«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 5-ին գրել էր, որ Չեխիայում կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը: Նիստը հրավիրվել է մեկ նպատակով՝ քննարկել Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` Չեխիայի իրավապահները կասեցրել են նրա արտահանձնման հարցով գործի քննությունը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ Երեւանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել: 2018թ. հունիսի 26-ին Ն. Սարգսյանին, ԱԱԾ-ում հարուցված քրգործի համաձայն, մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար: Բացի այս, ԱԱԾ-ն հաղորդել էր, որ դեռեւս 2013թ.-ին Ն. Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել:
Դրա հետեւանքով Ն. Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում: Սարգսյանը 2018 թ. դեկտեմբերի 6-ին ձերբակալվեց Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է կալանքի տակ: 2019թ. հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Ն. Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Եվ, ահա, 3 ամիս անց Չեխիայում կայացել է Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 4-ին` հերթական դատական նիստի ժամանակ, Պրահայի իրավապահները արձանագրել են, որ Ն. Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ իրեն Պրահայի քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն Պրահայի փախստականների ճամբար: Ն. Սարգսյանի դիմումը չի մերժվել, եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար:
Ապրիլի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ գործը նախագահող դատավորը հայտարարել է, որ Նարեկ Սարգսյանի հետ կապված քննվում է մեկ քրեական գործ, որը վերաբերում է այն բանին, թե ինչ հանգամանքներում, ում կողմից եւ ինչպես է Ն. Սարգսյանը Պրահայում հայտնաբերման պահին ներկայացրել Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Դատելով իրավիճակից` Պրահայի իրավապահներին Ն. Սարգսյանը հայտնել է, թե ինքը քաղաքական հետապնդման մեջ է, քաղաքական ապաստարան է խնդրում եւ չի կարող վերադառնալ Հայաստան, ինչի արդյունքում նրան տեղափոխել են փախստականների ճամբար եւ հիմա առանձին քննում են իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու գործը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն` պարզելու, թե ինչ տեղեկություններ ունեն Նարեկ Սարգսյանի դատական նիստերից, եւ արտահանձնման վերաբերյալ գործը ինչ փուլում է: Ի պատասխան մեր հարցադրումներին` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող եւ Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ` նշված անձի` Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ»:
Սպասենք այս գործով զարգացումներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի շուրջ քննարկումները չեն դադարում։ Եվ փոխանակ այս թեմայի շուրջ աժիոտաժը գնալով մարի, ընդհակառակը, թեման ավելի է զարգանում` ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արդեն միջազգային մակարդակով: Ու հիմա բանը հասավ նրան, որ երեկ այդ թեմային անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ շեշտադրումներով:
Մասնավորապես նա անդրադարձել էր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի պահվածքին եւ նշել. «Այն պահվածքը, որը ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում Մարդու իրավունքների վիճակը, եւ այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է եւ ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացիա. սա քաղաքական պրովոկացիա է»։ Վարչապետի կողմից այս հայտարարությունը ստիպեց, որ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում կարճատեւ նիստ անի, որից հետո արձագանքեցին վարչապետի հայտարարություններին։ Նրանք հայտարարեցին, թե հարցը փակված են համարում, եւ Նաիրա Զոհրաբյանը պետք է շարունակի մնալ այդ հանձնաժողովի նախագահ։
Էմոցիոնալ պոռթկումները մի կողմ դնելով` փորձենք հասկանալ, թե կան արդյոք իրավական կարգավորումներ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության համար, եթե իշխանությունները որոշեն հանկարծ նման քայլի գնալ:
Ի՞նչ գործընթացներ են սահմանված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով, որի համաձայն կազմակերպվում է խորհրդարանի աշխատակարգը։
ԱԺ կանոնակարգ-օրենքի 150-րդ հոդվածը կոչվում է. «Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը»։
Հոդված 1-ին կետում նշվում է.
1. մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) նա հրաժարական է տվել.
գ) նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:
Երկրորդ մասում ասվում է.
2. մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
Մասնագետների պնդմամբ` երկրորդ մասի կատարումը չի կարող լինել առանց վերը նշված երեք պայմաններից մեկի առկայության։ Այլ խոսքով` այս դեպքում ԲՀԿ խմբակցությունը չի կարող ինքը նախաձեռնել Նաիրա Զոհրաբյանին հետ կանչելու գործընթաց, եթե նրա լիազորությունները չեն դադարել, հրաժարական չի տվել կամ չի հեռացել, հեռացվել խմբակցությունից։ Իհարկե, չի բացառվում, որ այս դրույթն այլ կերպ էլ մեկնաբանվի, եւ ուրիշ խմբակցություն որոշի հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծ ներկայացնել, քանի որ օրենքում հստակեցված չէ՝ նման իրավունք ունի կոնկրետ խմբակցությունը, որի անդամ է հանձնաժողովի նախագահը, թե ոչ:
Հոդվածի շարունակությունում ներկայացվում է արդեն լիազորությունների դադարեցման գործընթացը՝ հարցուպատասխան, հետո մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար դիմել Նաիրա Զոհրաբյանին, սակայն վերջինս այս օրերին գտնվում է Ստրասբուրգում եւ անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները:
Եվ, առհասարակ, նկատենք, որ տրանսգենդերի ելույթը իսկապես դարձել է մի կաթիլ մեղրի պատմությունը, որը սպառնում է դառնալ երկու կուսակցությունների միջեւ տարաձայնությունների պատճառ. դրա առաջին ծիլերն արդեն երեւում են։ Եվ, թերեւս, ամենեւին էլ պատահական չէ երեկ ՊԵԿ-ի կողմից «Առինջ մոլ»-ում անցկացված խուզարկությունը։ Այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԿՐԱԿԵԼՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապրիլի 5-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ:
Պարզվել էր, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, որն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրամանատար: Ավելին` ըստ ականատեսների` հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել. կալանավորված պայմանագրային զինծառայողն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այդ քայլին չի գնացել նրա համար, որ իրեն ազատել են աշխատանքից, այլ իրեն հունից հանել է հրամանատարի պահվածքը: «Ինչեր ասես, որ չի անում»,- անկեղծացել է նա ու հավելել, որ ազատվելով աշխատանքից` որոշել է հաշվեհարդար տեսնել, որ գոնե մեկը զսպի հրամանատարի անօրինական գործողությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք այս վարկածը քննվում է իրավապահների կողմից, եւ, առհասարակ, ինչի համար են փորձել սպանել հրամանատարին: Ի պատասխան` Քննչական կոմիտեի լրատվականից հայտնեցին, որ քրեական գործով նման տվյալներ չկան, գործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելու) հատկանիշներով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՆԵՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը` կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ: Դուդկոն Հայաստանում է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով, Հայաստանում սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Կողմերը նշել են նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի եւ ԱՊՀ ՀԱԿ-ի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը: