ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԹԵ ԻՆՉՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստը բավականին բուռն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական տվեց քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ:

«Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ` նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», – ասաց Փաշինյանը:
Արդեն կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպես է պատկերացնում ֆեյքերի դեմ պայքարը, ասաց. «Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված: Եթե գրառումների մեջ` դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որեւէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն եւ մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի բացահայտեն եւ կանխեն այդ հանցագործությունը: Այդ գործընթացը իրականացվելու է շատ զգույշ, եւ որեւէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»:
Նշենք, որ ֆեյքերի «ինստիտուտը» ձեւավորվել է ՀՀԿ իշխանության տարիներին: Ավելին` այն ժամանակ կոնկրետ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ եղել է ֆեյքերի որջ, որտեղից պարբերաբար համացանցով հարձակումներ էին կազմակերպվում այս կամ այն գործչի, նույնիսկ իշխանության ներկայացուցիչների դեմ (վճարովի հիմունքներով, իհարկե): Թավշյա հեղափոխությունից հետո, երբ փոխվեց նաեւ այդ ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը, իսպառ բացառվել է նման պրակտիկան: Բայց ֆեյքերը՝ իրենց գործելաոճով հանդերձ, չեն վերացել: Իհարկե, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «փոս փորողն ինքն է ընկնում մեջը», եւ թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ՀՀԿ-ն դիմադրում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելիս, նաեւ դրանից հետո, երբ ՀՀԿ-ն դիմադրում էր իրավունքի ուժով ԱԺ արձակմանը, համացանցում հարձակումների զոհ իրե՛նք դարձան, եւ ՀՀԿ-ականները եվրոպացիների մոտ բողոքում էին այդ իրավիճակից:
Ինչեւէ, վարչապետի երեկվա հանձնարարականի բովանդակությունը հասկանալի է, սակայն մի փոքր դժվար է պատկերացնել, թե ԱԱԾ-ն ինչպես պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, որոնք են լինելու ֆեյքերի դեմ պայքարի մեխանիզմները:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց` սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է: «Եւ եթե սա ազգային անվտանգության խնդիր է, նշանակում է` սրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Մի տարրական օրինակ բերեմ. սոցիալական ցանցերում հայտնվել է լուր, որտեղ պատկերված է Նիկոլ Փաշինյանը դատավարության ժամանակ, երբ որպես վկա հարցաքննվում էր, եւ սա մեկնաբանված է, թե Փաշինյանը դատարանի առաջ է, եւ նրան սպասվում է ցմահ բանտարկություն: Սա ռեզոնանս առաջացնելու պոտենցյալ ունեցող լուր է, որը կարող է ուղղակի որոշակի կոլափս առաջացնել նույնիսկ միջազգային մակարդակով»,-ասաց Թեւոսյանը: Հարցրինք` ինքն ինչպես է պատկերացնում ԱԱԾ-ի վերահսկողությունն ու պայքարը, ասաց, որ ինքը այդքան էլ լավ չի պատկերացնում դա: «Ինձ համար մի բան է միանշանակ, որ դա որեւէ աղերս չպետք է ունենա եւ որեւէ կերպ չպետք է անդրադառնա խոսքի ազատության վրա: Հստակ գիծ պետք է գծվի, եւ որեւէ կերպ խոսքի ազատության իրավունքը չպետք է սահմանափակվի Հայաստանում»,-ասաց պատգամավորը: Հետաքրքրվեցինք` ըստ իրեն` ԱԱԾ-ի քայլերը` ուղղված սրան, կարող են լուրջ արդյունքների հասցնել: Թեւոսյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին. «Թող աշխատեն, կտեսնենք»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ լավ չի պատկերացնում այս հարցը, որովհետեւ, առաջինը, մենք չունենք օրենսդրություն:
«Իմ կարծիքով լավ է, որ չունենք համապատասխան օրենսդրություն, որովհետեւ ուրիշ երկրների հետ չենք մտել հակաֆեյքային օրենսդրական փոփոխությունների մեջ, որովհետեւ սովորաբար ավելի շուտ սա վատթարացնում է խոսքի ազատությունը, քան թե օգնում է ֆեյքերի դեմ պայքարին: Միակ բանը, որ ես պատկերացնում եմ, դա ֆինանսական հոսքերի բացահայտումն է, այսինքն` երբ ֆեյքերը վճարվում են: Մնացած բոլոր քայլերը կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ ժողովրդավարության համար: Հնարավոր է նաեւ` ինչ-որ էջեր լինեն, որ ԱԱԾ-ն անմիջապես ֆեյսբուքի հետ կապնվի եւ հնարավորություն ստանա արգելափակելու այդ ֆեյք էջերը: Եթե սկսեն խմբագրություններից տեխնիկա առգրավել, լրագրողներին հետեւել, դա նորմալ չի լինի: Ես կարծում եմ` սա այն հարցը չէ, որով պետք է ԱԱԾ-ն զբաղվի: Կարծում եմ` սկզբում պետք է մտցնել լրագրողական հարց, ինքնակարգավորման դաշտ, հանրային իրազեկման դաշտ, եւ վերջում նոր գալ, հասնել ԱԱԾ-ին, եւ դա պետք է լինի ծայրահեղ դեպքում, օրինակ` այն ժամանակ, երբ ադրբեջանցիք կեղծ էջերով խուճապ են ստեղծում, երբ սահմանին իրավիճակը սրվում է: Դա կարելի է հասկանալ, բայց եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի մասին կեղծ լուր է տարածում, չեմ կարծում, որ կարելի է դա դիտարկել որպես ազգային անվտանգության խնդիր»,-ասաց Մարտիրոսյանը:
Մինչ այդ նկատենք, որ ֆեյք-նյուզերի դեմ պայքարի հարցը լրջորեն քննարկվում է ողջ աշխարհում, եւ անգամ ԵԽԽՎ նստաշրջանում են այդ խնդրին անդրադարձել:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

5 ԱՆԳԱՄ ԹԱՆԿ
Բագրատաշենի տարածաշրջանում «Գարդենիա Գրեյն ԴԲօր» ընկերության կողմից այգեգործության զարգացման ծրագիրը, չնայած որոշակի դժվարություններին, կյանքի է կոչվում: Ընկերությունը գրանցված է Հայաստանում, դրա սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆեյսալն ունի հայ կին ու ընտանիք: Մարտի 29-ին կայացած Այրում համայնքի ավագանու նիստի օրակարգի հարցերի թվում էր Բագրատաշենում 1 հեկտար հողատարածքը մեկնարկային 1 միլիոն դրամով աճուրդով օտարելու հարցը: Օրակարգն ավագանու քվեարկությամբ հաստատվեց: «Գարդենիա Գրեյն ԴԲօր» ընկերությունը Բագրատաշենի բնակիչներից գնել է 64 հեկտար տարածք, ուր պեկան տեսակի ընկույզի եւ լիբանանյան մայրու այգիներ են հիմնվում, նպատակ կա ընդլայնելու այդ այգիները: 1 հեկտար տարածքում նախատեսում է հիմնել ոռոգման ջրամբար, որից կաթիլային եղանակով կսնվեն պտղատու այգիները: Ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը վերապահումներ ուներ` ասելով, որ ջրամբարի շինարարությունը սկսվել է առանց համայնքի ղեկավարին եւ ավագանուն տեղյակ պահելու: Նրա խոսքերով` այդ ընկերությունը Բագրատաշենի հողերից գնելու եւ այնտեղ այգիներ հիմնելու նպատակ ունի, մինչդեռ այդ հողերը պետք է առաջնահերթ վաճառվեն Բագրատաշենի բնակիչներին, որպեսզի նրանք այգիներ հիմնեն: Նիստին ներկաներից Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանը հայտնեց, որ նշված ընկերության կողմից ջրամբար կառուցելու համար կապիտալ շինարարություն չի իրականացվել, փոս է փորվել, որի մեջ պոլիէթիլային թաղանթ է փռվելու, ոռոգման ջուր է կուտակվելու: Նա ասաց, որ ինքն է տվել այդ աշխատանքները կատարելու թույլտվությունը: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտարարեց, որ ընկերությունը Բագրատաշենի բնակիչներից հողեր է գնել, այգիներ հիմնել. հարկ է հնարավորություն տալ այդ 1 հեկտար տարածքում ոռոգման ջրամբար գործարկելու, այգիները ոռոգելու: «Գարդենիա Գրեյն ԴԲօրի» ներկայացուցիչ Սպարտակ Զաքարյանը հայտնեց, որ 5 ամիս է` տեղումներ չկան, նորատունկ այգիները չորանում են, ու ոռոգման ջրամբարի գործարկումը պարզապես անհրաժեշտություն է: Նրա խոսքերով` այգեգործը միշտ բարյացակամ է իր հարեւանի հանդեպ. հարկ է բարյացակամ լինել այգիներ հիմնող «Գարդենիա Գրեյն ԴԲօր» ընկերության նկատմամբ, որը հնարավորություններ ունի այգիների բերքն իրացնելու համաշխարհային շուկայում: Նա ասաց, որ ընկերությունը սեփական միջոցներով ոռոգման ցանցը մաքրելու աշխատանքներ է կատարել: Ավագանին նշված 1 հեկտար հողամասի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սկզբնականից 5 անգամ թանկ որոշեց` 5 միլիոն դրամ: Ավագանու անդամները նման գինը պայմանավորեցին նրանով, որ հողամասի վաճառքից գոյացած գումարով հնարավորություն կլինի Բագրատաշենում զարգացման որեւէ ծրագիր իրականացնել: Ավագանին քվեարկությամբ ընդունեց այդ առաջարկը: Նախկինում Այրում համայնքում հողերն աճուրդով վաճառելիս նման մեկնարկային գին չի եղել, մանավանդ, երբ օտարվող հողն ամայի, անորակ տարածք է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ» ՀԱՄԱՐ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարտի 29-ին որոշում է ընդունել մարզպետարանին հատկացված միջոցներից մոտ 900 հազար դրամ ուղղել «Գարնանային զարթոնք» միջոցառման կազմակերպմանը։ Մարզպետը որոշել է հանձնարարել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին ՝ «Գարնանային զարթոնք» խորագրով Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված մշակութային միջոցառումը կազմակերպել` իր կողմից հաստատված ծրագրին համապատասխան։

Մարզպետ Չոբանյանի այդ որոշման մեջ նշված է վերոհիշյալ մշակութային միջոցառումն իրականացնելու համար դրամաշնորհ տրամադրելու մասին։ Դեռեւս փետրվարի 12-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հայտարարություն է հրապարակվել «Գարնանային զարթոնք» միջոցառումը կազմակերպելու համար մշակութային գործունեության իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մրցույթ անցկացնելու մասին։ 2018թ. նոյեմբերի 2-ին Տավուշի նախկին մարզպետ, այժմ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը որոշել է 2018թ. պետական բյուջեից Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցներից 540 հազար դրամ հատկացնել «Աշնան գունեղ մեղեդիներ» միջոցառման կազմակերպմանը։ Տավուշի մարզպետարանը պարբերաբար մեծ գումարներ է տրամադրում մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով այն դեպքում, երբ սահմանամերձ Տավուշի մարզում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան պետական հիմնարկներ հանդիսացող դպրոցներում, բժշկական հիմնարկություններում եւ այլն։ Այդ խնդիրները լուծելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր, մինչդեռ իշխանությունները սիրում են կրկնել, որ ֆինանսական միջոցները սուղ են: Բայց, փաստորեն, մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար Տավուշի մարզպետարանին պետբյուջեից գումարներ տրվել են, իսկ, օրինակ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների շենքերը հիմնանորոգելու կամ սահմանամերձ բնակավայրերի բժշկական ամբուլատորիաները ձմռանը ջեռուցելու համար չեն հատկացվել։ Ու, կարելի է ենթադրել, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո այս առումով իրավիճակ չի փոխվել։ Համենայն դեպս, մարզային իշխանությունները ծախսեր են անում, որոնք այնքան էլ արդարացված չեն:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս