ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկող Ազգային ժողովի քառօրյան խոստանում է թեժ լինել։ Մասնավորապես, օրակարգում լինելու են այնպիսի հարցեր, որոնք բուռն քննարկում են խոստանում. դրանցից են Սահմանադրական դատարանի դատավորի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցերը։

Եթե վերջինիս հարցում տարակարծություններ չկան, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուն՝ Գարեգին Բաղրամյանը, խոչընդոտների չի հանդիպի, ապա ՍԴ դատավորի թեկնածուի հարցում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Եվ եթե Բաղրամյանի թեկնածությունը միանշանակ կանցնի, ապա ՍԴ դատավորի թեկնածության հարցը միանշանակ չէ, քանի որ, ամեն դեպքում, թեկնածու Գոռ Հովհաննիսյանին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի ընդունում, քանի որ այդ պաշտոնին տեսնում է Վահե Գրիգորյանին, որին առաջադրել էին նաեւ նախորդ գումարման խորհրդարանում, սակայն չէր ընտրվել, քանի որ ՀՀԿ-ն չէր ապահովել անհրաժեշտ ձայները։ Եվ հիմա եւս մեկ անգամ նրան անցկացնելու համար անհրաժեշտ կլինի Գոռ Հովհաննիսյանին չընտրել այդ պաշտոնում, որպեսզի նախագահի կողմից Վահե Գրիգորյանին հնարավոր լինի կրկին առաջադրել որպես ՍԴ դատավորի թեկնածու, չնայած այստեղ էլ օրենքի հետ կապված որոշակի խնդիրներ կան։
Սակայն այս բոլոր նախագծերից զատ շատ ավելի հետաքրքիր է լինելու «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն այսօր արդեն բուռն քննարկման է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ինչպես հայտնի է, օրենսդրական փոփոխություններով որոշ նախարարություններ նախատեսվում է միավորել այլ նախարարությունների հետ, որի արդյունքում ներկայիս 17 նախարարությունների փոխարեն կգործեն 12-ը։ Դրանք են՝
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
Առողջապահության նախարարություն,
Արդարադատության նախարարություն,
Արտակարգ իրավիճակների նախարարություն,
Արտաքին գործերի նախարարություն,
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարություն,
Շրջակա միջավայրի նախարարություն,
Պաշտպանության նախարարություն,
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն,
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն,
Ֆինանսների նախարարություն։
Բացի այդ, առաջարկվում է կրճատել նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը, արդյունքում` կառավարությունում կլինի 2 փոխվարչապետ։ Երեկ հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց տեսլականը։ Նախարարի տեղեկացմամբ՝ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին, նախարարներին եւ նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից՝ գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին:
Ակնկալվում է, որ անմիջապես կրճատման ենթակա կլինեն վերը նշված հաստիքները, որոնք մի քանի տասնյակ են: Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական փուլում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում. միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ` բացառությամբ վերը թվարկված պաշտոնների, ինչպես նաեւ կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների ղեկավար հաստիքների, որոնց պարագայում ակնկալվում է նախատեսել այլ՝ ավելի ցածր մակարդակի հաստիք, քանի որ երկու կամ երեք ստորաբաժանման ղեկավար հնարավոր չէ նախատեսել:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա այն կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն կղեկավարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը: Ակնկալվում է, որ գրասենյակը կունենա 20-25 աշխատակից:
Այս տեսլականի մասին իրենց անհամաձայնությունն ունեին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Օրինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարության կառուցվածքի վերաբերյալ ուներ մոտ մեկ տասնյակ առաջարկներ, որոնք քվեարկության արդյունքում հանձնաժողովը չընդունեց: Ըստ այդմ՝ առաջարկվում էր պահպանել Գյուղատնտեսության եւ Մշակույթի նախարարությունները, ինչպես նաեւ ունենալ ԱԱԾ եւ Ոստիկանության նախարարություններ: Իսկ, օրինակ, ԲՀԿ-ին մտահոգում էին կրճատվելիք աշխատատեղերը։
Քվեարկությամբ, ի վերջո, նախագիծն ընդունվեց եւ այսօր պետք է արդեն քննարկվի լիագումար նիստում, սակայն դատելով այսօր հանձնաժողովում քննարկումների տեմպից` վաղը բուռն քննարկումներ կլինեն, եւ ընդդիմադիրները հակափաստարկներ կներկայացնեն, որոնց պետք է կարողանա պատասխանել իշխանական խմբակցությունը։ Եվ ընդդիմադիր ուժերի կոմպրոմատը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններն են, որոնց մասին վարչապետ դառնալուց հետո մոռացել է։ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, ընդդիմադիր ուժերը պատրաստվում են դեմ քվեարկել նախագծին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԱՊ-Ի ԱԼԻԿԻ ԴԵՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության դեմ օրերս դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայցը ներկայացրել է «Լեբանիզ Արաք Քորփորեյշն» ընկերությունը: Այս գործով դատարանում որպես երրորդ անձ է ներգրավված նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը: Տեղեկացանք որ «Լեբանիզ Արաք Քորփորեյշն»-ը նախկին պատգամավորի ընկերությունից պահանջում է անվավեր ճանաչել ապրանքային նշանի գրանցումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԺ նախկին պատգամավորից՝ Ա. Պետրոսյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

ԿԱՆԽԵՑ ՊԱՐԱԼԻԶԱՑՈՒՄԸ
Երեւանում գործող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդները այսօր պետք է բողոքի ակցիա իրականացնեին` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երեւանի քաղաքապետարանն այն կանխել է: Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Քաղաքն ամբողջությամբ պարալիզացվելու էր, սակայն քաղաքապետարանից առաջարկեցին հանդիպում, եւ մենք մեր ակցիան հետաձգում ենք: Ասացին. «Մենք պատրաստ ենք լսել ձեզ»: Իհարկե, չգիտենք, թե իրենց պատասխանները ինչպես կբավարարեն: Մենք ո՛չ այս քաղաքի բնակիչներին ենք թշնամի, ո՛չ էլ քաղաքապետարանի, բայց մենք արդեն 11 տարի է` կես գնով մարդ ենք տեղափոխում: Չենք կարողանում տեղավորվել. ծախսերը շատ են»: Նշենք, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլեւս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղեւորը: Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատեց Եղիազարյանը: Ի դեպ, հանդիպումը տեղի կունենա այսօր առավոտյան:

 

 

ՆԱԽԿԻՆ ՏԵՍՈՒՉԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության 32-ամյա պետ Սուրեն Ղամբարյանը, չնայած իր տարիքին, հասցրել է ֆինանսապես ապահովվել: Նրա դրամական միջոցները կազմում են 7.5 մլն դրամ, 43 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 535 հազար դրամ: Ղամբարյանն ունի Vaz 21073 մակնիշի ավտոմեքենա, փոխարենը բացակայում է Ղամբարյանի կնոջ` Անահիտ Կարապետյանի տարեկան հայտարարագիրը: Պարզվում է` 32-ամյա Ղամբարյանը դեռեւս 2009 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել հարկային մարմիններում: Եւ զարմանալի չէ, որ երիտասարդը հասցրել է այսքան դրամական միջոցներ կուտակել: Վստահ ենք՝ անբասիր աշխատանքով, պետական աշխատավարձով:

 

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Հանդիպմանը միացել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Իսկ մինչ այդ հանդիպել էին Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՌՕՐՅԱՆ
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը. օրակարգում մի քանի կարեւոր հարցեր կան, այդ թվում` ընտրություներ: Մասնավորապես` առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի երկար քննարկված ու սպասված նախագիծը, որը պետական կառավարման ապարատում օպտիմալացումներ է նախատեսում` նախարարությունների միավորում եւ կրճատում: Այնուհետեւ` սպասվում են Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունները: Այս երկու ընտրություններն էլ անցկացվելու են գաղտնի քվեարկությամբ: Բացի այս հարցերից` ԱԺ այս նստաշրջանում տեղի կունենա նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018թ. գործունեության ներկայացումը:

 

 

ԱՌԱՋԱՐԿ
«Մենք առաջարկում ենք պահպանել ոչ թե տասներկու, այլ տասնչորս նախարարություն»,- ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով` իրենք առաջարկում են արդեն առկա նախարարություններին ավելացնել Ազգային անվտանգության նախարարությունը, որտեղ կներառվեն ուժային գերատեսչությունները, ինչպիսին են ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ուզում եմ նշել, որ միայն առաջին հայացքից նախարարությունների թիվը կկրճատվի: Իրականում այնքան էլ այդպես չէ, քանի որ կառավարությանն առընթեր տարբեր կառույցների թիվը կավելանա` հենց ի հաշիվ կրճատման տակ ընկած այդ նախարարությունների»,- նկատել է կուսակցության ղեկավարը:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ
Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ` Մարգարիտ Ազարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական: Նշենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասել էր, որ Մարգարիտ Ազարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մարգարիտ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: Վանեցյանն ասել էր, որ իր մայրը` Մարգարիտ Ազարյանը, զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:




Լրահոս