ՍԱԿԱԳԻՆ` ՇԱՐՔԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է` նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները: Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապված են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված` ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ` այդ թվում դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել` ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին:

 

 

 

ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ պաշտոնավարման օրոք տեղի ունեցած չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դրվագներից մեկն էլ վերաբերում է ԴԱՀԿ-ի համար հենց Մ. Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունից շուկայականից ավելի բարձր գնով BYD մեքենաներ գնելու փաստին: Ի դեպ, այս թեմային դեռ 2013թ. մի քանի անգամ անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթը, բայց այն ժամանակ ՀՀԿ իշխանությունները` հանձին արդարադատության նախկին նախարար, այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, փորձում էին արդարացնել կատարվածը: Ի դեպ, Պողոսյանը հասցրել է ՀՀ-ից ճողոպրել ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որ մեղադրվում է բնապահպանության նախարար ժամանակ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար: ՈՒ այս գործերը մեկ ընդհանրություն էլ ունեն. քրեական գործերը հարուցվել էին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր, բայց Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ, գործերը կարճվել էին: Հիմա վերաբացվում են, բայց հիմնական մեղավորները արդեն հասցրել են հեռանալ ՀՀ-ից:

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, մինչ այս պաշտոնի համար պայքարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը, որին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հովանավորել, սակայն, այնուամենայնիվ, Փաշինյանի թեկնածուն է ներկայացվել ԱԺ հաստատմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Բաղրամյանը, սակայն, նշել է. «Չգիտեմ նման բանի մասին»: Իսկ ինքը՝ Գեղամ Գրիգորյանը, նշել է. «ՀԾԿՀ նախագահի թեկնածուի անունն արդեն ուղարկվել է Ազգային Ժողով: Նա Գարեգին Բաղրամյանն է: Նա շատ լավ ընկեր է, ես շատ ուրախ եմ դրա համար եւ երբեք չեմ պայքարել այդ պաշտոնի համար: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

 

 

 

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 1.9 տոկոսով: Այս փաստն ուշագրավ է մեկ առումով. սովորաբար ՀՀ-ում արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել հանքարդյունաբերության հաշվին, մինչդեռ այս տարի, ընդհակառակը, այս ոլորտում լուրջ անկում է գրանցվել՝ 7.3 տոկոսի չափով. պատճառը խոշոր հանքարդյունաբերող ընկերությունների գործունեության կասեցումն է: Անկում է գրանցվել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 7 տոկոսի չափով: Ու, փաստորեն, նման պայմաններում, այնուամենայնիվ, հնարավոր է եղել արդյունաբերական աճ արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնական աճը արձանագրվել է մշակող արդյունաբերության հաշվին. մանածագործական արտադրությունը 36.1 տոկոս է ավելացել, կահույքի արտադրությունը՝ 25.2 տոկոս, սննդամթերքի արտադրությունը՝ 9.7 տոկոս, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած` Հայաստանում տնտեսական հեղափոխության համար, այնուամենայնիվ, լավ նախադրյալներ կան:

 

 

 

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ՝ ՑՊԱՀԱՆՋ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի, վերացվում է նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը: Քննարկման ինտրիգը ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու Փաշինյանի ավելի վաղ տված խոստումը նախագծում չներառելն էր: Երկու ուժայինները «վարչապետի տակից» հանելուն կողմ է նաեւ ԼՀԿ-ն, եւ երեկ էլ այս՝ խոստումը դժելու հարցը վերստին բարձրացվեց Էդմոն Մարուքյանի կողմից: Մինչ նախագիծը կներկայացվի քվեարկության, նշենք, որ կառավարման ուռճացված համակարգի օպտիմալացման, «գոտիները ձգելու» եւ տարատեսակ «բալաստներից» ազատվելու հրամայականը նոր չէ, որ ի հայտ է եկել, եւ միայն նոր կառավարության օրոք չէ, որ անհրաժեշտություն է դարձել: Այս ցավագին, բայց անխուսափելի պրոցեսի միջով անցել են նաեւ ՀՀ նախկին կառավարությունները եւ հօգուտ օպտիմալացման վկայակոչվել են մի շարք հիմնավորումներ, օրինակ` այն, որ կառավարման ապարատում առկա է բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան, որ կա նոր գործառույթների առանձնացման եւ դրանց համար նոր մարմինների (կոմիտեներ, ՊՈԱԿ-ներ) ստեղծման եւ ուռճացման միտում, որոշումների արագ կայացմանը խոչընդոտող իրավասությունների ու պարտականությունների անհամաչափ բաշխում եւ այլն: «Լակոնիկի» սիրահար Կ. Կարապետյանի օրոք, օրինակ, օպտիմալացվեցին գերատեսչությունների աշխատակազմերը, «կտրուկ կրճատվեցին» մի շարք ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, լուծարվեցին եւ վերակազմակերպման ձեւով միացվեցին նաեւ ՓԲԸ-ներ: Օպտիմալացման գործընթացն այդ օրերին, սակայն, կտրուկ հուզումների առիթ չտվեց, ավելին՝ հանրային կարծիքը մեծամասամբ աջակցում էր բյուջեի հաշվին «մուկ տշողներից» ու «շարիկ գլորողներից» ազատվելու պետության նախաձեռնությունը: Այժմ, երբ նոր կառավարությունն է արմատական եւ մաշստաբային օպտիմալացման գործընթաց սկսել՝ փորձելով շարունակել նախկինների սկսած կուրսը, տեղեկատվական հարթակներում այս ամենը մատուցվում է որպես գործազրկությանը զարկ տալու, հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներին «քցելու» միտում: Անշուշտ, օպտիմալացումը ենթադրում է նաեւ հաստիքային որոշակի կրճատում եւ դրա հետեւանքով ի հայտ եկող գործազուրկներ, սակայն սա անխուսափելի գործընթաց է, ինչպես որ որեւէ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Եւ սա կարծես այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «երկու երնեկ մի տեղում չի լինում»:




Լրահոս