Չարենցավանի քաղաքապետը` արտակարգ իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը ArmLur.am-ի հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց, որ Ալափարս համայնքի բնակիչների դժգոհությունը կապված է եղել «Կոտայք ՋՕԸ» ընկերության հետ:

«Նրանք պահանջում էին, որպեսզի ՋՕԸ-ն ավելացնի ոռոգման ջրի մատակարարումը: Այդ մարդիկ էլ ավելացրին, բնակիչների պահանջը կատարվեց, եւ նրանք ճանապարհը բացեցին: Գիտեք` ինչ կա` իրենց հաշվարկներն է, որովհետեւ գյուղի բնակիչները մի բան էին ասում, իսկ ՋՕԸ-ի ղեկավարությունը` մեկ այլ բան: Բայց չնայած սրան ընդհանուր հայտարարի եկան, հարցը լուծվեց: Չգիտեմ ինչքանով լուծվեց, հետագայում ինչ կլինի, բայց այս պահին ճանապարհը բաց է, իսկ մարդիկ էլ գնացել են իրենց տներով»,- ArmLur.am-ին փոխանցեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Նկատենք, որ «Կոտայք ՋՕԸ»-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում. այս ընկերությունում ՀՀ ոստիկանությունը բացահայտել էր մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, 2017-2018 թվականներին ընկերության տնօրինությունը խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:

Պարզվում է, որ ընկերության տնօրինությունը, առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել է հեկտարներով եւ դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Ջրամատակարարման ընթացքում առաջացած 5-ից 30 տոկոս բնական կորուստների ծավալները հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին եւ այդ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում՝ փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները:

Ավելին, դրա արդյունքում բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել է ընդհանուր՝ 263 մլն 580 հազար դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների եւ կազմակերպության համար առաջացրել է ծանր հետեւանքներ:

Բացի այդ, կազմակերպության տնօրինությունն, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-2018 թվականներին ընկերության տրանսպորտային միջոցների լիցքավորման թերթիկներում մուտքագրելով շահագործման նպատակով բաշխված ավտոգազի, բենզինի եւ դիզելային վառելիքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է, առանձնապես խոշոր չափերի շուրջ 4 մլն դրամ:

ArmLur.am-ը այս չարաշահումների եւ Ալափարսի բնակիչների խնդիրների շուրջ զրուցելու համար կապ հաստատեց «Կոտայք ՋՕԸ»-ի հետ, սակայն ընկերության ինժեներ ներկայացած Սեդրակը խոստացավ, որ տնօրենի հետ կխոսի եւ կզանգահարի: Դեռ զանգեր չենք ստացել:

Հ.Գ. Չարաշահումների վերաբերյալ բացահայտումը` ստորև` տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս