«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանն է: Նա խոսել է Հայաստանում եւ սփյուռքում ազգային, ժողովրդական երգի պահպանման, հեղափոխությունների ժամանակ հայրենասիրական երգերի դերի եւ երիտասարդությանը դեպի փակուղի տանող երաժշտության պրոպագանդայի վնասների մասին:
-Պարո՛ն Իսպիրյան, որքանով տեղյակ եմ՝ սեպտեմբերին Մարզահամերգային համալիրում համերգ ունեք, կպատմե՞ք՝ ինչ առիթով: Առաջիկայում ո՞ր երկրներում եք շրջագայելու:
-Այո՛, համերգը նվիրված է իմ բեմական գործունեության 35-ամյակին: Սեպտեմբերի 15-ին է լինելու: Ինչ վերաբերում է շրջագայություններին, նոր ենք ես եւ Արաբո Իսպիրյանը վերադարձել Լիբանանից, առաջիկայում կլինենք Կանադայում, Ռուսաստանում, եվրոպական մի քանի երկրներում:
-Երեք ու կես տասնամյակ է՝ բեմում եք, ի՞նչ եք կարծում` ո՞ր տասնամյակում է հայկական ժողովրդական երգն ավելի մեծ տարածում ունեցել, ավելի մեծ, նշանակալից դեր ունեցել:
-Ազգային, հայրենասիրական երգը միշտ ունեցել է իր կայուն լսարանը Հայաստանում եւ սփյուռքում: Խորհրդային տարիներին երկաթե վարագույրի ետեւում էինք երգում, այն ժամանակ չէիր կարող ավանդական կուսակցությունների անուններ տալ, մինչեւ անգամ կային ֆիդայիններ, որոնց մասին երգերն արգելված էին՝ Դրո, Նժդեհ, Նիկոլ Դուման… Բայց կային ազդեցիկ անհատներ, որոնք կարողանում էին այդ արգելքը հաղթահարել: Նրանցից մեկն էլ Ստեփան Պողոսյանն էր՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահը: Նաեւ նրա շնորհիվ այդ տարիներին կարողացանք զարկ տալ ազգային, հայրենասիրական երգերին:
Իսկ արդեն 1988-ի շարժման ժամանակ, անկախության տարիներին, բնական է, որ հայրենասիրական երգն աննախադեպ զարթոնք ունեցավ: Գիտե՞ք՝ որն է պարադոքսը. ազգային, հայրենասիրական երգերով լինում են հեղափոխություններ, իսկ հետո, չգիտես ինչու, այդ երգերը շպրտվում են, եւ սկսում են պրոպագանդվել ոչ հայկական երգերը:
-Թավշյա հեղափոխության ժամանակ ինչպե՞ս եղավ:
-Այս ժամանակ էլ հայրենասիրական երգերը պրոպագանդվեցին, բայց հետո ազգայինը մղվեց մի կողմ: Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո ազգային երաժշտությունը ավելի շատ կպրոպագանդվի, բայց տեսնում եմ, որ ոչ: Փոխարենը շարունակվում է պրոպագանդվել այն երաժշտությունը, որը երիտասարդներին դեպի փակուղի է տանում, դեպի մշակութային անկում: Ի՞նչ տեղի ուենցավ վերջերս՝ մայիսի 28-ին, Սարդարապատում:
«Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ (Նկատի ունի Արամ MP3-ին, որի կատարումն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացավ-հեղ.): Ես չեմ վատաբանում այդ եւ մյուս երգիչներին, հարգում եմ նրանց իրենց ժանրի, իրենց տեսակի մեջ, բայց ուզում եմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի:
-Պարո՛ն Իսպիրյան, ըստ Ձեզ՝ ազգային, ժողովրդական երաժշտության պահպանման խնդիրն առավել արդիական է Հայաստանո՞ւմ, թե՞ սփյուռքում: Դրսում շատերն ավելի լավ են տիրապետում մեր ազգային երգերին, քան մենք՝ մեր հայրենիքում:
-Դա բնական է, քանի որ նրանք ամեն պահի կանգնած են ձուլվելու վտանգի առաջ: Բեյրութում մեր վերջին համերգի ժամանակ հինգ հազար հոգի կար, բոլորն էլ մեզ հետ հավասար երգում էին մեր երգերը: Հայաստանում մի քիչ ավելի հանգիստ ենք, երբ ուզում ենք՝ երգում ենք, երբ ուզում ենք՝ ոչ… Հայաստանն ավելի կարոտ է ազգային երգի:
-Բայց հանուն արդարության ասենք, որ այսօր մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք հրաշալի տիրապետում են թե՛ ազգային երգին, թե՛ պարին:
-Այո՛, որ րոպեին որոշեմ, որ, օրինակ, բացօթյա համերգ եմ ունենալու, վստահ եղեք՝ 100 հազար հոգի կգա: Իսկ եթե այն պրոպագանդան, որն անում են, ասենք, ռաբիս երգերի համար, կիսով չափ արվեր ազգային երգերի համար, 150 հազար հոգի էլ կհավաքենք: Այդ բանակը կա ու միշտ էլ եղել է: Փառք Աստծո:
Աննա Բաբաջանյան