Փաստաբաններից ոմանք պարբերաբար հայտնվում են քրեական գործերի կիզակետում մեղադրյալի կարգավիճակով: Մի քանի դեպք է բացահայտվել, երբ փաստաբանը փորձել է դատավորին կաշառք փոխանցել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Վերջերս դատավորին կաշառի միջնորդ լինելու համար ձերբակալվել են փաստաբաններ: Որպես Փաստաբանների պալատի նախագահ` ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը, արդյոք Ձեզ մտահոգո՞ւմ է այս հանգամանքը:
-Եթե խոսքը վերաբերում է դատավոր Գագիկ Հեբոյանի հետ կապված դեպքին, ապա այդ գործով փաստաբան Վահագն Դանիելյանը ձերբակալվել է` կաշառք ստանալու օժանդակության կասկածանքով, ոչ թե կաշառքի միջնորդության, որն առանձին հանցագործություն է համարվում: Նախ` յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս տեսակետից ինձ համար Վահագն Դանիելյանն անմեղ է: Որպես փաստաբանների պալատի ներկայացուցիչ` ինձ մտահոգում են կոռուպցիոն երեւույթները արդարադատության ոլորտում, եւ ինձ համար ընդունելի չեն այն փաստաբանները, դատախազները եւ դատավորները, որոնք այս սխեմաների մեջ են ներգրավված:
-Ձեր կարծիքով` ինչո՞ւ են փաստաբանները նման քայլերի դիմում: Ի վերջո, փորձե՞լ եք զրուցել նրանց հետ` հասկանալու համար պատճառները, քանի որ սա առաջին դեպքը չէ:
-Այն փաստաբանների հետ անձամբ զրուցել եմ, որոնք ներգրավված են եղել կաշառքի հետ կապված քրեական գործերում, բացի Վահագն Դանիելյանից: Ըստ էության, ժխտել են իրենց առնչությունը կամ ներկայացրել են լրիվ այլ պատմություն:
-Ինքներդ` որպես Փաստաբանների պալատի նախագահ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում նման իրավիճակները բացառելու համար:
-Նախ` փաստաբանական համայնք մուտք գործող բոլոր անձանց հետ քարոզչական աշխատանքներ են կատարվում` կոռուպցիայի վնասակար ազդեցության մասին: Դա սկսում ենք փաստաբանական դպրոցից: Կոռուպցիան իրականում ոչնչացնում է փաստաբանի մասնագիտությունը: Կոռուպցիայում ներգրավված փաստաբանները կարճատեւ օգուտ են ստանում, փոխարենը` մշտապես քրեական պատասխանատվության վտանգի տակ են, կարող են գերի դառնալ կաշառատու վստահորդների ձեռքին, մշտապես կաշկանդված են լինելու կաշառք ստացող պաշտոնատար անձանցից, արդեն չեն աճելու իրենց մասնագիտական գործունեության մեջ: Փաստաբանների պալատը նաեւ կոռուպցիոն սխեմաները բացահայտող որոշ ականներ էլ է տեղադրել փաստաբանի վարքագծի կանոնագրքում: Մասնավորապես, եթե փաստաբանը 100 տոկոսով երաշխիք տվեց գործի ելքի վերաբերյալ, ապա արտոնագիրը կարող է դադարեցվել, կամ եթե փաստաբանը քննիչի կանչով, առանց վստահորդի նախաձեռնության գնաց եւ պաշտպանեց մեղադրյալին ու վատ պաշտպանեց, ապա արտոնագիրը կարող է դադարեցվել:
-Արդյոք այս միջադեպերը փաստաբանների նկատմամբ անվստահության մթնոլորտ չի՞ ձեւավորում: Տպավորություն չի՞ ստեղծվում, որ փաստաբանները, դատավորների հետ գործարքի գնալով, կոչված են նման առաքելության համար:
-Կոռուպցիոն երեւույթները միշտ էլ վարկաբեկում են այդ սխեմային մասնակցող անձանց մասնագիտական համայնքները, բայց մեր հասարակությունը քաջ գիտի, որ վատ մասնագետների հետ միաժամանակ միշտ էլ կան ազնիվ եւ լավ մասնագետներ: Փաստաբանական համայնքը մերժում է այդ երեւույթները եւ կոռուպցիոն սխեմայի մասնակից անձանց:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԶԱՅՐԱՆՈՒՄ Է, ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` ԱՐԴԱՐԱՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում էր: Նրա այցին գյումրեցիները վաղուց էին սպասում, շատ հարցեր էին կուտակվել: Ի վերջո, հանրապետության երկրորդ քաղաքում դեռեւս ահռելի չափերի չլուծված խնդիրներ կան` գումարած սոցիալական ծանր վիճակը: Գյումրի ոտք դնելուն պես քաղաքացիները դիմեցին Ն. Փաշինյանին՝ վեր հանելով մի շարք խնդիրներ` անօթեւանություն, գործազրկություն, ճանապարհների անբարեկարգ վիճակ. խնդիրներ, որոնց տարիներով լուծում չեն տրվել նախկին իշխանությունների կողմից:
Գյումրի այցի առաջին վայրկյաններից վարչապետին ուղեկցում էին Շիրակի մարզից ընտրված պատգամավորները: Այդ ողջ ընթացքում Ն. Փաշինյանին ամենամոտը կանգնած էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը: Վերջինս, ըստ ներկաների, անընդհատ փորձեր է արել անձամբ խոսել Գյումրու փողոցների վիճակի մասին, բայց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները նրան փորձել են ընդհատել՝ թույլ չտալով արտահայտվել:
Ի վերջո, Տիգրան Մեծ փողոցում շրջայցի ժամանակ Սարիկ Մինասյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ կոնֆլիկտ եղավ: Նիկոլ Փաշինյանը քաղաքապետին նկատողություն արեց ճանապարհների շինարարության վիճակի համար՝ նշելով, որ մայթերը քանդված են, ու քաղաքացիները այսպես հնարավորություն չունեն նորմալ տեղաշարժվելու. «Կաբլուկով կինն այստեղով ո՞նց է քայլելու, էս դպրոցի աշակերտը ո՞նց է այստեղով անցնելու»: Փաշինյանն ընդգծեց, որ եվրոպական որեւէ երկրում նման բան չես տեսնի, ինչին Սարիկ Մինասյանն արձագանքեց. «Էս փառք է հլը»: Պատգամավորի այս դիտարկումը դուր չեկավ Ս. Բալասանյանին, որը նկատողություն արեց Մինասյանին՝ ասելով, որ նա շատ է խոսում, իսկ ներկաներից մեկն էլ պատգամավորին «կլյաուզնիկ» անվանեց: Եւ մինչ քաղաքապետն /իր շրջապատի հետ միասին/ ու պատգամավորը լեզվակռիվ էին տալիս, ՀՀ վարչապետ Փաշինյանը զայրացավ. «Էէ, դե չեղավ, ժողովո՛ւրդ, հիմա կարո՞ղ ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացե՛ք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նման բա՞ն եք անելու»:
Հետաքրքրականն այն է, որ Ս. Բալասանյանն ու Ս. Մինասյանը որոշ ժամանակ առաջ շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, տարիներ շարունակ Ս. Մինասյանը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում: 2013-2017թթ.՝ Բալասանյանի օրոք, Ս. Մինասյանը Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրել է Բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։ Հետո Ս. Մինասյանը տեղափոխվել է Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժին՝ զբաղեցնելով բաժնի պետի պաշտոնը: Նաեւ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի հետ, որը եւս վարչապետի այցի ժամանակ փորձեց լեզվակռվի մեջ մտնել Ս. Մինասյանի հետ:
Գյումրիում տնակային ավաններից մեկում շրջայցի ընթացքում Ն. Փաշինյանին կոշիկ նվիրեցին։ Նվիրողը կոշիկի արտադրությամբ զբաղվող գյումրեցի էր։ Ն. Փաշինյանը նրանից հետաքրքրվեց, թե կոշիկը ինչ համար է, եւ երբ իմացավ, որ 41 համար է, կատակեց. «Ես 42 եմ հագնում»։ Այնուհանդերձ, Փաշինյանն ընդունել է գյումրեցու նվերը։
Վարչապետի հաջորդ կանգառը «Հայավտոկայարան»-ի Գյումրու մասնաճյուղն էր: 88-ի երկրաշարժից հետո` մինչ օրս, այն իր գործունեությունը իրականացնում է տնակային պայմաններում: Ն. Փաշինյանը ոտքով շրջեց ավտոկայարանի բանավան թաղամասում: 30 տարի արդեն մաշված ու շարքից դուրս եկած տնակներն այլեւս ի վիճակի չեն ծառայել իրենց նպատակին: Վարչապետն անձամբ մտավ ժամանակավոր կացարաններ ու ծանոթացավ իրավիճակին: Խնդիրները՝ խնդիր, դժգոհությունը՝ դժգոհություն, բայց առկա հարցերի համար միայն պետությանը չէ, որ պետք է մեղադրել: Փաշինյանի աչքից չվրիպեց տնակային թաղամասում առկա աղբակույտը, եւ նա «բացատրական աշխատանքներ» սկսեց բնակչության հետ` ասելով, որ հասարակությունն ինքը պետք է նման հարցերում հետամուտ լինի, չկեղտոտի:
Ի դեպ, երեկվա այցի ամբողջ ընթացքում Փաշինյանի կողքին Ս. Բալասանյանը փորձել է արդարանալ, սակայն Ն. Փաշինյանը շարունակել է դժգոհել ու բողոքներ հայտնել: Դրան զուգահեռ էլ չեն դադարել բնակիչների բողոքները` կապված Գյումրու խնդիրների հետ:
Իսկ Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ Ս. Բալասանյանի օրերն արդեն հաշվված են: Բնակչությունը դժգոհ է ու համոզված, որ վարչապետը պատժամիջոցներ պետք է կիրառի:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՐՏՎԵՑ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ավետիս Ափիյանը հաղթել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ ներկայացրած դատական հայցը: «Ժողովուրդ» օրաթերթը անցած տարի հանդես էր եկել հրապարակմամբ` տեղեկացնելով, որ Ավետիս Ափիյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել ՀՀ գլխավոր դատախազությանն անվավեր ճանաչել 2018թ. հունիսի 22-ի հրամանը եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 2018թ. հունիսի 6-ի որոշումը: Միաժամանակ, Ափիյանը պահանջել էր իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ ՀՀ գլխավոր դատախազությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Ներկայացված հայցադիմումով դատախազ Ափիյանը հայտնել է, որ 2004 թվականից աշխատել է ՀՀ դատախազության համակարգում, 2008 թվականից զբաղեցրել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնը:
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից 2017 թվականին անցկացվել է վերապատրաստում, եւ նա անցել է վերապատրաստումը: Ավելի ուշ դատախազը առողջական խնդիրներ է ունեցել եւ եղել է ժամանակավոր անաշխատունակ, որի ընթացքում վերջինս հետազոտություններ է անցել եւ բուժումներ է ստացել «Էրեբունի», «Նաիրի» եւ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոններում:
2018 թվականին նշանակված է եղել հայցվորի արտահերթ ատեստավորում, եւ Ափիյանը տեղեկացրել է, որ չի կարող ներկայանալ նշված արտահերթ ատեստավորմանը, քանի որ առողջական խնդիրների պատճառով բուժումներ է ստանում: Այս ամենից հետո ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել եւ Էրեբունու դատախազին ազատել է պաշտոնից: Եվ, ահա, դատախազը դիմել էր դատարան, եւ շուրջ 8 ամիս տեւած քննությունից հետո Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ավետիս Ափիյանը հաղթեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Մարտի 18-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը վճռեց բավարարել Ափիյանի դիմումը, անվավեր ճանաչել դատախազի որոշումները, նրան նախկին աշխատանքին վերականգնել, ինչպես նաեւ հօգուտ նրա բռնագանձել ՀՀ գլխավոր դատախազությունից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի այլ որոշումներով՝ Աննա Վարդապետյանը եւ Տիգրան Խաչիկյանը նշանակվել են արդարադատության նախարարի տեղակալներ: