Վերջին օրերի քաղաքական թոհուբոհիմեջ անտեսվեց «Ժառանգություն» կուսակցության կիրակի օրը տեղի ունեցած 12-րդ համագումարը: «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նոր կազմ է ընտրել, կուսակցությունն ունի նոր նախագահ` Անդրանիկ Գրիգորյանը: Նշենք, որ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» անդամներից ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չկան վարչության կազմում, սակայն նորընտիր նախագահը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սա ամենեւին էլ չի նշանակում, որ Հովհաննիսյանը լքում է քաղաքականությունը:
-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞վ է պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի` վարչությունում չլինելը:
-Սա պայմանավորված է «Ժառանգություն»-ում առկա սերնդափոխությամբ, ինչպես նաեւ Հովհաննիսյանի այն մտայնությամբ, որ «Ժառանգությունը» չպետք է լինի եւ երբեք էլ չի եղել անձ-կուսակցություն:
-Որքան էլ նման բան ասեք, միեւնույնն է, չենք կարող չխոստովանել, որ «Ժառանգությունը» ասոցացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հետ: Մտավախություն չունե՞ք, որ նոր սերունդը, այնուամենայնիվ, ընկալելի չի լինի հասարակության կողմից:
-Էստեղ արդեն մեծ գործ ունեն անելու թե՛ պարոն Հովհաննիսյանը, թե՛ պարոն Մարտիրոսյանը: Եթե ճիշտն ասեմ, պարոն Մարտիրոսյանի հետ այս պահին ուղիղ կապը կա, ուղղակի դեպքերի բերմամբ ինքը այս պահին Հայաստանում չէ, բայց իր խորհուրդներով, փորձով կանգնած է կուսակցության կողքին: Պարոն Հովհաննիսյանը, չլինելով վարչության անդամ, որպես հիմնադիր-նախագահի նրա անունը ասոցացվելու է «Ժառանգության» հետ, եւ նա, ամեն դեպքում, «Ժառանգության» կողքին է. նա կղեկավարի «Ժառանգության» մեծ խորհուրդը եւ իր ներկայությամբ ու խորհուրդներով ճանապարհ կհարթի նոր սերնդի համար: Պարոն Հովհաննիսյանը մնում է քաղաքականության մեջ, ուղղակի սա նաեւ յուրատեսակ ուղերձ էր այն կուսակցություններին, որոնք ձեւավորվել էին անհատի շուրջ եւ այդպես էլ խարխափում են այդ անհատի շուրջ: Կուսակցությունը պետք է զարգացնի իր ինստիտուտները եւ իր դերակատարումն ունենա: Ըստ պարոն Հովհաննիսյանի` սա նույնիսկ ուշացած սերնդափոխություն էր:
-Դուք ինչո՞ւ քաղաքական դաշտում հաջողություն չունեցաք:
-Հայերենում մի գեղեցիկ բառ կա` բերկրաթմբիր, որը այդ ժամանակահատվածում պատել էր հասարակությանը, եւ վստահ եմ` նաեւ Սերժ Սարգսյանի քաղաքական ուրվականն էր պատճառը, որը շարունակում է թեւածել նաեւ մեր օրերում: Պարոն Փաշինյանը հիանալիորեն օգտվեց իրավիճակից` սեփական թիմի համար ապահովելով առավելություն: Նա դաշտը տարանջատեց սեւերի եւ սպիտակների` սպիտակների խաղային առավելությունը ապահովելով միայն իր թիմին:
-Դուք տեսնո՞ւմ եք համագործակցություն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ:
-Համագործակցությունը միակ ճանապարհն է, որ քաղաքական ուժերը կարող են հաջողել քաղաքական դաշտում: Այս պահին չկա որեւէ քաղաքական ուժ, որն ինքնուրույն կարող է սպասարկել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական շահը: Իմ առաջին քաղաքական ուղերձը 2019 թվականի մարտի 31-ին` «Ժառանգություն» կուսակցության նախագահ ընտրվելուց հետո, եղել է այն, որ կուսակցությունը բաց է համագործակցության համար, մնալու է այն համագործակցային դարբնոցը, որը շատ եւ շատ անհատների, որոնք այս պահին ներգրավված են պետական համակարգում, քաղաքականապես կրթել է, թեւեր է տվել եւ գործուղել է պետական շահը սպասարկելու: Ի դեպ, մոտ ապագայում կտեսնենք համագործակցության տարրեր:
-Պարո՛ն Գրիգորյան, մի փոքր բացեք փակագծերը. ո՞ւմ հետ եք համագործակցելու:
-Հաշվի առնելով ներքաղաքական օրակարգը եւ, ընդհանրապես, քաղաքագիտության ոսկե կանոնները` երբ որ բանակցությունները գտնվում են ներքին խողովակային փուլում, այդ մասին բարձրաձայնելը կնշանակի միանգամից տապալել բանակցությունների շարունակականությունը:
-Գոնե նշեք, թե ինչ ուժերի հետ եք համագործակցում` խորհրդարանում գտնվո՞ղ, թե՞ դրանից դուրս:
-Այս պահին, եթե անկեղծ լինենք, դեռեւս արտախորհրդարանական ուժերի հետ են գնում բանակցությունները, բայց կան հստակ ազդակներ, եւ մենք տեսնում ենք նաեւ այդ ճանապարհը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ էլ համագործակցության եզրեր գտնելու:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱՎԱՃԱՌԵԼՈՎ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, վերջերս իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Տավուշի մարզի քաղաքներում տրված հողային տարածքներին, ասել է, որ դրանք աճուրդներով ծախվել են նախկին եւ ներկա քաղաքապետերի կողմից, նրանց մասնակցությամբ. այդ առումով վիճակն առավել վատ է Իջեւանում, ուր զբոսայգիների տարածքները աճուրդով տրվել են մետր առ մետր, եւ ազատ տարածքներ չեն մնացել: Այդ հարցով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նա ասաց, որ համայնքի հողատարածքները տրամադրվում են ոչ թե համայնքի ղեկավարի, այլ ավագանու որոշմամբ, այդ որոշումների կատարումը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է: Վ. Ղալումյանը հայտնեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված է, որ կանաչապատ տարածքները, զբոսայգիները չեն կարող աճուրդային կարգով վաճառվել, դրանք կարող են վարձակալությամբ տրվել մրցույթային կարգով: Քաղաքապետն ասաց, որ քաղաքներում սրճարանները հիմնականում գործում են զբոսայգիներում. եթե սրճարանի շուրջ կանաչ տարածք չկա, սրճարանի տերն է դրա շուրջ կանաչապատում:
Վ. Ղալումյանը հայտնեց, որ Իջեւան քաղաքում 2 զբոսայգի կա: Դրանցից մեկը գտնվում է խորհրդային տարիներից հետո չգործող կարուսելի` «սատանայի անիվի» շրջակայքում, եւ ավելի քան 10 տարի առաջ վարձակալությամբ է տրվել: Հիմա հարթեցում է կատարվում, որպեսզի այդտեղ հանգստի եւ հասարակական սպասարկման գոտի ձեւավորվի: Մյուսը քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգին է, որի 2,1 հեկտար տարածքից Իջեւանի նախկին եւ գործող քաղաքապետերի օրոք մրցութային կարգով վարձակալությամբ տրվել է մեկ երրորդը` 0,7 հեկտարը, որպեսզի այդտեղ սրճարաններ գործեն: Այսինքն` խոսք չի կարող լինել Իջեւանի զբոսայգիները մետր առ մետր աճուրդով հատկացնելու մասին: Վերոհիշյալ հարցազրույցում մարզպետը նշել է, որ Տավուշի մարզի քաղաքապետերը, հողերը աճուրդով տրամադրելով, հանցավոր սպեկուլյացիաների մեջ են. հողերն էժան ծախվում են, հետո հարյուրապատիկ թանկ վերավաճառվում: Վ. Ղալումյանին հարցրի` ինքը նման սպեկուլյացիաների մեջ է արդյոք: Նա ասաց. «Ոչ, ես հողերի սպեկուլյացիաների մեջ չեմ»: Նա հայտնեց, որ հողերն աճուրդով կամ մրցութային կարգով տրամադրելու մասին հայտարարությունները հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, դրանց մասնակցում է, ով կամենում է: Իր պաշտոնավարման օրոք երբեւէ բողոք չի եղել, որ մեկը ցանկացել է մասնակցել մրցույթին, եւ նրան դա թույլ չի տրվել, կամ հողերն աճուրդով կամ մրցութային կարգով տրվել են ոչ հրապարակային կարգով, կամ այդ գործընթացում խախտվել են օրենքի պահանջները: Քաղաքապետը հայտնեց, որ հողատարածքների տրամադրումը նպատակ ունի զարգացնելու մանր ու միջին գործարարությունը, դրանով նպաստելու նաեւ համայնքի հարկային եկամուտների աճին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը երեկ կայացավ: Ինչպես եւ սպասվում էր, տնօրեն ընտրվեց Հայկ Համբարձումյանը, որն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն էր համարվում:
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդները երկուսն էին՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը եւ Տարոն Գասպարյանը: Հանձնաժողովի 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հայկ Համբարձումյանի օգտին, իսկ Տարոն Գասպարյանի օգտին գրանցվեց 3 կողմ, 4 դեմ ձայն: Մրցույթը, ըստ էության, ընթացավ, ինչպես կարգն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներքին կարգով պաշտպանել է Հայկ Համբարձումյանին եւ մինչ մրցույթը այդ մասին զգուշացրել է մարզպետարանի աշխատակիցներին: Այսինքն՝ մրցույթի արդյունքները, որպես այդպիսին, վաղուց ի վեր որոշված էին: Մեր աղբյուրի պնդմամբ` դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ մարզկենտրոն հանդիսացող Արտաշատում կար ԲԿ-ի ընդամենը երկու թեկնածու, իսկ նույն մարզի փոքր համայքներում այդ պաշտոնների համար պայքարում են 4-5 թեկնածուներ: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ մարզպետարանի աշխատողներն էլ այն մարդկանց, որոնք փորձել են թեկնածություն ներկայացնել, հասկացրել են՝ այդ ամենն իզուր է, քանի որ ամեն բան նախօրոք որոշված է:
Նոր Հայաստանում, որտեղ ամեն քայլափոխի խոսվում է արդարությունից, կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարից, նման գործելաոճը, թվում է, պետք է որ անցյալում լիներ: Բայց Արարատի մարզում կատարվածը խոսում է միանգամայն այլ բանի մասին. տեղի «իշխանիկներն», այնուամենայնիվ, նախկին բարքերով են շարժվում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մրցույթը հաղթած թեկնածուն՝ Հայկ Համբարձումյանը, նշեց, որ ամեն բան օրենքով է եղել: «Չգիտեմ` մարդիկ ինչու են նման բաներ խոսում»,- ասաց նա: Արարատի մարզպետարանի լրատվության պատասխանատուներն էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրենք հերքում են այս լուրերը. «Նման բան չկա: Որեւէ մեկը արտոնություն չի ունեցել: Ամբողջ ընթացքն էլ տեսաձայնագրվել է, եւ ամեն բան տեղի է ունեցել օրենքի սահմաններում»:
Մյուս թեկնածուն՝ Տարոն Գասպարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ բողոքարկել է արդյունքները, քանի որ մի շարք խնդիրներ է տեսել:
«Մարտի 1-ին բացի թեստերից պետք է տային նաեւ ԲԿ-ի մասին նախնական ինֆորմացիա, որ ես կարողանայի նախնական զարգացման ծրագիրը կազմել: Իրենք ինձ այդ ժամանակ չեն տվել: Ես փետրվարի 28-ին պահանջել եմ, իրենք ասացին, որ այսքան ժամանակ չենք արել, չգիտենք՝ ոնց պիտի տանք, չնայած դրա հետ կապված հրամանը 2011 թվականից է գործել, եւ 3 տնօրեն է փոխվել: Մարտի 15-ին ինձ ուղարկել են կիսատ ինֆորմացիա: Ես մարզպետարան գնացի, ասացի, որ քիչ են տվել ինֆորմացիա, եւ դրանով չի լինի այդ պլանը կազմել: Այդ ժամանակ մարզպետարանի առողջապահության բաժնի պետը՝ Ս. Կտրակյանը, ասաց, որ իրենք խիստ չեն ստուգելու այդ զարգացման ծրագիրը: Ես էլ հարցրի. «Բայց դուք ի՞նչ գիտեք, որ դուք եք լինելու հանձնաժողովի կազմում»: Հարցս տրամաբանական էր, քանի որ, ըստ օրենքի, հանձնաժողովը ձեւավորվում է մրցույթից 24 ժամ առաջ: Բացի դա՝ օրենքով սահմանված է, որ մրցույթի օրը Առողջապահության նախարարությունից պետք է ներկայացուցիչ լինի՝ դիտորդի կարգով, սակայն այդպես չեղավ»-ասաց Գասպարյանը:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ մրցութային հանձնաժողովի նախագահը մարզպետ Գ. Սարգսյանի բաջանաղն է եղել՝ Ա. Նազարեթյանը: Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են. սա, թերեւս, ապացույցն է այն բանի, որ մրցույթն, այնուամենայնիվ, արդար չի անցել:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ