Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել եւ հաջորդաբար կհրապարակենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։
Եւ այսպես, ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով։
Համեմատության համար նշենք, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տեւել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ։
Եվ այսպես, ի՞նչ է ասել Տեր-Պետրոսյանը քննիչներին. «2008 թվականին` փետրվարի 19-ին, ՀՀ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքներով առավել շատ ձայներ է ստացել եւ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը (52.8 տոկոս), իսկ ես հավաքած ձայներով զբաղեցրել եմ երկրորդ տեղը (21,5 տոկոս)։ Ընտրությունները կեղծված համարելով` դրանց նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ժողովուրդը ինքնաբուխ կերպով սկսել է խաղաղ հավաքներ անցկացնել՝ պահանջելով ձայների վերահաշվարկ կատարել: Առաջին հավաքը տեղի է ունեցել Մատենադարանի մոտ, իսկ դրանից հետո` մինչեւ մարտի 1-ը` Ազատության հրապարակում։ Միաժամանակ, ես, պահպանելով օրենքով նախատեսված ընթացակարգերը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել եմ ՀՀ Սահմանադրական դատարանում: Հավաքների ժամանակ տարերային անախորժություններ թույլ չտալու նպատակով ես եւ իմ նախընտրական շտաբի անդամները 10 օր շարունակ ղեկավարել ենք այդ հանրահավաքները, որոնց ընթացքում Ազատության հրապարակում հասարակական կարգի խախտման, քաղաքացիներին անհանգստություն պատճառելու դեպքեր, բռնության դեպքեր եւ գործողություններ չեն եղել, ինչը արձանագրված է նաեւ միջազգային կազմակերպությունների բանաձեւերում, մասնավորապես՝ ԵԱՀԿ ԺՄՀԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դոկտոր Արենսի կողմից»։
Խոսելով մարտի 1-ի արյունալի դեպքերի մասին` առաջին նախագահն ասել է. «2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, երբ քնած էին, Ազատության հրապարակում գտնվող ավտոմեքենայի մեջ ինձ արթնացրին։ Սովորաբար 7-ին էին արթնանում, ինձ արթնացրին 6-ին, ասացին, որ շարժ կա` Փարաքարից եւ Դավիթաշենից Ներքին զորքերի եւ հատուկ զորամասերի, առանց տեխնիկայի: Ինձ հաղորդեցին, որ մարդատար մեքենաների հետեւից բեռնատար մեքենաներով զինվորներ են մոտենում Ազատության հրապարակին, որտեղ այդ ժամանակ կլինեին շուրջ 1000 ցուցարարներ։ Ես վեր կացա, զրուցեցի հրապարակում գտնվող մարդկանց հետ: Չէի կարծում, որ իշխանությունները կարող էին բռնություններ կիրառել եւ ցրել հավաքի մասնակիցներին, քանի որ ուժային կառույցների շարժերի մասին տեղեկություններ մենք գրեթե ամեն գիշեր ստանում էինք: Մտածեցինք, որ հերթական նման շարժն է, եւ հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրին միկրաֆոնները, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանայինք ժողովրդի հետ խոսել: ժամը 6 անց 40-ի սահմաններում երեւացին ոստիկանական ուժերը, որոնք նախ պտտվեցին հրապարակի շրջակայքում, ապա անմիջապես հայտնվեցին Ազատության հրապարակում: Ես, միկրաֆոնի միջոցով դիմելով ցուցարարներին, խնդրեցի նրանց պահպանել հանդարտություն, հանգստություն, չընդվզել, չբղավել, ասացի՝ սպասե՛ք, տեսնենք, թե ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Խնդրեցի, որ ոստիկանության հետ ոչ մի շփում չունենան: Սա եղել է իմ վերջին խոսքը: Դրանից հետո Ազատության հրապարակ ներխուժած ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ եւ սկսեցին մահակներով ուղղակի ջարդել հավաքված ցուցարարներին։ Ոստիկանության կողմից նախապես ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի ժամանակ չի տրվել ցուցարարներին, իմ ելույթի վերջին խոսքերից 10, 15 վայրկյան անց արդեն իմ շուրջ հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները` Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, եւ շրջապատեցին ինձ։ Իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, որոնք նույնպես անվտանգության ծառայության աշխատակիցներն էին, բայց Սարգիսովը միանգամից մի կողմից թեւանցուկ արեց ինձ, մյուս կողմից ինձ թեւանցուկ արեց մի ուրիշ տղամարդ, ում չէին ճանաչում, ինձ իջեցրին հարթակից եւ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից: Իմ թիկնապահները կրկին մոտեցան ինձ, իսկ ես Սարգիսովին ասացի, որ հրապարկից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, այնտեղից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով: Ասացի` խնդրեմ, դիմե՛ք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե դուք սա համարում եք անօրինական հավաք, միտինգ, ապա այն ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա, եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից։ Այդ ընթացքում արդեն՝ 10-15 րոպեի ընթացքում, ոստիկանական ուժերը մաքրել էին ցուցարարներից: Այնտեղ մարդ չէր մնացել, հրապարակն ամբողջությամբ լցված էր ոստիկանական ուժերով: Բացի ցուցարարներին ցրելու բուն գործողություն իրականացնող ոստիկաններից Ազատության հրապարակը մի քանի շարքով շրջապատել էին Ներքին զորքերի ուժերը, որոնք գտվում էին նաեւ հարակից Թումանյան փողոցում: Հնարավոր է, որ նրանք եղած լինեն նաեւ Սայաթ-Նովա եւ Տերյան փողոցներում, բայց նրանք իմ տեսադաշտից դուրս են եղել: Ոստիկանական ուժերը սկսեցին ավերել հարթակի դինամիկները, պոկել ցուցարարների վրանները, որոնք ուղղակի կործանեցին: Անմիջապես սկսեցին ինչ-որ ձողեր փնտրել, այնինչ անձամբ տեսել եմ, որ Ազատության հրապարակ մտնող ոստիկանական սպաների ձեռքին է եղել նման ձողեր: Հենց ոստիկանական օպերատորներն էլ նկարում էին այդ ամենը: Ազատության հրապարակում մնացել եմ մինչեւ 8:30-ի կողմերը: Այդ ընթացքում նստած եմ մնացել նստարանին, ինձ ոչ ոք չի մոտեցել, ես ծխել եմ եւ նստած հետեւել եմ կատարվող իրադարձություններին»։
Ընդդիմության նախկին առաջնորդը հայտնել է նաեւ. «Ոստիկանական ուժերը Ազատության հրապարակում ղեկավարող անձանցից ճանաչել եմ միայն Հովիկ Թամամյանին, մյուս ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ հայտնել չեմ կարող: Որոշ ժամանակ հետո ինձ մոտեցավ կրկին Սարգիսովը եւ ասաց, որ պետք է հեռանամ այդտեղից: Մի քանի անգամ նա գնաց-եկավ, միգուցե խորհրդակցեց իր վերադասների հետ, որից հետո մոտեցավ իր աշխատակիցների հետ, միասին թիկնապահներիս մի կողմ տարան, ես մնացի մենակ, եւ Սարգիսովը պահանջեց, որ նստեմ ոստիկանական ավտոմեքենան, որը մոտեցել էր մեզ։ Հրաժարվեցի, ասացի՝ խնդրեմ, եթե ուզում ես, ձեռքերս ոլորի տար: Նա այդպես էլ արեց, թեւս ոլորեց, մյուս ձեռքով էլ ուսիցս բռնած` ինձ հարկադրաբար մոտեցրեց եւ նստեցրեց ոստիկանական ավտոմեքենայի նստատեղին: Սարգիսովը նստեց վարորդի կողքին, իսկ իմ երկու կողմերում նստեցին երկու ավտոմատավոր անձինք, որոնց ուղեկցությամբ ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող իմ տուն: Նրանք ինձ հասցրին տան դարպասների մոտ, որտեղից ներս չմտան: Ես մտա տուն, որից հետո պարզեցի, որ իմ տան երկու դարպասների մոտ պահակակետեր են ստեղծված` շուրջ 30 հոգանոց զինված անձնակազմով՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, որն իմ տան մոտ մնացել է մինչեւ երեկոյան ժամը 16-17-ի սահմաններում: Այդ ընթացքում իմ թիկնազորի պետ Սմբատ Գասպարյանին ուղարկեցի, որպեսզի Սարգիսովից ճշտի, թե ինչ կարգավիճակով եմ պահվում իմ տանը, արդյոք իմ նկատմամբ տնային կալանք կա, թե ոչ: Նա պատասխանել էր, որ նման սանկցիա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, եւ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: 2008 թվականի մարտի 1-ին ինձ տանը կարողացել են այցելել Լեւոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը եւ Դավիթ Շահնազարյանը տեղեկանալու համար իմ որպիսությանը, դրանից հետո ես տնից դուրս եմ եկել միայն մեկ անգամ՝ 2008 թվականի մարտի 5-ին, երբ 4 զինված ավտոմատավորների ուղեկցությամբ ներկայացել եմ Սահմանադրական դատարան հայտարարությամբ հանդես գալու համար՝ կապված ընտրությունների արդյունքների բողոքարկման իմ դիմումի հետ։
Դրանից հետո այլեւս հնարավորություն չեմ ունեցել տնից դուրս գալու. իմ տան մոտ այդ զինվորական պահակակետերը պահպանվել են 2008 թվականի մարտի 24-25-ը: Այդ ընթացքում իմ տուն ելումուտ բոլոր անձանց եւ նրանց ավտոմեքենաները խուզարկում էին, այդ թվում՝ նույնիսկ արտասահմանյան պաշտոնական այցելուների, մասնավորապես` Մեյթու Բրայզայի»։
Այսքանից հետո քննիչը 2 հարց է տվել առաջին նախագահին. «Ի՞նչ կարող եք հայտնել 2008 թվականի մարտի 1-ի գիշերը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ»։ Ի պատասխան` Տեր-Պետրոսյանը հայտնել է. «Դա արդարադատության պարզելու գործն է, ես ինձ իրավունք չեմ վերապահի ինչ-որ վարկածներ առաջ քաշելու, ուղղակի ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ փաստի վրա. իմ համակիրներից շուրջ 100 հոգի մեղադրվեց եւ դատապարտվեց տարբեր ժամկետների բանտարկության, բայց նրանցից ոչ մեկին զենք կրելու, զենք օգտագործելու եւ խանութ թալանելու մեղադրանք չի ներկայացվել։ Կարծում եմ, որ այս փաստով արձանագրված է ամեն ինչ»: Քննիչի մյուս հարցին. «Երեւանի Ազատության հրապարակում եղած ցուցարարների մոտ Դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ», առաջին նախագահը պատասխանել է. «Բառացված է, նման իրեր չեն եղել»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ, ՀԵՏՈ` ՓՆՏՐԵԼ
Օրերս ուշագրավ միջադեպ է գրանցվել` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանին մակագրվել է բնակարանային գողություն կատարելու համար մեղադրվողին կալանավորելու միջնորդություն:
Դատարանի նախագահն այնքան է ձգձգել այս հարցի քննությունը, որ 72 ժամը լրացել է, եւ բնակարանային գողության համար մեղադրվող անձը դատարանի դահլիճից գնացել է: Կարճ ժամանակ հետո դատավոր Հովհաննես Ավագյանը որոշում է կայացրել` այդ անձի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու մասին: Բայց մինչ դատավորը որոշում է կայացրել, մեղադրյալը գնացել է իր գործերով: Այս ամենից հետո ոստիկաններն են ընկել հարվածի տակ եւ մի քանի ժամ շարունակ փնտրել են մեղադրյալին. նրան հաջողվել է գտնել եւ տանել կալանքի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովհաննես Ավագյանը, անդրադառնալով մեր տեղեկություններին, հայտնեց. «Ո՞վ է նման բան ասում. եթե չեմ սխալվում, մինչդատավարական վարույթում միջնորդության հարցին է վերաբերում, ես եմ եղել հերթապահը, գնացել եմ Հրազդանի նստավայր, միջնորդությունը բերվել է, ձերբակալվածին դատարան բերելուց 5 րոպե հետո նիստը բացվել է, քննվել է, եւ որոշում է կայացվել, իսկ մնացածը ինչ են ասում, չեմ ուզում մեկնաբանել, առավել եւս, որ գործը գտնվում է նախաքննության փուլում»: Անդրադառնալով իր ղեկավարած դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից կաշառքի գործին` հայտնեց. «Բնականաբար, ես որեւէ բանից տեղյակ չեմ եղել. եթե տեղյակ լինեի, նման բան չէր լինի: Դատավորները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, սահմանադրությունը հարգել, եւ եթե չեն հարգում, չեն շարժվում դրանով, ի՞նչ կարող եմ ես ասել»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ