«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մի քանի հարցեր են ընդգրկված: Դրանցից մեկը վերաբերում է Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մասին նախագծին, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ: Այս օրենքի ընդունումից հետո՝ հուլիսի 1-ից, Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե:
Իսկ ո՞րն է արտահերթի նպատակը: Այս կառույցի ստեղծման շուրջ հետաքրքրությունն առաջին հերթին կապված է Արցախում վերջին օրերին սկսված պաշտոնանկություններով եւ նշանակումներով: Եվ արդեն իսկ հայտնի է, որ Քննչական կոմիտե ստեղծելուց հետո այս կառույցի նախագահ է նշանակվելու Իգոր Գրիգորյանը, որը նախկինում զբաղեցնում էր Արցախի ոստիկանապետի պաշտոնը: Իսկ, ահա, այդ պաշտոնում էլ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախկին նախարար Լեւոն Մնացականյանը:
Վերջինիս նշանակման շուրջ Արցախի ներսում տարբեր մեկնաբանություններ կան, իսկ, ահա, երեկվանից էլ շրջանառվում է այն տեսակետը, թե նրա նշանակումն օրենքի խախտմամբ է եղել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը վստահեցրեց, թե օրենքի խախտում չի եղել, եւ վկայակոչեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 4,13, 14-ը հոդվածները, որոնք, նրա խոսքով, հավաստում են, որ որեւէ խախտում չի եղել:
Նա մասնավորապես վկայակոչեց օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, իսկ այնտեղ ասվում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ Զինված ուժերի, Ազգային անվտանգության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները»:
Բաբայանը հավելեց՝ 10-րդ կետը թույլ է տալիս նախագահին նշանակել այդ պաշտոնում նաեւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչների: «Ավելին՝ այդպիսի նշանակում եղել է նաեւ նախկինում. սա առաջին դեպքը չէ, եւ այդտեղ օրենքի խախտում չկա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Առհասարակ վերջին շրջանում Արցախի ներքին կյանքում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ, եւ շատերն այդ հանգամանքը պայմանավորում են Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններով, մյուս մասն էլ 2020 թվականին Արցախում սպասվող նախագահի ընտրությունների հետ է կապում: Սակայն փաստ է մեկ բան. առաջիկայում Արցախի ներքին կյանքում կրկին ակտիվացումներ են լինելու, եւ դա են վկայում նաեւ վերջին իրադարձությունները:
Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները, սակայն դա մեկնաբանեց այլ տեսանկյունից: «Լեւոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, եւ հնարավոր է, որ այդ գործընթացը նաեւ փողոցային ակցիաներով զուգորդվի: Լեւոն Մնացականը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ եւ ուժեղ ոստիկանապետ», – նկատեց Խանումյանը: Վերջինս Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը եւ այլ հարցերը ամենեւին չի կապում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության շուրջ եւս իր տեսակետն ունի: «Բալասանյանի պաշտոնանկությունը պայմանավորված է նրա՝ նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության հետ, նա գրասենյակ է բացել եւ երեւի այդ գործով կզբաղվի: Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ազդեցություն ունի այդ հարցի վերաբերյալ եւ կառաջարկի սրան հանել, նրան հանել: Իսկ Սերժ Սարգսյանի ազդեցությունը Բակո Սահակյանի վրա ակնհայտ է. նա Սարգսյանի հանձնարարություններն անմիջապես կատարում է»,- եզրափակեց նա:
Իսկ, օրինակ, Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վարդգես Բաղրյանը կադրային փոփոխություններն առհասարակ չի կապում Հայաստանի ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայիս իշխանությունների հետ: «Որեւէ արտառոց բան պետք չէ փնտրել, ոչ էլ շահարկումներ անել: Եթե, օրինակ, անդրադառնանք Վիտալի Բալասանյանին, ապա նա պատրաստվում է նախագահի ընտրությունների եւ, որպեսզի կարողանա լիարժեք պատրաստվել, ազատվեց պաշտոնից: Ես չեմ կարծում, թե Հայաստանի ղեկավարությունը կարող է ճնշումներ գործադրել, ասել՝ սրան նշանակեք կամ նրան: Կադրային քաղաքականություն է պարզապես, որը նախագահն անում է՝ կապված կոնկրետ անձի ցանկությունների հետ: Չեմ կարծում, թե որեւէ ճնշման հետեւանք է դա», – նշեց Բաղրյանը:
Արցախի ԱԺ պատգամավորը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ Լեւոն Մնացականյանի նշանակմանը եւ կարծիք հայտնեց, թե այստեղ եւս որեւէ բան պետք չէ փնտրել:
Հավելենք, որ Արցախում նախագահական ընտրությունները լինելու են 2020 թվականին, եւ որքան մոտենա այդ ժամկետը, այնքան, մեր զրուցակիցների հավաստմամբ, առավել ակտիվանալու են Արցախի ներքին կյանքը, ընթացող գործընթացները:
Նաիրա Հովհաննիսյան