ՖՈՏՈ. Քաղաքապետարանը երևանաբնակներին չի պաշտպանում լվիճներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի այգիներում ծառերի տակ տեղադրված նստարաններին հնարավոր չի լինում նստել: Պատճառն այն է, որ ծառերից կա՛մ լվիճներ են թափվում, կա՛մ էլ շիրանման նյութ:

Ըստ մասնագետների` խոնավ եղանակը, հորդառատ անձրեւները նպաստում են դրանց զարգացմանը. նման դեպքերում այդ լվիճները շատ շուտ զարգանում են, ավելի արագ են բազմանում, շիրա են արտադրում: Իսկ ամառվա ընթացքում լվիճները տալիս են մի քանի սերունդ, եւ տեղի է ունենում սերունդների հերթափոխություն:

Բազմանում են շատ արագ, ամառվա ընթացքում 1 հատը կարող է աճել 1013 անգամ: Հիշենք` նախորդ տարի քաղաքային իշխանությունը ծառերը համպատասխան դեղորայքով չմշակեց, չլվաց:

Այսինքն` ծառերը անցած տարի այդպես էլ չբուժվեցին: Ավելին, քաղաքապետարանն իր անգործությունը փորձեց արդարացնել թավշյա հեղափոխությամբ:

Թեեւ այս տարի քաղաքապետարանին խոչընդոտող ոչինչ չկա, բայց, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում քաղաքացիներից բողոքներ, դժգոհություններ ստանալ: Նշենք, որ բողոքում են նաեւ բազմաբնակարան շենքերի բնակիչները, որոնք փոխանցում են, որ հարեւանությամբ գտնվող ծառերից իրենց բնակարանները լցվում են լվիճներով:

Պարզվում է, որ ծառերի լվիճները գրոհել են ոչ միայն մարդկանց տները, այլեւ հասարակական տրանսպորտը. այո, մի՛ զարմացեք, հասարակական տրանսպորտը, մասնավորապես` ավտոբուսները (այն, ենթադրվում է, կայանված է եղել ծառերի տակ): Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հենց այս թեմայի շուրջ դժգոհություն ստացավ քաղաքացուց, ում հագուստը լվիճով էր պատվել հենց ավտոբուսում: Համաձայնեք, որ սա ամոթալի երեւույթ է:

Ի դեպ, այս տարի «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմային առաջին անգամ չէ, որ անդրադառնում է: Ապրիլին մենք բարձրաձայնել էինք այս խնդրի մասին եւ դիմել Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետին` Խաչիկ Հակոբյանին: Նա մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ էտման աշխատանքների հետ զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, եւ հենց անձրեւային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսվի դեղերով մշակումը: «Երբ անձրեւ գալիս է, լվիճ չի առաջանում, դրա համար էլ անիմաստ է հիմա դեղ անել. անձրեւը կլվանա, կտանի: Նյութերն ունենք, վարչական շրջաններին տրամադրված է, այս մասով ոչ մի խնդիր չունենք, ապահովված ենք»,- հայտարարել էր վարչության պետը:

Բայց, արի ու տես, խնդիրը դեռ շարունակում է չլուծված մնալ: Այս խնդրի շուրջ դարձյալ մենք ահազանգեցինք բնապահպանության վարչության պետին, որը վստահեցրեց, որ քաղաքում հիմնականում արված են բուժումները: «Եթե կան կոնկրետ հասցեներ, ես կարող եմ աշխատողների ուղարկել, որոնք կիրականացնեն բուժումը: Պարզ է, որ ամբողջ քաղաքում 150 տոկոսով հնարավոր չէ իրականացնել, որոշակի փողոցների, բակերի հետ կապված մենք ահազանգեր ունենք եւ հերթով սպասարկում ենք: Նաեւ` այս տարի տարօրինակ է, բայց ակացիաների մասով էլ խնդիր ունենք: Բոլորին ուղարկել ենք հանձնարարական, որ փոքր գնդաձեւ ակացիաներն էլ մշակեն: Մեզ հասցեներ տրամադրե՛ք, մենք համապատասխան աշխատողներին կուղարկենք, կմշակեն»,- տեղեկացրեց բնապահպանության վարչության պետը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ուշացրել եք արդյոք ծառերի` համապատասխան դեղորայքով բուժումները, Խաչիկ Հակոբյանն արձագանքեց. «Չենք ուշացրել, անձրեւներն ավարտվել են, անում ենք: Առատ անձրեւային է եղել, եւ կենդանական աշխարհն էլ բուսականի նման ակտիվ է, դրա համար էլ արագ բազմացել են: Այս պահին չեն բազմանում դրանք: Հիմնական միջոց Երեւան քաղաքի համար չի կարող լինել: Պատկերացնում եք չէ՞, ինչ անհաշվելի ծավալ է, մենք ունենք փողոցներ, եւ հիմնական փողոցները մշակած է»:

Օրինակ` այդ միջատները հիմնականում թեղի կոչվող ծառատեսակի վրա են բազմանում: Դրանք արագ բազմանում են եւ արդեն հուլիսի վերջերին տերեւները կերած են լինում: Բայց Երեւանի քաղաքային նախկին իշխանությունները թեղի ծառատեսակը շատ են սիրել, որովհետեւ այն էժան է ձեռք բերվում եւ շուտ է աճում, նաեւ խնամք չի պահանջում, եւ Երեւանում թեղի ծառատեսակ շատ կա: Բուսաբան Մարինա Օգանեսովայի կարծիքով` թեղի պետք չէ տնկել, այն հարկավոր է փոխարինել մեկ այլ ծառատեսակով:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը հավաստիացնում է` որտեղ թեղիներ կան, այնտեղ առաջնային իրականացվել են բուժման աշխատանքները: «Անցած շաբաթ Թումանյան փողոցի ծառերը մշակվել են. այդտեղ խնդիր կար, վերացավ շատ արագ: Բակային շատ տարածքներ կան թիրախավորված, ուղարկում ենք, անում են, ստուգում են, վերահսկում են»,- նկատեց Հակոբյանը: Սակայն քաղաքապետարանի կատարած բուժման աշխատանքներն այդպես էլ չեն երեւում: Գուցե քաղաքապետն ու իր թիմը շատ հաճախ շրջեն երեւանյան այգիներով, նստեն լվիճներից շիրոտված նստարաններին, այդ ժամանակ պարզ կդառնա, որ իրենց բուժման մեթոդներն անարդյունավետ են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս