ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հայրենի կառավարությունը դեռեւս չի արձագանքել կառավարության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ իրենց խմբակցության կողմից ներկայացված առաջարկին: Խմբակցությունում սպասում են երկուշաբթի տեղի ունեցող քննարկմանը, որից էլ պարզ կդառնա իրենց հետագա քվեարկությունը:
-Պարո՛ն Սիմոնյան, Ձեր խմբակցությունը կառավարությանն առաջարկել է գործադիրի կառուցվածքային փոփոխության իր տարբերակը, իսկ Ազգային Ժողովի առաջիկա նիստերին կառավարությունը պետք է ներկայացնի փոփոխությունների նախագիծը: Արդյոք արդեն կառավարությունից արձագանքե՞լ են Ձեր կողմից ներկայացված փոփոխություններին:
-Դեռեւս ոչ մի բան չեն պատասխանել: Մենք երկուշաբթի Պետաիրավական հանձնաժողովի նիստ ունենք, ու հույս ունեմ, որ ինչ-որ պատասխան այդ ժամանակ կստանանք քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից: Կարծում եմ, որ քննարկման արդյունքում կտեսնենք, թե մեր առաջարկություններից որ հատվածն են ընդունում, կամ որ հատվածը չեն ընդունում:
-Եթե չընդունվեն Ձեր առաջարկությունները, ինչպե՞ս եք քվեարկելու կամ մասնակցելո՞ւ եք արդյոք քննարկումներին ու քվեարկությանը:
-Մենք, իհարկե, այնտեղ նշել ենք, թե մեզ համար որն է սկզբունքային, եւ որն է, որ մենք կարող ենք քվեարկել: Այն հարցերը, որոնք մեզ համար սկզբունքային են, ու եթե դրանք չեն ընդունվում, ապա, բնականաբար, մենք դեմ ենք քվեարկում: Այստեղ խնդիրը պառլամենտական վերահսկողության լիարժեք ամրագրումն է, ու մենք բազմիցս այս կարծիքն արտահայտել ենք թե՛ բանավոր, թե՛ գրավոր մեր հարցազրույցներում: Մենք ընդգծել ենք, որ Սահմանադրությունը, որը 2015 թվականին ենթարկվեց փոփոխությունների, որով ՀՀ-ն հռչակվեց պառլամենտական հանրապետություն, չի իրականացրել ու չի իրացվել այն իմաստով, որ Հայաստանը փաստացի չի դարձել պառլամենտական հանրապետություն. թղթի վրա է պարզապես դարձել: Ինչ Սահմանադրությունում ամրագրել ենք, ունենանք նաեւ փաստացի: Քանի մենք չենք ամրագրում օրենքով, մենք, ստացվում է, Սահմանադրությունը չենք կենսագործում. դա է մեր կարմիր գիծը, որից այն կողմ չենք գնում:
-Բայց այդ դեպքում ի՞նչն է իշխանություններին ստիպում չկատարել այդ փոփոխությունները, ի՞նչն է նրանց մտագոհությունը` այս հարցի հետ կապված:
-Մենք կարող ենք միայն ենթադրել, իսկ այդ ենթադրությունը, չգիտեմ, որքանով է իրատեսական: Մեր ենթադրությունն այն է, որ իշխանությունները, ըստ էության, չեն ցանկանում հրաժարվել այն լծակներից, որը նրանց պակաս հաշվետու է դարձնում պառլամենտի առջեւ: Սա, կարծում եմ, իրենց ներքին ցանկությունն է, որոնք չեն արտահայտում ոչ մի անգամ, բայց, մեր կարծիքով, դա հասկանալի է, ու գրեթե բոլոր իշխանությունների մոտ այդ ներքին գայթակղությունը կա, որ ավելի շատ իշխանություն գործադիրի ձեռքում պահի, քան թե դրա մի մասը տա օրենսդիրին: Իսկ քանի որ խորհրդարանում իշխանությունը ակնհայտ մեծամասնություն ունի, իրենք շատ հեշտությամբ կարող են այդ հարցը լուծել: Բայց, երբ որ մենք մեր մտավախության մասին բարձրաձայնում ենք, մտավախությանն ըստ էության պատասխան չեն տալիս: Իսկ մեր մտավախությունն այն է. ինչի՞ եք վախենում պառլամենտին տալ նման իրավասություն, եթե պառլամենտում էլ դուք ունեք գերակայություն: Մեր առաջնային խնդիրը ինստիտուցիոնալ զարգացումն է, այսինքն` մենք պետք է զարգացնենք պառլամենտարիզմը` անկախ նրանից` ով կլինի պառլամենտում քաղաքական մեծամասնություն: Եթե դուք մտավախություն չունեք այն իմաստով, որ երկու տեղում էլ դուք մեծամասնություն եք, ավելի հեշտությամբ պետք է զիջեք այդ իրավասությունները պառլամենտին: Մենք կարծում ենք, որ այդկերպ պառլամենտը իրականում կդառնա գործող պետական մարմին:
-Տեսակետ կա նաեւ, որ ներկայիս իշխանությունները, բոլոր լծակներն իրենց ձեռքում պահելով, նմանվում են նախորդ իշխանություններին:
-Գիտեք ինչ, մենք ասում ենք, որ բոլոր իշխանություններն են ձգտում բոլոր լծակներն իրենց ձեռքում պահել, բայց այս իշխանությունը, որը հեղափոխական իշխանություն է, այդ առաքինությունը պետք է իր մեջ գտներ եւ հրաժարվեր այդ բացարձակ իշխանությունից` հօգուտ ինստիտուցիոնալ զարգացման, որովհետեւ ցանկացած հեղափոխությունից հետո երկիրը տուրբոլենտային վիճակից չի գնում կայուն վիճակ, եթե մենք ինսիտուտները չենք զարգացնում: Եթե մենք էլի իշխանությունները կենտրոնացնում ենք ինչ-որ անձանց կամ անձի ձեռքում` անկախ նրանից` նա լավն է, թե վատն է, մենք երկրին օգուտ չենք տալու: Երկրին օգուտ տալիս ենք բացառապես ինստիտուտների զարգացման միջոցով. ժողովրդավարությունը իրականում օգտակար գործիք է դառնում, եթե ինստիտուտներ կան, որի միջոցով կարելի է ժողովրդավարություն իրականացնել: Դրա համար մենք շեշտը դնում ենք ինստիտուտների զարգացման վրա:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՏՆԱՆՇԵԼ Է ԵԽԽՎ-Ի ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ելույթի մասին:
-Պարո՛ն Ենգիբարյան, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ, որը ընդդիմադիրների կողմից որակվեց շատ «թույլ», առանց «ասելիքի»: Ի՞նչ եք կարծում, արդյոք վարչապետի ելույթում հստակ ուղղվածություն չկա՞ր:
-Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում եմ որպես հեղափոխական ելույթ, որովհետեւ առաջ քաշվեցին ժողովրդավարության, խաղաղության ու ընդհանուր Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի արժեքային համակարգի նյուանսներ, որոնք նախկինում երբեւէ չէին հնչել: Դա հեղափոխական ելույթ էր, ու դրա արդյունքում ադրբեջանցիների կողմից, որ նախկինում լինում էր կոշտ հարցադրումներ, կոպիտ, ագրեսիվ նման հարցադրումներ չեղան: Ընդամենը մի պատգամավոր փորձեց խոսել այդ ոճի մեջ, այն էլ` ամաչելով, հասկանալով, որ այդ հարցը տեղին չէ: Պարոն վարչապետի ելույթը գերազանց ելույթ էր:
-Ընդդիմադիրները տեսակետ են հայտնում, որ պետք չէր եվրոպական բարձր ամբիոնից խոսել Հայաստանի համար ցավոտ հարցի` 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին` մեղադրելով նախկին իշխանություններին: Ճի՞շտ եք համարում հակառակորդ երկրի ներկայացուցիչների մոտ նախկին իշխանություններին մեղադրելը:
-Գիտեք ինչ, միանշանակ պետք էր. Եվրոպայի խորհուրդի առաքելությունից մեկը Եվրոպայի մայրցամաքի վրա խաղաղության նպաստելն է ու, այո, երբ 2016 թվականին տեղի է ունենում նման միջադեպ, որը չորսօրյա պատերազմի է վերածվում, այդտեղ պետք է ցույց տալ ԵԽԽՎ-ի պատասխանատվությունը: Այսինքն` վարչապետը չհանգեցրեց նրան, որ ամբողջությամբ ԵԽԽՎ-ն է մեղավոր, որ եղել է նման պատերազմ: Խոսքը նրա մասին էր, որ ԵԽԽՎ-ի ամբիոնից ու, ընդհանրապես, այդ դահլիճում հանդուրժվում է նաեւ ատելություն, քաղաքական մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ եւ ագրեսիա, հետեւաբար այստեղ կա ԵԽԽՎ-ի պատասխանատվությունը. սրա մասին պետք չի խոսել: Կարծում եմ, որ եթե դու այդ կառույցի անդամ ես, պետք է նաեւ թերությունների մասին խոսել, դրանք մատնանշել:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐԻ ԴԵՄ ԴԻՄՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է արդարադատության նախարարին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Պատճառները փորձեցինք պարզել դատավոր Դավիթ Բալայանից, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել: Չի բացառվում, որ միգուցե Բալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կապված է եղել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի հետ: Մասնավորապես, 2018 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը եւ 25 մլն դրամի դիմաց ազատ էր արձակել: Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, սակայն ավելի ուշ այդ որոշումը բողոքարկվեց, եւ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվեց: Չի բացառվում, որ այս գործով դատախազը նման դիմում ուղարկած լինի:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել անօրինական զենք պահելու եւ խոշոր չափերի յուրացման համար:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանի եւ կնոջ տարեկան հայտարարագրերում բավականին ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել: Պարզվում է` Սահակյանը նախորդ տարվա ընթացքում 48.5 մլն դրամանոց բնակարան է վաճառել: Նրա դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 58 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Բացի այս, նշենք, որ Սահակյանի ամսական աշխատավարձը կազմում է 877 հազար դրամ: Որպես եկամուտ նա հայտարարագրել է տրված փոխառության դիմաց ստացած տոկոսները` ավելի քան 2.3 մլն դրամը եւ 1542 դոլարը: Նրա կնոջ` Արփինե Մանուկյանի տարեկան հայտարարագիրը ավելի հետաքրքիր ու գունեղ է. նա անցած տարվա սկզբին 30 մլն դրամով բնակարան է գնել, իսկ տարեվերջին վաճառել է: Բացի այս, նա 40 մլն 970 հազար դրամով վաճառել է եւս մեկ բնակարան: Հարկային տարվա սկզբին ունեցել է 20 հազար դոլարի չափով փոխառություն, որը տարեվերջին վերադարձրել է: Չնայած այն բանին, որ ՊԵԿ աշխատակցի կինը անցած տարի վաճառել է 40 մլն 970 հազար դրամի գույք, բայց, այնուամենայնիվ, նրա դրամական միջոցները դրա հաշվին չեն ավելացել: Եթե նա 2017-ին ունեցել է 100 հազար դոլար, ապա 2018-ին այն դարձել է 120 հազար դոլար: Ուշադրություն, սա այն դեպքում, երբ Արփինե Մանուկյանի աշխատավարձը նշված է 130 հազար դրամ: Բացի այս, նա 1140 դոլարի չափով տոկոս է ստացել տրված փոխառություններից: Հիշեցնենք, որ 2017 թվականին ՊԵԿ աշխատակցի կինը ավելի քան 9 մլն դրամի չափով նվիրատվություն էր ստացել: