Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ին աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական եւ գիտական աշխատանքից, իսկ Օրբելյանը զբաղեցնում էր միաժամանակ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները:

Նշենք, սակայն, որ Կոնստանտին Օրբելյանն այժմ էլ շարունակում է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Օպերային թատրոնի նախկին աշխատակից, իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց` ինքն ինն ամիս շարունակ դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն` ներկայացնելով իրավական հիմնավորումներ առ այն, որ նախկին իշխանությունն ապօրինաբար է Օրբելյանին նշանակել տնօրենի պաշտոնում: «Ի սկզբանե Օրբելյանը նշանակվեց տնօրենի պաշտոնում առանց մրցույթի այն պարագայում, որ տասը տարուց ավել բոլոր տնօրենները մրցութային կարգով էին նշանակվում: Նա նույնիսկ չի տիրապետում հայերենին. թղթերը, որոնց տակ ստորագրում է, չի կարողանում կարդալ: Ամբողջ տարին երկրից դուրս է գտնվում: Պաշտոնական տվյալներով` 2018թ.-ին 160 աշխատանքային օր նա չի ներկայացել թատրոն այն դեպքում, երբ իր ենթակայության ներքո ունի 600 աշխատակից: Երբ Օրբելյանը նշանակվեց տնօրենի պաշտոնում, աշխատանքից ազատեց ոչ յուրայիններին, այդ թվում` ինձ: Կոնկրետ ինձ նա ազատել է առանց իրավական հիմքի, անօրինաբար: Ու եթե շատ աշխատակիցներ բողոքեցին, բայց կարճ ժամանակ անց հուսահատվեցին, ապա ես գնացի մինչեւ վերջ»,- մեկնաբանեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը Օպերային թատրոնի իր աղբյուրներից պարզեց, թե ինչ տրամադրություն է տիրում թատրոնում, ինչպես են աշխատակիցները վերաբերվում Օրբելյանի` աշխատանքից ազատմանը: Մեր անանուն աղբյուրներից մեկը նշեց, որ անձնակազմը բացասաբար է արձագանքել Օրբելյանի ազատմանը, քանի որ նա պրոֆեսիոնալ է, ունի թատրոնի համար նպաստավոր կապեր, որոնք քչերն ունեն: Մեր աղբյուրը փոխանցեց նաեւ, որ թատրոնում արդեն իսկ շրջանառվում են նոր տնօրենի, գեղարվեստական ղեկավարի անուններ: «Խոսակցություններ կան, որ Օրբելյանին տնօրենի պաշտոնում փոխարինելու է հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող, «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, իսկ գեղարվեստական ղեկավար է նշանակվելու օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Ասում են նաեւ, որ Նազենի Ղարիբյանի գործողությունների ետեւում կանգնած է օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որին նախկին իշխանության օրոք կրճատել էին, եւ հիմա նա վերադառնալու նկրտումներ ունի: Ի դեպ, Նազենի Ղարիբյանը Կարեն Դուրգարյանի կնոջ ընկերուհին է: Օպերային թատրոն նոր, խոշոր պաշտոնով մուտք գործելու «ախորժակ» ունի նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը»,-հավաստիացրեց նա:
Իսկ, ահա, օպերային թատրոնի մեր մյուս աղբյուրը տեղեկացրեց` արտիստներն այնքան են ուրախացել Օրբելյանի ազատմամբ, որ անթաքույց շնորհավորում են մեկը մյուսին: «Երկրում իրավիճակ է փոխվել, ապօրինությունների դեմ պայքար է սկսվել, ինչը գովելի է: Օրբելյանի ազատումը ոչ ոքի համար անակնկալ չէր. բոլորն էլ սպասում էին դրան, գիտեին, որ արդարությունը վերականգնվելու էր: Ես չեմ հանդիպել մեկին, ով դժգոհ է մնացել նրա ազատումից, ավելին` շատերը կուզենան, որ նա լքի նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Հիմա թատրոնում անհամբեր սպասում են, թե ով կփոխարինի Օրբելյանին»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՊԵՏՔ Է ՓՈՓՈԽԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱՏԸ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մակարդակի, լեգիոնականների լիմիտի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:

-«Արարատի» առաջիկա հանդիպումը «Լոռիի» հետ է: Ի՞նչ վիճակով է Ձեր թիմը մոտենում այդ պատասխանատու հանդիպմանը:
-Ոչ թե միայն «Լոռիի» հետ խաղին ենք մենք նախապատրաստվում, այլ առաջնության մնացած խաղերին: Դա մեր պրոֆեսիոնալիզմն է, եւ չեմ պատկերացնում, որ կա թիմ, որը կարող է այլ կերպ պատրաստվել հանդիպումներին: Դա գործընթաց է, որը ուրիշ ձեւ ընթանալ չի կարող:
-Առաջնության մնացած թիմերից «Արարատը» բավականին հետ է մնացել: Հիմա կոնկրետ ի՞նչ խնդիր է դրված Ձեր առջեւ, եւ ո՞ր հորիզոնականը ինչ-որ չափով կբավարարի Ձեզ:
-Երբ ես եկա «Արարատ», նրանք շատ ավելի հետ էին մրցակիցներից (ծիծաղում է-հեղ.` Է.Մ), իսկ հիմա արդեն բարելավել ենք մեր դիրքերը: Հիմա մեր առջեւ կոնկրետ հորիզոնական զբաղեցնելու խնդիր չկա: Կփորձենք մյուս մրցաշրջանի համար ամուր թիմ կառուցել եւ հասկանալ, թե որ ֆուտբոլիստներն են մնալու մեզ հետ եւ որոնք՝ հեռանալու: Մյուս մրցաշրջանի համար կլինեն նաեւ նոր խաղացողներ:
-Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց, այսպես ասած, ունեք Ձեր աչքի տակ եւ պատրաստվում եք ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
-Հայաստանում խաղացող ֆուտբոլիստները ունեն պայմանագրեր, եւ դա մեզ համար խնդիր է առաջացնում բանակցություններ սկսելու համար, այդ պատճառով մենք մեր ուշադրությունը սեւեռում ենք արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների վրա: Նորմալ ֆուտբոլիստներն էլ բավականին գումարներ են պահանջում: Այս պահին կոնկրետ խաղացողի անուն չեմ կարող նշել, սակայն մեկ բան հստակ է. ձեռք բերված ֆուտբոլիստները չպետք է լինեն այնպիսին, ինչպես այսօր է, որովհետեւ նրանք շատ ցածրորակ խաղացողներ են. խոսքը լեգիոնականների մասին է: Իհարկե, կան խաղացողներ, որոնցից ես շատ գոհ եմ, եւ նրանց հետ հույսեր կապում եմ:
-Լեգիոնականների թիմի մասին արդեն արտահայտվել եք: Մնում եք նույն կարծիքի՞ն:
-Իհարկե, չեմ փոխել կարծիքս: Լեգիոներների լիմիտ կարելի է դնել միայն այն ժամանակ, եթե կա տեղացի խաղացողների որոշակի քանակ, այսինքն` տեղի ակումբները ունենան որոշակի ենթակառուցվածքներ: Դրանցից բացի, պետք է լինեն մանկապատանեկան բազում թիմեր: Նույնիսկ այդ պարագայում կպահանջվի 5-ից 7 տարի, որ այդ սիստեմը սկսի աշխատել: Այդ ամենից հետո նոր կարելի է խոսել լիմիտի մասին. հիմա դա ուղղակի աբսուրդ է: Եթե նայենք մեր բոլոր թիմերը, միասին 100 հայ ֆուտբոլիստ չունեն: Այս ամենը քննարկվել է, շահարկվել է մի քանի հոգու կողմից, որոնց այդ փաստը ձեռնտու է:
-Ֆեդերացիայում կայացած փոփոխություններից հետո Հայաստանի առաջնությունում տեղաշարժեր կա՞ն:
-Հայաստանի առաջնությունում տեղաշարժեր կան միայն այն առումով, որ սկսել են թիմեր ավելանալ: Կա մի բան, որին, հուսով եմ, նորընտիր ֆեդերացիան կանդրադառնա: Դա կապված է առաջնության ֆորմատի հետ: Խոսքը աշուն-գարուն ձեւաչափի մասին է: Այսպիսի ֆորմատը չի կարող խթանել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Նախ` մեր կլիմայական պայմանները եւ ենթակառուցվածքները մեզ թույլ չեն տալիս անցկացնել նման ֆորմատի առաջնություն: Դեկտեմբերի սկզբին գոնե 1-2 հանդիպում հնարավոր է լինում անցկացնել: Եւ ամենակարեւոր խնդիրը կապված է եվրագավաթների հետ, որոնց մեր ակումբները մոտենում են առանց մարզավիճակի: Այս ամենը պետք է վերլուծության ենթարկվի, որպեսզի կարողանանք զարգացնել հայկական ֆուտբոլը, այլապես Բարձրագույն խմբի առաջնությունը վերածվում է մանկապատանեկան առաջնության:
-Եթե լինեն շահավետ առաջարկներ Եվրոպայից, կընդունե՞ք:
-Եթե լավ առաջարկներ լինեն նույնիսկ Եվրոպայից դուրս, իհարկե, կընդունեմ (ծիծաղում է-հեղ.` Է.Մ.): Ֆուտբոլիստների համար է անչափ բարդ դրսում ամրապնդվելը, ուր մնաց մարզիչների համար բարդ չլինի: Եթե լինեն առաջարկներ, կընդունեմ դրանք:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՍՏԱԽՈՍԻ ՄԵԿՆ Է
Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն մամուլին հայտարարել էր, որ թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը իրեն ծեծի էր ենթարկել: Նա նաեւ ասել էր, որ դա կարող են փաստել իր ընկերները: Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է Աբրահամ Խաշմանյանի հետ: Խաշմանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ կարգին է. Զվանեի նշած ընկերներն արդեն եկել, ներողություն են խնդրել եւ ասել են, որ կապ չունեն միջադեպի հետ, նրանք նաեւ ստորագրություններ են տվել: Խաշմանյանը նշեց, որ պատիժ կիրառվելու է միայն Զվանեի հանդեպ. «Վաղաժամկետ կխզենք նրա հետ պայմանագիրը. ստախոսի մեկն է, մարզահագուստ էր գողանում, որը նրա էությունն է: Բոլորը ճանաչում են ինձ է՛լ, նրան է՛լ: Ամեն ինչ արդեն կարգին է»,- ասել է Խաշմանյանը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԸ
Բուխարեստում ապրիլի 12-ից 14-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 10 ըմբիշ: Ռումինիա կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը:

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՏԻՏՂՈՍ ՆՎԱՃԵԼ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին անկեղծացել է` կապված իր նպատակների հետ Արգենտինայի հավաքականում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի խոսքերով` նա ցանկանում է Արգենտինայի համար տիտղոս նվաճել եւ ցանկանում է իր հետքը թողնել ազգային հավաքականի կազմում. «Երազանքս հավաքականի հետ տիտղոս նվաճելն է: Շատերը դեմ էին իմ վերադարձին, բայց ես հստակ եմ իմ որոշումներում եւ գիտեմ` ինչի համար եմ վերադարձել Արգենտինայի հավաքական»: Հիշեցնենք, որ Լեո Մեսին կրկին վերադարձել էր Արգենտինայի հավաքական եւ Վենեսուելայի դեմ ընկերական խաղում վնասվածք ստացել:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս