ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ համաժողովի ինտրիգները. ինչու էր զայրացել Արարատ Միրզոյանը, և ինչու չընտրվեց Սասուն Միքայելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ պատկերը կարելի էր սպասել` հաշվի առնելով վերջին իրողությունները, քարոզարշավը, թեկնածուների եւ կուսակիցների կողմից ուղարկված մեսսիջները:

Նախ նշենք, որ համաժողովի արդյունքներով ընտրված 21 հոգուց բաղկացած վարչության կազմից բացակայում են վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը, որը եղել է նախորդ երկու վարչություններում, նաեւ կուսակցության նախագահը եւ Հովիկ Աղազարյանն ու Զարուհի Բաթոյանը, որոնք էլ եղել են առաջին` հիմնադիր վարչության կազմում: Սակայն այս անուններից զատ անակնկալ էր, օրինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանի` վարչությունում չհայտնվելը, ինչպես նաեւ մի քանի արդյունքներ. օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միայն 18-րդն էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն չորրորդը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ՝ 10-րդը, սակայն ամեն ինչի մասին` սկզբից:

Մեսսիջները

ՔՊ վարչության այսօրվա կազմի պատկերն իրականում կամաց-կամաց է ուրվագծվել, եւ հիմք են հանդիսացել կուսակցության տարբեր նիստերը, այնտեղ հնչող մեսսիջները, այդ թվում` ՀՀ վարչապետի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տարբեր ելույթներում նաեւ վարչապետի կողմից մեսսիջներ են եղել, թե ինչպիսի վարչություն ունենալու ցանկություն է առկա, որից հետո էլ հենց այդ ուղղությամբ է լոբբինգ տարվել:

Քվեարկության արդյունքներն, օրինակ, զարմանալի են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, որը չէր սպասում, որ լինելու է չորրորդը` Սուրեն Պապիկյանից եւ Արայիկ Հարությունյանից հետ մնալով: Այդ հանգամանքը նրան շատ է զայրացրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչության կազմի ընտրվելուց հետո, երբ կարճատեւ նիստ է արվել վարչության նախագահի թեկնածու որոշելու համար, ընդամենը մեկ անձ է առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով` երեք հոգի առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեծամասնությունն էլ եղել է հենց Սուրեն Պապիկյանի կողմից: Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ է հայտնել, Միրզոյանը եւս որոշել է ինքնաբացարկ հայտնել` տեսնելով ընդհանուր պատկերը եւ այն հանգամանքը, որ Սուրեն Պապիկյանից է քիչ ձայներ հավաքել:

Երեկվանից քննարկվում է վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի` վարչությունում չընդգրկվելը, ինչը եւս, ամեն դեպքում, վերջին շրջանի լոբբինգի արդյունքն է: Թեեւ կուսակցության անդամները դա պատահականություն էին համարում, շատերի աչքից չվրիպեց նաեւ այն հանգամանքը, որ համաժողովի ընթացքում` Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ, բազմաթիվ մարդիկ ցուցադրաբար լքեցին դահլիճը եւ վերադարձան միայն նրա ելույթից հետո:

Ապագա պատկերը

Իրականում համաժողովի արդյունքները նաեւ կանխորոշելու են ապագա քաղաքական զարգացումները: Սա նաեւ բաշխեց ապագա քաղաքական դերակատարությունները, եւ ելնելով արդյունքներից` ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանն առաջիկայում ավելի պասիվ դիրքերում կլինի, ամեն դեպքում նա միայն չորրորդն էր, Տիգրան Ավինյանն առհասարակ վերջին շրջանում ավելի պասիվ է, եւ այդ մասին եւս շատ է խոսվում, որ, կարծես թե, չի մասնակցում կուսակցական որոշումներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միայն 18-րդը լինելը եւս պատահական չէր. սա եւս մեկ ապացույց էր, որ նրան կուսակցությունում այնքան էլ չեն ընդունում: Եվ համեմատության համար պարզապես նշենք, որ, օրինակ, 2016 թվականին տեղի ունեցած վարչության անդամների ընտրություններում նա եւս հազիվ ընտրվեց` միայն 10-րդն էր: Շատերի համար զարմանալի էր, օրինակ, պատգամավորներ Արման Բոշյանի, Արփի Դավոյանի հայտնվելը ցուցակում, սակայն դա էլ լավ արված լոբբինգի հետեւանք է:

Ինչեւէ, երեկ տարբեր զրույցներում վարչության կազմում այս կամ այն մարդկանց չընդգրկվելը տարբեր մեկնաբանություններով էր բացատրվում: Օրինակ` պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դա բացատրեց կուսակիցների շրջանում իր նորեկ լինելով` հույս հայտնելով, որ երեք տարի անց պատկերը կփոխվի: Իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար թեեւ պատկերը սպասելի էր, սակայն դժգոհեց Սասուն Միքայելյանի` վարչությունում չընդգրկվելու շուրջ ասեկոսեներից:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս