«Ջրառ» ընկերության սպասարկման տարածքում գործում են թվով 41 ՀԷԿ-եր, բայց պարզվում է, որ ընկերությունը միայն 10 ՓՀԷԿ-ի հետ է ջրի մատակարարման վճարովի ծառայությունների մատուցման, ջրօգտագործման, ինչպես նաեւ վճարովի այլ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել: Մնացած ՓՀԷԿ-երի հետ «Ջրառ» ընկերությունն առնչություն եւ պայմանագրային պարտավորություններ չունի, հետեւաբար` այդ ՀԷԿ-երը ստացած հասույթից վճարում չեն կատարել ընկերությանը:
ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացրել ջրային պետական կոմիտեում, մի շարք թերություններ են հայտնաբերել: Ըստ պալատի` հնարավոր էր 2017 թվականի ընթացքում Սեւանա լճից ջրի բացթողումը կրճատել առնվազն 17.9 մլն խմ-ով կամ համապատասխան դոտացիոն պոմպակայաններում խնայել առնվազն 5.07 մլն կվտժ էլեկտրաէներգիա, բայց չի արվել: Ստացվում է, որ պայմանագրով նախատեսված պլանավորված ջրաքանակի 25 տոկոս սահմանաչափից ավելի շեղումներով հայտերի բավարարումը ազդեցություն է ունենում Սեւանա լճից բացթողնվող ջրաքանակի, Մխչյանի եւ Ռանչպարի դոտացիոն պոմպային կայաններով մղվող մեխանիկական ջրի ծավալների վրա:
Ըստ հաշվեքննիչ պալատի` «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից 2017 թվականին չի իրականացվել մակարդակաչափերի եւ համապատասխան հուների կարգաբերում, եւ պարզվել է, որ փաստացի ջրամատակարարումը, ըստ մակարդակաչափի, գերազանցում է ակտ-օրագրով ձեւակերպված ծավալը 35 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի ընթացքում «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից մեխանիկական եղանակով մղվել է 78 մլն 372 հազար խմ ջուր, որից 71 մլն 859 խմ մատակարարվել է ջրօգտագործողների ընկերություններին, իսկ կորուստը կազմել է 8.3 տոկոս: 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, սակայն, մեխանիկական եղանակով մղվել է 103 մլն 784 հազար խմ ջուր, որից 91 մլն 928 հազար խմ մատակարարվել է ՋՕԸ-երին. այս դեպքում կորուստը կազմել է 11.4 տոկոս:
«Ջրառ» ՓԲԸ-ի եւ «Յագուար կենդանիների աշխարհ» ընկերության միջեւ կնքված 2017 թվականի հունիսի 8-ի Հեր-Հեր ջրամբարի տարածքի վարձակալության պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով չի կնքվել: Այն չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից, քանի որ, համաձայն պայմանագրի, ջրամբարը վարձակալին տրամադրվում է վարձակալության ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով: Նշենք, որ ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը. հիշյալ ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 687 որոշմամբ, որում Հեր-Հերի ջրամբարը առկա չէ: Ավելին, «Ջրառ» ՓԲԸ-ն տարեկան 250 հազար դրամով վարձակալության է հանձնում Հեր-Հեր ջրամբարի ջրի թասի /հայելու / 100 հա մակերեսով ջրային տարածքը: Բայց այս դեպքում ջրային պետական կոմիտեն ներկայացրել է իր պարզաբանումը: Այսպես, ըստ ջրպետկոմի, Հեր-Հերի ջրամբարը օգտագործվում է բացառապես էներգետիկ նպատակով: Ջրամբարի ջրերը էներգետիկ նպատակով օգտագործման համար տրվում են անվճար: ՀԷԿ-երից հետո ջուրը անկորուստ վերադարձվում է Հեր-Հերի գետաբերան` Արփա գետին խառնվելու կետից 50 մետր վերեւ: Այսօր այդ ջրերը ինքնահոս եղանակով ոռոգման նպատակով օգտագործելու հնարավորություն չկա:
Նշենք, որ «Ջրառ» ընկերության եւ ՀԷԿ-եր շահագործող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են ջրի մատակարարման վճարովի ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր: Ավելին` ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության ընդհանուր ժողովն է, եւ կանոնադրությամբ նախատեսված որոշումների ընդունումը Ժողովի իրավասությունն է: Պարզվել է, որ պայմանագրային գների մասով առկա չէ ժողովի որոշում. մեկ դեպքով պայմանագիրը կնքվել է ամսական 24 հազար դրամով, մեկ այլ դեպքով` 258 հազար դրամ արժեքով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ջրառ» ընկերության սպասարկման տարածքում գործում են թվով 41 ՀԷԿ-եր, բայց, պարզվում է, որ միայն 10-ի հետ ընկերությունն ունի ՓՀԷԿ-ի հետ կնքված ջրի մատակարարման վճարովի ծառայությունների մատուցման, ջրօգտագործման, ինչպես նաեւ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր, իսկ մնացած ՓՀԷԿ-երի հետ «Ջրառ» ընկերությունն առնչություն եւ պայմանագրային պարտավորություններ չունի: Փաստորեն, «Ջրառ» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող թվով 9 ՀԷԿ-երի էներգիայի արտադրությունից հասույթը, 2017թ.-ից 2018 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ, կազմել է 1 մլրդ 179 մլն դրամ, մինչդեռ «Ջրառ» ընկերության հետ կնքված պայմանագրերով վերջինիս վճարվել է ընդամենը 8 մլն 464 հազար դրամ, իսկ 32 ՀԷԿ-երի հասույթը այդ ժամանակահատվածում կազմել է 5 մլրդ 497 մլն դրամ: Բայց, արի ու տես, ընկերությունն այդ 32 ՀԷԿ-երի հետ պայմանագրային հարաբերություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ջրառ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է ձկնաբուծական տնտեսություն, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի: Կա նաեւ խորքային հոր` պոմպերով, որը գտնվում է այլ անձին սեփականության իրավունքով պատկանող ամառանոցի տարածքում: Բնականաբար, Ջրային պետական կոմիտեն այս թեմայի շուրջ էլ իր պարզաբանումն ունի: Պարզվում է` Տարոնիկ գյուղի ձկնաբուծարանը սեփականաշնորհվել է դեռեւս 1996 թվականին, իսկ «Ախուրյան-Արաքս Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Է. Սարգսյանը բազմաթիվ անգամ դիմել է Ջրային պետական կոմիտեին ձկնաբուծարանն ընկերության հաշվեկշռից հանելու համար, սակայն այդպես էլ կարգադրություն չի ստացել:
Ըստ Հաշվեքննիչ պալատի` գումարներ են ծախսվել առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի համապատասխան կիրառման: Ի դեպ, Ջրային պետական կոմիտեն պնդում է, որ դերիվացիոն ջրանցքի վրա հայտնաբերված ապօրինի ջրառի կետերը` Արգել եւ Արզնի ՀԷԿ-երի ուղղաթեքերում, կա՛մ բերվել են իրավական դաշտ, կա՛մ ապամոնտաժվել են: Քանաքեռ ՀԷԿ-ի ուղղաթեքում թվով 103 ջրառի կետերից 20-ը օրինական դաշտում են, մնացած մեծ մասը երկար ժամանակ չեն շահագործվում ջրօգտագործողների բացակայության պատճառով, մյուսների հետ թե՛ «Ջրառի»-ի, թե՛ ՋՕԸ-ի կողմից համատեղ տարվում են աշխատանքներ ջրօգտագործողների հայտնաբերման եւ նրանց օրինական դաշտ բերելու համար: Այս գործընթացի իրականացումը կրում է շարունակական բնույթ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՄԵՆԱԼԱՐՎԱԾ ՇՐՋԱՆԸ
Այսօր եւ վաղը ֆուտբոլային հասարակության ուշադրության կենտրոնը կրկին կդառնա եվրոպական արենան. մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչը:
Այսօր` Երեւանի ժամանակով 23:00-ին, կկայանան երկու հանդիպում, երկուսն էլ` Անգլիայում:
«Լիվերպուլ»-«Պորտու»
«Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում այս երեկո կայանալիք դիմակայության ելքը վճռված են համարում` համարելով, որ «Պորտուն» ի զորու չէ պայքարել մերսիսայդյան գրանդի դեմ, սակայն պետք է հաշվի առնել մի քանի կետ, որոնք այս դիմակայությունում հնարավոր է դառնան վճռորոշ: Կասեմ հետեւյալը. «Լիվերպուլը» ֆավորիտ է, սակայն «Պորտուն» էլ անցած տարվանը չէ:
Յուրգեն Կլոպի սաները կատաղի պայքար են մղում երկու ճակատով: Իհարկե առաջնայինը նրանց համար Անգլիայի Պրեմիեր Լիգան է ,այնտեղ նրանք պայքարում են վերականգնելու սասանված հեղինակությունը: Հաշվի առնելով այս փաստը` «Պորտուի» ֆուտբոլիստները կարող են օգտագործել իրենց ֆավորիտ չլինելու փաստը եւ լուրջ անակնկալ մատուցել: Բացի սրանից «Պորտուն» նաեւ ունի ֆանտաստիկ ֆուտբոլիստներ` ի դեմս Կասիլիասի, Պեպեի եւ Մուսա Մարեգայի, որոնք կարող են բարդացնել անգլիացիների «կյանքը»: Այսպիսով, մենք չենք պատկերացնում, որ այս խաղում պայքար չի ծավալվի. այս «Պորտուն» ի զորու է ձեռնոց նետել «Լիվերպուլին»:
«Տոտենհեմ-Մանչեստր Սիթի»
Օրվա բումը կկայանա անգլիական մյուս խաղադաշտերից մեկում` «Տոտենհեմ Հոտսպուր Ստեդիում»-ում: Տիպիկ անգլիական դիմակայություն, բազմիցս միմյանց դեմ մրցած ակումբներ. «Տոտենհեմ-Ման.Սիթի» հանդիպումը այս անգամ կգեղեցկացնի Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչը:
Այստեղ նույնպես ունենք ֆավորիտ, որը մանչեստրյան ակումբն է: «Քաղաքայինները» վերջին շրջանում չեն խնայում ոչ մի թիմի եւ վերջին 14 խաղերում տանում են միայն հաղթանակներ: Հակառակ պատկերն է «Տոտենհեմի» մոտ, որոնք կարծես նոր-նոր են ցանկանում ուշքի գալ:
«Սիթիի» ֆավորիտ լինելու հարցում ոչ մի կասկած լինել չի կարող, սակայն ամեն ինչ որոշվում է հենց մարզադաշտում, որտեղ կարող է պատահել ամենաանսպասելին: Սա գերդիմակայություն է, որի մեկնարկին մնում են հաշվված ժամեր: Լոնդոնյան ակումբը ջանք չի խնայի, որ փրկի մրցաշրջանը, իսկ Գվարդիոլայի սաները տառապում են Եվրոպան գրավելու անհագ ծարավով, ինչն էլ կփորձեն հագեցնել հենց այս մրցաշրջանում: Միգուցե մանչեստրյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն գերհոգնած են. իհարկե պայքարել մի քանի առաջնություններում եւ անդադար հաղթելը հեշտ չէ, եւ մեծ ջանքեր է պահանջում: Այս փաստը, ըստ մեզ, «Հոտսպուրի» գլխավոր խաղաթղթերից մեկն է:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ