: Պարզվում է, որ մկնասպան միջոցների ձեռքբերման համար նախատեսված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել է երկու ընկերություն`«Հրաշք այգի» եւ «Ագաստ ու Ջի Թի Սի» ընկերությունները: Դրանցից երկուսը` «Ագաստ ու Ջի Թի Սի», միասին առաջարկել են 32 մլն 687 հազար դրամ, իսկ «Հրաշք այգի»-ն` 25 մլն 680 հազար դրամ: Բնականաբար, ԳՆ-ն պայմանագիրը կնքել է «Հրաշք այգի» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գնվել է 4142 կգ մկնասպան միջոց, իսկ ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 25 մլն 680 հազար 400 դրամ:
Ըստ որոշ տեղեկությունների` այս տարեսկզբին «Հրաշք այգին» նախապես Հայաստան է ներկրել նախարարության կարիքների համար պահանջվող քանակն ու տեսակը այն դեպքում, երբ մրցույթը դեռեւս չի էլ հայտարարվել: Տեսակետ է շրջանառվում անգամ այն մասին, որ Գյուղատնտեսության նախարարությունը «Հրաշք այգի» ընկերության հետ նախապես է պայմանավորվածություն ձեռք բերել:
Եւ ամենաուշագրավն այն է, որ Գյուղատնտեսության նախարարությունը մրցույթը հայտարարելուց հետո մատակարարման համար հատուկ է սեղմ ժամկետ սահմանել, որպեսզի ոչ մի ընկերություն չկարողանա գործնականորեն մատակարարել պահանջվող թունանյութը: Չէ՞ որ այդ ամենը դեռ պետք է ներկրել, գործընթաց, որը ժամանակատար է: Բայց սա դեռ ամենը չէ. կան այլ ընկերություններ, որոնք կարող են ավելի էժան գնով մատակարարել թունանյութ, քան «Հրաշք այգի»-ն է առաջարկում, բայց նրանց այդպես էլ հաշվի չեն առել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Հրաշք այգի» ընկերությունը ակտիվ է պետական գնումների գործընթացներում: Միայն 2015 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով կառավարությունը ավելի քան 300 մլն դրամ էր հատկացրել «Հրաշք այգի»-ին, իսկ ընկերությունն էլ այդ պարարտանյութերի մատակարարումները կազմակերպել էր: Ավելին, նախկինում պարզվում է` «Հրաշք այգի» ընկերությունն անգամ 310 մլն դրամ բյուջետային վարկ է ստացել առանց գրավի` տարեկան 0,001 տոկոսադրույքով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մկնասպան թունանյութը նախարարությունը 2016 թվականին դարձյալ ձեռք է բերել «Հրաշք այգի» ընկերությունից, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն 900 հազար դրամ:
Բայց, ամենակարեւորը. «Հրաշք այգի»-ն Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության մեջ ավելի ակտիվ եղել է 2016-2017 թվականներին, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոսեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի մասին: Իհարկե, հետագայում Վերահսկիչ պալատը (ներկայիս Հաշվեքննիչ պալատը) մի շարք թերություններ արձանագրեց ծրագրում: Հիմա կհարցնեք, թե այս ծրագրի հետ ինչ գործ ունի «Հրաշք այգի»-ն: Պարզվում է` այս ծրագրի հետ հենց անմիջական կապ ունեցել է ««Հրաշք այգի»-ն, որը մատակարարել է ապրանքները: Ի դեպ, այս ծրագրի խոշոր շահառուներից է եղել «Ֆիառ Գրուպ» ընկերությունը, որի հիմնադիր Լենա Բաղդասարյանը հանդիսանում է «Հրաշք այգի» ընկերության տնօրեն Արթուր Իվանյանի կինը: Ավելին, ԳՆ աշխատակիցների խոսքերով` այդ ժամանակահատվածում` 2017 թվականին, Արթուր Իվանյանը շատ հաճախ է հյուրընկալվել նախարարությունում. նրան այնտեղ շատ են տեսել:
Պարզվում է, որ «Հրաշք այգի» ընկերությունը մասնակցել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պետական պահպանության ծառայության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող պետական գնումների գործընթացում եւ, բնականաբար, հաղթող ճանաչվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչպես է ստացվում, որ գրեթե բոլոր պետական գնումների մրցույթներին «Հրաշք այգի»-ն հաղթող է ճանաչվում, ընկերությունից արձագանքեցին. «Ոչ միշտ ենք մենք տենդեր շահում: Մենք ունենք փաստեր, օդի մեջ չենք ասում: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարի հետ մտերմությանը, ես նույնիսկ չեմ ճանաչում իրեն, հանդիպած չկամ իրեն: Տեխնիկական բնութագիրը մենք մեզանից չենք հորինում: Հրավիրում ենք Ձեզ մեր մոտ եւ կարող ենք Ձեզ օրինակներ նշել, որ մենք շատ մրցույթների դիմել ենք ու չենք շահել: Դուք ասում եք, որ ներկայացրել են, որ մենք շահենք, բայց ես կարող եմ հակառակը ասել. այնպես են ներկայացրել, որ ընդհանրապես մենք չշահենք»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանին եւ հետաքրքրվեց, թե իրականում ինչ կապ ունի Գեղամ Գեւորգյանը «Հրաշք այգի» ընկերության հետ: Հարցին ի պատասխան` մամուլի խոսնակն ասաց. «Մրցութային գործընթացում Գեղամ Գեւորգյանը որեւէ փոփոխություն չի իրականացրել եւ այդ ամենի հետ որեւէ կապ չունի»: Ապա փոխանցեց, որ գնման այս գործընթացին վերաբերող հարցերը գրավոր ուղարկենք:
Մինչ այդ, արձանագրենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնոց է նետել կոռուպցիային` պայքարելով նաեւ հովանավորչության նման դրսեւորումների դեմ, այնինչ իշխանական որոշ օղակներ շարունակում են նախկին ավանդույթներով շարժվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ԽԻՍՏ ՊԱՅՔԱՐԸ ԿՎՆԱՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին, ըստ ոլորտների, հետաքրքիր պատկեր է ունեցել: Օրինակ` մշակող արդյունաբերությունն աճել է 8 տոկոսով, առեւտուրը` 13.1-ով, իսկ ծառայությունները` 17.5 տոկոսով: Բայց այս տվյալներում հատկապես հետաքրքիրն այն է, որ սննդամթերքի արտադրությունն է աճել 25 տոկոսով, խմիչքի արտադրությունը` 30-ով, ծխախոտինը` 17 տոկոսով:
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ ակտիվ քննարկումներ են ընթանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում: Ու, հատկապես, կառավարության տնտեսական բլոկը հակադրվում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` ասելով, որ ծխելու դեմ պայքարը կարող է վնասել տնտեսությանը, ըստ այդմ՝ հարկային մուտքերին: Նման գնահատականները, պարզվում է, այնքան էլ անհիմն չեն, որովհետեւ երկու ամիսներին միայն ծխախոտի արտադրության ոլորտում գրանցված աճը կազմել է 17 տոկոս:
Այլեւս փաստ է, որ ծխախոտի արտադրությունն իր լուրջ դերակատարությունն ունի տնտեսության մեջ:
Մյուս կողմից` նկատենք, որ սիգարետների արտադրության ծավալները 2018 թվականի ընթացքում, 2017-ի համեմատ, 11 տոկոսով ավելացել են: Բացի այդ, բավական է միայն հիշել, որ 2018 թվականին Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե մուծել է 42.2 մլրդ դրամ հարկ: Ավելին, մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների առաջին երկու տասնյակում կա՛մ ծխախոտ արտադրողներ են, կա՛մ ծխախոտ ներկրողներ: Ու ակնհայտ է, որ այս դեպքում հարկային մուտքերը էականորեն կկրճատվեն, եթե ծխելու դեմ պայքարը խիստ բնույթ կրի: Իհարկե, որոշակի սահմանափակումներ մտցնել պետք է. չէ՞ որ այն ամբողջ աշխարհում ընդունված ու ճիշտ պրակտիկա է, բայց առանց բացարձակ սահմանափակումների:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ
Երեկ առավոտյան` 10.30-ից, ավելի քան 2 ժամ Դիլիջան քաղաքի ավտոկայարանի մոտ՝ Լճափ կոչվող տարածքում, Դիլիջանի տասնյակ բնակիչներ բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներով փակել էին միջպետական ավտոճանապարհը: Բողոքի գործողության պատճառը Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանի ազատազրկման դատավճիռն է: 1989թ. ծնված Դ. Հակոբյանը մեղադրվել է այն բանի համար, որ 2016թ. փետրվարի 11-ին` ժամը 22-ի սահմաններում` Շամախյան թաղամասից վերադառնալիս, Դիլիջանի բնակիչ Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով Ս. Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: 2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել էր, եւ նա ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից:
Քրեական գործով մեղադրողը բողոքարկել է դատավճիռը, խնդրել Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով` կայացնելով մեղադրական դատավճիռ: 2017թ. նոյեմբերի 28-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքն ու Դ. Հակոբյանին մեղավոր է ճանաչել՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 9 տարի ժամկետով:
Դ. Հակոբյանի պաշտպանն այդ դատավճռի դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել: 2019թ. մարտի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշել է Դ. Հակոբյանի պաշտպանի` Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Դավիթ Հակոբյանի հայրը՝ Դիլիջանի նախկին զինկոմ, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը, հայտարարեց, որ իր որդին անմեղ է, նրա նկատմամբ նախաքննությունն անարդար է եղել, որ որդին վկաների ցուցմունքներով դատապարտվել է 9 տարի ազատազրկման, Վճռաբեկը գործը վարույթ չի ընդունել: Հովհաննես Հակոբյանի մյուս տղան 2014թ. զոհվել է Արցախի առաջնագծում ծառայություն իրականացնելիս: Ակցիայի հետեւանքով երեկ միջպետական ավտոճանապարհին մեծ խցանում էր առաջացել, բազում մեքենաների վարորդներ, ասելով, որ իրենք Երեւան հիվանդ են տեղափոխում, այլ հրատապ գործեր ունեն, խնդրում էին ճանապարհը բացել: Ժամը 12-ի սահմաններում դեպքի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը հայտնեց, որ ինքն այդ գործով հետամուտ կլինի արդարության հաստատմանը: Արդեն ժամը 13-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհը բացված էր:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ