ԴԱՏԱՎՈՐԻՆ ՊԱՐՏՔՆ ԷԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵ՞Լ, ԹԵ՞ ԿԱՇԱՌՔ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կաշառքի գործով կալանավորվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորը չի ընդունում մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել է, որ դա կաշառք չի եղել, այլ փաստաբանը իրեն պարտք է եղել եւ պարտքն է վերադարձրել:
Այսպիսով, ՀՔԾ-ն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրել, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.4 մլն ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1 միլիոն 715. հազար դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել` հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց եւ բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին: Արդյունքում դատավոր Հեբոյանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ դատավորին ձերբակալելու օպերացիան եղել էր Բջնիի ճանապարհին. իրավապահները նրա մեքենան կանգնեցրել ու այդտեղից բերման էին ենթարկել:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 3-ին դատարան է դիմել Բենիկ Հարությունյանը` ընդդեմ իր եղբոր` Օնիկ Հարությունյանի: Բենիկ Հարությունյանը հանդիսանում է «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հիմնադիրներից, նրա բաժնեմասը կազմում է 26 տոկոս: Այսպիսով, հայցվոր Հարությունյանը դատարանին հայտնել է, որ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի 74 տոկոս բաժնեմասի սեփականատեր եւ 2009-2013թթ. գործադիր տնօրեն Օնիկ Հարությունյանը եւ 2013-2014թթ. գործադիր տնօրեն Սեյրան Առաքելյանը հայցվորին անհայտ հանգամանքներում ձեռք են բերել «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի ակնհայտ կեղծ կանոնադրություն, որը չի քննարկվել եւ հաստատվել «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովում: 2009-2013թթ. ընթացքում պատասխանողները, օգտվելով այն հանգամանքից, որ Բենիկ Հարությունյանն առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցելու «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի աշխատանքներին, ՀՀ օրենքների եւ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կանոնադրության պահանջների խախտումներով կնքել են թվով չորս փոխառության պայմանագրեր: Այդ փոխառության պայմանագրերը կնքվել են առանց հարցը «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի մասնակիցների հետ ընդհանուր ժողովում քննարկելու: Դատական նիստի ժամանակ հայցվոր Բենիկ Հարությունյանը պնդել է իր հայցը բավարարել, ինչպես նաեւ միջնորդել է դատավոր Հեբոյանին հայցը մերժելու դեպքում իրեն ազատել պետական տուրքի վճարումից:
Դատավոր Հեբոյանը լսել է բոլոր կողմերին, անգամ` պատասխանողների առարկությունները, եւ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո` մարտի 18-ին, կայացրել է որոշում, այն է՝ ընդդեմ Օնիկ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի եւ Սեյրան Առաքելյանի` երրորդ անձ «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի փոխառության պայմանագրերը, հաշտության համաձայնագիրը, լիազորագիրն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետեւանք սեփականության իրավունքը ճանաչելու եւ գումարի բռնագանձման պահանջների մասին Բենիկ Հարությունյանի հայցը մերժել:
Մինչ այդ նկատենք, որ դատավոր Հեբոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, եւ իրավապահներին հայտնել է, որ դա կաշառք չի եղել, այլ փաստաբանն իրեն պարտք է եղել եւ վերադարձրել է պարտքը: Կկարողանան արդյոք իրավապահներն ապացուցել մեղադրանքը` ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, նկատենք, որ հիմնականում կաշառք վերցնող անձինք հենց այդպես են փորձում արդարանալ` ասելով, որ իրենց վերադարձրել են պարտքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂՔԸ

Թավշյա հեղափոխությունից հետո նոր Հայաստանում պաշտոնատար անձինք պետք է օրինակ ծառայեին. ոչ միայն դատապարտեին կաշառքի ցանկացած դրսեւորում, այլեւ իրենք չվերցնեին գումար: Սակայն պարզվում է, որ անգամ հեղափոխությունից հետո նորանշանակ պաշտոնատար անձինք չեն դիմանում փողի գայթակղությանը: Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:

Դեպքից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կաշառքի գումարը եղել է 3 հազար դոլար, այն փոխանցվել է փոխնախարարի կաբինետում: Խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին պետպատվերի գումարների վերաբաշխմանը, ինչով զբաղվել է նշված փոխնախարարը:
Ըստ մամուլի հրապարակումների` կաշառատուն եղել է հանրապետության գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, ում նույնպես ձերբակալել են նույն օրը, սակայն ժամեր անց ազատ արձակել:
Դեպքից երկու օր անց ԱԱԾ-ն պաշտոնապես ներկայացրեց իրավիճակը` հայտնելով, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել Առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը եւ նրա հետ ձեւավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք վերոնշյալ անձն անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերի գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու համար կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը եւ առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ գործից: Մասնավորապես, իրականում իրավապահների ուշադրությունը Առողջապահության նախարարության գործունեության նկատմամբ սկսվել է մեկ ուրիշ դեպքից: Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքար է տանում եւ տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ գրություններ է ուղարկում իրավապահ մարմիններին: Տրամաբանական է, որ այդ գրությունները ուսումնասիրելու համար իրավապահները պետք է փորձեին իրենց ուշադրության կենտրոնում պահել նաեւ առողջապահության ոլորտում աշխատող պաշտոնյաներին, եւ, ըստ ամենայնի, այս իրավիճակն էլ բերել է իրավապահներին նոր հետքի վրա: Արդյունքում ձերբակալվել է փոխնախարար: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հանրապետության գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ միջադեպը եւ ասել.«Թող քննությունը պարզի», իսկ, ահա, փոխնախարարը իրավապահներին հայտնել է, որ ինքը նման բան չի արել:
Տեղեկությունը փորձեցինք պարզել փոխնախարարի փաստաբան Երեմ Դավթյանից, սակայն վերջինս ասաց, որ տեղեկություն տրամադրելու լիազորություն չունի:
Նկատենք, որ մինչ նախարարը առողջապահության համակարգում պայքարի մասին է խոսում, իր անմիջական ենթական զբաղված է իրական կոռուպցիայով: Ավելին` սա բժիշկների պատասխանն է նախարարին, որ իրենց վրա հարձակվելու, իրենց մեղադրելու փոխարեն կոռուպցիան փնտրի իր թիմում. չէ՞ որ այս ողջ պատմությունը բացահայտվեց հենց բժշկի «մեղքով»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՄ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է
Հուսադրող է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների` հրադադարի ամրապնդման եւ խաղաղության համար բարենպաստ պայմանների ստեղծման կոչը, ինչպես նաեւ արդյունք ստանալուն ուղղված բանակցությունների հետագա քայլերի ձեռնարկման պատրաստակամության մասին նրանց հայտարարությունները: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարության հայտարարության մեջ: ԵՄ-ն անհամբերությամբ է սպասում հումանիտար ոլորտում միջոցառումների մշակման մասին Վիեննայի համաձայնության իրականացմանը: Եվրամիությունը պատրաստ է աջակցելու այս ջանքերին: Մինչ այդ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, հայտարարել էր, որ Եվրոպական Միությունը վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործընթացում:

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆԻ Է
Երեկ ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը. նա ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը` 1 ձայն:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ստորագրել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս օրենքների փաթեթը քննարկվել եւ ընդունվել էր մարտի 29-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:

 

 

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Ապրիլ ամսին կլինի աշխատանքային 21 եւ ոչ աշխատանքային 9 օր: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ապրիլի 7-ին նշվում է մայրության եւ գեղեցկության տոնը, այն աշխատանքային օր է: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, այն ոչ աշխատանքային օր է: Հիշեցնենք, որ մարտի 21-ին կառավարությունը որոշում է ընդունել, որ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս լրացումը պետք է հաստատվի Ազգային ժողովի եւ ստորագրվի նախագահի կողմից, որից հետո միայն կսկսի գործել:




Լրահոս