«ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԽՆԴԻՐԸ 1 ԺԱՄՈՒՄ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԼՈՒԾԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու եւ դրա շուրջ ծավալված աղմուկի, թատրոնների արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին զրուցել է թատերագետ Արա Խզմալյանի հետ:

-Պարո՛ն Խզմալյան, եթե մենք ունենայինք թատրոնի մասին օրենք, օպերային թատրոնում այդպիսի աղմուկ կբարձրանա՞ր: Նշվում է, որ Օրբելյանն օրենքի խախտումով է նշանակվել թատրոնի տնօրեն, վերջինս հերքում է դա: Հնարավո՞ր էր այնպիսի մեխանիզմներ մշակել, որպեսզի զերծ մնայինք այս ճգնաժամից:
-Լավ էր, որ այս աղմուկը եղավ. այն ցույց տվեց մեր օրենսդրական դաշտի անկատարությունը: Բանն այն է, որ բոլոր կառույցներին չես կարող դնել կառավարման մեկ ընդհանուր կաղապարի մեջ: Ես համարում եմ, որ օրենքը կատարյալ է այնքանով, որքանով այն ճկուն է: Թատրոնը կարող է ունենալ միայն տնօրեն, կամ կարող է լինել մեկը, ով տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի ֆունկցիաները կհամատեղի: Հնարավոր է՝ գեղղեկավարի կամ տնօրենի փոխարեն լինի այլ պաշտոն՝ գեղարվեստական տնօրեն: Այսինքն՝ օրենքը պետք է հնարավորություն տա կողմնորոշվելու` փաստացի ունեցած ռեսուրսներից ելնելով: Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնում մնալու ցանկությունը չպետք է պայմանավորել կապրիզներով եւ ամբիցիաներով: Բնական է, որ ով իր կապերի միջոցով կարողանում է գումարներ ներդնել, նա էլ ուզում է ֆինանսները տնօրինելու հնարավորություն ունենալ:
-Իսկ այդ հնարավորությունը գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի տալիս… Այդ դեպքում գուցե անհրաժեշտ է ընդլայնե՞լ գեղղեկավարի ֆունկցիաները: Գուցե այդ պարագայում գեղղեկավարներն այդքան չձգտեն տնօրենի պաշտոնին:
-Օրենքով գեղարվեստական ղեկավարը շատ քիչ բան է որոշում թատրոնում` չնայած նրան, որ կարող է շատ մեծ գաղափարներ ունենալ: Բայց կնիքն ում ձեռքին է, նրա կրունկն էլ ծանր է թատրոնում: Գեղղեկավարը չունի թատրոնի ֆինանսական հարցերի վրա որեւէ ազդեցություն. նա ենթակա անձ է:
-Բայց, օրինակ, Սունդուկյան թատրոնում մենք տեսնում ենք տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի ներդաշնակ աշխատանք…
-Իսկ կարո՞ղ եք երաշխավորել, որ այլ կառույցներում էլ նման մթնոլորտ հնարավոր կլինի հաստատել: Ախր, նման հարցերը հրապարակախոսության նյութ չեն, մասնագիտական քննարկման նյութ են: Պետք է թատրոնի ոլորտի մասնագետները նստեն եւ ուսումնասիրելով միջազգային փորձը, համադրելով այն հայ իրականության հետ՝ գտնեն լավագույն լուծումը: Օպերային թատրոնի խնդիրն, օրինակ, մեկ ժամում կարելի էր լուծել: Այդ աղմուկը կարող էր չլինել: Գեղարվեստական կառույցների կարգավիճակը, կազմակերպաիրավական ձեւը պետք է փոխել: «ՊՈԱԿ-ների մասին» օրենքը թույլ չի տալիս, որ այս կառույցները շնչեն: Պետք է կառավարման այլ համակարգ մտածել: Գուցե պետք է թատրոնի տնօրենի գործունեության ժամկետը սահմանվի երկու տարի, ինչպես որոշ երկրներում: Երկու տարի անց տնօրենը հաշվետվություն է ներկայացնում, եւ որոշվում է՝ շարունակելու է նա իր աշխատանքը, թե ոչ: Հակառակ դեպքում տնօրեններն անձեռնմխելի վիճակում են: Ամենաճիշտը յուրաքանչյուր թատրոնի համար իր ստեղծագործական նպատակներն ու ակնկալվող արդյունքները ձեւակերպելն է, թատրոններին կառավարման սեփական մոդելն ընտրելու հարցում հնարավորինս ազատություն տալը, իսկ տարեվերջին մանրակրկիտ հաշվետվություն պահանջելը: Պետությունը որքան քիչ միջամտի թատրոնի ներքին գործերին, որքան քիչ խեղդի` անիմաստ հաշվետվություններ պահանջելով, այնքան լավ:
-Դուք նշում եք, որ կարող է լինել մեկը, ով արդյունավետ կերպով կստանձնի ե՛ւ տնօրենի, ե՛ւ գեղղեկավարի պաշտոնները, բայց, տեսեք, գեղղեկավարին նշանակողը տնօրենն է: Այսինքն՝ նույն մարդն է իրեն պաշտոնում նշանակողն ու պաշտոնից ազատողը… Սա աբսուրդ չէ՞:
-Այդ դեպքում գուցե ճիշտ է, որ նման ֆինանսական մեծ շրջանառություն ունեցող, հեշտությամբ միջազգային ասպարեզ դուրս եկող կառույցը լինի ոչ թե ՊՈԱԿ, որպեսզի նմանատիպ խնդիրների առջեւ չկանգնի, այլ հիմնադրամ՝ հոգաբարձուների խորհրդով: Այն, որ օպերային թատրոնում նման աղմուկ բարձրացավ, ոլորտի պատասխանատուների բացթողումն է: Այդ հարցը մասնագիտական շրջանակներում քննարկելու փախարեն հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, անցան վարկաբեկման փորձերի: Սրանից հետո որեւէ մեկը հազիվ թե լուրջ ընկալի ոլորտը, եւ սրա պատասխանատուն Մշակույթի նախարարությունն է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳՈՄԵՇԻ ՄԱԾՈՒՆ ԵՎ ԳԼՈՒԽ ՊԱՆԻՐ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ. հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է:

Նա ժպիտով է հիշում շուրջ 15 տարի առաջ իր հետ բեմում կատարված մի դեպք: Բնական է, որ երգչուհին, հանդես գալով ամենատարբեր համերգներով, երբեւէ չի ունեցել ուշադրության, նվերների, ծաղիկների պակաս, բայց որ սահմանամերձ քաղաքներից մեկում նրան կարող էին պատվել շատ յուրահատուկ ձեւով, նա հաստատ չէր պատկերացնի: «Հիշում եմ՝ համերգից հետո մոտավորապես 35-40 տարեկան մի տղամարդ բեմ բարձրացավ ու ծաղիկների փոխարեն ինձ գոմեշի մածուն ու գլուխ պանիր տվեց: Երգիչ-երգչուհիները դա դարձրել էին բոլոր հումորների համար թեմա, ասում էին. «Աննա՛, պատրաստվի՛ր, որ հաջորդ համերգի ժամանակ էլ պարկով կարտոֆիլ են բերելու»»,-ծիծաղելով հիշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ արտառոց նվերներն իր հետ տարել է տուն. ե՛ւ գոմեշի մածունը, ե՛ւ պանիրը շատ համեղ են եղել: «Ես իմ ստացած բոլոր նվերներն անխտիր տանում եմ տուն: Հնարավոր է՝ դրանք երբեւէ չկիրառեմ, բայց եթե այն ինձ է հասցեագրված, ուրեմն ինձ մոտ էլ պետք է լինի: Ազնավուրից սովորել եմ նաեւ ստացածս ծաղիկները երբեք չդնել գետնին: Ես կարող եմ դրանք դնել, ասենք, դաշնամուրի վրա կամ պահել ձեռքիս, խնդրել մեկին, որ ինքը պահի, բայց երբեք գետնին չեմ դնի»,-ասաց Աննան:
Ի դեպ, սա միակ ուշագրավ դեպքը չէ, որ պատահել է Աննայի հետ իր բեմական գործունեության ընթացքում: «Մի անգամ էլ եղավ այնպես, որ հանդիսատեսներից մեկը մոտեցավ ու հետ վերցրեց իր նվիրած ծաղիկները, ասաց, որ վերջին կատարողին ծաղիկ չի հասել, եւ պետք է փոխանցի նրան: Սիրով փոխանցեցի»,- պատմեց երգչուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս