Իշխանությունները պատրաստվում են առանձնակի շուքով նշել ընդամենը օրեր առաջ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված նոր տոնը՝ Քաղաքացու օրը: Օրենսդրության համաձայն` Քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, այս տարի՝ ամսի 27-ին: Եւ, ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նախարարներից շատերը, մարզպետները, խոշոր համայնքների ղեկավարներն արդեն լծվել են ակտիվ աշխատանքի: Պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ են լինում. մարզպետները նախարարներին են ներկայացնում իրենց մարզի համայնքներում նախատեսվող միջոցառումները: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանին 1 մլն դրամ է հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար: Նախահաշվի համաձայն` 500 հազար դրամ ծախսվելու է հրավառության, 250 հազար դրամ` հյուրասիրության, եւ նույնքան` արհեստների, արվեստների փառատոնի էքսպոզիցիաների տեղափոխման տրանսպորտային ծախսերի համար: Գյումրու համար նման ծախսը, թերեւս, շատ մեծ է, եթե հաշվի առնենք, որ հանրապետության երկրորդ քաղաքն առաջինն է սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակով: Բայց, մյուս կողմից, Գյումրու իշխանությունների նման պահվածքը պատահական չէ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Գյումրի այցի ժամանակ բավականին կոշտ խոսքերով նախատեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին քաղաքի փողոցների անմխիթար վիճակի համար: Ու հիմա քաղաքապետ Բալասանյանը ավագանիում իր ՀՀԿ-ական մեծամասնության հետ փորձում է այսկերպ սիրաշահել Փաշինյանի իշխանություններին` ցույց տալով, թե իրենք էլ են «սպիտակների դաշտից»:
Խորհրդարանը վերջապես կքննարկի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ընդգրկված է ապրիլի 15-ին նախատեսված Պետաիրավական հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստում եւ այստեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կընդգրկվի ապրիլի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ։ Այս նախագիծը նոր կառավարության թերեւս ամենաքննադատված փոփոխություններից է եւ, միաժամանակ, խորհրդարանում ամենասպասվածը։ Այս նախագծին հատկապես անհամբեր սպասում են ընդդիմության ներկայացուցիչները եւ պատրաստվում են շատ ակտիվ քննադատել այն։ Տեղեկացանք, որ հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցողը լինելու է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, իսկ հարակից զեկուցող` նույն հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։ Ի դեպ, նախագիծը ներկայացվել է փաթեթի տեսքով, քանի որ ինքնաբերաբար փոփոխություններ տեղի կունենան մի քանի այլ օրենքներում, այդ թվում՝ «ԱԱԽ կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում:
ՍԴ-ի դեմ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի ներկայացրած հայցի քննությունը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Գյուլումյանը դիմել էր դատարան` պնդելով, որ իր աշխատավարձը մոտ 840 հազար դրամով պակաս է հաշվարկվել, ընդ որում՝ դեռ այն ժամանակ, երբ ՍԴ նախագահը ԲԴԽ ներկայիս ղեկավար Գագիկ Հարությունյանն էր: Եւ, ահա, առաջին ատյանում Գյուլումյանը հաղթել է, սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վճիռը պատասխանող կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: «Բողոքարկել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, եւ, բնականաբար, ՍԴ-ն էլ է հանդես գալիս պատասխանող կողմ եւ պետք է համաձայներ ՀՀ ֆինանսների նախարարության հետ: Ես դրա մեջ անձնական ոչինչ չեմ փնտրում, մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մենք նախկինում էլ ենք աշխատել ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի հետ»,- ասաց նա:
Գյումրու գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին եւ երկրորդ գերեզմանատները մասնակի փակ են. դեռ 2008թ. այն ժամանակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համապատասխան որոշում էր ստորագրել: Չնայած դրան` որոշումից հետո էլ շարունակվել է տարածքներ տրամադրվել: Բաց է մնում «Շիրակ» գերեզմանատունը, բայց այստեղ էլ հուղարկավորություններ թույլատրվում են շատ սահմանափակ: Ավելին` այս տարիներին հուղարկավորություններ կատարել են սահմանված տարածքներից դուրս` դաշտերի մեջ կամ ճանապարհների վրա: Ու հիմա Շիրակ գյուղի բնակիչները պնդում են՝ Գյումրու «Հավերժ հիշատակ» ընկերությունը զավթել է իրենց պատկանող տարածքները՝ որպես գերեզման վաճառելով քաղաքացիներին: Ավելին` այդ գյուղի բնակիչներից եղել են նաեւ մարդիկ, որոնք այս հարցով դիմել են դատարան: Շիրակ համայնքը խոշորացման արդյունքում ընդգրկվել է Մարմաշեն համայնքի կազմում: Մարմաշեն համայնքն էլ իր հերթին դիմել է դատարան՝ պահանջելով վերջ տալ «Հավերժ հիշատակ» ընկերության կողմից իրենց հողերը զավթելու գործընթացին: «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանին խնդիրը մտահոգում է, ելքեր որոնում են, սակայն Գյումրիում այլ նպատակահարմար տարածքներ չկան:
ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԳԱՂԱՓԱՐ
ՀՀ զինված ուժերի արդիականացման կոնտեքստում հաճախ է խոսվում ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցնելու, առաջնագծի պաշտպանությունը պայմանագրային ծառայողներին վերապահելու խնդրի մասին: Այս խոսակցությունները ինտենսիվորեն սկսեցին շրջանառվել հատկապես ապրիլյան պատերազմից հետո, թեմայի շուրջ տարբեր ֆորմատներով քննարկումներն էլ միշտ ավարտվում են մեկ եզրակացությամբ՝ ժամանակավրեպ գաղափար է: ԱԺ ԲՀԿ խմբակցությունն, այնուամենայնիվ, որոշել է անդրադառնալ այս զգայուն թեմային եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն առաջարկել, ըստ որի՝ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդը զինծառայության անցնելուց անմիջապես հետո չպետք է մեկնի առաջնագիծ` մարտական հերթապահության: Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, եւ միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո պետք է թույլատրել զինվորին մեկնել մարտական հերթապահության: Նկատենք, որ նախագծի հեղինակների կողմից որեւէ հիմնավոր վերլուծություն չի ներկայացվել օրենքում առաջարկվող փոփոխությունները համոզիչ դարձնելու համար։ Եւ, ինչպես նշել էր կառավարության ներկայացուցիչ, պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանը, նախագծից տպավորություն է, թե զինծառայողները անպատրաստ են լինում 5 ամսվա ուսումնական փուլից հետո մարտական հերթապահության անցնելիս։ Մինչդեռ եթե զինծառայողը ուսումնական փուլը անցնելուց հետո քննությունը բավարար չափով չի հանձնում, չի անցնում մարտական գումարտակ: Նախագծին, ի դեպ, ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Նկատենք, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Ինչ վերաբերում է առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներին վերապահելուն, ապա այստեղ, ինչպես պնդում են մասնագետները, գործ ենք ունենալու պաշտպանական անվտանգության խնդրի հետ. երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է: Նախ՝ երբ 18 տարեկանները զորակոչվում են, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր սահմանը պաշտպանեն. կարեւոր է նաեւ հոգալ մոբիլիզացիոն ռեզերվի խնդիրը: Եւ եթե տարիներ շարունակ 18 տարեկանները չզորակոչվեն, այլ զորակոչվեն, կամ պայմանագրեր կնքվեն միայն ծառայել ցանկացողների հետ, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը երբեւէ զենքի հետ չի առնչվի եւ, հետեւապես, ի վիճակի չէ այն կիրառել: Իսկ մենք չպետք է մոռանանք, որ պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք: