ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի մաքսային քաղաքականությունը որոշում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված` Հայաստանում առաջիկայում առաջին անհրաժեշտության եւ լայն սպառման ապրանքները չեն միայն, որ հնարավոր է` թանկանան:

Ինչպես հայտնի է, այս տարվանից ԵԱՏՄ անցումային դրույթներն այլեւս չեն գործում: Օրինակ` մեքենաների մաքսազերծումը 2020-ից կիրականացվի ԵՏՄ դրույքաչափերով: Դրա հետեւանքով զգալի կբարձրանա երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը:
Նշենք, որ մաքսատուրքը բարձրանալու է աստիճանաբար մինչեւ 2022 թվականը: Ի դեպ, կան ապրանքներ, որոնց համար սահմանված մաքսատուրքը կբարձրանա աստիճանաբար` յուրաքանչյուր տարի ավելանալով. արդպիսով Հայաստանի տնտեսությունը կկարողանա փոքր-ինչ շնչել: Սպառողների վրա այն միանգամից ընդգծված բացասական ազդեցություն չի ունենա: Օրինակ, այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը, այսինքն` երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին, սակայն, դրա համար սահմանված մաքսատուրքը է՛լ ավելի կբարձրանա` 5 տոկոսով, ինչը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների համար, որոնք բենզին ներկրում են երրորդ երկրներից: Դրանք մի քանիսն են: Ըստ պետական եկամուտների կոմիտեի` օրինակ` Բուլղարիայից 2018 թվականին ներկրվել է 19 հազար 654 տոննա նավթ, նավթամթերք, որի մեջ մտնում է ոչ միայն բենզինը, այլեւ ավիավառելիքը, դիզելային վառելիքը: Իրանի Իսլամական Հանրապետությունից նույն ժամանակահատվածում ներմուծվել է 5204 տոննա նավթ, նավթամթերք: Ըստ որոշ մասնագետների` դրա մեծ մասը բենզին է:
Նրանց համոզմամբ` ամենահարմար տարբերակը բենզինը Իրանից ներկրելն է: Այնտեղ, ի դեպ, բենզինի գները ավելի ցածր են, քան Ռուսաստանում: Բայց, արի ու տես, Հայաստանը չի կարող Իրանից բենզին ներմուծել, քանի որ այն չի համապատասխանում ԵԱՏՄ որոշ չափանիշների: Բացի այդ, այն տնտեսվարողները, որոնք անցած տարվա ընթացքում թեեւ ներկրել են 5204 տոննա նավթ, նավթամթերք, ապա այս եւ հաջորդ տարի կա՛մ չեն ներկրի, կա՛մ էլ կներկրեն քիչ քանակությամբ: Այս խնդրի առաջ կկանգնեն նաեւ Բուլղարիայից ներմուծողները, որտեղից անցած տարի ՀՀ բենզինի զգալի քանակություն է ներմուծվել:
Իսկ, ահա, Թուրքմենստանից անցած տարի ՀՀ ներմուծվել է 29 հազար 682 տոննա, Հունաստանից` 56 հազար 768 տոննա նավթ, նավթամթերք: Նկատենք, որ Բելառուսից ներմուծված նավթ, նավթամթերքը անցած տարի կազմել է 308 տոննա, իսկ Վրաստանից ներմուծվել է 2626 տոննա նավթ, նավթամթերք: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թուրքիայից Հայաստան եւս նավթ, նավթամթերք է ներմուծվել. անցած տարվա ընթացքում այն կազմել է 252 տոննա:
Բայց, այնուամենայնիվ, բենզինի առյուծի բաժինը Հայաստանը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից: Անցած տարվա տվյալներով` Հայաստան ներմուծվել է 210 հազար 521 տոննա նավթ, նավթամթերք:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից վստահեցնում են, որ ԵԱՏՄ դրույքաչափերը ներքին շուկայի վրա բացասական ազդեցություն չեն թողնի:
«Ժամանակին, երբ բանակցություններ են ընթացել անցումային դրույքաչափերի շուրջ, մինչեւ 2018 թվականը Հայաստանի համար զրոյական մաքսատուրք է եղել. անփոփոխ է մնացել, որպեսզի Հայաստանի բիզնեսը հասցնի ադապտացվել այդ փոփոխություններին: Բայց այս տարի բենզինի մասով այն կբարձրանա 2, իսկ մյուս տարի` 5 տոկոսով: Այսինքն` 2020 թվականին Հայաստանը կմիանա ԵԱՏՄ դրույքաչափին, որը կազմում է 5 տոկոս: Նշեմ, որ այն վերաբերում է երրորդ երկրներին: Իսկ Ռուսաստանը, որը Հայաստանի համար համարվում է հիմնական շուկան, որտեղից բենզին ենք ներմուծում, զրոյական է: Բացի այս, ԵԱՏՄ-ում առաջարկվում է նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի հայեցակարգը, որտեղ արդեն ոչ թե մաքսատուրքը, այլ գները լինելու են միասնական անդամ պետությունների համար», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից:
Բայց, համաձայնեք, որ այս ամենի հետեւանքով Հայաստանում դիզվառելիքի շուկայում կստեղծվի ռուսական մենաշնորհ, ինչի դեմ մենք երկար տարիներ պայքարել ենք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հաշմանդամային սպորտի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հիմնադիր, քարտուղար Վարդուհի Արամյանի հետ:

-Զարգացվածության ի՞նչ մակարդակի վրա է գտնվում հաշմանդամային սպորտը Հայաստանում:
-Մեր երկրում հաշմանդամային սպորտի զարգացման հստակ քաղաքականություն չկա: Մենք պետք է ունենանք այդպիսի քաղաքականություն եւ նոր հասկանանք` այն զարգացել է, թե ոչ: Կարծում եմ` այդ հարցը դեռեւս մեր երկրի համար տեղին չի. պետք է լինեն հստակ ծրագրեր հաշմանդամային սպորտը զարգացնելու համար:
-Ո՞ր սպորտաձեւերն են ամենատարածվածը:
-Մենք ունենք շատ տարբեր մարզաձեւերի ուղղությամբ տարվող աշխատանքներ, սակայն դրանք ընդամենը աշխատանքներ են, որոնք ստաբիլ բնույթ չեն կրում: Սայլակներով բասկետբոլով Հայաստանում մարզվում են երկար տարիներ: Տարածված է նաեւ Գոլբոլը, որը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար է: Ունեցել ենք նաեւ Գոլբոլի առաջնություններ Հայաստանում: Անցկացրել ենք նաեւ Սեղանի թենիսի մրցումներ: Կառանձնացնեմ Բոչա մարզաձեւը, որը նախատեսված է չորս վերջույթների խնդիրներ ունեցող մարզիկների համար: Սա միակ սպորտաձեւն է, որը Հայաստանում չի կորցրել իր պարբերականությունը:
-Հաշմանդամային սպորտով զբաղվողները շա՞տ են:
-Եթե այս հարցը ուղղեք Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, ապա նրանք կներկայացնեն մի մեծ ցանկ, որը իրական պատկերը ցույց չի տալիս: Այդտեղ չի խոսվում մարդկանց մասին, ովքեր պարբերաբար մարզումների են մասնակցում, եւ ես` որպես ֆեդերացիայի քարտուղար, չեմ կարող ասել, որ նրանք մասնակիցներ են: Այդ մարդիկ չեն ներկայացնում կոնկրետ ակումբներ եւ նրանք էպիզոտիկ մասնակիցներ են հաշմանդամային սպորտում:
-Մարզվելու պայմանների մասին ի՞նչ կասեք:
-Մարզադպրոցներում մարզվելը մատչելի չի: Հաշմանդամային սպորտով զբաղվողները մարզադպրոցներում չեն մարզվում: Այստեղ մնում են առանձին հասարակական կազմակերպությունները, որոնք ստեղծում են մարզվելու համար որոշակի պայմաններ: Հարցը այս պարագայում շատ բարդ է, որովհետեւ հաշմանդամային սպորտը լայն հասկացություն է. սա մի մարզաձեւ չի, այն իր մեջ ներառում է տարբեր եւ բազում մարզաձեւեր: Կան մարդիկ, ովքեր իրենք իրենց համար են ստեղծում պայմաններ, այսինքն` իրենց միջոցներով:
-Պետության կողմից ինչպե՞ս է ֆինանսավորվում հաշմանդամային սպորտը:
-Պետության ֆինանսավորումը կազմում է 9մլն դրամ, որ բավարար է միայն միջոցառումներ կազմակերպելու համար, իսկ միայն միջոցառումներ կազմակերպելով` չես կարող սպորտ զարգացնել:
-Պետության կողմից այլ աջակցություններ կա՞ն:
-Ճիշտն ասած` կասեմ, որ պետությունը դեռ չի ձեւավորվել: Շուտով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կմիացվի այլ նախարարության, եւ մենք չգիտենք, թե ինչ կլինի: Իհարկե, հույսով կսպասենք, որ ամեն ինչ կգնա դեպի լավը:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում հարուցվել է քրգործ` սպանության փորձի դեպքի առթիվ: ՔԿ-ից տեղեկացնում են` ահազանգ է ստացվել, որ Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բկ է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 1979թ. ծնված տղամարդ: Պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է` ծնված 1962թ.: Վերջինս ձերբակալվել է` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Վերջինս` որպես հրամանատար, աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում: Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, եւ կան կասկածներ, որ նշված ատրճանակով է կրակոցներն արձակվել: Հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակող անձը նրա նախկին վարորդն է եղել. պատճառն այն է, որ հրամանատարը աշխատանքից ազատել էր վարորդին:

 

 

 

ՓՈԽԱՐԻՆՈՒՄ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է Հայաստանի կողմից կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է, այսպես կոչված, «հետանդամակցային» մոնիտորինգի ձեւաչափին:

 

 

 

ՄԱՐԶՉԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԿԱ
Երեկ Եվրոպայի հրապարակում կայացավ մինչեւ 19 տարեկանների` Եվրոպայի առաջնությանը նվիրված միջոցառում: Դրանից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հայտնեց, որ արտասահմանցի մի շարք մարզիչների հետ բանակցություններ եղել են, նույնիսկ նրանցից ոմանք կնքել են նախնական պայմանագիր, սակայն, ծանոթանալով հավաքականի ֆուտբոլիստների վիճակագրական տվյալներին, հրաժարվել են վերջնական պայմանագիր կնքել: Վանեցյանը շեշտեց, որ օրակարգում մարզչի փոփոխության հարց չկա: Նա նաեւ ասաց, որ բանակցություններ են ընթանում արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ, սակայն հրաժարվեց անուններ հայտնել:




Լրահոս