ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած միջադեպն այլ կերպ, քան սրբապղծություն, դժվար է անվանել: Խոսքը հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենան թալանելու մասին է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհված հերոսների ընտանիքի անդամները, մերձավորները նրանց շիրիմի մոտ էին. սա, թերեւս, ամենասոսկալին է ու աններելի: Կարող ենք ենթադրել՝ հանցագործները չեն իմացել՝ կոնկրետ ում մեքենան են կողոպտում, բայց առնվազն պատկերացում ունեցել են, թե այդ օրով ովքեր կարող էին գալ Եռաբլուր:
Այնպես որ, մեքենաների կողոպուտը սովորական հանցագործություն չէր: Ու իրավապահ համակարգը կատարվածին հենց այդ տեսանկյունից պետք է մոտենա՝ մտքում քաջ գիտակցելով, որ բացահայտում են ոչ թե պարզապես հանցագործություն, այլ հերոս նահատակների հիշատակի դեմ ուղղված ոտնձգություն:
Ի դեպ, երեկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, միաժամանակ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը:
Սակայն, համաձայնեք, հասարակությունը սպասում էր կոնկրետ արդյունքներ. հանցագործները պետք է հայտնաբերված լինեին դեպքից ժամեր անց ամենաօպերատիվ կերպով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալներից կալանքի տակ պահվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները: Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից դժգոհություն չի հայտնել: Սակայն ՄԻՊ-ի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարյանը բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը: Եւ, ահա, ՄԻՊ միջամտությունից հետո լուծվել են այդ խնդիրները. տրամադրվել է համակարգիչ, հանվել է կենսաթոշակի վրա դրված կալանքը: Միայն շարունակվում է պահպանվել արգելքը մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի կարգավիճակ ունի: Ենթադրվում է՝ խոսքն ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է:

 

 

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում հրապարակել էր Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը: Ըստ այդմ` նա հաստատել էր, որ կառավարության շենքում այդ օրերին Արցախի ՊԲ ներկայացուցիչներ են եղել` ասելով, որ Արցախի ՊԲ սպաների է տեսել: «Հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել»,- ասել էր Սարգսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից հետաքրքրվեց` արդյոք ինքն ինչ գիտի այս մասին։ «Ես տեղյակ չեմ»,- ասաց Հասրաթյանը։ Հետաքրքրվեցինք` ի վերջո, 2008-ի մարտի 1-ին Արցախից զորք բերվել է Հայաստան, թե ոչ։ «Տեղյակ չեմ։ Չգիտեմ` ինչ է եղել»,-նշեց նա։ Նշենք, որ երեկ հրաժարական է տվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Ուշագրավ է, որ նա հրաժարական տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արցախյան այցից հետո:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի` կիլոգրամով վաճառքին: Դրա հետեւանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ` եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով, բարձր ջերմաստիճանի դեպքում այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով: Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով: Կառավարությունն էլ վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով, ինչի հետեւանքով վարորդներին 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ է վաճառվում:

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Ապրիլյան պատերազմի նախօրյակին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նյույորքյան հայտարարությունը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ զորավարժություն, որի միջոցով ցուցադրվեց ոչ թե ՀՀ ՊՆ-ի զինատեսակների պահեստների պարունակությունը, այլ «հողին հանձնվեցին» հող հանձնելու մասին զրույցները: «Այդ ձեւաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», ես այսօր վերաձեւակերպել եմ. մենք հակառակն ենք անելու՝ նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց»,-ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր Տոնոյանը՝ հավելելով. «Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»: Նախարարի այս ելույթը շատերը ողջունեցին, ընդ որում՝ նաեւ իշխանությունների ռադիկալ քննադատներից ոմանք, ոմանք էլ այն արկածախնդրություն որակեցին, ինչն ի սկզբանե սխալ ռելսերի վրա դրեց ՀՀ բանակցային մարտավարությունը: Բայցեւայնպես, այս զիլ հայտարարությունը երկու կարեւոր խնդիր լուծեց. կոտրեց ՀՀ-ի՝ զիջումների պատրաստ երկրի վերաբերյալ արմատացած կարծրատիպը, եւ երկրորդ՝ ի չիք դարձրեց ամիսներով գեներացվող այն սին կասկածները, թե նոր իշխանությունները Ալիեւի հետ ստվերային գործարք են կնքել եւ ուր որ է հանձնելու են Արցախը: Նկատենք, որ 2017թ.-ին Արցախում նման մեսիջով մի ելույթ էլ նախկին նախագահ Ս. Սարգսյանն էր ունեցել` նշելով. «Այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»: Ս. Սարգսյանի հայտարարությունը, սակայն, չարժանացավ հանրային ադեկվատ արձագանքի գուցե այն պատճառով, որ հայտարարության բովանդակային կողմից զատ կարեւոր է նաեւ այն, թե արդյոք դրա հեղինակը ունի բավարար հանրային աջակցություն՝ լեգիտիմություն, սպասարկելու իր իսկ հայտարարության իրագործումը: Երեկ էլ` ապրիլյան քառօրյայի տարելիցի օրը, ՀՀ վարչապետը տվեց շատերին հուզող այս հարցի պատասխանը՝ Տոնոյանն Ադրբեջանի ուղղությամբ ինքնագլուխ էր «սուր ճոճել», թե իր քայլը համաձայնեցված էր կառավարության ղեկավարի հետ: «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո»,-ասաց Փաշինյանը՝ միաժամանակ ցրելով այն մտահոգությունը, թե Պնախարարի խոսքերը կարող են սխալ ազդակներ ուղարկել միջազգային հանրությանը: Տոնոյանի շրջանառած բանաձեւը, ըստ այդմ, որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը` այսպիսով շեշտվում է խաղաղ կարգավորման կարեւորությունը:




Լրահոս