ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք:
Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքը այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա:
Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզի Արեւիկ համայնքի ղեկավարի գործողությունների հետ կապված քրեական գործ կա հարուցված Շիրակի մարզի քննչական բաժնում, եւ դատախազը քննիչին միջնորդել է, որ հարցաքննի գյուղապետարանի աշխատակիցներից մեկի ամուսնուն: Քննիչը դատախազին ասել է. «Ուշադիր կարդացե՛ք քրեական գործը եւ կհասկանաք, որ դա հնարավոր չէ եւ անհրաժեշտ չէ»: Դատախազ-քննիչ բանավեճը բավականին թեժացել է: Դատախազը շարունակել է պնդել եւ ցուցում տալ, որ, այնուամենայնիվ, պետք է հարցաքննել մատնանշված անձնավորությանը: Քննիչն էլ դատախազին հայտնել է. «Ինչպե՞ս հարցաքննեմ, երբ գյուղապետարանի աշխատակցի ամուսինը մահացած է»:
Ասել է թե` իրավապահներն այնքան են խառնվել իրար, որ որոշել են հարցաքննել մահացած մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Հարկ չեմ համարում մեկնաբանել ներքին աշխատանքային այնպիսի իրավիճակների մասին լուրեր, որոնք վերաբերում են քրեական գործերով նախաքննության ընթացքում դատավարության մասնակիցների աշխատանքային հարաբերություններին: Քրեական դատավարության օրենքը շատ հստակ սահմանում է ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի լիազորությունները ցանկացած իրավիճակի համար, այդ թվում նաեւ` դատախազների տված ցուցումների հետ կապված նախաքննություն իրականացնող մարմինների կողմից առարկություններ ներկայացնելու: Եվ այդ համատեքստում քննիչներն իրենց քրեադատավարական լիազորություններն են իրացնում, դատախազներն էլ` իրենց: Իսկ միջգերատեսչական ինչ-որ խնդիրների մասին խոսելու, առհասարակ, որեւէ հիմք չկա. բնականոն, աշխատանքային հարաբերություններ են, որոնք ենթադրում են ինչպես քրեական գործերի վարույթների շահերից բխող համագործակցություն` տարբեր հարցերի շուրջ, այնպես էլ առաջացող աշխատանքային խնդիրների լուծումներ»:
Իրավիճակի պարզաբանման համար դիմեցինք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազությունը նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող կառույց է, եւ քրեական գործերի վերաբերյալ ցուցումներ տալը իրենց լիազորությունների շրջանակում է: Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, որ միջգերատեսչական կռիվներ կան, ապա նման բան չկա, նորմալ, առողջ աշխատանքային մթոլորտ է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Մարտի 29-ին գրել էինք, որ վերջերս ձերբակալված ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը ընդունել է իր մեղքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին նրա պաշտպանը` Ռոման Ահարոնյանը, հայտնեց, թե նախկին փոխնախարարը չի կարող ընդունել իր կողմից չկատարված որեւէ արարքի մեղադրանք: Նախկին փոխնախարարը, փաստորեն, չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը եւ այժմ էլ հայտարարում է, որ իր նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվում:
Ըստ պաշտպան Ահարոնյանի. «Քանի որ անընդհատ լրատվության միջոցներով շրջանառվում է Վահան Պողոսյանին ձերբակալելու եւ մեղադրանք առաջադրելու փաստը, ինչը տարընկալումների տեղիք կարող է տալ հասարակության մոտ, ուստի ստիպված եմ որոշակի հարցեր պարզաբանել: Նախ ասեմ, որ Վահան Պողոսյանին չի մեղսագրվում գումարային կամ գույքային ինչ-որ օգուտներ ստանալու փաստ, ինչը սովորաբար առաջին ասոցիացիան կարող է լինել ոչ տեղյակ անձանց մոտ, երբ լսում են «պաշտոնեական դիրքի չարաշահում» արտահայտությունը:
Մեղսագրված «չարաշահման» տակ վարույթն իրականացնող մարմինը նկատի ունի այն, որ Վահան Պողոսյանը, հանդիսանալով փոխնախարար, իբրեւ թույլ է տվել (կամ լավ չի վերահսկել իր ոլորտը), որ այլ կազմակերպության պաշտոնատար անձ (ոչ նախարարության աշխատող), չարաշահի իր լիազորությունները եւ գնման գործընթացում խախտումներ կատարի, որի արդյունքում այդ կազմակերպության հայտարարած մրցույթում հաղթել է հասարակական կազմակերպություն: Դրա արդյունքում իբրեւ այդ կազմակերպությունը վնաս է կրել, եւ խախտվել են «Գլոբալ» հիմնադրամի եւ ՀՀ առողջապահության նախարարության միջեւ կնքված դրամաշնորհային համաձայնագրերով սահմանված մի շարք դրույթներ, եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ:
Որպես ծանր հետեւանք նշվում է այն, որ իբրեւ այս խախտումների արդյունքում «Գլոբալ» հիմնադրամին ընդամենը հնարավորություն է ընձեռվել կիրառելու տրամադրված ֆինանսական միջոցների հետ պահանջի, դրամաշնորհային պայմանագրերի կատարումը կասեցնելու, միակողմանի դադարեցնելու եւ նոր պայմանագրերի ստորագրումից հրաժարվելու իրավունք:
Պատկերացրի՞ք այդ ծանր հետեւանքը. դա պայմանագրի մի կողմի` իրավունքից օգտվելու տեսական հնարավորությունն է, այսինքն` փաստացի որեւէ առաջացած հետեւանք չունենք: Ընդամենը նախաքննական մարմնի դատողություններն են այն մասին, որ պայմանագրի կողմը կարող է օգտվել իր իրավունքից եւ որոշակի պահանջներ ներկայացնել: Մեր կարծիքով` քանի դեռ փաստացի առաջացած հետեւանք առկա չէ, չի կարելի դատել առաջացած հետեւանքի եւ դրա ծանրության մասին»: Նա նաեւ նշեց, թե Վահան Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Իրականում ընդամենը գործ ունենք փոխնախարարի լիազորությունների բովանդակության ոչ ճիշտ մեկնաբանման հետ: Նախարարի տեղակալին վերապահված համակարգման եւ վերահսկման լիազորություններն ունեն իրենց իրականացման գործիքակազմը, սահմաններն ու միջոցները: Այլ կազմակերպության եւ անձանց վարքագիծը փորձ է արված կապելու նախարարի տեղակալի միջամտության կամ անգործության հետ, որի հետ մենք համաձայն չենք:
Վահան Պողոսյանը մանրամասն ներկայացրել է քննվող գործընթացների առանձնահատկությունները, դրանց իրականացման, վերահսկման տեղական եւ միջազգային մեխանիզմները: Ավելին` քննարկվող գործընթացների վերաբերյալ հաշվետվություններն ու պայմանագրերն առկա են «Գլոբալ» հիմնադրամի կայքում:
Համոզված ենք, որ նախաքննության ընթացքում կպարզաբանվեն անհրաժեշտ դետալները:
Պաշտպանական կողմի կարծիքով` նախաքննության մարմինը, ելնելով նշված ոլորտի առանձնահատկությունից, ճիշտ չի պատկերացնում այդ ծրագրի իրականացման համար պատասխանատու անձանց գործողությունների ծավալը: Մեր կարծիքով` ամբողջ քրեական գործի մեջ նաեւ այլ անձանց վերագրվող մասերով չկան հանցագործության հատկանիշներ, իսկ եղածներն էլ լավագույն դեպքում ոչ քրեական բովանդակություն ունեցող խախտումներ կարող են լինել:
Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ «Գլոբալ» հիմնադրամը վիճելի ժամանակաշրջանի ծրագիրն ավարտել է եւ դրանից հետո էլ արդեն երկրորդ նոր ծրագիրն է իրականացնում: Սրանով նախաքննության մարմնի իբրեւ վնասի երեւակայական սցենարն արդեն բացառվել է:
Միաժամանակ պետք է տեղեկացնենք, որ Վահան Պողոսյանի ձերբակալումն էլ ակնհայտ ապօրինի էր եղել, քանի որ նախաքննության մարմինը 2016թ. իրադարձությունների առիթով Վահան Պողոսյանին իր տանը ձերբակալել էր առանց որոշում կայացնելու` հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով:
Պաշտպանության կողմը Վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի որոշումը ինչպես կալանավորման, այնպես էլ ձերբակալման ապօրինության հետ կապված բողոքը մերժելու մասով»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ դրա պատճառով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի: «Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը: Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձեւավորման գործում»:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոնի նստավայր), դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին կալանավորելու որոշում է կայացրել: Հիշեցնենք` Դավթյանը ձերբակալվել է օրեր առաջ` բուժհաստատության տնօրենից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը: Նրա խոսքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձեւաչափը «չի փոխվելու». «Այս հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է… Բանակցությունները պետք է ընթանան եւ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Ալիեւը հավելել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:
ԿՔՆՆԻ ԲՈՂՈՔԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանն ապրիլի 4-ին կքննի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ իրենց բողոքը: Նշենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: