ԱՍՈՒՄ ԵՆ` ԹԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար 22 հազար դրամ տուրքի սահմանումը բացասաբար կանդրադառնա շինարարության ոլորտի վրա, ինչի հետեւանքով անշարժ գույքի գները կբարձրանան. այս մասին բարձրաձայնում են կառուցապատող ընկերությունները:

Երեկ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը քննարկում անցկացրեց, որին հրավիրված էին նաեւ կառուցապատողները: Քննարկման ընթացքում կառուցապատողները հայտարարեցին, որ իրենք ունեն կնքված պայմանագրեր` հիմք ընդունելով ցեմենտի ներկայիս գները, բայց նոր օրենքի ընդունմամբ ցեմենտի գինը կարող է փոխվել` խնդիրներ առաջացնելով շինարարության ոլորտում:
«Ժողովուրդ» օրրաթերթը «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաքապետոյանից հետաքրքրվեց, թե 1 քառակուսի մետրի արժեքի մեջ որքան է կազմում ցեմենտի ծախսը, եւ ինչքանով կարող է այն ազդել շինարարության արժեքների վրա: Սաքապետոյանը ներկայացրեց իր «համեստ հաշվարկները». «Ցեմենտը, այսինքն` բետոնը, ամբողջ շինարարության մեջ կազմում է 18-25 տոկոսը, հետեւաբար եթե մենք ունենանք ցեմենտի ինքնարժեքի նվազում, ապա կունենանք նաեւ շինարարության վաճառվող ապրանքի ինքնարժեքի իջեցում: Արդյունքում կէժանանա անշարժ գույքը: Օրինակ` շինարարը ցեմենտը գնում է 50 հազար դրամով եւ մեկ խորանարդ մետր բետոնը վաճառում է, պայմանական ասած, 40 հազար դրամ (չէ՞ որ այլ կոմպոնենտներ է օգտագործում), ապա կարկասի ինքնարժեքն այդ մարդը տալիս է 1 քմ-ը 150 դոլարով: Բայց եթե այդ 50 հազար դրամը (նկատի ունի ցեմենտը- Ս.Հ.) դառնում է 20 կամ 30 հազար դրամ, ապա այդ 1 քմ բետոնի գինը կդառա 30 հազար դրամ, եւ կարկասի մեջ արդեն ինքը գինը կսահմանի, ենթադրենք, 130 դոլար: Այսինքն` մենք միայն մեկ քմ կարկասի մեջ կունենանք մոտավորապես 20 դոլարի նվազում: Մեր հաշվարկով` եթե գինը լինի 30 հազար դրամ, մենք կունենանք մեկ քառակուսի մետրի դեպքում 30 դոլարի ինքնարժեքի նվազում: Մենք` որպես կառուցապատող, պատրաստ ենք իջեցնել գինը: Եթե մենք իջեցնենք գները, մյուսներն էլ կանեն դա, հետեւաբար բնակարանների գների մեջ մրցակցություն կառաջանա: Եթե Դուք գնում եք 100 քմ բնակարան, Ձեզ մեկ քմ առաջարկում են 700 դոլարով, բայց եթե ցեմենտի գինը լինի 30 հազար դրամ, եւ ես մեկ քմի-ի գինն իջեցնեմ` հասցնելով 670 դոլարի, ապա Դուք 100 քմ բնակարանի համար չեք վճարի 70 հազար դոլար, այլ 67 հազար դոլար»: Նա նաեւ վստահեցրեց, որ տեղական արտադրանքը կարող է վաճառվել 30-35 հազար դրամ: Նշենք, որ կառուցապատողները պահանջում են, որ 22 հազար դրամը լինի ճիշտ հաշվարկված, որը կստիպի տեղական արտադրողներին մրցակցության մեջ մտնել: «Եթե ճիշտ գին կիրառվի, օրինակ` 5 հազար կամ 10 հազար դրամ, այսինքն` լինի որոշակի ու չափելի, այդ ժամանակ տեղական արտադրողները կկարողանան մրցել իրանական ցեմենտի հետ»,- փոխանցեց Արմեն Սաքապետոյանը:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ մոտ մեկ տարի է` Հայաստան ներկրվում է էժան գնով իրանական ցեմենտ, բայց բնակարաններն օր օրի թանկանում են: Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գներն աճել են գրեթե բոլոր վարչական շրջաններում:
Ի դեպ, դրանք բարձրացել են` ե՛ւ անցած տարվա փետրվարի, ե՛ւ այս տարվա փետրվարի համեմատ: Այսպես, փետրվարին, հունվարի համեմատ, Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ թանկացել է 4500 դրամով. եթե հունվարին բնակարանի մեկ քմ վաճառվել է 572 հազար դրամով, ապա փետրվարին այն կազմել է 576 հազար 500 դրամ: Ասել է թե` Երեւանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը սկսում է 1100 դոլարից: Իսկ, ահա, նախորդ տարվա փետրվարին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 487 հազար 200 դրամով: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում այն թանկացել է 89 հազար 300 դրամով: Իսկ, ահա, Կասկադի կամ Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ-ն մոտ 2000 դոլար է կազմում:
Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամաս, բնակարանները փետրվարին, հունվարի համեմատ, թանկացել են 4100 դրամով: Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն 390 հազար դրամից դարձել է 394 հազար 100 դրամ, իսկ, ահա, նախորդ տարվա փետրվարին Արաբկիրում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 358 հազար 800 դրամով: Բնակարանները 2000 դրամով թանկացել են նաեւ Նոր Նորքում. այստեղ մեկ քմ փետրվարին վաճառվել է 250 հազար դրամով: Նույնքան թանկացել են բնակարանները Էրեբունի վարչական շրջանում. բնակարանների մեկ քմ-ի գները Էրեբունիում հունվարին վաճառվել են 1 քմ-ն 256 հազար դրամով, իսկ փետրվարին` 258 հազար դրամով: Բնակարանները թանկացել են նաեւ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում: Միայն Նուբարաշենի վարչական շրջանում է, որ բնակարանների մեկ քմ-ն էժանացել է 600 դրամով:
Այս թվերից հետո դժվար է հավատալ կառուցապատողներին, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում էժան են ցեմենտ ներկրել, բայց բնակարաններն օր օրի թանկացել են: Եւ չի բացառվում, որ կառուցապատողները ներկրվող ցեմենտի սահմանվող տուրքի ֆոնին է՛լ ավելի բարձրացնեն իրենց ծառայությունների գները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս