ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատգամավորներով առաջարկում են «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում կատարել, որով համայնքի բնակչությունը կարող է նախաձեռնել ու տեղական հանրաքվեի դնել համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Եվ որպեսզի սա բնակավայրերում ամենօրյա զբաղմունք չդառնա, շեմ է սահմանվել:
Նախագծի հեղինակների կարծիքով` հանրապետության տարբեր մարզերում օրեցօր համայնքապետերի դեմ բողոքի ակցիաները «թեժանում» են. մարդիկ նրանց պաշտոնավարմանը դեմ են, բայց համայնքապետերը հրաժարական չեն տալիս, իսկ հեռացնելու այլ տարբերակ չկա: Ըստ Վարազդատ Կարապետյանի` այս նախագիծը կարող է այդ բոլոր հարցերին լուծում տալ, կհստակեցվեն բոլոր հարցերը, իսկ համայնքներում էլ բնակիչներն իրենց ղեկավարներին «գերի» չեն դառնա:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք արդեն հայտարարել եք, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում է կատարվելու, որով համայնքի բնակչությունը կարող է նախաձեռնել ու տեղական հանրաքվեի դնել համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Բայց արդյոք նախագծի հեղինակներով պատկերացնո՞ւմ եք այն մեխանիզմը, որով կարելի է ցանկալի արդյունքի հասնել, քանի որ վերջին ժամանակահատվածում համայնքներում շատ «թեժ» իրավիճակներ են. գրեթե բոլոր համայնքապետերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում:
-Այդ մասով մենք հիմա մտածում ենք. այս պահին դեռեւս չեմ պատկերացնում, որովհետեւ շատ բարդ խնդիր է, այս պահին չեմ պատկերացնում, բայց մենք մտածում ենք, քննարկում ենք հասկանալու համար բոլոր մեխանիզմները: Մի կարեւոր սկզբունք կա, որ ընտրովի պաշտոններից մարդիկ պետք է կարողանան հետ կանչել. սա սկզբունք է, որ պետք է տեղ գտնի մեր օրենսդրությունում: Իսկ դա ինչպես պետք է անենք, դրա մասին մենք արդեն կմտածենք, դա կանենք քննարկումների, միմյանց տեսակետները քննարկելու միջոցով:
-Նախագծի վերաբերյալ տեսակետ հնչեց, որ գուցե դա արվի հանրաքվեի միջոցով. եթե դժգոհություն կա, ապա կարելի է հանրաքվեով «հետ կանչել» համայնքի ղեկավարին: Քննարկում ե՞ք այդ տարբերակը:
-Այո, մենք արդեն մի օրինագիծ ենք դրել մեր խորհրդարանի կայքում. մեր գործընկերների հետ համաձայնության գալով` համայնքի ղեկավարներին անվստահություն հայտնելու եւ հետկանչի մեխանիզմ ենք մշակել: Խոսքը համայնքներում սկսված գործընթացներն են: Տարբեր համայնքներում գործընթացներ կան, որոնք դեմ են գործող համայնքի ղեկավարներին, եւ մարդիկ պահանջում են համայնքների ղեկավարների հրաժարականը: Մենք` երեք պատգամավորներով, որոշեցինք առաջարկել համայնքապետերին անվստահություն հայտնելու մեխանիզմ: Իսկ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մեխանիզմը մենք տեսնում ենք տեղական հանրաքվեի միջոցով, այսինքն` հիմա ե՛ւ «ՏԻՄ» օրենքում, ե՛ւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ ենք առաջարկել: Հիմա կսկսենք քննարկել կառավարության հետ, Ազգային Ժողովի խմբակցությունների եւ հանձնաժողովների հետ, որպեսզի կարողանանք դա եւս կյանքի կոչել:
-Չե՞ք կարծում, որ այդ փոփոխությունը կարող է համայնքներում ավելի վատթարացնել իրավիճակը, քանի որ կարող են սրվել համայնքի բնակիչների եւ համայնքապետի միջեւ հարաբերությունները:
-Մենք շատ պարզ մեխանիզմ ենք մշակել. մենք ընտրելու իրավունք ունեցող մարդկանց առաջարկում ենք 20 տոկոսի ստորագրությամբ նախաձեռնել տեղական հանրաքվե, եւ եթե մասնակցել են ընտրական իրավունք ունեցող մարդկանց 40 տոկոսը, հանրաքվեն կհամարվի անցկացված, եւ ձայների մեծամասնությամբ կարող են արդեն անվստահություն հայտնել համայնքապետին, ապա այդ փաստաթղթերը ներկայացվում են կառավարություն, եւ «ՏԻՄ մասին» օրենքում էլ փոփոխություն ենք նախատեսում, որ տեղական հանրաքվեի արդյունքը հիմք դառնա համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ:
-Իսկ եթե հանրությունը դժգոհ է իր կողմից ընտրված Ազգային Ժողովի պատգամավորի աշխատանքից, այս օրինագծի միջոցով հնարավոր կլինի՞ նույն մեխանիզմը կիրառել, ինչպես Դուք եք հայտարարել, նման մարդուն «գերի» չմնալու համար:
-Պատգամավորներին հետ կանչելու մեխանիզմի վերաբերյալ դեռեւս որեւէ նախագիծ չկա. պետք է մենք մտածենք այդ մասին: Ես կոչ եմ անում նաեւ հանրությանը` եթե կան մտքեր, եկե՛ք քննարկենք միասին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անակնկալ ազատումներ է արել: Նրա հրամանագրով Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է. մի հանգամանք, որ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալիկ Մխիթարյանը եւս ազատվել է աշխատանքից:
Տեղի ունեցածը շատերի համար ոչ միայն անսպասելի էր, այլեւ անհասկանալի: Երեկ այդ ազատումների վերաբերյալ տարբեր վարկածներ էին քննարկվում: Ըստ տեղեկությունների` ազատման հիմնական պատճառը եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ նրանց տարաձայնությունները, ինչի պատճառով էլ նման որոշում է կայացվել: Կա նաեւ վարկած, ըստ որի՝ ինչ-որ մարդկանց նշանակումներ պետք է լինեին, սակայն խախտվել են ժամկետները, ընթացակարգերը, ու Ն. Փաշինյանը դիմել է կտրուկ քայլի:
Երեկ` ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել աշխատանքից ազատվածների հետ, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականը մեզ տեղեկացրեց, որ Աղաջանյանը զբաղված է ու չի կարող խոսել: Հայտնի է միայն, որ վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը, այլ աշխատանքի է անցնելու, ինչի պատճառով էլ ազատել են աշխատանքից:
Ազատումների վերաբերյալ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր. «Վերոնշյալ պաշտոնյաներն աշխատանքից ազատվել են վարչապետի հանձնարարությունը ոչ պատշաճ կատարելու պատճառով»: Իսկ ավելի ուշ լրատվամիջոցներից մեկին ասել է, թե ազատվածներից մեկը այլ աշխատանքի է տեղափոխվելու:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
Տեւական ժամանակ է՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունները, մասնավորապես` դրա հետեւանքով սպասվող կրճատումները, դարձել են հանրության մոտ ամենալայն քննարկվող թեմա։ Եվ հետաքրքիր է, որ չնայած նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, սակայն մինչեւ այժմ իշխող ուժի ներկայացուցիչներն այդպես էլ չեն պատասխանել հարցին՝ սպասվող օպտիմալացումների՝ նախարարությունների թվի կրճատման հետեւանքով որքան մարդ կդառնա գործազուրկ։
Միայն հայտնի է, որ օպտիմալացումից հետո աշխատակիցները գնահատվելու են բալային համակարգով, եւ հետագայում կրճատումներն այդ տրամաբանությունից ելնելով են լինելու։ Սակայն այդտեղ էլ ընդդիմադիր ուժերը ռիսկեր են տեսնում: Վերջիններս, հղում անելով օրենսդրության պահանջներին, ընդգծում են՝ երկարամյա աշխատողները կշարունակեն մնալ իրենց պաշտոններում, իսկ թավշյա հեղափոխությունից հետո աշխատանքի անցած նոր կադրերը, օրենսդրության համաձայն, հավանաբար զիջելու են իրենց տեղը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմում նախատեսվում է մոտ 150 հաստիք ավելացնել, սակայն այդ հաստիքներից միայն 20-25-ն են լինելու նոր ստեղծվելիք Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներ, քանի որ այդ քանակն է սահմանում օրենքը: Միեւնույն ժամանակ, նշենք, որ Սփյուռքի նախարարությունն ունի 70 քաղծառայող եւ 10-12 հայեցողական պաշտոնյա, եւ, փաստորեն, նրանց մի մասը օպտիմալացման հետեւանքով դուրս է մնալու:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆ
Հայաստանի կառավարությունը մտադիր է դատավորներին ապահովագրել դժբախտ պատահարներից, բնականաբար` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապահովագրական հատուցման չափը առաջին խմբի հաշմանդամի համար կսահմանվի 3 մլն 500 հազար դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար` 2 մլն 250 հազար դրամ, իսկ երրորդ խմբի հաշմանդամի համար` 1 մլն դրամ:
Ի դեպ, ՀՀ-ում դատավորների առավելագույն թիվը ներկա պահին կարող է լինել 253 հոգի, եւ օրենսդրությամբ նման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ երբեւէ ամրագրված չեն եղել:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դատավորների համար մի շարք սոցիալական երաշխիքներ կան նախատեսված, այդ թվում` դատավորի մահանալու դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, որ կազմում է 4.5 մլն դրամ, սակայն այն չի նախատեսում դատավորի` դժբախտ պատահարի հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում: