ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որպես վկա հարցաքննվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Նա հարցաքննվել է Մանախ մականունով Արթուր Այվազյանի դեմ 2017թ. հարուցված քրեական գործի շրջանակներում: Դեպքը տեղի էր ունեցել 2017թ.-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին` կեսգիշերին մոտ. Մանախը զինված հարձակվել էր այդ ժամանակ «ԵԼՔ» դաշինքի համակիր, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա:
Դատարանում վկայի կարգավիճակով ՀՀ վարչապետի հարցաքննությունն ինքնին ուշագրավ է: Սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել՝ կատարվածն աննախադեպ է: Նախկինում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա (էլ չենք ասում՝ պետության ղեկավար) դատարանում վկայի կարգավիճակով չի հարցաքննվել, թեեւ եղել են անձինք, որ աղմկահարույց քրեական գործով անցել են, օրինակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի գործով վկա էր: Այն ժամանակ դատարանում հրապարակվեցին Քոչարյանի նախաքննական ցուցմունքները: 27-ի գործով դատարանում չհարցաքննվեց նաեւ այն ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որն էլ տուժող էր, եւ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները:
Փաշինյանի այս քայլն ինչ-որ տեղ խորհրդանշական է. պետության ղեկավարը, դատարան գալով, ցույց է տալիս արդարադատության հանդեպ հարգանքը, որ բոլորը հավասար են օրենքի առաջ` անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Ու եթե հարկավոր է որպես վկա հարցաքննվել որեւէ գործով, ապա անգամ պետության ղեկավարը պարտավոր է ներկայանալ դատարան, այլ ոչ թե օրենսդրական սողանցքներ փնտրի իրեն «ավելորդ տեղը» նեղություն չտալու համար:

 

 

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։ ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, եւ այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը եւ լինի Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով փոխվարչապետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տեսակետը ձեւավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաեւ այնպիսինները, որոնք չեն ընդունվել։ Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, եւ նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է` ԼՀԿ առաջարկին միանա նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը:

 

 

 

«Ժողովուրդ»օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի միջեւ տարաձայնություններ են սկսվել, բանը հասել է նույնիսկ տհաճ խոսակցությունների: Դեռ նախորդ տարի ՊՆ հրամանով ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել, միաժամանակ սահմանվել է այդ հեռախոսներից օգտվելու կարգը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ ԳՇ պետն էլ իր հերթին որոշում է կայացրել, ըստ որի՝ սպաները զորամասում կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Դ. Տոնոյանն ասել է, թե սա մարդու իրավունքների խախտում է, անձնական կյանքին միջամտելու փորձ: Տեսակետ կա, որ նախարարին զայրացրել է այն հանգամանքը, որ ԳՇ պետն այդ որոշումը կայացրել է առանց իր հետ քննարկելու եւ առանց տեղյակ պահելու: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ե՛ւ ՊՆ, ե՛ւ ԳՇ, որտեղից, սակայն, հերքել են լուրերը:

 

 

 

Պետական վերահսկողական ծառայությունն իր գոյության այս մեկ տարվա ընթացքում ընդամենը բացահայտումների 7 դեպքի վերաբերյալ է գրություն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացրած 2018 թվականի գործունեության մասին հաղորդումից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայության դիմումների հիման վրա արդեն քրեական գործեր են հարուցվել: Դրանցից ամենաաղմկահարույցը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում հայտնաբերված դեպքն է` մոտ 600 մլն դրամ արժողության տրանսֆորմատորի անհետացման վերաբերյալ: Մյուս դեպքերը վերաբերում են ավելի մանր գործերի:

 

 

 

ԲԱՑ ՍՐՏՈՎ
ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ամեն ռաունդից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածվող հայտարարությունների առաջին հասցեատերերն, անխոս, հակամարտող երկրների հասարակություններն են: Գաղտնիք չէ, որ այդ հայտարարությունները բացի տեղի ունեցած քննարկումների մասին իրազեկելուց նաեւ հետադարձ արձագանքները ստուգելու նպատակ ունեն. որքանով են պատրաստ կողմերի հասարակությունները ընդունել կոնֆլիկտի վերաբերյալ տեսականորեն առաջարկվող լուծումները: Գուցե համոզիչ թվան պնդումները, թե կոնֆլիկտներն իրականում լուծվում են աշխարհաքաղաքական կենտրոններում, իսկ բանակցային ձեւաչափերը սոսկ դեմոկրատական շղարշ են, այդուհանդերձ կողմերի հասարակությունների կարծիքն անտեսող որեւէ որոշում այդ կենտրոններն ընդունել չեն կարող: Եւ այս հարցում շատ կարեւոր է հատկապես հասարակությունների իրազեկվածությունը պատշաճ մակարդակի բարձրացնելը բանակցային այն հանգրվանի մասին, որում գտնվում է կոնֆլիկտը: Ասենք՝ 20 եւ ավելի տարի ինչի՞ շուրջ է բանակցվել, ո՞ր հարցերն են, որոնց շուրջ չկա կոնսենսուս, եւ պետք է շարունակել բանակցությունները եւս 5 կամ 10 տարի: Եթե հարցախույզ անցկացնենք քաղաքացիների շրջանում եւ հարցնենք` ինչ են իրենցից ներկայացնում, դիցուք, «Մադրիդյան սկզբունքները», կամ Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, վստահ ենք, որ 10-ից 9-ը լսած կլինեն դրանց մասին, սակայն վստահ չենք, որ կբացատրեն` ինչի մասին է խոսքը: Վստահ ենք նաեւ, որ 10-ից 10-ն էլ կցիտեն «ոչ մի թիզ հող թշնամուն» ռազմահայրենասիրական թեզը: Այսինքն` հայ հասարակության հավաքական կոնցեպտը խնդրի լուծման վերաբերյալ հողեր չզիջելն է, սակայն արդյոք դիվանագիտական գործիքակազմը, որն առկա է իշխանության ձեռքին, կարո՞ղ է սպասարկել հանրության ակնկալիքները, թե՞ կամենալը դեռ կարենալ չէ: Նախկին իշխանությունն, օրինակ, քանիցս մեղադրվել է ԼՂ հարցում դավադրությունների եւ բազում հավանական եւ անհավանական մեղքերի համար, ինչը իշխանություն-հասարակություն կապի խզվածության հետեւանք է նաեւ: Նման պայմաններում միշտ մեծանում է մութ սենյակում կատու փնտրելու գայթակղությունը, եւ հետագայում ահռելի նյարդեր ու միջոցներ են ծախսվում այդ սենյակում կատվի լինել-չլինելը պարզաբանելու համար: Փաշինյանն, օրինակ, վարչապետ դառնալուց հետո քանիցս խոստացել է, որ ԼՂ հարցով գաղտնի որոշում չի լինելու, եւ պետք է իսպառ բացառել դավադրության տեսությունը:




Լրահոս