Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը օրերս Վրաստանի սահմանին հայտնվել էր մի տհաճ իրավիճակում: Բանն այն է, որ պատմաբանին Վրաստան արգելել են մուտք գործել` հայտարարելով, թե Մելքոնյանը հակավրացական քարոզչություն է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Աշոտ Մելքոնյանից պարզել, թե ինչու է վերջինս նման իրավիճակում հայտնվել:
-Համահայկական խաղերի կրակը վառելու կապակցությամբ մենք Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում էինք: Երբ հունիսի 6-ին վերադառնում էինք Հայաստան, Արդահանի կողմից մտանք Ջավախք, եւ վրացական մաքսատանը ինձ պահեցին, անձնագիրս վերցրեցին, երկար նայելուց հետո թղթեր ներկայացրեցին, որտեղ գրված էր, որ Վրաստանը աննպատակահարմար է գտնում Ձեր մուտքը Վրաստանի Հանրապետություն, ու պահանջեցին հետ վերադառնալ թուրքական մաքսատուն:
Մեր խմբի անդամների մեջ կային Ազգային Ժողովի պատգամավորներ` ի դեմս Թագուհի Թովմասյանի. խմբում էր նաեւ «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը: Շնորհիվ Թագուհի Թովմասյանի, որն իսկապես իր երիտասարդ տարիքին շատ լավ պետական գործիչ է, կապվեց արտգործնախարարի հետ, նա էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, որից հետո մենք զանգ ստացանք դեսպանից, որ սպասենք. հիմա այդ հարցով զբաղվում են:
Մոտավոր 2 ժամ սպասելուց հետո դեսպանը նորից հեռաձայնեց եւ հայտնեց, որ Ձեզ հիմա արդեն թույլ են տալու, կարող եք անցնել: Մեր ընկերներից մեկը ստիպված նորից վերադարձավ թուրքական մաս: Երկու ժամ հետո թողեցին, բայց սահմանի վրա զգուշացրեցին, որ որեւէ տեղ կանգնել եւ մնալ Ձեզ չի թույլատրվում, Դուք պետք է անցակետով դուրս գաք դեպի Հայաստան: Ու այդպես էլ արեցինք:
-Իսկ այս ժամանակահատվածում Ձեզ հաջողվե՞լ է պարզել, թե ինչու է վրացական կողմը Ձեզ իր «սեւ ցուցակում» ներառել, ո՞րն է այդ ամենի պատճառը, ինչո՞ւ նպատակահարմար չեն համարում Ձեր մուտքը Ջավախք:
-Ես ինքս ջավախքցի եմ, ավարտել եմ Ախալքալաքի հայկական թիվ 4 միջնակարգ դպրոցը, պատանեկությունս անցել է այնտեղ, ավարտելուց հետո եկել եմ Երեւան եւ արդեն 40 տարի է` ապրում եմ Երեւանում: Հաճախակի չեմ գնացել-եկել` 6 ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ, ընտանեկան հարցերով: Իսկ վերջին ժամանակներս մենք վրացի պատմաբանների հետ կարողացանք շատ սերտ համագործակցություն սկսել, եւ մի քանի հանդիպումներ եղան, մեր գիտաժողովներին մասնակցեցին վրացի գործընկերները, այնուհետեւ Թիֆլիսի համալսարանի պրոռեկտորը եկավ այստեղ, ու մենք նախապատրաստեցինք մի համաձայնագիր` համագործակցության երկու ինսիտուտների միջեւ:
Ու պետք է ասեմ, որ հրաշալի մի գիտաժողով կազմակերպեցինք Ախալքալաքում` երկու հանրապետությունների 100-ամյակին նվիրված: Երկուստեք պատմաբաններ մասնակցեցին տարբեր ԲՈՒՀ-երից, տարբեր գիահետազոտական ինստիտուտներից: Այդ ամենը արժանացավ երկու կողմերի բարձր գնահատանքին. դեսպանատների մակարդակով արձագանք եղավ, այսպես ասած, մենք կարողացանք լավ հարաբերությունները վերականգնել ժամանակին եղած, ու այդ գործընթացը շարունակվում էր: Վերջերս մեզ մոտ էր Գեորգի Ջեյեշվիլին. մենք հիմա նախապատրաստվում ենք նոր գիտաժողով` հայ-վրացական պատմամշակութային հարաբերությունների վերաբերյալ, իրենք էլ դրա հետ կապված շատ ոգեւորված են:
Ու հիմա այս միջադեպը, ինչպես ասում են, սառը ջուր լցրեց բոլորիս գլխին, որը շատ անսպասելի երեւույթ էր: Բայց, կարծում եմ նաեւ, որ դա կապված է գուցե նրա հետ, որ, փետրվար ամսից սկսած, ես շատ հաճախակի էի Ախալքալաքում լինում իմ անբուժելի հիվանդ եղբոր այցելությունների կապակցությամբ: Եղբայրս հիվանդանոցում էր` շատ ծանր վիճակում պառկած, ու ես գիտեի, որ շատ տխուր վախճան է ունենալու այս ամբողջը:
Եղբայրս մեկուկես ամսվա ընթացքում մահացավ, որից հետո եղան արարողակարգեր, ինչի համար ես այդ երեք ամսում հաճախակի հատում էի հայ-վրացական սահմանը ու չգիտեմ, գուցե համապատասխան մարմինները դրա մեջ տեսան ինչ-որ անհասկանալի վտանգ, չգիտեմ, կամ էլ թյուրիմացության արդյունքում նման որոշում կայացվեց: Հիմա մեր համապատասխան մարմինները զբաղվում են վրաց իրենց գործընկերների հետ այդ հարցը պարզաբանելու համար:
-Գուցե ինչ-որ քննադատական ելույթո՞վ եք հանդես եկել վրացական հարաբերությունների հետ կապված, ինչի համար էլ վրացիները նման վերաբերմունքի են արժանացրել Ձեզ:
-Ես նույնիսկ հակառակը կասեի, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, այս բարդ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդներ, որոնք հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրել են, իրենք այլընտրանք չունեն, քան միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը: Ընդհակառակը, մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել. ես իմ ելույթներից մեկում էլ խոսել եմ հայ-վրացական բարեկամության մասին եւ հորդորել եմ ջավախքցիներին պահպանել մեր ավանդական հայ-վրացական հարաբերությունները:
Ու այս ֆոնի վրա առնվազն տարօրինակ էր նման վերաբերմունքը: Հույս ունեմ, որ միջպետական մակարդակով կպարզաբանվի, թե ինչն էր պատճառը նման վերաբերմունքի. դա թյուրիմացությո՞ւն էր, թե՞ իսկապես համոզմունք վրացական կողմից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ