Կան ուժեր որոնց հետ կարող ենք համագործակցել, դրանց թվում է նաև Ստեփան Դեմիրճյանի «Ժողովրդական կուսակցություն»-ը. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած «Ժողովրդական կուսակցություն» հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, Հայ Ազգային կոնգրեսի հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ:

Ըստ նախարարի` ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն:

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ կուսակցությունը կհամագործակցի բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք նախկինում պայքարել են նախորդ ռեժիմի դեմ: Որո՞նք են այդ ուժերը, ինչպիսի՞ն է լինելու այդ համագործակցությունը:

-Կոնկրետ կուսակցությունների կամ ուժերի վերաբերյալ քննարկումներ չի եղել, եղել են տասնամյակներ շարունակ ուժեր, որոնք մինչեւ վերջ պահել են իրենց գիծը ու չեն համագործակցել ռեժիմի հետ. խոսքը գնում էր այդ ուժերի մասին: Ես էլ իմ մտքում ունեմ մի քանի գործիչների ու ուժերի, որոնց հետ կարելի է ակտիվացնել համագործակցությունը: Մնացածն արդեն աշխատանքային բնույթ է կրում:

-Ո՞ր ուժերն են Ձեր մտքում, արդյոք դա «Հայ Ազգային Կոնգրես»-ին կամ «Հանրապետություն» կուսակցությա՞նն է վերաբերում:

-«Հանրապետություն» կուսակցության հետ ունեցել ենք համագործակցություն եւ ունենք լավ հարաբերություններ: Դա ե՛ւ Հայ Ազգային Կոնգրեսն է, դա ե՛ւ Հովհաննես Հովհաննիսյանի «Լիբերալ» կուսակցության ղեկավարն է, կան ուժեր որոնց հետ կարող ենք համագործակցել, դրանց թվում է նաեւ Ստեփան Դեմիրճյանի «Ժողովրդական կուսակցություն»-ը: Կան ուժեր, որոնց հետ կարելի է ավելի ակտիվ համագործակցել:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրությունից հետո ՔՊ-ն արժանացավ քննադատությունների այն բանի համար, որ վարչությունում ընտրվել են քաղաքական անփորձ ու երիտասարդ մարդիկ, որոնք չեն կարողանալու ղեկավարել կուսակցության աշխատանքները: Ինչո՞ւ նման պատկեր արձանագրվեց` ըստ Ձեզ:

-Ես կարծում եմ, որ այդ ամենը արհեստական է, օրակարգում այդ թեման մտցրել են արհեստականորեն` երիտասարդների ու, այսպես ասած, ավելի տարեցների հակադրություն ստեղծելով, այդ օրակարգը արհեստական է: Իրականում նման բան չկա, կուսակցությունում նախկինում էլ են եղել ընտրություններ, ու այս կամ այն որոշումը կայացվել է փակ գաղտնի քվերակություններով, այնպես որ` կուսակցությունն ու պատվիրակներն են որոշել, թե ինչպիսի վարչություն պետք է լինի: Ու ընտրվել է այնպիսի վարչություն, որը ցանկացել է ունենալ պատվիրակը:

-Բայց Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանը մեծ ներդրում են ունեցել կուսակցության կայացման հարցում. արդա՞ր եք համարում նրանց դուրս մնալը վարչության կազմից: Գուցե պայմանավորվածությո՞ւն եք ունեցել ավելի երիտասարդ կադրերի ընդգրկել վարչության կազմ:

-Մեր կուսակցությունը ճանաչողները շատ լավ կիմանան, որ որեւէ պայմանավորվածություն չի լինում, բոլորն էլ ներկա են եղել ու տեսել են, որ մինչեւ վերջին պահն էլ բոլորն էլ լարված սպասել են, թե ինչպիսի արդյունքներ են եղել, որոնք, ըստ էության, պարբերաբար փոխվում էին: Այնպես որ, հավասար մրցակցություն էր ընթանում, բոլոր պատվիրակներն էլ հավասար հնարավորություն են ունեցել ազատ ընտրության համար: Որոշումը կայացվել է, ընտրությունը եղել է, ու որեւէ պայմանավորվածություն չէր կարող լինել:

-Պարո՛ն Հարությունյան, հիմա Դուք համարվում եք սուպեր նախարար, ինչպե՞ս եք կարողանալու կառավարել այդ կառույցները, ճի՞շտ եք համարում նման միավորումը:

-Իհարկե, աշխատանքները դժվարանալու են, առիթ ունեցել եմ ասելու, որ լավ թիմ է հավաքված, վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր մասով պատասխանատվություն կստանձնի` որոշ չափով հեշտացնելով նախարարի գործերը: Կարեւոր է այսօրվա մեր կառավարման համակարգում եւ մշակույթում կարողանալ լիազորություններ պատվիրակել, որպեսզի որոշումները մեկ մարդուց կախված չլինեն. լիարժեք փոխնախարարները իրենք իրենց մասով հնարավորություն ունենան, հարցը չհասցնի նախարարին եւ, ամենափոքր հարցից սկսած` նախարարի լուծմանը չսպասի: Մենք այլ տրամաբանություն ենք դրել նախարարների տրամաբանության հիմքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Մենք շատ մեծ խնդիրներ ենք մեր առջեւ դրել ու առաջնորդվում ենք այդ ամենով:

Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ «Լիբերալ» կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանի հետ` պարզելու համար` արդյոք իրենք ՔՊ-ի հետ համագործակցելու առաջարկություն ստացել են, թե ոչ: «Մենք համագործակցության առաջարկություններ չենք ստացել»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Իսկ հարցին` եթե լինի առաջարկություն, իրենք ընդունելու են համագործակցելու առաջարկությունը, վերջինս ասաց. «Չեմ կարող ասել, առաջարկություններ կլինի, կնայենք, կասենք, կքննարկենք, կորոշենք»:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս