Նոր կառավարության աշխատանքի 100 փաստերը. ինչ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հրապարակվել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին, որում ամփոփված են 100 փոփոխություններ, որոնք եղել են 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի մայիսը: Ընդ որում, գրքույկում ամրագրված է, որ հրապարակված 100 փաստը սպառիչ սահման չէ, այլ ընդամենը խորհրդանշական եզրահանգում:

Որպես առաջին փաստ` ներկայացված են բյուջետային եկամուտները: Ըստ այդմ, ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարվել էր, այլ 62 մլրդ դրամով: Եվ նշենք, որ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64,1 մլրդ դրամով, եւ դա հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման շնորհիվ բյուջետային եկամուտների աճով:

Հետաքրքիր թվեր են ներկայացված տնտեսվարողների հետ կապված: Ըստ այդմ` կառավարության` հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որն ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսն է:

Նշվում է, որ սա նրանից է գոյացել, որ նախկին Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմինները տնտեսվարողներից գերավճարներ են պահանջել: Եվ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է մոտավոր 130 մլրդ: Եվ ստացվում է, որ 130 մլրդ ավելի գումար է վճարված եղել առանց դրա պարտավորությունն ունենալու:

Եվ իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմինները բիզնեսից, գործարարներից ընդունած հաշվետվության դիմաց փող չեն գանձել, որի արդյունքում էլ 120 մլրդ դրամի պարտավորություն է մարվել:

Սա էլ նշանակում է, որ այս ընթացքում միայն այս հոդվածով կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտավորապես 300 մլն դոլար: Բացի այդ, հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով, նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ, շուրջ 15 մլրդ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին, այսինքն` 15 մլրդ դրամ էլ այս մասով է վրադարձվել բիզնեսին: Հեղափոխությունից հետո հաճախ էր ընդգծվում այն հանգամանքը, որ նախկինում բիզնեսի համար դժվարություններ էին ստեղծվում, նրանցից ավել գումարներ էին գանձում, որն էլ հանգեցնում էր նրան, որ վերջիններս ստվերում էին աշխատում, չէին գրանցում աշխատակիցներին եւ այլն:

Եվ հիմա ստացվում է, որ բիզնեսի համար արհեստական խոչընդոտներ չկան, եւ նաեւ դա է պատճառը, որ հեղափոխությունից հետո, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ, 82 մլն հատ կամ շուրջ 35-40 տոկոսով ավելի հսկիչ դրամարկղային կտրոն է տպագրվել: Բացի այդ, 51 հազար աշխատատեղ էլ դուրս է բերվել ստվերից:

Հիմնականում տնտեսական տվյալներ են ներկայացված եւ, ըստ այդմ, կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով` կազմելով 51,4 տոկոս:

100 փաստի մեջ ամրագրված են նաեւ քաղաքական փոփոխություններ, եւ ամրագրված է, որ փոխվել է դեսպան նշանակելու մոտեցումը, եւ վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, եւ դեսպանի պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ` հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, նշվում է, թե տեսականորեն չի բացառվում դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումը: Այս հարցը եւս նախկին իշխանությունների հանդեպ ամենամեծ քննադատություններից մեկն է եղել:

Գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունները տարբեր պաշտոնների են նշանակում մարդկանց, որոնք ծառայություններ են մատուցել, ընտրությունների ժամանակ ձայներ բերել, եւ դեսպանի պաշտոնը եւս դրանցից մեկն է եղել: Նախկինում, երբ չեն իմացել, թե ինչ պաշտոն տալ այս կամ այն մարդուն, նրան դեսպան են նշանակել, որի պատճառով էլ հաճախ սայթաքումներ են եղել:

Այժմ նոր իշխանությունները խոստանում են վերջ տալ այդ պրակտիկային, սակայն, ամեն դեպքում, ոչ ամբողջովին: Հետաքրքիր է նաեւ 100 փաստերից 75-րդը. այնտեղ մասնավորապես ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունում չկան քաղաքական բանտարկյալներ եւ քաղաքական հալածյալներ»։ Իսկ որպես 100-րդ կետ ամրագրված է. «Վարչապետը եւ նրա ընտանիքի անդամներն աշխատում են կրել միայն հայկական արտադրության հագուստ` քաջալերելով ոլորտի զարգացումը եւ մասնագետներին:

Որպես ամփոփումնշվում է, որ կառավարությունը կատարել է տնտեսական հեղափոխության առաջին փուլը, եւ առաջիկայում սպասվում է երկրորդը: Նշվում է, որ պետք է մինչեւ տարվա վերջ անպայման ներդրումներ իրականացվեն, ինչից հետո կկատարվի տնտեսական հեղափոխության երկրորդը փուլը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս